Հինգշաբթի ուշ երեկոյան ՌԴ նախագահին է զանգահարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են ամերիկյան հատուկ ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ կապված հարցեր։ Վերջինս հունիսի 23-ից գտնվում է Մոսկվայի ՙՇերեմետևո-2՚ օդանավակայանի տանացիկ գոտում։
Զրույցի մանրամասները հայտնի չեն։ Ուրբաթ Սնոուդենը ռուս իրավապահների և փաստաբանների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ դիմում է Ռուսաստանին քաղաքական ապաստան տրամադրելու համար։ Մինչդեռ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հերթական անգամ դիմել է ՌԴ-ին վերադարձնել Սնոուդենին ԱՄՆ՝ վստահեցնելով, որ կապահովվի արդար դատական քննություն։
Համակարգչային մասնագետ Սնոուդենը մամուլին պատմել էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից արտասահմանցիների հեռախոսազանգերի գաղտնալսումների և էլեկտրական փոստը վերահսկելու մասին։