...ՍԱ ԴԵՌ ԵՐԵԿ
Մշակույթի ոլորտի մի աշխատակցուհի, որ փոխտնօրեն է եղել շուրջ 10 տարի, աշխատանքային օրվա ավարտին տեղեկանում է, որ իզուր է գործի եկել, կարող էր և չգալ, քանի որ վերևներում իր հարցը համաձայնեցվել և աշխատանքից ազատման հրամանն արդեն տրվել է։
Լուրը շատ ծանր տարած կինը ժամեր անց հայտնվում է հիվանդանոցում։ Սթրեսից հանելու բժիշկների փորձերն անցնում են ապարդյուն...
Կատարվածի մասին մամուլում կցկտուր հրապարակումներ եղան, անդրադարձան նաև մեկ-երկու հեռուստաընկերություններ, ու ամեն ինչ մոռացության մատնվեց. մարդը կար ողջ և առողջ, իսկ 2-3 օր հետո` չկա։ Ասում են` համատարած անտարբերության մեջ գործի առնչությամբ միայն մահացածի դուստրն է հետևողական։ Դե, իհարկե, ցավը տիրոջն է մղկտացնում։
...Հանրությունը, քաղաքական վայրիվերումների մեջ թաթախված, անհատական ցավի նկատմամբ օր օրի կորցնում է գթասրտությունը, դառնում անտարբեր, անհաղորդ։ Իսկ նա, ով տնօրենի աթոռին բազմած, անդեմ և անդիմագիծ, վերադասի թելադրանքով վիճահարույց որոշում է կայացնում և, որն ավարտվում է մահվան ելքով, հանգիստ խղճով վայելում է կյանքը, և ոչ մեկը կորստի համար պատասխանատվության չի կանչվում։
Մարդը կար և հիմա չկա։ Չկա ընդամենն անզգույշ, անհոգի վերաբերմունքի, դիմացինի ներաշխարհն անտեսելու պատճառով։ ՈՒրեմն` նրբանկատությունն այլևս մեզ համար չէ և այսուհետ ձևական է հնչելու աշխարհի ոչ մի լեզվով հոգեթով չթարգմանվող «ցավդ տանեմ» արտահայտությունը։ Եթե այդպես չլիներ, համաձայն վիճակագրության, ընթացիկ տարում 3,2 անգամ չէին ավելանա սթրեսներն ու սթրեսների պատճառով ձեռք բերվող տարատեսակ հիվանդությունները։
ԻՍԿ ԱՅՍՕ՞Ր
...Այցելեցի հիվանդին։ Նա արդեն տանն էր, վիճակը` հուսալի։ Հետվիրահատական փուլն ընթանում էր նորմալ։ Սրտի վիրահատությունից հետո երկու ստենդները «ներմուծած» հիվանդը և նրա կինը գոհ ու շնորհակալ էին բուժաշխատողներից, բայց փրկիչ համարում էին թատերական գործիչների միության նախագահին։
-Մեր անձուկ օրերում Հակոբ Ղազանչյանի նման սրտացավ մարդ դժվար է պատկերացնել։ Նա մոր` Գալյա Նովենցի կսկիծը սրտում, ժամանակ գտավ խոսել-խնդրելու առողջապահության նախարարությանը, հիվանդանոցի տնօրենությանը, այնուհետև գրավոր հավաստիացումներ ուղարկեց, որպեսզի վիրահատությունը կայանար... Իսկ մենք փող չունեինք։ Աստված երկար կյանք տա նրան ու նրա հորը, Հ. Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանին։ Նրանց շնորհիվ է, որ կողքիս ամուսին ունեմ,- ասում է հեռուստաէկրանից շատերի սիրելին դարձած Նոնա մորաքույրը` նույն ինքը` «Բարի գիշեր, երեխաներ» և մանկական այլ ծրագրերի հեղինակ և հաղորդավարուհի Նոնա Զոտովան։
ՆԱԽԱՊԱՀԱՆՋ
-Հարգելի պարոն Աղայանց։ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն, վստահելով մեր թանկարժեք ծառայությունների դիմաց կարճ ժամկետում վճարելու Ձեր խոստմանը, արել է ամեն ինչ Ձեր կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու ուղղությամբ։ Այնուհանդերձ, մեր հետագա հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։
Այսօրվա դրությամբ Ձեր պարտքը կազմում է 2 մլն 835 հազար դրամ։ Վերը նշված գումարը մինչև 01.11.12 թ. չմարելու դեպքում «Նորք-Մարաշ» ՓԲԸ-ն ստիպված կլինի դիմել դատարան և դատական կարգով բռնագանձել գումարը։ Այդ գումարին կավելանան դատական ծախսերը և ՀՀ քաղ.օրենսգրքի 411 հոդվածով տույժերը,- Գր. Լուսավորչի փողոցի թիվ 3 շենքի բնակչին տեղեկացնում է ընկերությունը։
ԱՆԴՐԱԴԱՐՁ` ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի լիազորված անձ, իրավաբան Վ. Հովհաննիսյանի նախապահանջ-զգուշացումն օրենքի շրջանակներում է, ճիշտ է և տեղին։ Ճիշտ ու տեղին են գործել նաև բանավոր խոսքը հիմք ընդունած բժիշկները, այլապես հապաղելու դեպքում կընդհատվեր մարդկային ևս մեկ կյանք։
Նոնա Զոտովան և նրա ամուսինը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճանաչված հեռուստառեժիսոր Անտոն Աղայանցը բժշկական կենտրոնի, անգամ դատական հայցի դեմ առարկելու ոչինչ չունեն, չկան փաստարկներ, ցանկություն` առավել ևս։ Նրանք պարզապես սրտնեղել են, որ սկզբում օրինական պահանջ է ներկայացվել. «Վիրահատության համար վճարեք 3,5 մլն դրամ...», ինչը տվյալ պահին իրենց մոտ չի եղել, ոչ էլ երբևէ ունեցել են։
Ճերմակ խալաթավորներից մեկը կտրուկ է գտնվել` դա ձեր պրոբլեմն է։ Անօգնական և րոպե առ րոպե ամուսնու վատացող վիճակից սթափվելով, Նոնա Զոտովան վայրկենապես հիշել է Հակոբ Ղազանչյանին։ Վերջինս առանց ժամանակ կորցնելու կապ է հաստատել հիվանդանոցի տնօրեն Կ. Մուրադյանի հետ, հորդորել սկսել վիրահատությունը մինչև գումարի շուտափույթ հայթայթումը։ Ղազանչյանները պետական պատվերի շրջանակներում որոշակի խնդիրներ են լուծել, մնացածը, բնականաբար, թողնելով բախտի քմահաճույքին կամ հիվանդատերերին։
Անտոն Աղայանցի մարդկային հպարտ նկարագիրը թույլ չի տալիս օգնության նպատակով դիմել մեծամեծների, օլիգարխների։ Անհարմար է զգում նույնիսկ հեռախոսազանգերին չպատասխանելու համար։ Հարկադրված է այդպես վարվել, քանի որ թվում է, որ եթե վերցնի հեռախոսափողը, լսելու է պարտքը մարելու մասին հիշեցնող բարեհամբույր ձայնը և կրկին ջղաձգություններ է ապրելու։ Մի անգամ չտիրապետելով իրեն, կես տոն բարձրացրել է ձայնը. «Խնդրում եմ, ինձ մի ասեք` եթե չվճարեք, կգան կբռնագանձեն։ Ես էլ Ձեզ եմ ասում, Դուք եք ինձ կյանք տվել, եկեք ու զրկեք ինձ Ձեր տված կյանքից, հանե՛ք Ձեր ստենդները, ես էլ պրծնեմ, դուք էլ»։
ԱՌԱՆՑ ԷՄՈՑԻԱՆԵՐԻ
Իր անցած ճանապարհով Անտոն Աղայանցը բախտավոր և սակավաթիվ մարդկանցից է, որ տեսել, աշխատել է մշակույթի ոլորտի շատ ու շատ մեծությունների հետ, համարվել Վարդան Աճեմյանի աշակերտը։ Կինը ևս հպարտանալու իրավունք ունի. հեռուստաներկայացումների ժամանակ քանիցս խաղակցել է Խորեն Աբրահամյանին, Սոս Սարգսյանին, Ռաֆայել Քոթանջյանին և այլոց։ Երկուսով ունենալով նույն մասնագիտությունը, նրանք տարիներ շարունակ աշխատել են կողք կողքի, դասավանդել դերասանի վարպետություն և հեռուստառեժիսուրա։ Ա. Աղայանցը` սկսած 1968 թվականից, նախ` թատերական, այնուհետև մանկավարժական ինստիտուտում։ Ն. Զոտովան` ստվերի պես անբաժան, բայց աշխատանքային համեստ փորձով։
Ամուսինների վերջին հանգրվանը եղել է Խ. Աբովյանի անվան ՊՄՀ-ն, որտեղ մուտք գործած խաղի նոր կանոնների համաձայն` ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Ա. Աղայանցը, նրա կինը, հաստիքային տասնյակ մանկավարժներ 2010-ից ունեցել են մեկ տարվա աշխատանքային պայմանագրեր, որոնք տարեցտարի երկարացվել են։ Սակայն ընթացիկ ուստարին ոմանց բերել է աշխատավարձի բարձրացում, ոմանց էլ` դժբախտություն։
Նույն օրը Գր. Լուսավորչի 3/1 հասցեում ստացված ծանուցումը բովանդակում է ՀՀ աշխ. օրենսգրքի 111 հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` լուծվում է բուհի և դասախոս ամուսինների միջև կնքված պայմանագիրը։ Չաշխատելու մասին հղումը Ն. Զոտովան փորձել է հանգիստ տանել, ինչը չի հաջողվել Ա. Աղայանցին։ Իմանալուն պես նա «ալեկոծվել» է... և սրտամկանային ինֆարկտ ախտորոշումով տեղափոխվել հիվանդանոց։
-Երբ գնացի բուհի ռեկտորի մոտ,- պատմում է Զոտովան,- և հարցրի` ինչո՞ւ այսպես ստացվեց, պարոն Ռուբեն Միրզախանյանն առանց ցավ զգալու, անէմոցիոնալ պատասխան տվեց. «Դուք կարծում եք, որ ես կրճատման ցուցա՞կ եմ իջեցնում և ասում` այս մարդուն պահեք, իսկ այն մարդուն հանե՞ք։ Կամ` բերում և ինձ ցուցակ են ներկայացնում, որպեսզի գրիչը ձեռքս առած սրա անունը ջնջեմ, նրանը թողնե՞մ։ Ես ի՞նչ մեղք ունեմ, որ Ձեր ամբիոնի վարիչը Ձեր ազգանունները չի ներկայացրել»։ Անհրաժեշտաբար հանդիպեցի նաև ամբիոնի վարիչին։ Արմեն Էլբակյանը չթաքցրեց. «Ես նոր մարդ եմ և իրա ասածն եմ կատարում»։ Ստացվում է, որ ռեկտորը հրաժարվում է իր կարգադրությունից։ Անմարդկայնության ամենացցուն պահն այն էր, որ երբ Ռ. Միրզախանյանին ստիպված խնդրեցի վերականգնել իմ կես դրույքը, որ հնարավորություն ունենայի վարկ վերցնելու և բանկի գումարներով փակելու հիվանդանոցի պարտքը, մնացի մերժված։ Իսկ ո՞վ է իրավունք տվել, որ իմ և ինձ նմանների հաշվին ռեկտորը բարձրացնի մնացածների աշխատավարձերը, մի թոշակառուին փոխարինի մյուսով ու կադրերի երիտասարդացման իմիտացիա անի։
ՈՒ ՆՈՐԻՑ ՀՈՒԶՄՈՒՆՔ
Մեր հանդիպման ավարտը վաստակաշատ մանկավարժ և կինոռեժիսոր Ա. Աղայանցը հայտարարեց։ Շարունակելով կնոջ միտքը, նա հուզմունքով, որ իրեն չէր կարելի, բարիացավ. «Մենք մտահոգ ենք մեր բախտակից ընկերների համար։ Նրանք, ինչպես և ռեկտորը, դեկանը, ամբիոնի վարիչը մեր հարազատներն են։ Ես ներքուստ զգում եմ, թե բուհի այս հրաշալի եռյակն ինչ ապրումների մեջ է, ո՜նց են մեզ համար տանջվում, անքուն գիշերներ լուսացնում. այս ի՞նչ արեցինք, էս ինչպե՞ս ստացվեց։ Օրենքից կառչելը լավ բան է, եթե այն արդարացուցիչ է և չի ծառայում խմբակային շահերին։ Ինչո՞ւ չեք կարծում, որ մի օր նույն օրենքը բումերանգի պես Ձեր գլխին է ջարդվելու։ Բոլոր դեպքերում, ես Ձեզ առողջություն եմ ցանկանում»։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ. Գ.- 2013-ի սոցիալական բյուջեին ընդառաջ կրճատումների հաշվին տնտեսական աճ ապահովելու, հետևապես` իշխանություններին հաճոյանալու 9-րդ ալիքն առջևում է։ Անցանկալի հետևանքներից խուսափելու համար, մենք, որ եվրոպական բարքերը մեզանով անելու հարցում գրոսմայստերներ ենք, սկսելու ենք ոչ թե մարդկային հոգիներում նոր ավերածություններ կազմակերպելուց, այլ առաջին քայլից` իր զգայական ամբողջության մեջ մարդուն դիտարկելուց։ Իսկ նրա հետ ճիշտ հարաբերություններ ձևավորելու համար շատ միջոցներ կան. աշխարհի ծագերում վաղուց գործում է հոգեբանի ինստիտուտը։ Մեզ դա պետք չէ, քանի որ մեզ տրված է օրենքը մեր ցանկություններին կամայականորեն ենթարկելու մեծ շնորհք և ձիրք։