ԵՎ ՓԱԿՎԵՑԻՆ ԴՌՆԵՐՆ ՀՈՒՍՈ
Նորանկախ երկրի հուսո դռները ազգային գիտաարտադրական միավորումների, գործարանների և կոմբինատների դարպասներն էին, որոնք գոցվեցին, ինչպես Ագռավաքարի ժայռեղեն դռները փակվեցին՝ Սասնա վերջին Մեծ ծռանը անդարձ կլանելով:
Հանրահավաքների ասպետները, 1990-ին իշխանությունն ստանձնելով, որդեգրեցին, ըստ իս, աներևույթ, բայց և այնպես գերարդյունավետ ազատ անկման գաղափարախոսությունը, համաձայն որի խորհրդային տնտեսության, գիտության և մշակույթի ու արվեստի նվաճումները գաղափարական մնացուկ են և կարող են խոչընդոտել ազատ և անկախ Հայաստանի զարգացումներին տնտեսության, գիտության, մշակույթի ու արվեստի ոլորտներում: Եվ անհրաժեշտ էր վերոնշյալը ամրագրելու համար կործանել տնտեսությունը, ուծացնել մշակույթն ու գիտությունը: Ի՞նչ էին երազում հայ նկարիչները, երբ հնչում էր Անկախության հռչակագիրը: Ազատ ելք դեպի կերպարվեստի միջազգային շուկաներ: Նաև իրենց ստեղծագործությունների վաճառքով սատարում երկրին: Բայց փակվեցին դարպասները, գոցվեցին հուսո դռներն ու պատուհանները:
(Ժամանակը հանդարտ սահանկում էր դեպի անհայտը):
Դարասկզբին հայ ազգային կերպարվեստի մեծերը ուխտագնացի նվիրումով ժամանում էին ԽՍՀՄ կայսրության հարավային և սահմանային առաջնադիրք երկիր Հայաստան (պաշտոնական անվանումը՝ ՀՍՍՀ), դարավերջին արտագաղթյալի ցուպը կոկեցին, ձեռքերն առան և երկիրը լքեցին կայացած և գունեղ հետագիծ թողած Մարտին Պետրոսյանը, Արտաշես Հունանյանը, Աշոտ Մելքոնյանը, Վան Սողոմոնյանը… շատերը:
Ցուրտ էր երկրում, արվեստանոցներում ճրագներ էին վառվում, և նկարիչները ստեղծագործում էին վրձինը բռնելով ձեռնոցում պատսպարված աջով:
Օրհասական օրերը հերոսական էին: Որոշ արվեստանոցներ, ի դեպ, համազգային շարժման և դիմակայության օրերին վերածվել էին զինապահեստների: ՀՆՄ անդամ շուրջ երկու տասնյակ նկարիչներ մարտնչում էին հանրապետության սահմաններում և ազատագրվող Արցախում: Նրանցից ոմանք մինչ օրս բեկորներ են կրում իրենց սեգ մարմիններում և դիմակայում են, չեն արտագաղթում: Ոմանք էլ վերքերից վախճանվեցին:
Կոթողային մտածողությամբ առլեցուն արձանագործները զբաղվում էին փոքրածավալ քանդակներ ծեփելով, այս գործընթացը ոչ այնքան հաջող անվանում ունի՝ մանր պլաստիկա, երկրում համապատասխան նյութ չկար:
Մի գիշերվա մեջ երկրից անհետացավ Հայաստանի նկարիչների միության Թումանյան փողոցի հռչակավոր գեղարվեստի սալոնը: Հռչակավոր, չզարմանաք՝ Հայաստանից շատ հեռու եզերքներում, Մոսկվայում և ՈՒլան ՈՒդեում, Վիլնյուսում և Նովոսիբիրսկում: Հանրապետության կերպարվեստի վարպետներին միավորող ահռելի մշակութային ներուժ պարունակող Հայաստանի նկարիչների միության գեղարվեստական արտադրամասերը ակամա և երկարաժամկետ գործադուլի մեջ էին: Ժամանակի հրամայականն էր՝ ներկրել ամեն բան` ծիրանի չիր և վառելիք, հիգիենիկ պարագաներ, մաստակ, հագուստ և արվեստ, ամենը` կեղծ ու ժամանակավրեպ: Նաև՝ թունալիցք:
Եվ, անշուշտ, զավեշտի գուներանգներով էր պարուրված Հայաստանի ազգային պատկերասրահում Մեծ հայրենադարձության 50-ամյակի առթիվ 1996-ին կազմակերպված «Հայ ոգու կամարներ» ցուցահանդեսը: Հայկազյան ոգին կամարվում էր երկրից դուրս, այն անհայտ բացակայող էր:
Ազատ, անկախ, ինքնիշխան 3-րդ հանրապետության կերպարվեստը (դեռ չէին չորացել խորհրդահայ բեղմնավոր օրերին վրձնած կտավները) հայտնվեց իշխանությունների համակ անտարբերության և շահագրգիռ մերժողականության կիզակետում: Միով բանիվ, հանգրվանեց նորագույն պատմության լուսանցքում: Վերնիսաժ բաց երկնքի տակ ամառ, թե ձմեռ: Սա էր Թատերական հրապարակի վսեմաշուք հարթակից Մատենադարանի հրապարակ բարձրացած և իշխանության եկած բոցահայաց, պնդամեջք, բայց և այնպես (ի դժբախտություն ՀՀ-ի և ողջ հայության) բրածո-դրածո իշխանիկների նվիրաբերումը 5-հազարամյա հայկազյան մշակույթին:
Եվ այսպես՝ Վերնիսաժ: Կտավները հենած մայր հողին և ձախության ճախարակը մանելով նկարիչը սպասում է: Սպասում է մեկ օր, երկու օր, մեկ ամիս: Վերջապես (գլխավորապես օտարազգի գնորդը) ժամանում է Վերնիսաժ: ՈՒշի ուշով զննում է գործը, գնում է այն և հեռանում: Բայց այսպես լինում է դեպքից դեպք: Դրության տերը հականկարիչն է, նա է սահմանում վերնիսաժյան խաղադրույքները, սահմանելով իրացնում է սեփական գույնզգույն մղձավանջը, անզուսպ պատճենում է այս կամ այն վարպետի հանրածանոթ գործը, նկարում է Սիս և Մասիս, և անդառնալիորեն այլասերում է պարզասիրտ մարդկանց գեղագիտական ճաշակը:
Եվ ահա պատեպատ խփվելով մտորում եմ. գուցե հասունացել է պահը պատմական՝ նրանց (իմա՝ հականկարիչներին) վերնիսաժային տարածք տրամադրելու մայրաքաղաքի ծայրամասերից մեկում և դարպասին փակցնելու մի հսկա ցուցանակ, վրան գրված վառ կարմիր տառերով՝
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱԿԱԱՐՎԵՍՏ
և մի փոքրատառ լրացում՝ «Գեղարվեստական ճաշակ ունեցող մարդկանց մուտքը խստիվ արգելվում է, զի վտանգավոր է կյանքի համար»:
ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ՊՈՐՏԱՊԱՐ՝ ՋԵՐՄԱՆՈՅԻ ՆՎԱԳԻ ՏԱԿ
2005 թվական: Հայաստանի նկարիչների միությունում (Երևան, Աբովյան-16) կազմակերպվեց Արցախի նկարիչների անդրանիկ ցուցահանդեսը: Հրավերներ ուղարկվեցին Հայաստանի և Արցախի հոգևոր ու աշխարհիկ տերերին, հարգևոր այրաց ու տիկնանց: Ինչ խոսք, որ հրավեր ուղարկվեց Արցախի հերոս, 3-րդ հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նախագահական նստավայրը հաստատեց նախագահ Քոչարյանի այցը: Կեսօր էր, արվեստասեր հանրությունը, Արցախի նկարիչները և այլ պատվարժան այրեր ու տիկնայք սպասում էին… Բացումից րոպեներ առաջ պարզվեց, որ Արցախի հերոսը ճանապարհից շեղվել և ուղևորվել է դեպի ՆՓԱԿ, ուր հերթական ուլտրա-ազատական ցուցքն էր:
ՆՓԱԿ, Նորարար փորձառական արվեստի կենտրոն: Հիմնադիրն է սփյուռքահայ Սոնիա Պալասանյանը, կազմավորվել է 1994-ին, դռները բացել է 1996-ին:
Ո՞րն էր ՆՓԱԿ-ի նորարար փորձառությունը: Ահա նրա հավատո հանգանակը. «…Օժանդակել և քաջալերել արվեստի բնագավառում անկաշկանդ արտահայտությունը, ստեղծել արվեստի ոչ կոմերցիոն մթնոլորտ, ներկայացնել հայկական ժամանակակից արվեստը համաշխարհային հանրությանը»: Այս մանիֆեստում գաղափարական մեխը «անկաշկանդ արտահայտությունն» է:
Արտահայտվել և արտահայտվում են: Անկաշկանդ և անողոք:
ՆՓԱԿ-յան ռազմավարության հնոցը Վենետիկն է (մի՞թե ակամա զուգահեռ չի քաշվում ՀՀ աղետաբեր սահմանադրության կնքահայր տխրահռչակ Վենետիկի հանձնաժողովի գործունեության հետ):
1956 և 1958 թվականներին հրաշալի հայ գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանը Վենետիկում մասնակցում է բիենալեների: Եվ զարմանքով նշում է, որ գաղափարական խոր բովանդակության, մարդկային կենդանի ապրումների, գեղարվեստական ներդաշնակ ձևերի հետ մեկտեղ գրեթե իսպառ բացակայում է ազգային տարրը:
Նորանկախական շրջանում ահա ինչ է նշում կերպարվեստային գործունեության տաղանդավոր կազմակերպիչ և նորարար հանրահայտ Հենրիկ Իգիթյանը. «Նկարիչների միության անդամներից շատերը շփոթվածության, լքվածության և ավելորդության զգացում ապրեցին: Բախտի քմահաճույքին թողնված երիտասարդների մի մասն ագահորեն նետվեց արևմտաեվրոպական ու ամերիկյան հին ամսագրերի փոշեպատ կույտերի վրա՝ որոնելով «նոր» գաղափարներ, ջանալով դրանք մեխանիկորեն ներմուծել մեր՝ առանց այդ էլ փուխր գեղարվեստական միջավայրի մեջ, ինչը, բնականաբար, հանգեցրեց սովորական բանագողության և, որն ավելի վատ է, նպաստեց արհեստի անկմանը»:
Փակվեցին դարպասները, գոցվեցին հուսո դռներն ու պատուհանները: Վարկային վարակի համաճարակով ախտահարված մեր իշխանակառավարական վերնախավը պարզել էր հայ ազգային կերպարվեստում ազգային էության ժխտման դրոշակը: (Սույն դրոշը ալեծուփ փողփողում է մեր օրերում):
Դավադիր էին նփակյանականների դրսևորույթները: 1997-ին Դավիթ Կարեյանը հռչակում է «Այլևս ոչ մի պատմություն» տարածական տեքստը: 2002-ին Լուսինե Դավիդյանը ներկայացնում է «Իմ արյունը չի հիշում ձեր պատմությունը» լուսանկարչական բազմախոստում ինստալյացիան: «Ձեր պատմությունը» մեր հայոց պատմությունն է: ՆՓԱԿ-յան տեսաբան և քարոզիչ Վարդան Ազատյանը ջերմեռանդորեն անդրադարձավ վերոնշյալ ցուցքին՝ նշելով ի մասնավորի հետևյալը. «Լուսանկարչական այս ինստալյացիան կարող ենք ընթերցել որպես հայկական հասարակության գիտակցությունը հայոց պատմությամբ լվանալու դեմ հակառեակցիա»:
Այս հակաազգայնականության թիկունքում հայկական պետությունն էր կանգնած իր աներևույթ զրահագնացքներով: (Ասվածը հնչեց զգացմունքային հռետորաբանությա՞մբ: Ամենևին: Տեսեք. 2002-ին ՀՀ կառավարության թիվ 202 որոշմամբ ՆՓԱԿ-ին անվարձահատույց ի գործածում հանձնվեց հրաշալի եռահարկ շինությունը, որը ՀՀ-ի, այն է՝ ժողովրդի և պետության սեփականությունն է: Դուք, խնդրում եմ, հիշեք, թե ինչ շենք կամ տարածք է ՀՀ կառավարությունը նվիրաբերել հայ արվեստին, գիտությանն ու մշակույթին 1991-ից մինչ օրս: Զուր մի փնտրեք, չեք գտնի): ՆՓԱԿ-ի գաղափարական ստնտուներից մեկը՝ Վենետիկի 47-րդ բիենալեի պատասխանատու և խնամակալ Ջերմանո Ջելանտին, հայ արվեստագետների մասնակցությամբ կայացած ցուցահանդեսի պատկերագրքում ուղղակի շարադրեց վենետիկյան այս դավադիր գործընթացների ռազմավարությունը. «Արվեստագետը պատկանում է ոչ թե ազգին, այլ արվեստի պատմությանը… մենք մարտահրավեր ենք նետում տարածքայնությանը՝ փորձելով արվեստն ազատել ազգային հատկանիշներից»:
Ահա բնորոշ մի գեղանկար, որի հեղինակը Արման Գրիգորյանն է. «Հայերը սիրում են Ռեմբրանդին» (1994 թ.):
Ահա նաև երդվյալ նփակյաններ Կարեն Անդրեասյանի և Կարինե Մացակյանի «քերթվածքները»: Մեկնաբանություններն անտեղի՞ են: Բնավ: Ահա մի դրվագ Մարտին Միքայելյանի «Կեցցե ազատությունը» հրապարակումից («Հայ արվեստ», 2002 թ.). «…ՆՓԱԿ-ը ազատ, անկախ Հայաստանի ծնունդն է՝ թերևս շուկայական հարաբերությունների, կապիտալիզմի, տնտեսության, քաղաքականության, մշակույթի գլոբալացման, համընդհանուր «կոլխոզի» ջատագովը: Նրանց վարքին հետևելիս հավատում ենք ֆրանսիացի սոցիոլոգներից մեկի այն պնդմանը, թե մենք արվեստի հոգեվարքի վկաներն ենք»:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Անկասկած տեղին է բնութագրումս՝ ՆՓԱԿ-ը կերպարվեստի աղանդ է: Այն պետք է օտարե՞լ երկրից: Ամենևին: Անհրաժեշտ է ազգայնացնել ՆՓԱԿ-ին նվիրաբերած շքեղ շենքը և ստեղծել արդի հայ ազգային կերպարվեստի ռազմավարական հիմնարար մի ծրագիր: Այսինքն՝ պետությունը իրական պարտավորություն զգա նկարչի հանդեպ, վերականգնի պետական պատվերի ինստիտուտը, հայ ժամանակակից կերպարվեստը դուրս բերի համաշխարհային շուկաներ, ընդունի օրենք նկարչի մասին, ձևավորի կերպարվեստի ներքին մրցունակ շուկա և, ի վերջո, էապես գիտակցի, որ արդի կերպարվեստի վաճառքով արտաքին աշխարհում կարող է առնվազն կրկնապատկել պետական գանձարանը:
Ի դեպ, քաղաքակիրթ աշխարհում շատ բարձր են գնահատվում սոցռեալիզմի շրջանի գործերը: Գնահատվում են նաև մի քանի հայ նկարիչներ, որոնք հաջողության են հասել բացառապես սեփական ջանքերով:
Ժամանակակից հայ նկարիչը հասակ առնելով հայտնվում է ֆանտասմագորիայի (կամ էլ գուցե տրագիֆարսի) խորխորատում, զի ստանում է նվաստացուցիչ թոշակ, քանզի նրա տասնամյակների ստեղծագործական կյանքը աշխատանք չի համարվում:
Ի դեպ, կերպարվեստում գործունեության երեք բնութագրիչ արտահայտություններ կան՝ «ստեղծագործություն», «գործ» և «աշխատանք»: Իսկ այժմ լյառն Արարատի հայացքի ներքո փակվել են հայ նկարիչների (այն է՝ գեղանկարիչների, քանդակագործների, գրաֆիկների, դեկորատիվ-կիրառական արվեստի նկարիչների և արվեստաբանների) հուսո դռները:
Ե՞րբ կբացվեն դռներն հուսո…
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ