Հարգելի պարոն վարչապետ, թող զարմանալի չթվա, որ անչափ զարմացա, երբ կառավարությանը վերաբերող լուծելիք հարցի պատասխանը ստացա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ներքին վերահսկողության վարչության պետ Ա. Սարգսյանից: Նորից զարմանալին այն է, որ երկու էջից ավելի շարադրված պատասխանը հիշեցնում է տավտոլոգիայի ժանրի պատմություն:
Հարգելի վարչապետ, իմ խորին համոզմամբ, Ձեզ հասցեագրված առաջին նամակը Ձեզ չի հասել, և նրանում էլ բարձրացված հարցերն աշխատակազմի ղեկավարի լուծելիքը չեն եղել, հավանաբար, դրա համար էլ Ձեզ հասցեագրված նամակը, մեղմ ասած, ֆուտբոլի գնդակի պես փոխանցել են այլ դաշտ, և այն տպավորությունն է ստեղծվում, որ մեր բարձրացրած հարցը ֆորմալ առումով լուծելի չէ: Ես պարզ շարադրել էի նամակումս, որ գյուղում գործում է չորսխմբանոց մանկապարտեզի վերանորոգված շենք, որի բացմանը ներկա եք եղել Դուք և անգամ անկողնային պարագաներ եք նվիրել, որի համար գյուղը շնորհակալ է Ձեզ: Մանկապարտեզի չորս խումբը չի աշխատում, որովհետև այդքան երեխա չկա և անգամ ներկայումս մանկապարտեզ հաճախող 100 երեխայից 20-ը մերձակա գյուղերից են: Գրել էի նաև, որ մանկապարտեզից անջատված է 248,51 քմ շինություն և հանվել է նոր վկայական: Նկարագրել էի նաև այդ անջատված շինության անբարվոք վիճակը, որ ցուրտ ու խավար տարիներն անցել էին նաև այդտեղով, չկա հատակ, չկան պատեր, լուսամուտները ջարդված են, ավերված տանիքից տարիներ շարունակ հոսող ջրերը արել էին իրենց սև գործը, և գյուղապետարանը ներկայումս միջոցներ չունի այդ ավերված կառույցի վերանորոգման համար, և ամենակարևորը, այդ տարածքը` որպես կառույց, գյուղապետարանին ամենևին պետք չէ: Գյուղի մշակույթի տան վերանորոգումից հետո օգտագործելի տարածքներն ավելի են, քան պետք է: Բացի այդ, վաճառելու նպատակը ոչ թե եկամուտ ստանալն էր, թեպետ գյուղապետարանը դրա կարիքը շատ ուներ. չջրվող ավելի քան 30 հա հողերը սպասում են արտեզյան հորատանցքը շահագործման հանձնելուն (բարձրավոլտ գծերն արդեն պատրաստ են, այդ տեսել է նաև կառավարությունից գյուղ գործուղման եկած պարոն Քոչարյանը 130 գյուղացիների ցրտահարության հետ կապված ՀՀ կառավարություն ուղարկված դիմումների կապակցությամբ) և քայքայված շինությունը վաճառելով, գյուղապետարանը փրկում է իր ունեցվածքի վերջնական ոչնչացումը: Ամենակարևորը, այդ շինությունը գյուղապետարանը վաճառել է Սիրիայից փախած, հայրենիքում բնակվելու ցանկություն արտահայտած Ճորճ Կոլտալեանի բազմանդամ ընտանիքին, որը գյուղում արդեն մեկ տարուց ավելի է, ծվարել է մի բարի հայ ընտանիքում: Գյուղապետարանի և՛ գործարքը, և՛ մտադրությունը ազնիվ են, և օրենքն էլ դոգմա չէ: Առաջին նամակում տեղեկացվել էր նաև, որ կարելի է նշված փաստերի իսկությունը ճշտել տեղում: Թե չէ ինչի՞ է նման. մի կողմից «Արի տուն» քարոզել, մյուս կողմից էլ չօգնել եկողին:
Մանկապարտեզի հիմնական մասից անջատված 281,51 քմ շենքը, որի աճուրդային գինը 3,4 մլն է, վաճառվել է 4,2 մլն դրամով:
Կրկնում եմ, վաճառելով այդ անջատված շենքը, գյուղապետարանը կատարել է և՛ հայրենանվեր, և՛ ազգանվեր գործ:
Խնդրում եմ Ձեզ, պարոն վարչապետ, հարցին տալ դրական լուծում:
Հարգանքով`
Այգեստանի գյուղապետ
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ