Նիսանն ավարտվել էր, բայց գալու է նոր նիսան
19.05.2020 | 01:43
Մարիամը ժպտում էր: Նա միշտ էր ժպտում, երբ չգիտեր ինչ ասել: Հիսուսը հավաքել է աշակերտներին ու իրեն նորից չի կանչել: Հետո ինչ: Հուդան անգամ եկել է, իսկ իրեն չի կանչել: Մարիամը ժպտում էր, ու նրա ժպիտի մեջ այնքան անզորություն կար, որ դեմքը ցավում էր: Իսկ ինքը կգնա ու կասի՝ ես եկել եմ, ու դուք առանց ինձ ոչինչ էլ չեք կարող անել: Ես եկել եմ, որ ձեր սեղանին հացից ու գինուց բացի սեր դնեմ, որ դուք իրար նայելուց բացի գոնե երբեմն ինքներդ ձեզ նայեք: Ես հայելի եմ, որ դուք տեսնեք ձեզ: Որ դուք ձեր հիշողությունների մեջ չխրվեք-մնաք, որ վերադառնաք, եթե իսկապես վերադարձել եք, այս կյանքին ու այս պահին՝ այստեղ, հիմա, երբ մենք միասին ենք: Հետո դուք նորից կգնաք ու չեք հանդիպի իրար, բայց դուք միշտ պիտի զգաք, որ այստեղ, հիմա մենք բոլորս միասին ենք եղել: Մենք: Միասին: Բոլորս: Վերջապես: Ինչպես այն ժամանակ, երբ ինձ նորից չէիք կանչել: Իսկ ես նորից ձեզ հետ էի:
Ձիթենյաց այգին ողողվել էր երեկոյի լույսով: Արև չկար ու լուսին չկար, աստվածալույս էր այգում: Ձիթենիների պտուղները դեռ չէին հասունացել, աշուն պիտի գար դեռ, պտուղների մեջ արևն ու քամին հողից միս ու ավյուն պիտի ամբարեին: Ձիթենիները այնքան ամուր էին հողին կառչել՝ 2000 տարի ու ավելի՝ նրանք այստեղ էին ու աշխարհում ամեն ինչ տեսել էին, գիտեին, հասկանում էին ու հիշում: Ձիթենիները սպասում էին: Նրանք գիտեին, որ հենց այստեղ, հենց հիմա ոչ մեկից կանչված չլինելով՝ հավաքվելու են նրանք, որ 2000 ու ավելի տարի առաջ այստեղ՝ իրենց կողքին ու իրենց հետ երկար մի գիշեր ապրեցին՝ առաջին ու վերջին գիշերը Երուսաղեմում, որ տևեց մի քանի օր: Հիսուսն արդեն եկել է: Մարիամն առավոտից գինի ու ձուկ է բերել, կողովի մեջ պահել է տաճարում՝ միայն իրեն հայտնի խորշում, որ արտաքինից չի երևում, բայց հանում ես մի քար ու պահուստ է բացվում: Մարիամն իր պահուստում նաև հաց ու թուզ է պահել, նուռ, արմավ ու խաղող, որ գնել է շուկայում: Խաղո՞ղ: Հա, Մարիամը ուզում է՝ երեկոն հիշվի: Ձիթենյաց այգում այնքան մարդ կար, նրանք խոսում էին տարբեր լեզուներով ու արագ-արագ լուսանկարվում էին, չգիտես ինչու՝ պարտադիր հպվում էին կլորակ քարին ու համբուրում էին՝ հայացքները երկինք հառած: Նրանք պտտվում էին տաճարի շուրջ, ուշադիր զննում ձիթենիները, ավելի համարձակները երբեմն մի քանի ոստ էին պոկում ու անմիջապես թաքցնում գրպաններում, բայց ոչ ոք չէր տեսնում առաքյալներին, որ եկել էին, այստեղ էին ու երկար-բարակ ողջագուրվելուց հետո իրար պատմում էին իրենց կարծիքով ամենակարևորը: Հիսուսը նայում էր նրանց ու չէր էլ փորձում լսել՝ ինչ են խոսում: Հիսուսին նրանք չէին տեսնում, բայց սպասում էին, ու ոչ մեկը մոտ չէր գալիս Մարիամի բացած երկար սեղանին, թեև սոված էին ու ծարավ, իսկ Հուդայի ձեռքին հաց կար, ու նա ծամում էր հացը, կուլ էր տալիս ու չէր էլ զգում, որ հացը չի պակասում: Պետրոսը նստել էր քարին ու ջղային շփում էր ոտքը, նորից սայթաքել էր, ու ոտքը ցավում էր: Թովմասը աչքերն արցունքոտած՝ ձիթենու ճյուղերից էր կառչել, ուզում էր պտուղ պոկել, բայց պտուղները այնքան խակ էին ու այնքան ամուր, որ Թովմասը քարկտիկ կարող էր խաղալ, եթե հաջողվեր պոկել ծառից: Թադեոսը գնում-գալիս էր ու մեկ առ մեկ մոտենում էր նոր եկողին ու բոլորին նույն բառերն էր ասում՝ իմացա՞ք, որ իմ հայերը նահատակներին սրբադասեցին, իմացա՞ք: Բոլորն էլ գիտեին, բայց Թադեոսը շարունակում էր պատմել ու պատմել՝ հասկացա՞ք, թե իմ հայերն ինչ արեցին: Միայն Հուդան նրան պատասխանեց՝ իսկ իրենք հասկացա՞ն: Հովհաննեսը ամենաուրախն էր, ամենաուրախը, որ ամեն ինչ գիտեր, ամեն ինչ գրել էր արդեն, բայց ոչ բոլորն էին նրա գրածը հասկացել: Հովհաննեսը հույս ուներ, որ վերջապես կսկսեն հասկանալ: Անդրեասը այնքան լուրջ էր ու ծանրակշիռ, որ տեղից չէր շարժվում, երբ երբեմն առ երբեմն նրան էին դիպչում եկեղեցի եկած ուխտավորներն ու զբոսաշրջիկները, որ նրան չէին տեսնում, բայց բնազդաբար նրա կողմը չէին գալիս: Բարդուղիմեոսը Մարիամի հետ գնում-գալիս էր տաճար ու այնտեղից կողովներ էր բերում, երբեմն նայում էր երկինք ու Մարիամին ասում էր, որ լուսինն այս գիշեր այնքան կլոր է լինելու, այնքան կլոր, լիալուսին է՝ ինչպես նիսան ամսին է լինում միայն: Մարիամը ծիծաղում էր ու ասում՝ գնա, նստի, ոտքի տակ մի ընկի: Սիմոնը հետը մոմեր էր բերել ու ասում էր՝ բերել եմ, որ գիշերը վառեմ՝ իրար տեսնենք: Մոմերը թափանցիկ բաժակների մեջ էին, ու Սիմոնը բացատրում էր, որ դա ապակի չէ, այլ ավելի թեթև ու ամուր նյութ է, շատ հարմար է: Մատթեոսը ուզում էր հարցնել՝ ե՞րբ է ՈՒսուցիչը գալու, բայց գիտեր, որ ոչ ոք իր հարցին չի պատասխանի: Մատթեոսը ուզում էր Հուդային հարցնել՝ դու՞ ինչու ես եկել, բայց գիտեր, որ այդ հարցին էլ ոչ ոք չի պատասխանի: Մարիամը կզայրանա ու կասի՝ տեղդ նստի, քեզ ինչ: Հակոբոսը փայտե խաչեր էր բերել հետը, նա ժամանակ առ ժամանակ հայտնվում էր եկեղեցու դռանը ու խաչերը բաժանում էր խաչակնքելով մուտք գործողներին, ձեռքը դնում էր նրանց գլխին ու օրհնանքի մի քանի բառ էր ասում, հետո նորից անհետանում էր, ու ոչ ոք չէր հարցնում՝ որտեղի՞ց եկավ ու ու՞ր գնաց խաչեր բաժանող մարդը: Մի երեխա սայթաքեց ծառի տակ ու ընկավ, Ֆիլիպոսը նրան գրկեց ու օդ բարձրացրեց այնքան արագ, որ նրան չտեսնող ծնողներին թվաց, թե երեխան ոչ թե վայր, այլ վեր ընկավ, պարզապես՝ կանգնած տեղը թռավ ու մի քիչ կախվեց օդում: Նրանք իրենց տղայից ամեն ինչ սպասում էին ու բոլորովին չզարմացան, իսկ երբ երեխան սկսեց պատմել, որ ինքը ընկավ, բայց չընկավ, նրան ոչ ոք չհավատաց, ասացին՝ մի հնարի: Հովհաննեսը նույնպես ծիծաղում էր՝ Ֆիլիպոսի ու երեխայի վրա, ու նրանք թվում էին երեք երեխա, որ միայն իրենց իմացած խաղն են խաղում: Հակոբոսը Թադեոսին ասում էր, որ հայերը սրբադասումից հետո դարձել են ավելի զորեղ, բայց իրենց ուժը գործածել չգիտեն՝ հասկացնել է պետք: Հիմա ի՞նչ՝ նրանք հավաքվել են ու սպասում են ի՞նձ: Իսկ եթե ես չգամ, եթե ես հենց հիմա հեռանամ, նրանք մնալու՞ են Ձիթենյաց այգում: Թե՞ հեռանալու են՝ այդպես էլ չհավատալով, որ ես վերադարձել եմ: ՈՒ՝ ինչու՞: Նրանք բոլորը սպասում են իմ խոսքին: Նրանք այդպես էլ ինքնուրույն խոսքի չսովորեցին: Այդպես էլ պետք է լինի: Միշտ պետք է լինի մեկը, որ որոշում ընդունի, իսկ մյուսները կատարեն: Ի՞նչ կլինի, եթե բոլորը դառնան որոշում ընդունողներ ու պարտադրեն իրենց կամքը: Աստված մեկն է: ՈՒ Աստված բոլորինն է: ՈՒ Աստծո որդիներն են բոլորը:
Հեռվում խելահեղ գեղեցիկ երկինքն էր, արևը փորձում էր լուսաբացն ազդարարել, բայց սպասում էր, որ նրանց զրույցն ավարտվի, իսկ զրույցը չէր ավարտվում, ու արևը սպասում էր։ Բեթղեհեմի աստղը ժպտում էր. միայն նա գիտեր` ինչքան է գիշերը տևելու ու նույնպես սպասում էր։ Ձիթենյաց այգում աստվածալույս էր կաթում ձիթենիներից։ Պետրոսն զգաց, որ ոտքը չի ցավում։ Ֆիլիպոսը հանկարծ տեսավ որդուն, որ այլևս գունատ ու տխուր չէր։ Թովմասի ափի մեջ հասուն ձիթապտուղներ էին։ Նա նայում էր հյութեղ ու շողացող ձիթապտուղներին, որ արդեն ափի մեջ չէին տեղավորվում։ Թովմասը ձեռքը պարզեց Մարիամին, ու Մարիամը սկսեց ձիթապտուղները նրա ափից վերցնել ու բաժանել, Հուդան ևս վերցրեց: Նա այլևս սոված չէր ու նրա ձեռքի հացը դարձել էր քար։ Հուդան գցեց քարը։ Քարն ընկավ ոտքին, ու Հուդան ճչաց` ինչքան ուժ ուներ։ Թադեոսը նստել էր ձիթենու տակ ու նայում էր երկնքին` նա որոշել էր հաշվել` քանի՞ նահատակի են հայերը սրբադասել, ու անընդհատ կորցնում էր հաշիվը։ Հովհաննեսն ասաց, որ որոշել է գրել։ Նրա վրա ծիծաղեցին։ Միայն Անդրեասը ասաց` դու չես կարող չգրել։ Դու պարտավոր ես անել` ինչ անելու ես, հետո մտքում ավելացրեց. «Ես էլ»։ Սիմոնը վառել էր հետը բերած բոլոր մոմերը, նրանից բացի ոչ ոք չտեսավ, որ մոմերը դարձան աղավնիներ ու թռան` առանց գոնե մի փետուր թողնելու։ Հովհաննեսը մտքում նորից ու նորից ուզում էր հիշել` ինչպես ամեն ինչ սկսվեց, բայց մտքերը մագաղաթների պես փշուր-փշուր էին լինում ու նրա աչքին երևում էր միայն Պոնտացի Պիղատոսը` նռան գինու կոտրված շշով, ու Պոնտացի Պիղատոսն ասում էր` ես մեղավոր չեմ։ Հակոբոսը փորձում էր մոռանալ Գողգոթան, մոռանալ արևի խավարումը ու երկրաշարժը, տաճարի կիսված վարագույրը։ Նա ուզում էր ամեն ինչ մոռանալ ու ամեն ինչ նորից սկսել, բայց վախենում էր, որ նորից սկսվի` նույն ընթացքը կունենա։ Նրան միշտ թվացել էր, որ իրենք սխալվեցին, բայց որտե՞ղ։ Մատթեոսը վերջապես հարցրեց` ՈՒսուցիչը ե՞րբ է գալու, ու Հուդան նրան պատասխանեց` արդեն եկել է։ Հակոբոսի փայտե խաչերը հանկարծ պոկվեցին ձեռքից ու բոլորի աչքի առաջ դարձան ձիթենիներ, ոչ ոք չզարմացավ։ Բարդուղիմեոսը Մարիամին ցույց տվեց արևը, որ երկնքում լուսնի հետ կողք կողքի էր ու ասաց` նիսանն ավարտվեց։ Մարիամը չհարցրեց` ինչո՞վ։ Մարիամը միակն էր տեսնում, որ անձրև է գալիս։ Խոտից զատիկը ցատկեց նրա ճկույթին, ու Մարիամը ժպտաց։ Մարիամը միշտ ժպտում էր, երբ չգիտեր` ինչ անել: Իսկ ո՞վ գիտեր: Եվ ընդհանրապես` այդքան կարևո՞ր է ինչ անելն իմանալը, երբ կյանքն այսքան կարճ , ու քո ցանկությունները մեկ միլիարդերորդ մասն են տիեզերքի ցանկությունների: Ապրիր:
Ձիթենիների ստվերները հյուսվել էին իրար ու թվում էին պարիսպ, որ ամուր ու հուսալի պաշտպանում են աշխարհից: Պետրոսը որոշեց այլևս երբեք Հռոմ չգնալ ու վերադառնալ Կափառնայում: Նրան թվում էր, որ իր տան տեղը կգտնի փակ աչքերով, գուցե նաև ուռկանը: Հակոբոսին թվում էր, որ մանրիկ երկրաշարժ է, բայց ոչ ոք ձայն չէր հանում, ու նա ևս լռում էր: Ի՞նչ երկրաշարժ` բաց երկնքի տակ: Այնուամենայնիվ, նա ստեպ-ստեպ նայում էր Մարիամին, որ հասկանա` նա՞ էլ ոչինչ չի զգում: Մարիամի հայացքը հնարավոր չէր բռնել, նրա աչքերի մեջ Երուսաղեմի երկինքն էր` առանց գոնե մի կտոր ամպի: Թովմասը սկսեց լաց լինել, ու նրա արցունքները այրում էին դեմքը, ձեռքերը, նույնիսկ գետինը, որի վրա ընկնում էին: Նա չէր ուզում լաց լինել, բոլորովին չէր ուզում, բայց արցունքները հոսում էին ժամերգության երգեցողության պես, ու Թովմասը չէր կարող այդ ձայնը կտրել: Ֆիլիպոսը ծիծաղում էր, նրա ծիծաղի մեջ այլևս ցավ չկար, ոչինչ չկար: Բնական ծիծաղ էր, որ նա արդեն մոռացել էր` ինչ համ ունի: Հովհաննեսը գրպանից հանեց պարսատիկը ու քար էր որոնում, որ խփի ձիթենու ճյուղին հայտնված ագռավին: Հուդան նրան քար տվեց ու ասաց` մի խփի: Դու չգիտես` նա ո՞վ է ու ինչու՞ է եկել: Հովհաննեսը խփեց, բայց վրիպեց: Ագռավը թռավ ու նրա կռկռոցը բարկացրեց Բարդուղիմեոսին: «Էս Կայիափան ի՞նչ գործ ունի այստեղ»` հարցրեց Բարդուղիմեոսը: Հուդան պատասխանեց` եկել է` ներում ստանալու: Բարդուղիմեոսը մտածեց, բայց չասաց։ «Դու՞ էլ»: Թադեոսը ծարավ էր ու ուզում էր Մարիամի բերած խաղողն ուտել, բայց խաղողը սեղանին էր, իսկ ինքը ձիթենու տակ և չէր ուզում տեղից շարժվել: Նրան թվում էր, որ շատ կարևոր ու անդառնալի պահի մեջ է ու եթե շարժվի, պահը կավարտվի, իսկ ծարավը կարելի էր զսպել: Անդրեասը ևս նույն զգացողությունն ուներ, բայց նրան թվում էր, որ պահը կմեռնի, եթե ինքը չշարժվի, նա սեղանից վերցրեց խաղողն ու սկսեց բաժանել բոլորին, որ նրանք էլ պահն զգան: Սիմոնը սպասում էր, որ Ուսուցիչը կգա, նա վստահ էր, որ չի կարող չգալ, ներքին ձայնն ասում էր` իսկ գնացե՞լ է, որ գա: Բայց Սիմոնը ուզում էր լսել ոչ թե իր ներքին ձայնը, այլ, ՈՒսուցչի ձայնը, ու նրա համար մեկ էր, թե երբ: Հակոբոսը նայում էր հեռվում փռված քաղաքի լույսերին ու ուզում էր քաղաքը մաքրվի, մաքրվի ու դառնա այնպիսին, ինչպիսին տեսան իրենք, երբ Զատկի տոների նախօրեին եկան` մտքում աղոթելով, որ ինչպես եկան, այնպես էլ կհեռանան: Հովհաննեսը հանկարծ սարսափ զգաց, որ կարող է դառնալ 31 տարեկան, և նրա սարսափի մեջ փշրվող ապակու ու թափվող ավազի ձայն կար: Մատթեոսի թևը ցավում էր, ավելի ճիշտ` դաստակը, ավելի ճիշտ` մատները: Նա ձախ ձեռքով շոշափում էր աջի մատներն ու նրան թվում էր, որ ափի մեջ է ցավը արմատակալել: Ավելի ճիշտ` ուսի: Ուսից ներքև նա թևը չէր զգում և վստահ էր, որ միակ տարբերակը գրելն է` որ բառերը դուրս գան, ու բառերի հետ հեռանա ցավը: Հակոբոսը Բարդուղիմեոսի տված խաղողի ողկույզի մի հատիկ պոկել էր ու հատիկի միջով նայում էր լուսնալույսին: Նրան թվում էր, որ խաղողի հատիկի մեջ շարժվում է աշխարհը և ուզում էր իր գյուտը պատմել, բայց վախենում էր, որ վրան կծիծաղեն: Մարիամը միայն մոտեցավ ու հարցրեց` նկատե՞լ ես, որ մի հատիկ խաղողի մեջ մի աշխարհ կա: Հակոբոսը հասկացավ, որ խաղող չի ուտի: Երբեք: Հուդան նայում էր նրանց ու փորձում էր հասկանալ` բոլորն ունեն իրենց ստվերները, որ շարժվում են նրանց հետ: Իսկ ի՞նքը: Ստվեր ունի՞ ինքը: Հիմա դա նրա համար ամենակարևոր հարցն էր:
Ոսկե դարպասները բացվեցին: Անձրև էր գալիս: Երուսաղեմի վրա: Պոնտացի Պիղատոսի պալատի պահպանված սենյակի հատակը ճաքեց ու ճեղքից սկսեց գինի հոսել: Նռան տտիպ ու հազարամյակների գինի: Բեթղեհեմի աստղը պոկվեց տեղից ու սլացիկ իջավ Պոնտացի Պիղատոսի պալատից մնացած սենյակի վրա: Հարության տաճարի Կուվուկլայում լույս հորդաց ու գիշերվա մեջ վառվեցին տաճարի բոլոր կանթեղները և բոլոր մոմերը: Կափառնայումում ինչ-որ մեկը քայլում էր Գալիլեական ծովի ջրերի վրայով: Թաբոր լեռան վրա կառուցված եկեղեցու զանգերը ղողանջեցին ու նրանց ձայնից քարեր սկսեցին գլորվել լեռն ի վար: Եկեղեցու դռները բացվեցին, ու Հիսուսը դուրս եկավ: Նրա կողքին ոչ ոք չկար: Հորդանանի ջրերը կանգ առան: Հետո նորից սկսեցին հոսել: Ջուրը կաթի պես փափուկ էր և լուսնալույսի մեջ Հորդանանը վերևից թվում էր ժամանակ, որ չգիտես որտեղից է գալիս ու ուր է գնում: Դու միայն մի պահ կարող ես գետը մտնել:
Նիսանն ավարտվել էր, բայց գալու է նոր նիսան: Այժմ և ընդմիշտ: Եվ` հավիտյանս հավիտյան:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հատված «Ego eimi» գրքից
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ