29.07.2013|
23:49
Մարդուն ազատությունից զրկելն ամենամեծ պատիժն է, սակայն երբ անազատության մեջ անմարդկային պայմաններ են ստեղծում, արդեն չափազանց է: Որքան էլ հանցանքը մեծ լինի, այդուհանդերձ, ամենակարևորից` ազատությունից զրկված մարդուն ճնշված ու ստորացված պահելու մեջ էլ հանցակազմ կա: Անգամ իր պատիժը կրող անձն իրավունք ունի պահանջելու մարդասիրական վերաբերմունք: Ի վերջո, մարդուն ազատությունից զրկելը չի նշանակում նրան զրկել հիգիենայի տարրական միջոցներից, ինֆորմացիա ունենալու հնարավորությունից և այլն, և այլն։ Ծանոթանալով ազատազրկվածների այսօրվա իսկապես «գաղջ» առօրյային, այն տպավորությունն ես ստանում, թե արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Ստալինի հոգեզավակն է` տեղը տեղին յուրացրել է, թե ազատազրկվածների առանց այն էլ տխուր ու ծանր կյանքն անտանելի դարձնելու համար ինչ ու ինչպես պետք է անել։ Ցավալի է, որ նախարարը խառնել է ժամանակներն ու «մոռացել», որ 21-րդ դարում ենք ապրում։