Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Սոչիում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նախ կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ նիստի մասնակիցները քննարկել և համաձայնեցրել են տնտեսական ինտեգրման, ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ընդհանուր շուկայի ազատականացման հետագա ծրագրերը: Ընդունվել են ԵԱՏՄ պետությունների 2018-2019-ի մակրոտնտեսական քաղաքականության առանցքային ուղենիշները, նախանշվել համագործակցության զարգացմանը միտված քայլերը ատոմային և վերականգնվող էներգետիկայի, թվային տնտեսության, առողջապահության, սոցիալական քաղաքականության ոլորտում: Հատուկ ուշադրություն է ցուցաբերվել միության միջազգային գործունեության ընդլայնմանը: Ստորագրման են պատրաստվել ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերի համաձայնագիրը և ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակի հաստատման որոշումը: Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ գործունեության ընթացիկ այլ հարցերի: Որոշվել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստն անցկացնել նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում. «Առաջին հերթին ցանկանում եմ սկսել բոլոր ներկաներին շնորհավորանքով՝ անցած տոնի՝ Մեծ Հաղթանակի կապակցությամբ: Հայրենական Մեծ պատերազմը եղել է դժվար փորձություն ԵԱՏՄ երկրների և աշխարհի այլ ժողովուրդների համար: Մեր պարտքն է պահպանել և երիտասարդ սերունդներին փոխանցել թանկագին վետերանների հերոսական սխրանքների մասին հիշողությունը, անել ամեն հնարավորը՝ անվտանգության ապահովման, կայուն զարգացման և մեր երկրների բարգավաճման համար:
Ցանկանում եմ նաև սրտանց շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահին՝ ջերմ ընդունելության և հյուրընկալության, նման բարձր մակարդակի գագաթնաժողով կազմակերպելու համար:
Հայաստանում տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում, որի մասին, կարծում եմ, լավ տեղեկացված եք: Մենք արդեն ձևավորել ենք կառավարություն, որի ծրագիրը հայեցակարգային առումով չի նախատեսում արտաքին քաղաքականության ուղիների փոփոխություն: Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին լիակատար հանձնառությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում: Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ՝ ելնելով ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի գործնական շահերից, տնտեսական համագործակցության արտոնյալ ռեժիմների ներդրումից, ինչը կարգավորվում է միության օրենքով:
ԵԱՏՄ-ի հետ կապված հայ հասարակությունում դիսկուրսը պայմանավորված է նրանով, որ վարչական խնդիրների լուծումը, անցումը դեպի նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմների, տարբեր խոչընդոտների առկայությունը դեռևս չեն արդարացնում բիզնեսի՝ անմիջապես կոնկրետ և շոշափելի արդյունքներ ստանալու ակնկալիքները, ինչն ընկած է եվրասիական ինտեգրացիայի գաղափարի հիմքում: Կարծում եմ, որ ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերը և ամեն օր տեսանելի արդյունքների հասնելու հետևողականությունը կարող են կրճատել նման քննարկումների ծավալը: Հայաստանը շահագրգռված է դրանում և ելնում է նրանից, որ նախ և առաջ անհրաժեշտ է ապահովել առևտրատնտեսական համագործակցության աճ, շեշտը դնել բարձր և նոր տեխնոլոգիաների վրա, գործնականում ապահովել հավասար պայմաններ տնտեսավարող սուբյեկտների համար, գտնել հանգույցներ այն հիմնահարցերի շուրջ, որոնք ուղիղ ազդում են կյանքի որակի վրա: Ի վերջո, եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները տեսանելի չեն զգացվում քաղաքացիների կողմից, վերածվում են «վիճակագրություն կատեգորիայի»։
Մինչ օրակարգի երկու-երեք հարցերի վրա կանգ առնելը, ընդգծեմ, որ հայկական կողմը պատրաստ է աջակցել նիստում համաձայնեցված բոլոր փաստաթղթերի ընդունմանը: ԵԱՏՄ-ի արտաքին գործունեությանը վերաբերող հարցերի հետ կապված ընդգծեմ, որ դիտորդի կարգավիճակի մասին դրույթը երկար համաձայնեցումներից հետո, մեր կարծիքով, ամբողջությամբ բխում է միության պայմանագրից: Կարծում ենք, որ ԵԱՏՄ-ում երրորդ երկրների հետ փոխգործակցության այլ ձևաչափեր ներդնելու հարցի մշակումը նպատակահարմար է դիտարկել դիտորդի կարգավիճակի գործնական իրականացման վերլուծությունից հետո: Առավել ևս, որ այսօր նախատեսվում է ընդունել երրորդ երկրների կամ այլ ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի մասին համաձայնագիրը, որը միտված է պայմանագրերի կնքման հարցերի կարգավորմանը, համատեղ հետազոտական խմբի աշխատանքի պարզեցմանը և շատ ավելիին:
2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության իրականացումը, իսկ դա տնտեսական աճի վերականգնման գործընթացի ակտիվացումն է, անկասկած կնպաստի ազգային գերակայություններին հասնելուն, այդ թվում՝ ծառայությունների միասնական շուկայի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացմանը:
Վերջում ցանկանում եմ հույս հայտնել, որ ԵԱՏՄ անդամ պետությունների հետագա փոխգործակցությունն ուղղված կլինի զարգացմանը՝ ձեռնարկատիրության և ներդրումների համար հարմարավետ պայմանների ստեղծման, քաղաքացիների կենսամակարդակի բարելավման միջոցով»: