ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ժամանակ շահելու փուլը

Ժամանակ շահելու փուլը
11.05.2018 | 00:37

Խաղն իրականում նոր է սկսվում։ Նիկոլ Փաշինյանը ինչպես գրագետ խաղարկեց «ժողովրդավարական պայքարի» առաջին փուլը, նույնականությամբ փորձում է երկրորդ փուլը ծխածածկել «լայվ» եթերներով, որպեսզի վարագույրի հետևում կարողանա ժամանակ շահել և լուծել այն խնդիրները, որոնք միանգամից թափվել են իր ուսերին, որոնց թվարկումն իսկ ժամեր կտևի։


Իհարկե, կադրային քաղաքականությունն այն աքիլլեսյան գարշապարն է, որը կարող է լայնամասշտաբ հիասթափության ալիք առաջացնել հասարակության, Նիկոլ Փաշինյանին «իկոնայի» վերածած հանրության շրջանում, ինչին դիմագրավելու համար Փաշինյանը նոր «լայվերի» կարիք կունենա, այնուհանդերձ, ո՛չ կադրային, ո՛չ տնտեսական, ո՛չ ներքաղաքական որևէ խնդիր նոր կառավարության և վարչապետի համար այն գայթաքարը չեն, որի առնչությամբ կարելի է շատ մտահոգվել։
Այս մեծ խաղում ամենաէական հարցադրումն է՝ ու՞ր է գնում Հայաստանն աշխարհաքաղաքական զարգացումների այս հարափոփոխ հորձանուտում, ի՞նչ է կատարվելու Արցախի «շուրջ» առաջիկայում, որի սահմանների մոտ ինտենսիվ մանևրում է ադրբեջանական բանակը։ Իսկ առջևում Սոչիում սպասվող Պուտին-Փաշինյան հանդիպումն է։
Բայց մի երկու խոսք՝ դարձյալ նշանային համակարգերի ու քաղտեխնոլոգիաների մասով, ու անցնենք առաջ։ Նիկոլն «ա լյա» Վազգեն, Մոնթե մորուքը դեռ չի խուզել, այնուհանդերձ, նա պարոն Պուտինի մոտ չի կարող «կամուֆլյաժով» գնալ։ Պետք է փողկապ կապի, ինչպես որ էր Արցախում, ուր, կարելի է կարծել, փորձեր արվեցին նրա կողմից ցուցանելու միջազգային հանրությանը, պարոն Պուտինին ու Ադրբեջանին, քանի որ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխության, բարձր աստիճանի լեգիտիմության իշխանություն է ձևավորվել... Ձգենք պաուզան՝ հիշելու պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի միտքը՝ վաղն էլ մեկ ուրիշը ավելի շատ ժողովուրդ կհավաքի ու կասի՝ ես եմ ժողովրդի վարչապետը, և անցնենք առաջ։ Սա` ի միջի այլոց։


Միով բանիվ՝ Նիկոլ Փաշինյանը ցանկացավ ցույց տալ, որ Հայաստանը հետայսու կոշտ է խաղալու Ղարաբաղի հարցում, Ղարաբաղն էլ բանակցային կողմ է դառնալու։ Հասկանալի է՝ մի բան է «լայվ» մտնելը, մի բան է հայտարարություններ անելը, մեկ այլ բան են դրանց կիրառման մեխանիզմները, երբ մանավանդ Ռուսաստանը չի երկնչում ասելուց, որ ինքն է զսպում Ադրբեջանին, որ այս պահին վերջինս չհարձակվի Ղարաբաղի վրա։
ՈՒստի պետք է սպասել, թե արդեն իսկ «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի փողերը (և ոչ միայն) իր «գրպանում» ունեցող, կարելի է ասել, սկզբնական շրջանում փողային դեֆիցիտ չունեցող նոր կառավարությունն ու նրա ղեկավարն ինչ են ասելու Ռուսաստանին ու Վլադիմիր Պուտինին Սոչիում։ Եվ արդյո՞ք կարողանալու են շրջանցել կամ լեզու գտնել վերջինիս հետ՝ ի շահ Հայաստանի։ Մանավանդ երբ Իրանն արդեն իսկ «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրի առաջնահերթություն է. Թրամփը կատարեց իր նախընտրական խոստումը՝ Իրանի միջուկային պայմանագրից դուրս գալու մասով, Իսրայելը ռմբակոծում է Սիրիայի իրանական «պատասխանատվության զոնան», իսկ ամերիկյան անվտանգության նոր դոկտրինը Ռուսաստանը համարել է իր առաջնահերթության գոտին ու ախոյանը։
Հայաստանը, որն իրոք այս պահին աշխարհի և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել, կկարողանա՞, ինչպես Նիկոլն ու իր պայքարի ընկերներն էին հայտարարում, դառնալ հայակենտրոն գոտի, որին գերտերությունները թույլ կտան խաղալ սեփական խաղը, որոշել իր հարցերը ինքնուրույն, կարծում եմ՝ աքսիոմատիկ հարցադրում է։
Եթե հայաստանյան նորօրյա իշխանություններին հաջողվի գերտերությունների լուրջ հակամարտության այս ծանր փուլում, հավասարակշռված, բալանսավորված քաղաքականություն իրականացնել, ապա կեցցեն իրենք։

ՈՒ՝ Աստված կամենա։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ