07.06.2023|
08:09
Հայ ժողովրդի ներկայիս ծանր վիճակի մասին ավելորդ եմ համարում գրել. այն իր վրա զգում է յուրաքանչյուր հայ և այդ վիճակից կարող է գոհ լինել միայն մեր ժողովրդի թշնամին: Ինչպես նշեց ՀՀ նախագահն իր հեռուստաելույթում ս.թ. հունիսի 29-ին, «մեր այդ զրկանքների, կորուստների, մեր սոցիալական ծանր կացության հիմնական պատճառը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմն է»: Եվ ահա ժողովրդին այս վիճակից հանելու նպատակով, բարի ցանկություններով ու խաղաղասիրական ձգտումներով Աշոտ Բլեյանը մեկնեց Բաքու և վերադառնալով, «շիտակ, անխնա», փնջելով տեսածը, լսածը, իր տպավորությունները ներկայացրեց լայն ընթերցողներին: Ի պատասխան Բլեյանի տպավորությունների լայն ընթերցողն էլ հանրապետության մամուլը հեղեղեց զգացմունքներով ու տրամաբանական հիմնավորումներով լի քննադատություններով և գնահատականներով՝ սկսած «հոգեկան հիվանդից» մինչև «քաղաքական գործիք» ու «դավաճան»: Եվ նրան պաշտպանության նետվեցին նրա համախոհներն ու գործընկերները (էլ ինչ ընկերներ, որ նեղ օրը չհասնեն օգնության): Վալերի Միրզոյանն «անհասկացող» քննադատներին նույնպես առաջարկում է խորհել Բլեյանի առաջադրած մի շարք հարցերի շուրջ և «հասկանալ Բլեյանին», իսկ Կ. Սարդարյանն էլ քննադատելով Բլեյանին մեղադրող Ս. Զոլյանին, մեղադրում է նրան «հակափաստարկ» չունենալու և հիվանդության սխալ ախտորոշման մեջ: Տեսնելով, որ ընթերցողները Բլեյանի արարքը միանշանակ չեն ընկալել, Աշոտ Պետրոսյանը «Ազատամարտում» հարցն ուղղում է իշխանություններին. «Եթե գերագույն իշխանությունները, և անձամբ նախագահը, անհապաղ իրենց գնահատականը չտան և չդատապարտեն երևույթն ու նրա իրագործողին, ուրեմն անկասկած է, որ գործողության հեղինակները իրենք են, և Հայաստանի համար ստեղծվել է արհավիրք»: