Նրանք էլի մնացին` մի քիչ կույս, մի քիչ հղի: Առաջ պոռացին` դեպ Քոչարյան, հետ-հետ նայեցին` դեպ Սերժ Սարգսյան: Մի քիչ «կպան» Գագիկ Ծառուկյանին` պետք է բիզնեսը տարանջատել քաղաքականությունից, մթոմ` Գագո, որ գնացել ես Մոսկվա, մտքովդ չանցնի թեկնածությունդ դնել, բայց դե կմասնակցենք կոնսուլտացիաներիդ: Բնականաբար, ոչ գինեկոլոգիական: Քաղաքական:
Քոչարյանի մասով ժեստ արեցին Սերժ Սարգսյանին, թե ՀՅԴ-ին Քոչարյանի հետ կապելը դատարկ զբաղմունք է: Որովհետև ՀՅԴ-ն հազար մոր կաթ կերած «տղա» է (դե` մանուկ վախտերը, հիմա ատամնաթափ հարյուր-եսիմ-քանիամյա անկյանք բիձա է) և կսպասի, որ Քոչարյանը դեպ իրեն գա, և ոչ ինքը գնա դեպ Քոչարյան, որ ֆիասկո-միասկո չգրանցի` էդ տարիքին ընկնի Սերժի «դրբի» տակ:
Մի խոսքով, երեկվա ՀՅԴ բեմելից պարզ դարձավ. իրենք թեկնածու չեն առաջադրելու, ընտրություններին մնացել է ընդամենը 62 օր, և իրենք էդպես էլ «չկողմնորոշված» մնալու են: Երևաց նաև` իրենք կողմ չեն, որ Ծառուկյանը դնի թեկնածությունը:
Բա՜յց։
Բայց եթե մեկ այլ «ոքի» (իրենք ուզում են` Օսկանյան, բայց դե հասկանում են նաև` չլինող բան է) թեկնածություն լինի, որի համար այսօր ողջ քոչարյանական «տուսովկան» Մոսկվայում է, իրենք կարող են և պաշտպանել:
Այժմ հարց` ծերացած ՀՅԴ-ին. այլ թեկնածուի դեպքում, շատ կներեք, Ծառուկյանի ու նրա խնամու ինչի՞ն է պետք մաշվել այս ընտրություններում: Մանավանդ որ նրանք բոլորը Մոսկվայից կվերադառնան առանց միասնական-ռուսասեր թեկնածուի:
ՀՅԴ-ին, ինչպես և մնացած բոլորին, այս դեպքում մնալու է «Մահ կամ ազատություն» տարբերակը: «Ազատության» պահով, ինչպես մնացած բոլոր քաղաքական ուժերը, ՀՅԴ-ն շարունակելու է կուլիսային երկակի խաղը Սերժ Սարգսյանի հետ: Անդրկուլիսային խաղն էլ` «մահ» տարբերակով, կշարունակի Քոչարյանի հետ:
ՈՒ քանի որ ասացինք` միասնական թեկնածուի գործն «ամալ եկող չէ», այս «մահ»` պլան «բ» տարբերակը կլինի ամենահավանականը: Այն է` հարամել ընտրությունները: Էստեղ բոլոր ընդդիմադիրները, ՀՅԴ-ն էլ նրանց հետ, միակարծիք մագիստրոսներ են ու մտածում են, որ հետընտրական «շուխուրի» միջով կհասնեն իրենց իդեա-ֆիքսին` Քոչարյանին իշխանության բերելուն: Որովհետև այդ ցնցումների հետևում կարող են հայտնվել լիքը «կ» տառով մարդիկ` Կլիմկո, Կովալենկո, մի խոսքով, մեր ինքնությունն անվերջ պաշտպանող, մեզ հետամնաց երկրների շարքից հանող, զարգացնող, մեր ամեն ինչը մեր ձեռքից առնող, բոլոր մնացածների պարտքերը ներող (մերը` երբեք), մեր վերջին գույքը մեր ձեռքից առնող մայր-Ռուսաստանը:
Ինչպես հայտնվել էր ռուս գեներալը, արդեն «յ» տառով` պարոն Յերյոմենկոն (՞), մարտի մեկին` Մյասնիկյան արձանի մոտ` մեր բոլոր հայրենասեր ուժերի, այդ թվում և` ՀՅԴ-ի կողքին:
Կամ` գլխին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ