«Եթե մասնավորը կարողանում է, ինչո՞ւ պետությունը չի կարող շահագործել իր հանքերը` շահույթը ծառայեցնելով երկրին, ժողովրդին... Իսկ վաղը (որն այս անխնա արշավանքի պայմաններում շատ շուտ է գալու), երբ դատարկվի ընդերքը, հնձվեն անտառները, բարակեն-խցանվեն-աղտոտվեն գետերը, լճերը, ոչնչանան կենդանիները, ձկները...
Ի՞նչ եք թողնելու հաջորդներին, պարոնայք...»։
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
«Ինչու վաճառվեց ԱԳՆ շենքը»
ՉԻՆՈՎՆԻԿ ՊԵՏ.-ԻԿԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
(կապենք ամրագոտիները)
Էս ինչ դժգոհ (պապս կասեր` «անմարիֆաթ») ժողովուրդ ենք։ Հատկապես ժողովրդի խորհրդային մասը, որը հասակ առավ պիոներական ախմախ տողաններում և կոմերիտական տխմար շքերթներում, ողջ գիտակցական կյանքն էլ վայելեց ահասարսուռ խորհրդային դեֆիցիտը։ Գլուխը քարը, թող երանի տան տողաններին ու հինգկոպեկանոց պոնչիկին։ Բայց դե հիմա որ բողոքավոր են, հեչ լավ չէ։ Էնպես որ, անկեղծ մի քանի փաստ ներկայացնեմ, ու տեսնենք, պետությունն էսօր իսկապե՞ս չի մտածում իր անապահով խավի մասին։
ՈՒրեմն, անապահովները մեր բնակչության 27,7 %-ն են։ Հիմա ես, ձեր թույլտվությամբ, ներկայացնեմ նրանց առօրյան ու միասին մտածենք` նրանք դժգոհելու իրավունք ունե՞ն, թե՞ ոչ։ (Ի դեպ, այս ուսումնասիրությունը եռամյա ծրագիր էր, իրականացրել ենք միջգերատեսչական հանձնաժողովով, վարկային ֆինանսավորմամբ։ Հանրապետությանը 27,7 % տոկոսադրույքով վարկ է տրամադրել արևմտյան մի գաղտնի ֆինանսական կորպորացիա, որը նպատակ ունի Հայաստանում կառուցելու թրիքի վերամշակման և արտահանման տարածաշրջանային կենտրոն։ Ասում են, որ հայկական նորանկախ աթարն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով։ Այն պարունակում է մեր լեռնային կենարար օդը, աղբյուրների անմահական ջուրը և հայ չոբանների մտավոր բարձր ունակությունները)։
Տեսեք, առավոտ կանուխ տեր և տիկին անապահովները դուրս են գալիս Բաղրամյանի իրենց երկսենյականոցից։ Սրանց տան գինը ներկայումս 70-80 հազար է, այսինքն` տակները կապիտալ կա։ Լավ, նստեցին տրոլեյբուս, մշտականով անվճար իջան զբոսայգի, ողջ օրն անվճար օգտվեցին նստարաններից, պուլպուլակից անվճար ջուր խմեցին, շնչեցին թթվածնով հագեցած օդը, կերան տնից վերցրած հացն ու պանիրը։ Էս ամենը` լրիվ ձրի։ Ձմեռն անվճար ձնագնդի են խաղում, գարնանը (դարձյալ ձրի) հոտոտում զբոսայգու ծաղիկները։ Չմոռանանք, որ տրոլեյբուսով ճամփորդելիս անվճար էնքան բան են տեսնում, որոնք տեսնելու համար մեր դարդախորով սփյուռքահայերը մեշոկով փող են վճարում։ Զորօրինակ, տնտղում են Բաղրամյանով թրև եկող պատգամավորական թիկնազորին, Մաշտոցի պողոտայում ադիբուդի խեղդող նեգր ուսանողներին, օպերայի շենքը, բոմժերի կոշիկները, սերիալային դերասանուհիներին, վերնիսաժի նկարիչներին։ ՈՒ էսքանից հետո զօր ու գիշեր անիծում են պատգամավորներին ու կառավարության անդամներին, թե դրանք անգութ են, բութ են, շահամոլ են, շատակեր են։
Իսկ Ծիծեռնակաբերդում ի՜նչ խաղեր են տալիս, թող ու փախիր։ Շաբաթ-կիրակի տեղ ու դադար չկա։ Հայտնվում են մարզական հագուստով, ուսերին էլ` մի-մի տոպրակ։ Անվճար վազում են, ձրի հիանում բնության հրաշալիքներով, հետո էլ (դարձյալ ձրի) կիլոներով ալոճ, մասուր, տարբեր կանաչեղեն հավաքած տուն են հասնում ու դժգոհում, որ թոշակն անմարդկային ցածր է, մսի գինը մարդատյացորեն բարձր է և այլն։ Եվ սրանք անապահով խա՞վ են։ Էս դեպքում ի՞նչ անուն տանք Սոմալիի սովյալներին։
Տեղեկացնեմ նաև, որ վարկային ֆինանսավորման եռամյա ծրագրով (հիշեցնեմ, վերոնշյալ մոնիթորինգն իրականացնելու նպատակով) ես ու իմ իննսունինը աշխատակիցներն ամսական միջինը հինգ հազար եվրո աշխատավարձ ստացանք։ Նրանց (և իմ) միջին քաշն աճեց 10 կգ-ով։ Բազում էլիտար գնումներ կատարեցինք, դարձանք սուպերմարկետների պատվավոր քաղաքացի և այլն։ Չեմ թաքցնի, եղան թերացումներ։ Զորօրինակ, պուլպուլակներից խմած անվճար ջրի մոնիթորինգն իրականացնող օրիորդ Զառան (կարծում եմ` խիստ հուզմունքից), կորցրել էր տեղի ու ժամանակի զգացողությունը, նախաճաշին ճաշում էր, ճաշին ընթրում, ընթրիքին պոեմ գրում թրիքի մասին։ Անբնական չաղացավ, բնակություն հաստատեց լայն դարպասներ ունեցող ավտոտնակում, ամուսնացավ վարկավորող կազմակերպության ատկատի բաժնի թոփ-մենեջեր, մաշկով խափշիկ, «խասիաթով» էլ օնլայն-համասեռամոլ Ջորջի հետ։ Մի բան է վատ, նրանց մեղրամիսը երկու տարի է` չի ավարտվում։ Ամեն գիշեր փորձում են պարզել, թե ով և ում, ինչ և ինչպես... Անարդյունք։
ԱՊԱՀՈՎ ԽԱՎԻ ԽԱՎԻԱՐԸ
(արձակենք ամրագոտիները)
Պետությունը իսկապե՞ս չի կարող շահագործել իր հանքերը։ Կարող է։ Միայն թե նախ պիտի սահմանադրորեն սահմանենք «պետություն» ասվածի լայնք-երկայնքը, խաչմերուկենք նրա պատասխանատվությունն ու իրավունքը, միաձուլենք նրան և ժողովրդին` թագ ու պսակով։ Թե չէ, քոսոտ մի ջիպ ունեցողն ու հարյուրդոլարանոց մի ժամկետանց փողկապ կապողը կարող են վստահ լինել, որ «Արև արքա» Լյուդովիկոս 14-րդի փոխանորդն են երրորդ հանրապետությունում։ Եվ կարող են ինքնաբավ հոխորտալ, թե էս պետությունն իրենք են, որ կան։ Այսինքն, ձևափոխենք մեր ձևախեղված սահմանադրությունը, որը պուպուշ-քնքուշ-անուշ է, բայց արի ու տես, որ սահմանում է բաներ ու բարքեր, որոնք քաղցկեղածին են և պետությունը դարձրել են անձնական օգտագործման բերքառատ բոստան։ Եվ էս ամեն ինչի վերջը ոչ մի կերպ չի երևում։
Էս ամենում ելքը` դարձյալ ու անդարձ, վերստին և կրկին, անվերապահ ու ապահովագրված, «հաբռգած» մասնավոր գահազրկումն է։ Թե չէ բանից պարզվում է, որ անկախ պետականության գոյության մեծագույն գրավականը նորանկախ մասնավորի հարստությունն է, նրա անբավ որկորի սպասարկումը` մեր հանքերի ու լճերի, մեր անտառների ու արոտավայրերի, մեր ներկայի ու ապագայի տեսքով։ Այո՜։
Այո՛, սահմանադրությամբ պիտի հստակեցնել, որ անկախական սերնդի գործարարն ԱԺ-ում և կառավարությունում, մարզպետարանում և այլուր չունի անելիք։ Զի ներկա հայ գործարարների գերակշիռ հատվածն ահռելի կապիտալը կուտակել է երկրի, հանրության, անկախության և հաղթանակի դիվահար շահագործմամբ։
Երիցս փառք երկնավորին, որ Արցախի Հանրապետությունում, իրապես և իրատես, պետություն է կառուցվում։
Հայտարարագրե՜ր։ Վերնակույտը հերթական առիթը բաց չի թողնում թքելու մեր հոգու խորքը, խարանելու մեր ճակատն իր անվերապահ քամահրանքով։ Վերնակո՜ւյտը, անբավ և ինքնիշխան, անհոգ, բայց անհրաժեշտ պահին` խիստ իշխանահլու։ Վերնակույտում զարմանահրաշ կուտակումներ են։ Թերևս շոշափենք նրանց փորոտիքը, հուսալով, որ աղիքները կծառայեն իրենց բուն նպատակին` հանապազօրյա հացի ճաշակմանը և ոչ ամենևին երկրի ու նրա հարստության յուրացմանը, բռնազավթմանն ու այս ամենի բնական վերջնարդյունքում էլ` եթեր արձակվող հրանոթային բառաչին։
Այսպիսով, հայտարարագրերն են ասպարեզում։ Զուգընկերը սրանց ատկատների հայտնագործումն է և կոռուպցիայի սանձազերծումը։ Ասել է` հանրապետությունը թևակոխում է «Համլետյան հարցին» պատասխանելու շրջափուլը` լինե՞լ, թե՞ չլինել։ Լինե՞լ հանրապետություն, թե՞ գոյատևել որպես հակապետություն։ Թե՞ վերջնագիր ենք ներկայացնում ինքներս մեզ և կամենում ենք պետություն և երկիր դառնալ, նախ պիտի որ դադարենք հավատալ վերնակույտի հեքիաթներին։ Հեքիաթներ, որոնցով սնուցում են մեր անկատար կայացումն ու կատարյալ ուծացումը։ Զի երկրում կատարելության է հասել միայն վերնակույտը։ Վերնակույտը, որը լեռների ու լճերի, կիրճերի և այլնի տերը լինելով հանդերձ, նորանոր զբաղմունքներ է հորինում։ Իր համար` օրն առավել հաճելի լուսացնելու, մեզ համար` կայունացման և շենացման գույնզգույն թունահաբերը մանանայի տեղ իրացնելու նպատակով։ Այո՜, գնալով խորասուզվում ենք մի ճահճի մեջ, որը վաղուց արգելափակ գոտի է, դարպասին կարմրատառ գրված` «Լողն արգելված է։ Հնարավոր են բարոյական, հոգեկան, հիշողական շեղումները»։
ԽԱՎԻԱՐԸ ԲՈՐԲՈՍՆԵԼ Է, ՆՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ ՓՆՏՐԵՔ
(վերջաբանի հրաձգությունը)
Գանձագողից ի՞նչն է մեր սպասելիքը։ Որ դառնա բարեպաշտ պետական ա՞յր, որ ատկատներից ու կոռուպցիայից խուսափի, ինչպես խուսափում է աղանդավորն առաքելականությունի՞ց։ Իսկ ինչո՞ւ ենք մոլեմսխուն կապիտալի տիրակալներից մի այլ բան սպասում, քան մեր պետականության ծառայեցումն է իր սեփականությանը։ Մի՞թե սույն սուբյեկտները հենց պետականության հիմքերի խարխլմամբ չեն իրենց կառուցել։
Եվ ինչ է այս ամենը. պարզամտության շնորհանդե՞ս, թե՞ տկարամտության «երգ երգոց»։ Ի վերջո, ժամանակը չէ՞ ըմբռնելու, որ ժամանակն այսուհետ մեր դեմ է աշխատում, որ անհնար է պետություն կառուցել, երբ քիչ թե շատ ուշադիր զննում ենք հանրապետության քարտեզը։ Քարտեզ, որում գերիշխում են ճերմակն ու սևը, բացակայում են միջանկյալ բոլոր գույները։ Հնարավո՞ր է երկու (ընդամենը երկու) տասնամյակում ձևակերտել մեծահարուստների մի դարակազմիկ համակարգ, որն աչքի առջև է, որ տնօրինում է պետության լինելությունն ու միաժամանակ դեռ ոչ մի մեծահարուստ չի սնանկացել, ոչ մի պետայր զնդանում չի փակվել և այլն, և այլն։ Այնինչ մոլեմսխուն կապիտալի գետերն են հորդում հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք։
Թերևս վերնակույտը նոր հայրենիք փնտրի։
Խավիարը բորբոսնել է։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Զարմանալիորեն հուզիչ է ամենահաս ՀԿ-ների և աչքաբաց ԶԼՄ-ների բացթողումը։ Առայսօր դեռ չի հրապարակվել որևէ ցուցակ, ուր կպարզորոշվեն նորանկախական մեր միլիարդատերերի և միլիոնատերերի կապիտալի լայնք-երկայնքը։