Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպված դատաիրավական ոլորտի բարեփոխումներին վերաբերող սեմինարի ժամանակ ՙԻրավունքի հայկական կենտրոն՚ ՀԿ-ի նախագահ Գեորգի Խաչատրյանը նշեց, որ այժմ թեժ քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ով է պատասխանատու դատական այն ակտի համար, որի դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է վճիռ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Գեորգի Խաչատրյանն ասաց, թե գերիշխող է այն մոտեցումը, ըստ որի, պատասխանատուն հենց ՀՀ կառավարությունն է:
Լրագրողները հակադարձեցին, թե ինչու պետք է այդ դեպքում հարկատուները վճարեն դատավորի սխալների պատճառով:
Գեորգի Խաչատրյանը տեղեկացրեց, որ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մշակվել է վիճակագրական տեղեկատվական վեբ-պորտալ, որը պետք է հավաքագրի մանրամասն վիճակագրական տվյալներ, դրանք ենթարկի վերլուծության, որպեսզի պարզ լինի, թե դատական սխալ ակտերի համար ովքեր են մեղավոր:
Արդարադատության նախարարի խորհրդական Նորա Սարգսյանն էլ ասաց, թե դատաիրավական բարեփոխումների նպատակներից մեկն էլ այն է, որ դատավորներն իրենց համակարգի ներսում լինեն պաշտպանված:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ