Ագռավաքար
24.09.2019 | 00:36
ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ
Մեծատաղանդ հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանը մի երկ ունի` վերնագրված «Մենք ենք մեր սարերը», որտեղ նկարագրվում է հովիվների կյանքը: Մի երեկո, կոլտնտեսության ոչխարները գայլերի հարձակումներից պաշտպանող հովիվները, խարույկի մոտ զրուցում են միջազգային թեմաների շուրջ: Նրանցից մեկը հռետորական հարց է հնչեցնում, թե` «Քենեդիին ինչո՞ւ սպանեցին»: Զրուցակիցը, ի պատասխան, ասում է. «Հայի բախտ ուներ»:
1899 թվականին Սանկտ Պետերբուրգում հրատարակվեց Մագդա Նեյմանի «Հայերը» գիրքը, որտեղ հեղինակը խորհրդածում է հայոց ճակատագրի մասին: XX դարավերջին տպագրվեց Սուրեն Այվազյանի «Ճակատագիրն հայոց» գիրքը:
Սկսած XIX դարավերջից` հայ ժողովուրդն իր հայրենիքում ենթարկվեց բռնության, հալածանքների և կոտորածների, ընդհուպ ցեղասպանության, որի մասին տպագրվել են բազմաթիվ հուշեր, փաստավավերագրական նյութեր, քննական ուսումնասիրություններ: Սակայն այդ ոճրագործության կազմակերպիչներին և իրագործողներին դատապարտողներ չգտնվեցին:
Միջազգային հանրությունը դա հիմնավորում է XIX դարավերջի և XX դարասկզբի բազմաթիվ փաստերի վերաբերյալ լայն հասարակայնության անտեղյակությամբ` ժլատ տեղեկատվության պատճառաբանությամբ (ինչն իրականությանը չի համապատասխանում):
Հոլոքոսթի դատապարտումը տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հակաֆաշիստական կոալիցիայի եռանդուն գործունեության արդյունքում: Այդուհանդերձ, դա եզակի երևույթ էր, երբ հստակ և ուղղակիորեն դատապարտվում էր հրեաների ցեղասպանությունը` մարդկության դեմ գործած ոճրագործության կազմակերպիչներին և իրագործողներին մատնանշելով:
Իսկ ի՞նչ եղան մնացած փաստերը: Եթե նույնիսկ խոսվում է դրանց մասին, ապա շշուկով և զգուշավորությամբ:
Չափազանց կարևոր է քաղաքակիրթ մարդկության ուշադրությունը հրավիրել բնիկների նկատմամբ իրագործված ցեղասպանական հանրահայտ փաստերին` ամերիկյան մայրցամաքում, հարավաֆրիկյան բուրերի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Գրենադայի տեղաբնակների, Իրաքի, Հարավսլավիայի, Լիբիայի, Սիրիայի և բազմաթիվ այլ երկրների քաղաքացիների նկատմամբ:
Այդպիսի վիրավորական անտարբերության արժանացավ և շարունակում է արժանանալ հայ ժողովուրդը:
«Անցյալի մասին հիշողությունը հայերի գիտակցության կարևորագույն բաղադրիչներից է,- գրում է Սվետլանա Լուրյեն իր աշխատության մեջ` շեշտելով հետևյալը,- … հայտնի չէ, թե ինչն է առավել ցնցող` թուրքերի վայրագությու՞նը, մեկ միլիոնից ավելի նահատակնե՞րը, համաժողովրդական գա՞ղթը, թե Համաշխարհային պատերազմին հաջորդող խաղաղության կոնֆերանսներում տիրող աղաղակող անարդարությունը, որտեղ չարիքը չդատապարտվեց, որտեղ հայերին մերժվեց ոչ միայն «ազգային տուն» ունենալու իրավունքը Թուրքիայի սահմաններում, ոչ միայն նյութական հատուցումը` կորսված ունեցվածքի դիմաց, այլև բարոյական աջակցությունը: Հայերից, պարզապես, երես թեքեցին: Այդ ընթացքում աշխարհը հասցրեց մոռանալ հայերի ցեղասպանությունը, իսկ նրանց համար դա նույնքան ծանր էր, որքան նույնիսկ ինքը` ցեղասպանությունը»: «Հիշողությունն, ընդհանրապես, հայերի համար ունի առանձնահատուկ նշանակություն, այն վերաճում է գրեթե կուռքի, պաշտամունքի»,- նշվում է աշխատության մեջ: Անհատական մակարդակում քննարկելիս, հայտնի է, որ տարեց մարդն ավելի հաճախ է տրվում հիշողություններին, ապրում «անցած օրվանով»: Օտար լեզուներում այն կոչվում է «նոստալջի, նոստալգիա»: Հայերենում այն հնչում է որպես «կարոտ, կարոտախտ»: Միգուցե հայերը հիվանդ կամ այնքան հին են, որ ապրում են սոսկ հեռավոր անցյալի հիշողություններով և ի վիճակի չե՞ն ապրելու և արարելու այսօր, հիմա: Բայց մյուս կողմից, չէ՞ որ ներկայիս Հայաստանում աճել է մի նոր սերունդ, որը, ամեն մի խոչընդոտ արհամարհելով, Ա. Պ. Չեխովի մտքի վերաշարադրանքով. «կաթիլ առ կաթիլ վանում է իր ներսում եղած ստրուկին»:
Ի վերջո, ո՞րն է «ճակատագիրն հայոց»: Ինչպե՞ս է ժողովրդական հիշողության մեջ ամրագրվել այդ բառակապակցությունը:
Չգիտես ինչու, տպավորություն է ստեղծվում, թե այն հրամցվում է հայերին դրսից` որոշակի նպատակով և հետևողականությամբ, այնպես, ինչպես հայերի և թուրքերի բազմադարյա թշնամանքի մասին միստիկական մանտրան:
Այսպիսով, ինչի՞ մասին է այս գիրքը, և ու՞մ է ուղղված այն: Վստահ եմ, որ հարցի երկրորդ մասն ինձ կհասցեագրի ընթերցողս ներկա աշխատանքին ծանոթանալուց հետո:
Անձամբ ես չեմ կարող ասել, թե ինչի մասին է այս գիրքը: Հարցերն ավելին են քան պատասխանները: Սակայն հաստատ գիտեմ, որ այն ունի իր հասցեատերը, և դա առաջին հերթին հայությունն է:
Եգոր ՍԵՐԳԻԵՎ
«Երկիր կառաւարելը արվեստ է, իսկ եթե փող ու քնար նվագելու համար մարդիկ ջանք ու ժամանակ են գործադրում, որքա՜ն առաւէլ պէտք է պատրաստւել ու տքնել` սովորելու և վարժ լինելու համար «իշխանութեան և վերակացութեան»… Այսպես բնական մի արւեստ է իշխանութիւնը, և եթե մէկը անգէտ ու անտեղեակ է մարդկանց կարիքներին` տգէտ պիտի համարուի… Պատահական իշխանաւոր դարձած մէկին պէտք է` արհամարհել, ինչպէս արհամարհւում են վատ երաժիշտն ու անտեղեակ բժիշկը»:
«Խորհուրդ մէծ և սքանչելի»
Յովհաննէս Պլուզ ԵՐԶՆԿԱՑԻ
1. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՐՑԻ» ՍԱՐԴՈՍՏԱՅՆԸ
1988 թվականի օգոստոսին Երևան ժամանեց ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահի տեղակալ գեներալ-գնդապետ Գենի Եվգենիի Ագեևը: Նա ժամանեց արտակարգ առաքելությամբ` Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ գեներալ-լեյտենանտ Մարիուս Արամի Յուզբաշյանին պաշտոնից ազատելու հիմքեր նախապատրաստելու նպատակով:
Մարիուս Յուզբաշյանի դեմ «վարկաբեկիչ» հակափաստարկներ հայթայթելու գործընթացում Գենի Եվգենիևիչը դրսևորեց արտասովոր ժրաջանություն և բավականաչափ ճիգեր, փորփրելով մինչև իսկ, թվում է, թե անհավանական մանրուքներ: Այսպես, օրինակ, նա մեղադրում էր Մ. Յուզբաշյանին «տիրական» սովորույթների մեջ` հիմք ընդունելով Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ի հիվանդանոցի սանիտարական մասում կոմիտեի նախագահի անվամբ առանձին հիվանդասենյակի ամրագրումը: Հատկանշական է, որ դա սովորական հիվանդասենյակ էր, իսկ ամրագրված էր Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահին, քանի որ այնտեղ անցկացված էր գաղտնի կապի հեռախոսագիծ, որը հնարավորություն էր տալիս նրան տեղեկանալու հանրապետությունում տիրող քաղաքական և օպերատիվ իրավիճակին` հիվանդասենյակում գտնվելու ընթացքում: Սակայն Գ. Ագեևը, հիվանդասենյակը զննելով, հայտնաբերեց, որ դուռը պատված է բաց շագանակագույն լամինատով, այն դեպքում, երբ մյուս հիվանդասենյակների դռները ներկված էին սպիտակ յուղաներկով: Տնտեսական բաժնի պետի բոլոր բացատրությունները, որ հիվանդանոցի բոլոր դռները նախատեսված է փոխել և, առաջին հերթին, փոխվել է հատկապես այն հիվանդասենյակի դուռը, որտեղ, բժիշկների պնդմամբ, պրոֆիլակտիկ նպատակներով, ժամանակ առ ժամանակ գտնվում է գեներալ Յուզբաշյանը, որևէ ներգործություն չունեցան Գենի Եվգենիևիչի կարծիքի վրա:
Գենի Եվգենիևիչ Ագեևի առաքելության արդյունքում Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ գեներալ-լեյտենանտ Մ.Ա. Յուզբաշյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից և ուղարկվեց ԽՍՀՄ ՊԱԿ-ի պահեստազոր: Այդ առիթով ավելորդ չէ նշել, որ Երևանում Մ. Յուզբաշյանի «կոմունիստին անհարիր վարքի» մասին «ահազանգը» «սերմանվել» էր մոսկովյան «ընկերների» մասնակցությամբ: Մարիուս Յուզբաշյանին մեղադրում էին «մաֆիայի հետ կապերի», «ազգայնամոլության» և այլ «մահացու մեղքերի» մեջ, այսինքն, այն ամենում, ինչում մեղադրում էր Գորբաչովի շրջապատը հայ ժողովրդին: Հնչեցված մեղադրանքները հաստատելու նպատակով Մոսկվա տեղափոխվեցին և բազմաթիվ հարցաքննությունների ենթարկվեցին Հայաստանի ՊԱԿ-ի մի շարք աշխատակիցներ (հատկանշական է, որ բոլոր մեղադրանքները հետագայում հերքվեցին ԽՍՀՄ ՊԱԿ-ի քննչական բաժնի կողմից): Բայց գործն արդեն ավարտին էր հասցված, և 1988 թվականի աշնանը Մարիուս Յուզբաշյանին հանդիսավորությամբ ուղարկեցին «վաստակած հանգստի»: Նրան առաջարկվեց տեղափոխվել Մոսկվա, սակայն Մարիուս Արամովիչը գերադասեց մնալ Երևանում` իր նոր ընտանիքի` երիտասարդ կնոջ և նրա երկու զավակների հետ: 1993 թվականի հուլիսի 21-ի վաղ առավոտյան, զբոսանքի ժամանակ, Մարիուս Յուզբաշյանը սպանվեց թիկունքից հասցված հրաձգային կրակոցից, բայց դա արդեն մեկ այլ պատմություն է, որին, անշուշտ, կանդրադառնանք:
Վերջապես, ի՞նչն էր այդ հակադրության պատճառը: Բանն այն է, որ ՊԱԿ-ի ցանկացած ղեկավար պարտավոր էր սերտ համագործակցությամբ աշխատել տեղի կուսակցական ղեկավարի հետ: Ընդունված կարգի համաձայն, Մարիուս Յուզբաշյանը, որը Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ը գլխավորեց 1980-1988 թվականներին, աշխատում էր Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Սերոբի Դեմիրճյանի հետ:
Կարիերիզմի ախտանշաններով տառապող երիտասարդ կադրերի ժրաջան «սնուցումների» պատճառով (գերազանցապես ի դեմս Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի ղեկավարության), Կ.Ս. Դեմիրճյանը չէր վայելում ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Մ.Ս. Գորբաչովի վստահությունը, որպես «արագացման» և «վերակառուցման» պահանջներին անհամապատասխան պաշտոնյա:
Կ. Դեմիրճյանի (հետևաբար նաև Մ. Յուզբաշյանի) աշխատանքային գործունեության մայրամուտը, փաստորեն, կանխորոշված էր, և Կ. Դեմիրճյանի փոխարեն Մոսկվան նշանակեց ՀամԼԿԵՄ նոմենկլատուրայից սերող Սուրեն Գուրգենի Հարությունյանին (1988-1990 թթ.` Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար): Բնական է, որ Ս. Հարությունյանն իր գործունեության ընթացքում պետք է հիմնվեր իրեն հարազատ կոմերիտմիության տեղական կադրերի վրա: Հետագայում պարզվեց, որ Հայաստանի կոմերիտմիության առանձին պաշտոնյաներ, ի դեպ, ինչպես նաև Սովետների երկրի կոմերիտմիության «նոմենկլատուրային» շատ դեմքեր, ակնթարթորեն վերածվեցին հետխորհրդային տարածքում հաստատված կապիտալիստական հասարակարգի կողմնակիցների:
«Ղարաբաղյան հարցի» քննարկումներում համահավասարեցումը (լատ. paritas) պահպանելով, ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունը, նույն, հայելային մոտեցմամբ, Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնին նշանակեց նույնպես կոմերիտմիությունից սերող Վեզիրով Աբդուլահման Խալիլ օղլուն (1988-1990 թթ.` Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար):
Եկավ, այսպես կոչված, «Ղարաբաղյան հարցը և նրա շուրջ» (ինչ-որ մեկի մոգոնած արտահայտությամբ) հիմնախնդրին անդրադառնալու ժամանակը: Ըստ այդմ` համառոտ նախապատմությունը:
XIX և XX դարերի սահմանագծին նշմարվում էր երկարամյա զառամախտից թուլացած երեք կայսրությունների կործանումը` Օտտոմանյան, Ավստրո-Հունգարական և Ռուսական, որն ԱՄՆ ֆինանսատնտեսական ակտիվ մասնակցությամբ իրագործեցին Եվրոպայի հիմնական դերակատար երկրները 1914-1918 թվականների իմպերիալիստական պատերազմի միջոցով:
1918 թվականի հոկտեմբերի 30-ին Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում, անգլիական «Ագամենոն» գծանավի վրա, Անտանտի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց հաշտության պայմանագիր: Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց Օսմանյան կայսրության լիակատար ջախջախումով և փլուզումով: Պատերազմի ավարտին ջախջախվեց և փլուզվեց նաև Ավստրո-Հունգարական կայսրությունը:
«Եվրոպայի հիվանդ պետության»` Օսմանյան կայսրության ավերակների վրա իմպերիալիստական առաջնակարգ տերությունները նվաճեցին գաղութային նոր կալվածքներ: Բռնակցման ենթարկվեց մասնավորապես Արևմտյան Հայաստանի տարածքը, որի մի մեծ հատված բաժին հասավ Ֆրանսիային: Գաղութատիրական բաժանումների արդյունքում Մեծ Բրիտանիան տիրացավ Սուեզի ջրանցքին և, գլխավորապես, արաբ քոչվոր ցեղերով (բեդվիններով) բնակեցված տարածքների: Վերոնշյալ տարածքների նկատմամբ մանդատ ստանալով, Մեծ Բրիտանիան նպատակադրվեց ձևավորել, այսպես կոչված, «իսլամական պետություն»` Պարսկաստանով, Աֆղանստանով և Հնդկաստանով, ընդհուպ մինչև Չինաստան ձգվող «մետաքսի մեծ ճանապարհի» հետագա վերահսկողության նպատակով: Մեծ Բրիտանիան մտադրվել էր իր մանդատի տակ գտնվող տարածքներն ակտիվորեն օգտագործել Ռուսաստանին ճնշելու համար: Չեչենական երկու պատերազմները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ծավալված իրադարձությունները XXI դարասկզբին, բացահայտում են այդ քաղաքականության բուն էությունը:
Ռուսերենից թագմանեց
Դավիթ ՄԿՐ ՄԱՐԳՍՅԱՆԸ
Լուսանկարներ
Մեկնաբանություններ