38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Շագրենի կաշին

Շագրենի կաշին
05.03.2019 | 01:02

-Բարի լույս, մսյո լե պղեզիդան, թույլ տվեք Ձեզ ուղեկցել զբոսանքի:
-Բարի լույս, մսյո Օնորե դը Բալզակ, բայց ես Ձեզ չեմ հրավիրել և չեմ պատրաստվում զբոսանքի գնալ:
-Երեկվանից Ձեր ծանրաբեռ գրասեղանին է իմ «Շագրենի կաշին»: Ես գիտեմ, որ Դուք առանձնապես չեք սիրում ոչ ինձ, ոչ իմ գրքերը, մսյո լե պղեզիդան Շառլ դը Գոլ, բայց դա չի նշանակում, որ ես Ձեզ ասելիք չունեմ:
-Մսյո Բալզակ, Դուք հիրավի անակնկալի վարպետ եք, թեև զբաղված եմ, չեմ կարող մերժել: Ի՞նչն է Ձեզ առավոտ վաղ Կոլոմբե` 80-ամյա պաշտոնաթող նախագահի տուն, բերել, երբ կարող էիք գնալ Փարիզ` Ելիսեյան պալատ, մսյո լե պղեզիդան Մակղոնը Ձեզ ավելի պիտի հետաքրքրի:
-Ելիսեյան պալատում ես արդեն եղել եմ ու մսյո լե պղեզիդան Մակղոնին ասել եմ, որ Դուք եք Ֆրանսիայի իսկական ոգին: Դուք, որ մարմնավորում եք անսահման սերը ու մեր երկրի իրական վեհության վերականգնման գաղափարը: Դուք, որ ամբողջ կյանքում եղաք Դիմադրության շարժման ու Ֆրանսիայի դիմադրողականության մեծացման ջատագովը: Մսյո Մակղոնն ինձ հետ համաձայն էր: Եվ խնդրեց ինձ փոխանցել իր խորին հարգանքն ու նվիրումը Ձեզ:
-Այո՞, իսկ գուցե նա ավելի շատ զբաղվեր Ֆրանսիան հեղեղած դեղին ժիլետներո՞վ:
-Մսյո լե պղեզիդան, Դուք լավ գիտեք ֆրանսիացուն` նա տենչում է փոփոխություններ, բայց դեմ է կոնկրետ փոփոխությանը: Նա ուզում է, որ կյանքը փոխվի, բայց իր կյանքում ոչինչ չփոխվի:
-Ոչ, մսյո Բալզակ, Դուք մի ամբողջ «Մարդկային կատակերգություն» եք գրել` հակառակն ապացուցելու համար:
-Այո, բայց չեմ ապացուցել: Ես եղել եմ ռոմանտիկ ու դարձել եմ ռեալիստ, ես գրել եմ բոլորի ու ամեն ինչի մասին: Օրը 18, երբեմն 20 ժամ: Բայց մարդկությունը չի փոխվել իմ գրածները կարդալով: Չի փոխվել` ինչ է թե ես հանճարեղ գրող եմ ու ապագան կանխատեսող, ասել եմ ճշմարտությունը ու ասել եմ բացահայտ:
-ՈՒրեմն` ինչու՞ եք հիմա իմ տուն եկել, ես Ձեր ամենահավատարիմ ընթերցողը չեմ:
-Որովհետև իշխանությունը երբեք չի սիրում ու պատրաստ չէ ճշմարտությունը լսել, որովհետև իշխանությունն իր համար կառուցում է ապակե առանձնատուն` վստահ, որ ամեն ինչ տեսնում է, իրականում չի լսում ու չի պատասխանում ապակե պատերից այն կողմ մնացած իրականությանը: Դուք այդպես պարտվեցիք 1969-ի ապրիլի 27-ի հանրաքվեում ու հեռացաք` նույնիսկ 1968-ի հզոր ցույցերից ու Ձեր հրաժարականի պահանջներից հետո` հունիսի 23-30-ի Ազգային ժողովի ընտրություններում 73,8 % ձայներ ստանալով: Ձեր ժամանակն ավարտվել էր` Դուք այլևս ասելիք չունեիք ֆրանսիացուն: Իշխանությունը երբեք չի լսում գրողին, չի լսում արվեստագետին, որովհետև նրա մեջ տեսնում է մրցակից ու համոզված է, որ ինքը մրցակցությունից դուրս է, որովհետև ինքն է որոշում կայացնողը, ոչ թե շարքային քաղաքացու տրամադրություններն ու մտքերն արտահայտող արվեստագետը: Իշխանությունը համարում է, որ արվեստագետը պատասխանատվություն չունի, ինքն ունի: Դա սխալ է` արմատական սխալ: Հայրենիքը մեկն է ու չի բաժանվում մտածողների ու չմտածողների:
-Դուք դա մսյո լե պղեզիդան Մակղոնին ասե՞լ եք:
-Իհարկե ու ի պատասխան լսել եմ` «Նախագահ լինելուց առաջ ու հետո ես Ֆրանսիայի շարքային քաղաքացի եմ»:
-Դուք նրան հավատացե՞լ եք:
-Իհարկե` ոչ:
-Այդ պատճառո՞վ եք եկել իմ տուն:
-Ոչ:
-Եկել եք իմ սխալները հիշեցնելու՞, թեպետ ես ինձ սխալ չեմ համարում:
-Դուք գտաք շագրենի կաշվի նոր բանաձև` որքան փոքրանում էր Ձեր անձնական շագրենի կաշին, այնքան մեծանում էր Ֆրանսիայինը: Դա հանճարեղ է, ես գլուխ եմ խոնարհում Ձեր առաջ: Դուք չհավատացիք ոչ պատմությանը, ոչ իրականությանը, ոչ պատերազմին, ոչ խաղաղությանը, Դուք գնացիք Ձեր ճանապարհով` ռեսպեկտ:
-Որքան հիշում եմ` ռեսպեկտը անգլերեն է ու նշանակում է հարգանք:
-Այո, մսյո լե պղեզիդան, սըր ՈՒինսթոն Չերչիլը ևս այդ բառը շատ էր սիրում ու խորհրդարանում ելույթները հաճախ այդ բառով էր ավարտում: Նա առաջինը Ձեզ օգնեց, իսկ հետո դավաճանեց:

-Սըր ՈՒինսթոնը ոչ ինձ էր օգնում, ոչ էլ ինձ դավաճանեց, իբրև վարչապետ` նա պաշտպանում էր Մեծ Բրիտանիայի շահերը, և` իսկապես ռեսպեկտ նրան: Ես նրան հարգում եմ: Դուք նրա՞ն էլ եք հանդիպել:
-Ես հիմա ազատ ժամանակ ունեմ ու շատ եմ ճանապարհորդում: Ճիշտ է` ինկոգնիտո: Ինձ ոչ ոք չի ճանաչում ու չգիտի` ով եմ: Ես միջին տարիքի, հարուստ ֆրանսիացի եմ, որ շրջագայում է աշխարհում: Օրերս Հայաստանում էի` նրանք էլ են հեղափոխություն արել, հետաքրքիր էր համեմատել մեր հեղափոխությունների հետ:
-Մսյո Բալզակ, Դուք ինձ զարմացնում եք: Հայաստանի հեղափոխությունը Ֆրանսիայի ո՞ր հեղափոխության հետ եք ուզում համեմատել: Մենք ամեն օր ենք հեղափոխության պատրաստ:
-Ոչ, մսյո լե պղեզիդան, 1789-ից հետո մենք հեղափոխություններ չենք արել, մեր արածն աֆտերշոկեր էին, ուզում էինք նոր կյանքին հարմարվել, երբ մենք էլ չգիտեինք` ինչ ու ինչպես անել: Հայերն էլ նույնն են անում:
-Մսյո Բալզակ, Դուք ուզում եք նոր «Մարդկային կատակերգությու՞ն» գրել` հայ հերոսներով:
-Մսյո լե պղեզիդան, ինչքան չեք սիրում իմ հերոսներին: Նրանք միայն ֆրանսիացի չեն, նրանք մարդիկ են, որ իմ օգնությամբ աշխարհին պատմել են իրենց սերը, ցավը, ստորությունն ու խելահեղությունը, դա հայրենիք չունի: Պատիվ ունեմ ասելու, որ բոլոր գրողները խելագարներ են, նրանք ապրում են հազարավոր կյանքեր, բայց մեռնում են իրենց կյանքում:
-Օ՜, պատիվ ունեմ Ձեզ ասելու, որ քաղաքական գործիչները ևս խելագարներ են` նրանք հազարավոր կյանքերը մեկտեղում են իրենց կյանքում, անվանում են գաղափար ու ծրագիր, ապրում ու մեռնում են` կյանքի կոչելու համար:
-Մեր հանդիպումն անվանենք երկու խելագարների խոսակցությու՞ն:
-Ես չեմ առարկում, եթե Ձեզ հաճո է: Հայերը նույնպես խելագա՞ր են:
-Նրանք պայքարում են իրենց անցյալի ու ներկայի ստվերների հետ, դա նման է խելագարության:
-Հազարամյակների անցյալի հետ պայքարելը ավելին է խելագարությունից, մսյո Բալզակ, իսկ ներկայի ստվերների հետ մենք բոլորս ենք կռվի մեջ:
-Հայերը հոգնել են պատմության հետնաբեմում տեղապտույտից ու իրենց տեղն են ուզում արևի տակ` պայծառ ու շլացնող` այս առավոտի նման:
-Նրանք իրենց ցանկությունը հիմնավորում են ազգային երազո՞վ, թե՞ ուժով:
-Նրանք արագ են փոխվում. նրանց պաշտպանության նախարարը մի քանի օր առաջ հայտարարեց, որ պաշտպանական հայեցակարգ ունեցող բանակները պարտվում են ի վերջո: Հայկական բանակը հարձակողական մարտավարություն է որդեգրում: Նրանք չեն ուզում պատերազմել, բայց պատերազմում պատրաստ են ոչ թե պաշտպանվել, այլ հարձակվել:
-Օ՜, դա արդար է նրանց պարագայում:
-Դուք գիտե՞ք Լեռնային Ղարաբաղի մասին:
-Մսյո Բալզակ, կյանքն ինձ համար 1970-ին չի ավարտվել, թեպետ Դուք տեսած կլինեք իմ շիրմաքարը: Մսյո Մակղոնն ի՞նչ էր ասում նրանց մասին:
-Մսյո լե պղեզիդանը պատրաստ է աջակցել, նրան Հայաստանը գրավել է իբրև հին երկիր, որ նոր ասելիք ունի:
-Մսյո Բալզակ, Դուք երբևէ լսե՞լ եք Շառլ Ազնավուրի ձայնը, երբ նա երգում է` հավատում ես Աստծուն ու գուցե հենց հայի Աստծուն:
-Մսյո լե պղեզիդան, Աստված մեկն է: Ինչպես մեկն է Ազնավուրը: Ես գիտեմ, որ նա հայ է ու երբ նա «Ավե Մարիա» է երգում, անգամ ես եմ հավատում Աստծուն:
-Նա հայ է նույնքան, որքան ֆրանսիացի է: Իսկ ֆրանսիացին հոգու կարգավիճակ է, Դուք դա գիտեք` Գոբսեկից հայր Գորիո:
-ՈՒրախ եմ, որ չասեցիք` «Խորտակված պատրանքներ»:
-Իսկ հայերին դա վերաբերու՞մ է:
-Ոմանց` այո, ոմանց` ոչ: Նրանք տարբեր են` մեզ նման, բոլորի նման: Նրանք ուզում են ամեն ինչ ու միանգամից, նրանք ուզում են բաց թողնել ընթացքը ու ունենալ արդյունքներ: Եվ որովհետև բաց են թողնում ընթացքը, սխալներ են անում: Օրինակ` երբ ես Երևանում էի, մշակույթի նախարարությունը փակելուց հետո ուզում էին փակել իրենց բոլոր թատրոնները, կամ` համարյա բոլոր, ուզում էին աշխատանքից հանել իրենց համալսարանի ռեկտորին, քաղաքապետարանը վերցնում էր թերթերի խմբագրությունները: Կարևորը նրանց համար շարժումն է, որին զոհաբերում են իմաստն ու բովանդակությունը, որովհետև վստահ են, որ հնից պետք է ազատվել, բայց չեն հասկանում, որ իրենք նույնքան հին են, որքան բոլորը: Նրանց պակասում է դրսից հայացքը` իրենք իրենց, որ հասկանան` իրենք ժառանգորդն են ամեն ինչի:
-Հայերը դա՞ են անվանում հեղափոխություն:
-Նրանք ասում են` քաղաքացին քաղաքական հեղափոխություն արեց, հիմա էլ պիտի տնտեսական հեղափոխություն անի: Քաղաքացին անընդհատ պետք է ակտիվ լինի` պահանջատեր ու պատասխանատու ամեն ինչ համար: Օրը 24 ժամ:
-Մսյո Բալզակ, չեմ կարողանում հավատալ, որ քաղաքական ու տնտեսական հեղափոխության տարբերությունը Հայաստանում չեն հասկանում: Իսկ իշխանությունը ի՞նչ պիտի անի: Քաղաքացին երբեք ու ոչ մի երկրում տնտեսություն չի աշխատեցրել, հարկեր չի սահմանել ու կապիտալ չի կառավարել:
-Ժամանակները փոխվել են, մսյո լե պղեզիդան, նրանք համարում են, որ հիմա ապրում են քաղաքացի դառնալու գործընթաց: Իշխանությունն ասում է, որ պետությունը քաղաքացու ծնողը չէ, որ նրան ամեն ինչ տա` սնունդ, հագուստ, կրթություն, աշխատանք, հանգիստ, զվարճանք: Նրանք համարյա ամեն օր դուրս են գալիս փողոց ու փակում են ճանապարհը` ինչ-որ մեկից ինչ-որ պահանջով, բայց միշտ դիմում են վարչապետին: Նրանք իրենց ուզում են տեսնել քաղաքացիական հասարակություն, բայց ուրիշ «Մենքի» զգացողությամբ: Թե ո՞ր, իրենք էլ չգիտեն:
-Նրանք չգիտե՞ն, որ մարդիկ համախմբվում են ոչ թե հանուն, այլ` ընդդեմ:
-Նրանք ուզում են փոխել իրենց ու աշխարհը: Նրանք պատրաստ են համախմբվել հանուն գլոբալ փոփոխությունների, բայց դիմադրում են լոկալին:
-Նրանք ինքնատիպ չեն, մսյո Բալզակ, համազգային ու համապետական համախմբումը միշտ ավարտվում է սոցիալական բաժանումով: Ամենօրյա հեղափոխություն չի լինում: Որքան հասկացա` նրանք ընթացքը շփոթում են հետևանքի հետ: Իշխանությունը պետք է մարդու առօրյան էլ կազմակերպի, որ մարդը ունենա հենց այդպես ապրելու խթան` սովորելու, աշխատելու, երեխաներ ունենալու ու իր տան շրջակայքը մաքուր պահելու: Դա բարդ մեխանիզմ է` մարդը պիտի շահագրգիռ լինի լավը լինելու: Ես դա էի ապացուցում ֆրանսիացիներին իմ ամբողջ կյանքով, որովհետև ֆրանսիացի լինելը առաքելություն է` աշխարհի առաջ:
-Օ՜, մսյո լե պղեզիդան, ես Ձեզ հետ հրաշալի առավոտ անցկացրի: Ես հեռանում եմ, որ վերադառնամ:
-Դա է, չէ՞, շագրենի կաշվի փիլիսոփայությունը, մենք վերադառնում ենք այնտեղ, որտեղ մեզ սպասում են:
-Ոչ և դարձյալ ոչ, բայց դա բոլորովին ուրիշ պատմություն է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ մենք ունե՞նք շագրենի մեր կաշին, որ մեզ համար նվազելով, մեծացնում է պետության վեհությունն ու սահմանները: Մեզ որևէ տեղ սպասու՞մ են:

Դիտվել է՝ 7076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ