«Աշխարհը ինքն է վերադասավորվում»
20.03.2020 | 02:27
Եթե աշխարհի մակարդակով հետևենք վիճակագրությանը, ապա փաստ է, որ կորոնավիրուսից մահվան դեպքերը, փառք Աստծո, շատ չեն։ Այս վիրուսը, թերևս, ոչ այնքան մարդու առողջությանն է վնասում, որքան տնտեսությանը` անուղղակի ձևով։ Այսօր արդեն միջազգային դաշտում տագնապ են հնչեցնում հնարավոր գլոբալ տնտեսական ճգնաժամի մասին։ Որքանո՞վ է դա հավանական` կառավարության երեկվա նիստից հետո ոտքի վրա զրույցում հարցրինք էկոնոմիկայի նախարար ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ։
-Այդպիսի խնդիր կա, այսօր աշխարհը կանգնած է տնտեսական աճի հնարավոր կրճատումը հաշվելու հարցի առջև։ Ամենից խնդրահարույցը այն է, որ դեռևս գործընթացները մինչև վերջ գնահատված չեն, և առաջիկայում հնարավոր է, որ երևույթի ընդգրկումը նոր դրսևորումներ ստանա։ Սրան զուգահեռ աշխարհը պետք է պայքարի նոր միջոցներ գտնի։ Այդ արդյունքները մեկտեղելուց հետո միայն կարելի է հստակ որևէ բան ասել։ Այնպես որ, այս պահին որևէ օրիգինալ բան չփորձեմ ներկայացնել։
-Պարոն Խաչատրյան, 2008-ին, երբ ամբողջ աշխարհում բռնկվեց տնտեսական գլոբալ ճգնաժամը, վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցնում էր, որ այն չի անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։ Ի՞նչ եք կարծում, կանխատեսվող այս տնտեսական ճգնաժամը կանդրադառնա՞ Հայաստանի վրա և եթե այո, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի այդ անդրադարձը հնարավորինս մեղմ լինի։
-Իհարկե այդ ճգնաժամը մեզ վրա կանդրադառնա։ Ինչ վերաբերում է ձեռնարկվող քայլերին, ապա վարչապետը բավականին մանրամասն արդեն խոսել է այդ մասին։ Մենք փորձում ենք անել հետևյալը. մասնավորապես մտածում ենք` ինչպես անել, որպեսզի խնդիրների առաջացման դեպքում Հայաստանի տնտեսությունը վերադարձնենք նախաճգնաժամային իրավիճակի, ինչպես նաև փորձում ենք մշակել ավելի ճկուն քաղաքականություն։ Հասկանալով, որ այս գործընթացները խոր են և կարող են երկարատև ազդեցություն թողնել ընդհանրապես բոլոր շուկաների, ինչպես նաև ՀՀ-ի տնտեսության վրա, ուշադրություն ենք դարձնում մեր տնտեսության զարգացման այն հնարավորություններին, որոնք նոր իրողության պայմաններում մրցունակ կլինեն։ Այսինքն, մենք հասկանում ենք, որ չպետք է պայքարենք ինչ-որ բանի դեմ, այլ պետք է առաջնորդվենք նոր հնարավորություններով և նոր մոտեցումներով։
-Ի՞նչ նկատի ունեք։
-Տեսեք՝ աշխարհը ինքն է վերադասավորվում, և մենք պետք է դա հասկանանք։ Հասկանանք և ինքներս մեզ համար տանք դրա գնահատականը։ Պետք է հետևենք, թե աշխարհը որ ուղղությամբ է գնում, և եթե այդ ուղղություններին համահունչ, մեր համեմատական առավելությունները հաշվի առնելով, առանձնացնում ենք հնարավորությունները, ապա պետք է մեր բոլոր ջանքերը գործադրենք այդ հնարավորությունները ժողովրդին հասանելի դարձնելու համար։
Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ