Ալֆան և օմեգան
22.05.2020 | 00:55
Ինձ սևեռված հայացքը կատաղի ու անհանդուրժող էր, աչքերն՝ անհանգիստ, ասես մարախ մտած դավադիր էին որոնում, թավ մորուքը սրվել, շրթունքները բարակել ու կզակն առաջ էր ցցվել: Ներքին ձայնս հուշում էր, որ լոգարան է ներխուժել անտեսանելի չար ուժ, որն ուր որ է կարող է հարձակվել ինձ վրա, սեղմել կոկորդս, խեղդել, գանահարել, բանադրել, արյունս խմել: Ինչպես ասում են՝ անկոչ հյուրն ավելի վատ է, քան կովկասյան թաթարը: Դա, իհարկե, սելջուկներին չի վերաբերում, որ առանց հրավերի ոտքով երկար ճամփա կտրեցին, քրտինք ու արյուն թափեցին և եկան մեր տուն: Իսկ սատանան հո պոզով-պոչով չի՞ լինում: Նա ամենուր է, բոլոր մանրուքների, պահարանների, ճամպրուկների, դարակների մեջ, կարող է գորգի տակ պահվել կամ հայտնվել օդում, նույնիսկ սառնարանի մեջ: ՈՒզում էի բռնել շուրջս վխտացող ուրվականներին ու յոթ պորտը նախշել, հայհոյել, բռունցքներով հարվածների կրակահերթեր տեղալ և տեսնել, թե ինչպես է սատանայապետի քթից ու բերանից ժայթքում արյունն ու ծորում երեսն ի վար, ինչպես է նա անօգնական բառաչում և զուր փորձեր կատարում ծածկելու կապտուկներով զարդարված արնաշաղախ դեմքը: Հայելու մեջ արտացոլվող պատկերն աստիճանաբար այլափոխվեց, և իմ առջև երևութացավ կոտոշավոր ու երախից դուրս ցցված ժանիքները կրճտացնող մի արարած, որը խաղացնում էր իր երկար պոչը այնպես, որ թվում էր, թե կմտրակի ինձ: Դա սատանան էր՝ իր սարսափազդու տեսքով: Ինքնամոռացման մեջ, կորցնելով ինքնատիրապետումս, ես փորձեցի պատից պոկել և շպրտել հայելին, խփել պատեպատ, փշուր-փշուր անել, տրորել ոտքերիս տակ և մեկընդմիշտ ավարտել իմ նկատմամբ նրա հետևողական մոլեռանդ հետապնդումները: Բայց սարսափից անկարող էի նույնիսկ բղավել: Իսկ սատանան, ատամները կրճտացնելով շարունակում էր սևեռված ինձ նայել, ասես, ցանկանում էր հիպնոսացնել օձային հնարքներով: Ես հետ քաշվեցի հայելուց: Դիվական պատկերն անհետացավ: Դարձյալ դժկամությամբ ու սարսուռով մոտեցա հայելուն: Նրանում արտացոլված դեմքը վերակենդանացավ: ՈՒ մնացինք ես և նա: Ես չիմացա, թե` ինչո՞ւ, իսկ նա չասաց, թե` ինչպե՞ս...
«Մի՞թե ես եմ: Սա ի՞նչ կերպարանափոխություն է,- զարհուրանքով մտածեցի և ինքնամխիթարման փորձ արեցի,- սատանան այնքան սարսափելի չէ, որքան թվում է: Խփիր մռթին,- հրամայաբար շշնջացի ինքս ինձ՝ համարձակություն հաղորդելով գործողություններիս: - Նեռն անզեն է, նրա զենքն իր պարունակությունն ու էությունն է, որին զինաթափել գրեթե անհնար է»:
Վերջին կայարանն է: Զգուշացե՛ք, դռները փակվում են՝ ներսում գազազած շուն կա: Կծում է առանց նախազգուշացման՝ առանց հաչալու, սուսուփուս։
Պատկերացրի, թե բռունցքս մխրճվում է հայելուց ինձ նայող սատանայի գանգի մեջ՝ դուրս թափում ուղեղը, և նրա դեմքի մասերը հայելու բեկորների հետ փշրվում են հատակին: Եվ այդ երևակայական սոդոմ-գոմորի մեջ լսվում է վանդակավոր կարճափեշ քիլթ հագած հաղորդավարի բամբ ձայնը. «Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր պատանի մեծատաղանդ և խոստումնալի երգահան այսինչ այնինչյանի կոնցերտային ադաջիոն՝ նվիրվսծ շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բյորնսի պայծառ հիշատակին, որը գրված է երգեհոնի, սաքսոֆոնի, թառի ու քյամանչայի, կիթառի և պարկապզուկի համար», և մի անտանելի, ասես տիեզերական աղմուկ, ծնված նվագախմբի երաժշտական գործիքների անընկալելի ժխորից ու փշրվող ապակիների խշրտոցի խաչասերումից, սղոցեց լսողությունս։ Եվ այդ հուդայական իրարանցման մեջ սատանան անսպասելիորեն նախահարձակ եղավ ու հայելու մեջից բռունցքով հարվածեց ճակատիս: Թվաց, թե մոլորակը մեր աշխարհագրության կաբինետի գլոբուսի տեսքն ուներ, որը դասի ժամանակ ընկավ ձեռքերիցս, պայթեց ու ցաքուցրիվ եղավ: Հայելու փշուրները բեկորների վերածվեցին և փոշիացրին սատանայի պատկերը: Հայելու կոտրվելը վատ նշան է, ասում են՝ սուգ կլինի, ջհանդա՛մը, կարևորն այն է, որ ես հասա նպատակիս՝ հայտնագործեցի և չեզոքացրի վտանգավոր անորսալի հրեշին: Հուսամ, վերջապես, ավարտվեց իմ ամենօրյա անդուլ պայքարն ընդդեմ այդ նենգ և վտանգավոր սրիկայի: Հարկավոր է ընդհանրապես հրաժարվել այդ չարաբաստիկ հայելիներին նայելուց: Հիմա կկանչեմ ուժայիններին և օրինապահներին ու մի լավ կքլնգեմ, որ բանի պետք չեն, որ իրենց գործն էլ եմ ես կատարում և, եթե այսպես շարունակվի, կուղարկեմ սարում անասուն պահելու…
Հարգելի տիկնայք և պարոնայք, սիրելի քույրիկներ և եղբայրիկներ, պապիկներ և տատիկներ, ի՛մ ժողովուրդ, դուք սրտիս մեջ եք, ոչ լեզվիս վրա… Խոնարհվում եմ ձեր առջև: Հպարտանում եմ ձեզանով: Ի դեպ, ես դեռ չեմ ասել իմ վերջին խոսքը՝ ի բարօրություն մեր ժողովրդի և հանուն մեր պետականության հզորացման: Ամեն բան դեռ առջևում է: Քանզի «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն»: «Նրանով էր, որ Աստուած ստեղծեց ամեն ինչ, առանց նրա ոչ մի բան չստեղծվեց: Կյանքը նրանով սկիզբ առավ և կյանքը մարդկանց համար Լույսն է»: Ես կավելացնեի, այնպես չանեք, որ բանը բանից անցնի: Հիշեցնում եմ, որ ազգային և սոցիալական բազմաթիվ առաջնահերթություններ, պետական կառույցների բարեփոխիչ վերադասավորումներ տակավին սպասում են մեր արմատական միջամտություններին: Կներեք, բայց ես վերստին համոզվեցի, որ մենք, ըստ էության, չունենք արտաքին թշնամի: Մեր թշնամին մեր մեջ է, մեր տականքն անգերազանցելի է, և մենք կոչված ենք լավի և վատի բալանսը պահպանելու…
Հետևաբար հեղափոխության ոսկե կորիզը նախ և առաջ պարտավոր է անխնա պայքար ծավալել հակահեղափոխական դուրսպրծուկների դեմ՝ որդեգրելով նրանց ոչնչացման քաղաքականություն: Թե չէ մենք մեզ մեր ներսում ինքնակամ կուտենք, կպրծնենք, իսկ այդ սանձարձակների և աննահանջ տարրերի համառելու դեպքում ամբողջ աշխարհը կթշնամանա մեր դեմ: Առանց այն էլ առկա են հաղթանակած պատերազմը խաղաղության շրջանում տանուլ տալու վտանգներ: Ամբողջ աշխարհում մոլեգնում է դաբաղի համաճարակը, բոլորը կենտրոնացել են դրա վրա՝ էլ խոզի գրիպ, էլ հավի գրիպ, էլ սիբիրյան խոց ու չինական թագավարակ. էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը… Իսկ գլխավոր համաճարակաբանին ուղարկել ենք գրողի ծոցը: Հիվանդության ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմեք կուսակցության կենտրոնական կամ տարածքային գրասենյակներ կամ զանգահարեք անձամբ ինձ: Դեռ ու՜ր եք: Սա սկիզբն է առաջին արարի: Աշխարհը վերաձևելու ու վերադասավորելու, հասարակություններին վերադաստիարակելու ենք: Սա ձեր գեղի սեկան ու իսկյամբիլը չէ, սա նույնիսկ պոկեր ու պրեֆերանս չէ՝ Լաս Վեգասի մակարդակով: Անցյալն ու հինը ամբողջովին պետք է սրբենք ու նոր խաղի կանոններ հաստատենք՝ տնտեսական, աշխարհաքաղաքական, բարոյական, հոգեբանական, մշակութային… Էլ իմ ու քո չի լինելու: Էլ չեն բաժանելու իրարից ազգեր, պետություններ, կառավարություններ, սահմաններ՝ Սարոյանը ազգությամբ հայ է, բայց ամերիկյան գրող, Այվազովսկին հայ է, բայց ռուս ծովանկարիչ, Անդրեյ Բաբաևը ծնվել է Արցախի Մսմա գյուղում, վայ թե նաև զորահրամանատար Սամվել Բաբայանին հորեղբայր է գալիս, ու ազերիները չպետք է յուրացնեն նրան ու նրա «Արծվաբերդ» օպերան՝ գոնե ինքնասիրությունից դրդված չշրջանցելով հիշյալ հանգամանքը, Թուրքիայի «Անկախության քայլերգ» հիմնի երաժշտության հեղինակ Էդգար Մանասի հայ կամ թուրք լինելը էական ոչ մի նշանակություն չունեն: Վերջապես, ի՞նչ նշանակություն ունի` հողագնդի այս կամ այն տարածքը ում է պատկանում, ով ինչ լեզվով է խոսում, ինչ է հագնում, ինչ է անում, ինչ սեռի և ազգության է պատկանում՝ Փաշաևա, Փաշայան, Փաշինյան, Փաշազադե, թե Փաշինով, Փաշինգթոն կամ Փաշենբերգ… Մի բուռ մարդ է մնացել մոլորակի վրա, որ երջանիկ ու մարդավայել ապրի: Նոր աշխարհ: Նոր մարդ: Նոր հայացք աշխարհին: Ես իմ առջև դրված առաջադրանքը համարում եմ ի կատար: Մնացյալը՝ հաջորդիվ…
Վերջում, քանի որ մուսաս փյունիկի պես անսպասելի հառնեց մոխիրներից, ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել Հովհաննես Թումանյանի հայտնի բանաստեղծությունից մի հատված՝ իմ խմբագրությամբ: Նվիրում եմ գրչակից ընկերոջս՝ մեծ գրողի ծննդյան հոբելյանին.
Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ -
գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ,
վատի դեմ ազնիվ:
Բարբարոսներ շատ կգան ու
կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ:
Որոշ տողեր կրճատված են քաղաքական նկատառումներով (իմա. -խմբ):
Չքաղաքականացնե՛լ…
Որպես փյունիկ
կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով
վառ ու լուսավոր:
Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:
-Լսի՛ր, այդ բանաստեղծության հեղինակը ոչ թե Թումանյանն է, այլ Տերյանը: Ես տնտղեցի չորս բոլորս: Ոչ ոք, նույնիսկ լյուցիֆերի ուրվականը չկար:
-Ո՞վ է,- հարցրեցի:
-Ե՛ս, քո անդավաճան հոգեառը, - հիստերիկ քրքջոցով արձագանքեց ձայնը:
-Սա-տա-նա՞…
-Իհարկե, ե՛ս եմ… Զուր ես այսուայնտեղ որոնում և ինձ հայտնաբերելու հրամաններ արձակում, քանզի ես քո ներսում, քո էության մեջ եմ: Մենք անբաժան ենք: Ես քեզ մշտարթուն հետապնդող քո ստվերն եմ, իսկ միգուցե դու՞ ես իմ ստվերը: Ես էլ դու եմ, ես չկա՞մ: Հի՜, հի՜, հի՜…
Շալոմ (Բարև), հարազա՛տս: Մանիշմա՞ (Ինչպե՞ս են գործերդ): Բարով եկար…
ՈՒ հոգեգալուստս մեկնարկեց՝ վեհ ու վսեմ, ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝ վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին…
Լարվածությունն անմիջապես նահանջեց, և մի հաճելի թմբիր պարուրեց ինձ:
Մնացածը լավ չեմ հիշում…
Ձի, ձի, փայտե ձի, մեր դռանը կապեցի…
Ես ու իմ Խաչը: Ասում են, հերոսներին չեն դատում: Ներողամիտ եղեք:
Խնդրում եմ չդատել ինձ օրենքի ամբողջ խստությամբ: Իմ բախտը բերեց, և օգտվելով պատեհությունից, երջանիկ պատահականությամբ ես իրագործեցի ի վերուստ նախախնամությամբ սահմանված առաքելությունս: Միայն թե ներողամիտ եղեք և նկատի ունեցեք, որ մեղավորը ես չէի, այլ ժողովրդի շահը:
Ամեն մի ծննդի հետ մահն էլ է ծնվում, ամեն սկիզբ իր ավարտն ունի, գիշերվան փոխարինում է ցերեկը, մթանը՝ լույսը, ձմռանը՝ գարունը… Ես բացառիկ եմ, քանզի իմ մեջ համատեղվում են և՛ սկիզբը, և՛ վերջը: Չխոնարհվեք և չերկրպագեք ինքնակոչ մեսիաներին (փրկիչներ), որոնք իբր մաշիախ (օծյալ) են և գալիս են Տիրոջ անունով, որ փրկություն պարգևեն մարդկությանը: Երբեք ձիթենու և արմավենու ճյուղեր չփռեք նրանց առջև, քանզի ինքներդ մեղսակից ու հանցավոր կդառնաք: Հիշե՛ք, այժմ և ընդմիշտ՝ Ես եմ և՛ Ալֆան, և՛ Օմեգան: Մնացածը կյանքի թատերաբեմին հայտնված զանգվածային տեսարաններ են՝ անցողիկ միջակություններով և ձախողակ դերակատարներով՝ քստմնելի, ստոր, փառասեր ու շահամոլ, որոնք իրենց նախորդած հեղափոխական նմանակների ճակատագրի հանգույն կանգնելու են պատմության դատաստանի առաջ: Օրհնյալ է այն թագավորը, որ գալիս է Տիրոջ, այլ ոչ մեղքերի մեջ թաղված մահկանացուների կամքով:
Օվսաննա (Փրկիր, աղաչում եմ), հե՜յ սա՜ննա, սա՜ննա-սա՜ննա, Օ՛վ-սան-նա՜… Աստված առաջ: Այսքանով ավարտվում է այս ասքը, իսկ իմ կենսապատումն ունի հետագա զարգացման երեք ճյուղ: Ճամփաներից մեկը տանում է մեր գյուղի սպիտակ տուն, մյուսը՝ մեր գյուղի հանգստարան, երրորդը՝ քրեակատարողական հիմնարկ:
Եթե երեք օրից չվերադառնամ, քաղաքացիական հասարակության երիտասարդ գվարդիայի հատուկջոկատայիններին ուղարկեք իմ հետևից: Եթե վերադառնամ, մեծ աշխարհ է, հավանական է, որ դարձյալ հանդիպենք:
Եվ վերջին խոսքս, ես ու իմ Խաչը, խնդրում եմ դատել ինձ օրենքի ամբողջ խստությամբ: Միայն թե նկատի ունեցեք, որ մեղավորը ես չէի այնքան, որքան ամբոխը: Աստված տա, չշարունակվի այս ասքն ու պատումը…
Գրված է իմ ձեռքով՝ սթափ և հոգեկան հավասարակշիռ վիճակում: Ճիշտ է, որի համար ստորագրում եմ: Ձեր հարցերին կպատասխանեմ միայն փաստաբանիս ներկայությամբ: Եթե չվերադառնամ, եկեք իմ հետևից: Թո՛ւ, թո՛ւ, թյու՜…
Վերջ
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ