38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մի՛ ուրացեք

Մի՛ ուրացեք
26.02.2019 | 01:33

Մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակն է: Գուցե միամտաբար, գուցե հիմարաբար սպասում էի, որ թավշե հեղափոխությունից հետո համարյա ամեն օր նոր արժեհամակարգի, քաղաքացու գլխի պարունակության փոփոխության մասին մտահոգ վարչապետն ու կառավարությունը արդեն իսկ պիտի Սպարապետի ու վարչապետի ծննդյան 60-ամյակը ըստ արժանվույն նշելու քայլեր արած լինեին: Հրապարակային քայլեր: Գոնե հանձնաժողով ստեղծեին, թեպետ դա նախահեղափոխական Հայաստանի ավանդույթ է, բայց աշխատանքի կազմակերպման ձև է: Ակնհայտորեն` աշխատանք էլ չկա, նույնիսկ` մտադրություն: Չէ, իհարկե, երեքշաբթի առավոտյան կգնան Եռաբլուր ու գուցե անգամ ոչ թե մեխակներ, այլ ծաղկեպսակ տանեն: Առավել համարձակները կգնան Արարատ` Վազգեն Սարգսյանի թանգարան, տուն էլ կմտնեն ու կվերադառնան Երևան` գործն արածի հանգիստ խղճով:


Իրականում ոչ մեկիս խիղճն էլ հանգիստ չէ: Որովհետև Վազգեն Սարգսյանի կյանքն ու գործը այդպես էլ մնացել է չգնահատված, չհասկացված ու չարժևորված: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Վազգենի վրա տաբու էր դրված, անունը տալուց էլ վախենում էին, տրենդը Վազգենին դավաճանելն ու նրանից հրաժարվելն էր:


Աշխարհի բոլոր մեղքերի մեղավորը Վազգենն էր: Սերժ Սարգսյանի ժամանակ Վազգեն Սարգսյանի անունն ու գործը արգելված չէր: Լիուլի հիշում էին ընտրությունների ժամանակ: Նրա հաղթանակները սեփականաշնորհվել էին Սերժ Սարգսյանին ու այն տպավորությունն էր, որ մենակ մտել էր խրամատ, հաղթել Ադրբեջանին ու վերադարձել Երևան` պաշտոններ ստանալու: Նույնիսկ հասել էր այնտեղ, որ Շուշիի ազատագրումը գրանցվեց Կոմանդոսի վրա ու Վազգենի անունն էր չէր տրվում: Հետհեղափոխական Հայաստանի տրենդը …

անտարբերությունն է: Գործող իշխանությունները նորանկախ Հայաստանի անցյալում կամ տեսնում են ՙնախկին կոռումպացված ռեժիմ՚, կամ ոչինչ չեն տեսնում: Ու Վազգեն Սարգսյանի կյանքն ու գործը նորից անտեսվում է: Ոչ մեկին չի հետաքրքրում, որ Վազգենը հավաքեց 1000-ից ավելի ջոկատներին ու տարածաշրջանի ամենամարտունակ բանակը դարձրեց` միակ կայացած արժեքը: Ոչ մեկին չի հետաքրքրում, որ Վազգենը պատերազմի ընթացք փոխեց մահապարտների կոչով: Ոչ մեկին չի հետաքրքրում, որ Վազգենը բացեց ու պահեց Լաչինի միջանցքը: Ոչ մեկին չի հետաքրքրում, որ Վազգենը 1998-ին թույլ չտվեց տարածքների հանձմամբ Ղարաբաղի խնդրի փուլային լուծումը: Ոչ մեկին չի հետաքրքրում, որ 1999-ին Վազգենը սպանվեց, որովհետև Հայաստանը նրա վարչապետության օրոք դառնում էր տարածաշրջանի ամենահզոր երկիրը` ԱՄՆ-ի, ԵՄ-ի միանշանակ աջակցությամբ: Ոչ մեկին չի հետաքրքրում, որ Վազգենը 1999-ի մայիսից հոկտեմբեր երկիրը պահեց ու սկսել էր պարտքերը փակել` առանց մեկ լումա պարտք վերցնելու: Ոչ մեկին չի հետաքրքրում, որ մեկ ամսում ծայրից ծայր գույքագրել էր Հայաստանի ամբողջ տնտեսությունը ու քաղաքական որոշումով վերագործարկեց ՙԿանազը՚: Ոչ մեկին չի հետաքրքրում, որ Վազգենը 1999-ի կասեցրեց ՀԷՑ-ի սեփականաշնորհումը: Ոչ մեկին չի հետաքրքրում, որ հոկտեմբերի 22-ի վերջին հեռուստաելույթի թեման կոռուպցիայի դեմ պայքարն էր: Որ… Հարյուրավոր ՙոր՚-եր, որ ոչ մեկին չեն հետաքրքրում, մինչդեռ մեր պետության ու մեր պատմությունն են: Ու այդ պատմությունը իմանալն ու արժևորելը Վազգենին բոլորովին պետք չէ` նա հայրենիքին տվեց ամեն ինչ ու կյանքն էլ հետը, իսկ մենք ուրացանք նրան ու վազեցինք առաջ: Չգիտեմ` ինչու՞ և ու՞ր: Եվ` ինչքա՞ն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե պետությունը չի գնահատում իր հերոսներին, թերարժեքության բարդույթ ունի ու վախենում է ճշմարտության հետ առերեսվել: Վաղ թե ուշ` իր այդ ընթացքով մտնելու է գաղափարազրկության ու անարժեքության փակուղի: Ես ուրիշ Հայաստան եմ ուզում ունենալ, որտեղ ճշմարտությունը ձեռնտու պահին, ձեռնտու տեղում չեն հիշում, այլ ընդունում են որպես անհրաժեշտություն:

Դիտվել է՝ 6572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ