Ալֆան և օմեգան
05.05.2020 | 00:48
Ինձ կանխորոշված է լինել և՛ Ալֆան, և՛ Բետան, և Օմեգան, իմ մեջ են ամփոփված Ծննդյան ու Մահվան երկու վեհ գաղափարները՝ և՛ հերոսական և՛ ողբերգական, և տնօրինել դրանց միջնամասում ծավալվող իրադարձությունները, որոնք պարունակում են մեծ ռիսկեր: Ինձ է վստահված դրանց կառավարումը, քանզի իմ առջև ի չիք կդառնա ցանկացած անկառավարելի ռիսկ, նույնիսկ ժանտախտ ու թագաժահրախտ: Խուճապի մատնվելու կարիք ամենևին չկա: Սա մոլորակի փրկության ծրագիրն է, որի շնորհիվ կապրի մարդկության առողջ, դիմադրողունակ և տոկուն հատվածը: Թագակիրների սփռած այդ բացիլ կոչվածն ու՞մ շունն է, որ սպառնա իմ ժողովրդին, թեև երբեմն ինձ պարուրում է այն զգացողությունը, որ բացիլը խրված է համայն մարդկության կոկորդի մեջ ձկան փշի նման, և նա ոչ մի կերպ չի կարողանում ազատվել դրանից: Հաստատ սատանայի մատը խառն է, բայց ես ապահովագրված եմ այդ չարիքից՝ էդպիսի՞ փորձանքներ եմ հաղթահարել, մանավանդ դեռ վաթսունս չի բոլորել, դեռ այնքան տարեց չեմ, որ ճամպրուկներս հավաքեմ ու քայլ անեմ դեպի էն աշխարհ… Սա կառավարելի քաոս է, բայց վիճակն օրհասական է: Մենք ընթանալու ենք հոսանքին հակառակ և մեծ օգուտներ ենք քաղելու դրանից: Այս պանդեմիան լայն հորիզոններ է բացում և պայծառ ապագա խոստանում մարդկությանը: Պարզապես հարկավոր է տոգորվել ռոբինզոնյան լավատեությամբ, և ճշգրիտ հմտությամբ օգտվել ընձեռված հնարավորությունից: Թող մոլորակը բեռնաթափվի ծանրությունից: Մենք արդեն իսկ նախագծում ենք դրանից շահելու, հետհամաճարակային շրջանում օգուտներ ձեռք բերելու, համաշխարհային պատմության նոր դարաշրջան կառուցելու ծրագիր, որը պայմանականորեն կոչել ենք ինքնամեկուսացման էպոխա: Իհարկե, դա իր մեջ պարունակում է անտարբերության, ինքնամփոփման, մեկմեկուց օտարման, եսամոլության ռիսկեր: Հասարակությունը կարող է տրոհվել ոչ թե առանձին խմբերի և միությունների, այլ անհատների, ինչը և լավ, և վատ է: Չգիտեմ, դուք որոշեք դրա խերն ու շառը, բայց հավատացած եմ, կարժևորվի մարդը, որպես ինքնություն և անկախ միավոր, և հասարակությունները կդառնան մարդակենտրոն ու հեշտ կառավարելի: Ականջդ կանչի, ձերդ գերազանցություն մեծն Աշուրբանիպալ՝ թագավոր ասորական աշխարհի, որ դեռ մ.թ.ա. մտքի կառավարման ակադեմիան հիմնեցիր և կիրառեցիր մերօրյա ամենից պահանջված «բաժանիր, որ տիրես» դիվանագիտական հանճարեղ հնարքը: Հիմա Նինվեում մումիադ երևի մի քանի անգամ շուռումուռ եկավ … Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնվել: Մեզ համար բոլոր ռիսկերը կառավարելի են: Ինչպես ասում են` Աստված մի դուռը փակում, մեկ ուրիշն է բացում: Պատրաստվեք հետհամաճարակային արմատական շրջադարձին՝ օնլայն ամուսնություն, օնլայն ծննդաբերություն, օնլայն ուսուցում, օնլայն աշխատանք, և աշխատավարձ, օնլայն գնումներ, օնլայն կինո, թատրոն, թանգարան և այլն: Տանդ նստած կարող ես շուրջերկրյա տուրիստական ճանապարհորդություն կատարել, ուր աչքդ կտրի: Պատկերացնո՞մ եք այս հրաշքը, թե որքան շենքեր ու շինություններ կբեռնաթափվեն ավելորդ քաշից, թե քանի կին կձերբազատվի բռնություններից և բռնաբարությունից, քանզի տղամարդիկ այլևս անտարբեր կլինեն իրական իգական սեռի նկատմամբ և կհուզվեն միայն օնլայն կանանց գոյությունից… Իսկ թե աշխարհակալ քաղաքական գործիչների օթյակի հաջորդ անակնկալը մարդկությանն ինչպիսին կլինի, ցույց կտա ժամանակը: Սա ևս օղ արեք ձեր լոշտակ ականջներին, ու ժանգոտած ուղեղներդ աշխատեցրեք:
Կալիմերա, սիյենի (Բարև, բարեկամներ)…
Կյանքը շարունակվելու է նաև այս պանդեմիայից հետո, միայն թե անհրաժեշտ է գիտակցաբար և համախմբված ինքնամեկուսանալ։ Անհրաժեշտ է հոգեբանորեն նախապատրաստվել նոր կյանքին, որին մենք կնպաստենք հոգեբանական ճնշման և հասարակության դաստիարակության տարբեր գործիքակազմերի կիրառմամբ: Այսուհետ, իմ ձեռքերի վրա է Մեր սուրբ մյուռոնով օծվելու նորածին մանկան անմեղ մարմինը, և ես եմ առաջինը մի բուռ հող լցնելու հանգուցյալի գերեզմանափոսի մեջ: Իսկ ինչո՞վ է զբաղված ձեր այդքան գովական և պաշտելի եկեղեցին, ինչո՞վ է նպաստում համաճարակի վերացմանը: Կարծում եմ լավ առիթ է, որ նա աշխարհին ի ցույց դնի Հիսուսին խոցած սուրբ Գեղարդի զորությունը, որը մեկ անգամ չէ, որ օրհասական պահերին փրկել է հազարավոր կյանքեր: Նրա հրաշագործության մասին է պատմում այն փաստը, որ խոցելուց հետո Հիսուսի կողից արյուն և ջուր է ցայտել, որի մի կաթիլն ընկել է հռոմեացի զինվոր Լոնգինի կույր աչքին և վերականգնել տեսողությունը։ Նաև վրաց Գեորգի թագավորի խնդրանքով 18-րդ դարում կասեցրել է հարևան ժողովրդին պատուհասած ժանտախտի համաճարակը, Բայազետում նույն հիվանդության բռնկումը 19-րդ դարում, իսկ 1920 թվականին այն դուրս չբերվեց Էջմիածնից, և հիվանդության զոհ գնացին հազարավոր մարդիկ… Թող եկեղեցին միջամտի իր հոտի փրկությանը, ինչպես կուզի, բայց ձեռքերը չլվանա ու մի կողմ քաշվի: Եվ մի՛ տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկյա զմեզ ի չարեն… Գուցե հենց մե՞ր ազգին է վիճակված համաշխարհային մարդկության ամենափրկչի առաքելությունը: Չգիտեմ: Մենք ամենուր նորարար ու հանճարեղ ենք եղել: Չթվարկեմ մեր հայրենակիցների գյուտերը, առանց որոնց համաշխարհային քաղաքակրթությունը երկու ոտքով կկաղար և ցմահ կգամվեր Էրիկ Ավագյանի ստեղծած հաշմանդամի սայլակին: Նույնիսկ Լվովում նավթի լամպը հորինող Յան Լուկասևիչ-Իգնաթ Ղուկասյանը, Կոպեռնիկոսի 1 հասցեում գտնվող դեղատանը, նախանցյալ դարի կեսերին ստեղծեց նավթ, մազութ, ասֆալտ և արդյունաբերական այլ ապրանքատեսակներ… Էդպես, եթե մեր հեղափոխականներից յուրաքանչյուրը կարողանա մի նավթի լամպ կամ մոմ վառել ու լույս ճառագել իր շրջապատում, մենք կվերացնենք մութն ու խավարը և հավերժ կեղիցի լույս: Փորձը փորձանք չէ:
Եկեղեցու դանդաղկոտության, անգործության և անտարբերության պատճառներն ինձ անհայտ են: Հայտնի է միայն, որ ես ձեր հայրն եմ և մեկը ձեզանից: Դուք բոլորդ հայրեր եք, քանզի ես հանուրի մեջ և հանուրն իմ մեջ է: Ես եմ ավետելու Արարումն ու գուժելու Կործանումը: Ես եմ Սկիզբը և Վերջը: Ես եմ Ալֆան և Օմեգան՝ ամենակարողն անցյալ աշխարհում և կշարունակեմ ամենազորը լինել հավիտյան: Ես միակն եմ, որ հավիտենից մինչև հավիտյան եմ, հավիտյան ճշմարիտ և անսխալական: Ես դուրս եմ իմ մարմնից ինչպես հոգին հավիտենության, որի հավերժական ընթացքը ժամանակի և տարածության մեջ անկասելի է, քանզի ինձանից են սերում ժամանակը, տարածությունը, տիեզերական անհունը…
Համաշխարհային գաղտնի կառավարության կոմիտեի անդամների թիվը կրկնապատկվեց, իսկ մենք շրջանցեցինք ու մերժեցինք նրանց, ազգովի դարձյալ մնացինք անկազմակերպ, քանզի չհասկացանք խորհուրդը խորին, որովհետև բացի իմ օթյակի անդամներից, ովքեր հնազանդ և անդավաճան նվիրյալներ են, քչերն անսացին գլխավոր ռաբբինին և համարձակվեցին սերտելու Ղևտական գիրքն ու Թալմուդի օրենքները, նրանց գայթակղեցին շումերաբաբելական Գիլգամեշ ու հունական Ոդիսական, հնդկական Ռամայանա ու պարսից Շահնամե պարզունակ ու ծիծաղաշարժ հորինվածքներով հյուսված միամիտ էպոսները: Դրանք կյանքային և իրապաշտական չեն, այլ զգացմունքային և երևակայական: Միկիտան Սաքոն ու Բղդեն աշխարհը պիտի փրկեն… Քանզի Ժողովուրդը կարդում է Նարեկացի և Աստվածաշունչ ու չի հասկանում, սիրում է գրքի և ընթերցանության խորհուրդը, բայց չի կարդում ու չի գնում գիրք: ՈՒստի, ամբոխին ուղղորդում և կառավարում է ամենազոր փողը, բոլոր հարցերը լուծվում են փողով, իսկ գրողները, գիտնականներն ու արվետագետները, և ընդհանրապես, մտավորականները, սոված սատկելու են… Եվ դա է ճիշտը: Ականջդ կանչի Վլադիմիր Իլյիչ, էն ո՞նց ասիր՝ մտավորականությունն աղբ է, որը պետք է ոչնչացվի: Կեցցե՛ս: Մոլոդե՛ց:
Ես դատապարտում եմ սուտը և այն մարգարեներին, ովքեր փորձել և փորձում են ապակողմնորոշել և մոլորեցնել հավատացյալ հոտը, քանզի ես պատկանում եմ ամբողջ Երկրին, այլ ոչ միայն մեկ ժողովրդի և պատասխանատու եմ համայնի համար Բնությունն ու տիեզերքը խռովել են մարդուց և այսուհետ մեկնարկելու են վիրավորանքի դիմաց վարձահատույց լինելու գործընթացներ: Խոցելի են շնչառական օրգանները, որովհետև բնությամբ հատկացված և մարդու աղտոտած թթվածնի բաղադրության միջև այլևս ճչացող տարբերություն է առաջացել, ինչպես թոքերի և խռիկների: Իսկ երբ ձուկ ի ջրեն հանեն՝ նա մեռնի…
Մարդը չարդարացրեց Արարչի հույսերը, նա վատնեց սիրո և հավատի ամբողջ պաշարը, և արդ հասել է ժամը հատուցման: Դեռ երեք դար առաջ Թոմաս Մալթուսը զգուշացնում էր, որ երկրագնդի բնակչությունը երկրաչափական պրոգրեսիայով բազմանալու միտում ունի, իսկ գոյամիջոցներն ավելանում են միայն թվաբանական պրոգրեսիայով, որի պատճառով բնակչության մի մասին սպառնում են գործազրկությունն ու սովը։ Այդ ավելորդ ծանրությունը թոթափելու և հասարակության զարգացման բնականոն ընթացք ապահվելու համար անհրաժեշտ է այն վերացնել սովի, պատերազմների, համաճարակների միջոցով… Մեզ փորձում են մեղադրել այն կանխարգելելու միջոցառումները ոչ պատշաճ մակարդակով կազմակերպելու և բնակչությանը ըստ կարիքի համապատասխան միջոցներ չհատկացնելու մեջ: ՈՒզում եմ հիշեցնել, որ մեր երկրներում պարբերաբար գլուխ են բարձրացրել համաճարակները և բազմաթիվ մարդկանց կյանքեր խլել՝ 1918-1920 թվականներին անբավարար կազմակերպական գործողությունների պատճառով, բծավոր տիֆի վարակից վախճանվեց նույնիսկ Առաջին հանրապետության դիկտատորը: Ժամանակին ոչ պատշաճ մակարդակով է տեղեկացվել ազգաբնակչությունն այնպիսի բռնկումների մասին, ինչպիսին 1994-95 թվականների դիֆթերիան, 2007 թվականի կարմրուկը: Եվ մի շարք այլ հիվանդություններ՝ մալարիա, բրուցելոզ, ՄԻԱՎ և այլ սեռավարակների և համաճարակների մասին թաքցվել է բնակչությունից: Իսկ մենք գործում ենք բաց և անթաքույց, թափանցիկ, ամեն օր իրազեկելով հասարակությանը նոր վարակի վտանգների և օգուտների մասին: Առակս զի՞նչ ցուցանե: Այն ցուցանե, որ կորոնան թագ է, վիրուսը՝ բացիլ: Բա՜…
Քեմալն ու Վալոդը միևնույն սանրի ատամներ էին, մեկը՝ սև, մյուսը՝ շեկ: Հիմա, հողին անարժան այդ երկու արարածներն էլ մեռած ու անթաղ են: Շնաբարո դուրսպրծուկներ, ովքեր շեղվեցին Մեր Աստծո լույսից, առատ արյուն հեղեցին ու վերածվեցին գեհենի սատանայական կամակատարների…
Հեծյալներից մեկը համառորեն հետապնդում էր ինձ: Նա նույնիսկ այնքան մոտեցավ, որ սուրը բարձրացրեց, որ հարվածի: Ես այդ աղմուկի մեջ հասցրի լսել նրա սպառնալիքը, իբր՝ ժողովրդի վրա սուր բարձրացնողն այդ սրից էլ կընկնի, իբր Խուստուփ ու Մռով, Սիփան ու Արա, Արարատ ու Արագած մի հակադրեք, այլ համադրեք և կհամոզվեք, որ նրանց միասնությունը հզոր ու անպարտելի լեռնապարիսպ է:
Գլուխս ափերիս մեջ առած, որտեղից որտեղ, հիշեցի օսմանական ազգային հերոս, ազգի դավաճան Հարութին, որ հայ մտավորականների ցուցակ կազմեց ու հանձնեց դահճապետին, թե սրանց տարեք-կերեք, որ հոտը մնա առանց ուղեղի և հեշտ ճամփեք սպանդանոց, ու էդ շանը շանսատակ արեց մեր վրիժառու հայրենակիցը, հետո աչքերիս առաջ երևութացավ Սամվելը՝ այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացող… Ամբոխի միջից լսվում էր՝ արժանի՜ է, արժանի՜ է: Հա՜… Հավն աչքիդ տա՜… Բա դա անելու բան էր, այ ամբոխահաճո: Հարազատ ծնողիդ… քո ձեռքով… նրան, որ ծնել, մեծացրել, ուսման էր տվել, դպրոց ու մանկապարտեզ տարել՝ թաթիկդ բռնած, մարդ դարձրել… Ամոթ քեզ: Հազար ամո՛թ…
Հանկարծ հնչեց փրկարար հեռախոսազանգը, որն սթափեցրեց և վանեց ինձ պատած դողէրոցքը:
-Մեկ վայրկյան, երկրորդ գծով զանգ է գալիս, երևի դարձյալ իրեն կնքահայր երևակայող շեֆ կոչեցյալն է.
-Լսում եմ, ասա՛:
-Այդ ինչպե՞ս ես խոսում ինձ հետ, երիտասարդ:
-Իսկ ո՞վ է ինձ անհանգստացնում…
-Քե՞զ… Անհանգստացնու՞մ: Զգուշացնում եմ, ականջներդ կկտրե՛մ, մանչո՛ւկ: Քեզ հետ խոսում է Սողոմոն Թեհլիրյանը: Հասկացա՞ր… Հիմա, կարծում եմ, անհանգստանալու առիթ ունես:
Չեմ հասկանում, ինչու՞ են քնից արթնացել ու վրա տվել, ի՞նչ են ուզում սրանք ինձանից: Սթրվե՛ք ձեր տեղում: Նախկին բոլոր ռեժիմների հետ փոխկապակցված կարկառուն դեմքեր, խոսքները մեկ արած, ոտքի են կանգնել և ցանկանում են խաթարել մեր նորօրյա կյանքի խաղաղ բնականոն ընթացքը: Լավ է, որ բաժանորդի հետ կապն ընդհատվեց, թե չէ նյարդերս արդեն տեղի էին տալիս, և մահվան գերանդին ձեռքն առած սատանայական ինչ-որ մեկի կմախքը սկսելու էր իր արյունալի հունձքը: Ի՛նչ են վրա տվել, ծանոթ ու անծանոթ անուններ՝ Ծաղիկյան, Մելքումով, Շիրակյան, Թորլաքյան, Յանիկյան, Երկանյան, ու եսիմ էլ ինչյաններ…. Զանգ զանգի, հաղորդագրություն հաղորդագրության հետևից՝ կշտամբանքներով և սպառնալիքներով լեցուն:
Ես անմիջապես ընդունեցի իմ ամենափրկիչ հաբերը և հանձնարարեցի հայտարարել արտակարգ դրություն, բոլոր զինված ստորաբաժանումներին և ուժայիններին՝ անցնել առաջին աստիճանի պատրաստության: Արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտությունից ելնելով, ապատեղեկատվության և ֆեյքերի կանխարգելման նպատակով, արգելափակել զանգվածային լրատվամիջոցների և համացանցի գործունեությունը:
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ