ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աշխարհում մեն-մենակ էինք, չունեինք որևէ դաշնակից ու բարեկամ երկիր. Հայաստանն էլ թիկունքից խփողի դերում էր

Աշխարհում մեն-մենակ էինք, չունեինք որևէ դաշնակից ու բարեկամ երկիր. Հայաստանն էլ թիկունքից խփողի դերում էր
20.09.2024 | 19:23

2020 թ. դեկտեմբերից մինչև 2023 թ. Արցախի վերջնական հայաթափումը բազմիցս փորձել եմ Արցախի իշխանություններին, հատկապես ԱԺ-ին, հասկացնել, որ պետք է 2020 թ. պայմանավորված պատերազմի գնահատականը տալ, մատնացույց անել այդ ամենի գլխավոր մեղավորին ու շարքային մեղավորներին։ Անգամ ինքս նամակի տեքստ եմ պատրաստել, որ Արցախի քաղաքական ուժերն այդ նամակն իրենց ուզած ձևով խմբագրեն, փոփոխեն ու մինչև 2020 թ. տարեվերջ հրապարակեն որպես հայտարարություն։ Մեկ-երկու քաղաքական ուժ խոստացան ծանոթանալ, բայց հետո ոչ մեկի ձեն-ձունը չլսվեց։ Ստիպված նամակ պատրաստեցինք ու Արցախի հայտնի մտավորականներով ու զինվորականներով ստորագրեցինք և այն տպագրեցինք հայաստանյան մամուլում։ Բայց, չնայած նամակը հնչեցրին նաև ՀՀ հեռուստատեսությամբ, դա այն ուժը չուներ, որ կունենար, եթե դա անեին Արցախի քաղաքական ուժերը։

Հետո էլ հոդվածներով, գրառումներով պահանջում էի, որ Արցախի ԱԺ-ն ձայն հանի։ Չէ՞ որ իրենց հայրենիքի 75 տոկոսն են ստորաբար վաճառել։ Դարձյալ ոչ մի ձայն։ ԱԺ շենքի մոտ Արցախի հանրային կոչվող, բայց իրականում պալատական, գետնաքարշ հեռուստատեսության լրագրողները փորձեցին փոքրիկ հարցազրույց վերցնել ինձնից։ Ասացի, որ անիմաստ եմ գտնում, որովհետև իրենք միայն պալատական պատվեր կատարող են, խոսքս կրճատելու են։ Խոստացան, որ այս անգամ անաղարտ ներկայացնելու են։ Իհարկե, չհավատացի, բայց մատնացույց անելով ԱԺ շենքը, ասացի, որ թող պարտադրեն այդ շենքում վեր ընկած ոչխարները ձայն հանեն, գնահատական տան կատարվածին։ Չէ՞ որ իբր ժողովրդի ընտրյալներ են, ումի՞ց են վախենում...

Եթեր հնչեցրին միայն իմ խոսքից ինչ-որ երկրորդական հատվածներ։

Հետո նամակ պատրաստեցինք ուղղված Արայիկին, որը ստորագրեցին նաև ՀՀ հայտնի մտավորականներ, այդ թվում` հրաշալի, ազնվագույն մարդ ու քաղաքացի, վերջերս վախճանված Սերժ Սրապիոնյանը։

Արցախում Արայիկի պալատական շներն ու մանկլավիկներն իրար խառնվեցին։ Հատկապես այդ գործում իրենք իրենց գերազանցեցին Արայիկի շնորհիվ ոչնչից ամեն ինչի հասած, բարձր պաշտոններում թառած ոչնչությունները, որոնցից մեկը զբաղեցնում էր Արցախի քաղծառայության խորհրդի նախագահի աթոռը։

Դա էլ անցավ։

Հանդիպեցի նաև Ռուբեն Վարդանյանին։ Այդ մասին արդեն գրել ու տպագրել եմ։ Հայոց ողջ քաղաքական դաշտում միակ խելացի, ազնիվ և կոնկրետ գործ անելու ունակ մարդն էր նա։ ՈՒ հենց դրա համար նպաստեցին, որ հայտնվի Բաքվի բանտում։

Շրջափակման օրերին, Արցախի դեմ սանձազերծած վերջին պատերազմից մոտ մեկ-երկու շաբաթ առաջ հոդված տպագրեցի երևանյան նամուլում` նյութին կից Արցախի քարտեզով ու հարևան պետություններով։

Հարևան ու մերձակա բոլոր երկրները ներկայացնելով, բացատրում էի, որ վիճակն օրհասական է, փաստորեն աշխարհում մեն-մենակ ենք, չունենք որևէ դաշնակից ու բարեկամ երկիր։ Հայաստանը թիկունքից խփողի դերում է։ Գրել էի, որ պետք է մտածել մարդկանց ֆիզիկական անվտանգության մասին։ Ակնարկս պարզ էր, չնայած բառացի չէի ասում, որ պետք է պայմանավորվել, ժամանակ նշել, ասենք մի քանի ամիս, ու մարդկանց իրենց ունեցվածքով աստիճանաբար դուրս բերել շրջափակված, պաշարված երկրից։ Դա փորձում էի անձամբ հասկացնել քաղաքական ուժերին։ Դարձյալ անարդյունք։ Իբր նոր նախագահ էին ընտրել, ներքաղաքական կապիկություններով էին զբաղված...

Արցախից ամենավերջին դուրս եկողների մեջ էր մեր ընտանիքը։ Սեպտեմբերի 29-ին, ժամը 23.30-ին վերջին մոտ հազար արցախցիներով դուրս եկանք հայրենիքից։ Այդ մասին արդեն գրել եմ ու տպագրել հայաստանյան մամուլում։

Վարդգես ՕՎՅԱՆ

Հ.Գ.

Լուսանկարում` մենք Արցախի ԱԺ շենքում ենք։ Վերջին օրերին այդտեղ էինք։ Շենքի տերուտնօրենը մի քանի օր մենք էինք։

Նկարում մեզ հետ էր նաև մեր բարեկամուհի Սոսեն։ Պատգամավորներից միայն ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, տեղակալ Գագիկ Բաղունցը և մեկ-երկու հոգի էին մնացել ժողովրդի հետ ու փորձում էին ամեն կերպ օգնել արդեն ազերիներով շրջապատված Ստեփանակերտից դուրս բերել վերջին արցախցիներին։ Մյուս պատգամավորները վաղուց էին լքել հայրենիքն ու ժողովրդին և այսօր Երևանից հեքիաթներ են պատմում ժողովրդին ետ` Արցախ վերադարձնելու մասին։

Հիմա արդեն չկա թե' ԱԺ այդ շենքը, թե' Արցախը։

Դիտվել է՝ 3324

Մեկնաբանություններ