Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Նորմալ ընկերությունները խուսափում են ներդրում կատարելուց այն երկրում, որտեղ հեղինակային իրավունքները պաշտպանված չեն»

«Նորմալ ընկերությունները խուսափում են ներդրում կատարելուց այն երկրում, որտեղ հեղինակային իրավունքները պաշտպանված չեն»
22.09.2009 | 00:00

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ
Այսօր ժամանակակից հասարակությունը հիմնված է տեղեկատվության ստեղծման, մշակման ու տարածման վրա: Համաշխարհային տնտեսության մեջ գերակշռում են այն ճյուղերը, որոնք հիմնված են մարդկային կապիտալի, մտավոր ունակությունների օգտագործման վրա: Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանության համակարգն օրենսդրական առումով բավականին զարգացած է։ Սակայն մի բան է լավ օրենսդրություն ունենալը, մեկ այլ բան` դրա կատարումը: Քրեական օրենսգիրքը հեղինակային իրավունքների խախտման համար պատիժ է սահմանում մինչև 2 տարի ժամկետով, մաքսային օրենսգիրքն արգելում է ներմուծել հեղինակային իրավունքների խախտմամբ ստեղծված ապրանքները, սակայն հայկական շուկան լցված է կեղծ CD-ներով, չլիցենզավորված ծրագրերով: Խնդրի շուրջ զրուցում ենք Microsoft RA ընկերության տնօրեն ԳՐԻԳՈՐ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ հետ։
-Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը Հայաստանում ինչպե՞ս կբնութագրեք։
-Վիճակը երկու կերպ կարելի է բնութագրել։ Մեկն այն արդյունքն է, որ տալիս են միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները։ Այդ արդյունքները բավականին մտահոգիչ են. 2008-ին Հայաստանում 92 տոկոս են կազմել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում չարտոնված ծրագրային փաթեթների օգտագործումն ու տարածումը։ Այս առումով Հայաստանն աշխարհում համակարգչային «պիրատության» ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում Զիմբաբվեի հետ գտնվում է երկրորդ տեղում։ Հայաստանում այս խնդրին առնչվող պաշտոնական հետազոտություններ չկան։ Կան մեր գնահատականները տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման վերաբերյալ։ Կարող եմ ասել՝ այդ 92 տոկոս ցուցանիշը բավականին իրատեսական է։ Մյուս կողմից, նշեմ, որ օրենսդրությունն այս ոլորտում բավականին առաջադեմ է. մտավոր սեփականության պաշտպանության մասին օրենքն ընդունվել է 2006-ին և արժանացել բարձր գնահատականի եվրոպական փորձագետների կողմից։
-Որո՞նք են այն հիմնական պայմանները, որոնք կապահովեն հեղինակային իրավունքի պաշտպանությունը Հայաստանում։
-Փորձը ցույց է տալիս, որ հինգ հիմնական պայմաններ կան, որոնք կապահովեն հեղինակային իրավունքի պաշտպանությունը։ Առաջինը օրենսդրական դաշտն է։ Մենք ունենք օրենք, սակայն այդ օրենքն անընդհատ պետք է վերանայվի, փոփոխվի, որովհետև այն վերաբերում է տեխնոլոգիաներին, որոնք զարգանում են շատ արագ։ Եվ շատ կարևոր է, որ այդ ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը հետևի այդ տեխնոլոգիաներին։ Երկրորդ կարևորագույն խնդիրն օրենսդրության կիրառման հարցն է։ Մենք ունենք լավ օրենք, որն իրականում, ցավոք, չի կիրառվում։ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածը բավականին խիստ պատիժ է նախատեսում հեղինակային իրավունքի խախտումների համար։ Մասնավորապես, 200 հազար դրամից ավելի հեղինակային իրավունքի խախտումը կարող է պատժվել մինչև երկու տարի ազատազրկմամբ։ Սակայն այդ 200 հազարն այսօրվա ծրագրային ապահովման արժեքների համեմատ շատ համեստ գումար է։ Փաստորեն, ստեղծված իրավիճակն ու քրեական օրենսգրքում ամրագրված 200 հազար դրամը համարժեք չեն։ Ստացվում է այնպես, որ ծրագրային ապահովումներ օգտագործող մարդկանց 92 տոկոսը քրեական պատասխանատվության ռիսկի տակ են։ Երրորդ կարևորագույն բաղադրիչն այս բնագավառում մարդկանց իրազեկումն ու կրթությունն են։ Շատ սպառողներ պարզապես չեն պատկերացնում խնդիրը, այն ռիսկերը, որ իրենք կարող են ունենալ չարտոնագրված ապրանքներ գնելով։ Հաջորդ կարևորագույն խնդիրը կառավարությանն է առնչվում, որը հեղինակային իրավունքի խոշորագույն օգտագործողն է բոլոր բնագավառներում, և պետության օրինակը կարևորագույն նախադեպ է երկրում հեղինակային իրավունքի պաշտպանության մակարդակը պատշաճ մակարդակի բարձրացնելու հարցում։ Եվ, վերջապես, մեկ այլ կարևորագույն հանգամանք, որը կապահովի հեղինակային իրավունքի պաշտպանությունը. դա միջազգային համագործակցությունն է։ Ինչպես Հայաստանում են խախտվում շատ արտասահմանյան արտադրողների իրավունքները, այնպես էլ մեր մտավոր սեփականության իրավունքները խախտվում են նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Միայն նշածս հինգ բաղադրիչների համադրությամբ կարող ենք հանգել խնդրի դրական լուծմանը։
-Հաշվարկվե՞լ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում «պիրատության» հասցրած վնասը։
-Բանն այն է, որ եթե մենք օգտագործում ենք ոչ օրինական ծրագրային ապահովում, ապա ռիսկերը բավականին մեծ են, իսկ ապրանքի էժան գները՝ թվացյալ։ Թվացյալ մատչելի ծրագրերը հանգեցնում են բավականին մեծ ծախսերի ու կորուստների։ Եվ դեռ պետք է գնահատել՝ ո՞րն է իրականում առավել էժան ու նպատակահարմար։ Հատկապես գործարարության ոլորտում անօրինական սպառողներն ինֆորմացիայի կորստի, արտահոսքի վտանգի տակ են։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ չարտոնագրված ծրագրային ապահովման 60-70 տոկոսում անվտանգության ֆունկցիաներն անջատված են պիրատական սկավառակ արտադրողների կողմից։ Այդ ծրագրային ապահովումները կամ սկավառակներն արդեն իսկ պարունակում են վնասակար վիրուսային կոդեր, որոնց նպատակն օգտագործողների կամ կազմակերպությունների համակարգիչներն իրենց կառավարման տակ վերցնելն է։ Այժմ, երբ Հայաստանում ավելանում է համակարգչից օգտվողների թիվը, ինտերնետի որակը բարելավվում է, այս ռիսկը կտրուկ մեծանում է։ Երկրորդ խնդիրը. պիրատական ծրագրերի որոշակի ֆունկցիաներ անջատված են և փոփոխված, ուստի այդ ծրագրային ապահովումը կայուն չի աշխատում, հուսալի չէ, ինչն անընդհատ հանգեցնում է լրացուցիչ ծախսերի։ Սպառողներն անընդհատ ֆորմատավորում են համակարգիչները, տեղադրում ծրագրերը, և եթե գնահատենք այդպիսի ծրագրային ապահովման մեկ տարվա ծախսերը, ապա կտեսնենք, որ կլինի այն արժեքը, ինչ ունեն օրինական ծրագրերը։
Տնտեսական առումով հեղինակային իրավունքն ավելի գլոբալ նշանակություն ունի։ Հայ ծրագրավորողները, ՏՏ ընկերությունները հայտնի են ամբողջ աշխարհում և կատարում են ԱՄՆ-ի կառավարության, Եվրոպայի, ՌԴ-ի, արաբական երկրների պատվերները, սակայն այդ ներուժը մենք չենք կարողանում օգտագործել երկրի ներսում։ Ինչո՞ւ Հայաստանում չկան տեղական համապատասխան ծրագրային փաթեթներ (բառարաններ, հաշվապահական ծրագրեր, խաղեր), որովհետև մտավոր սեփականության իրավունքի ոչ պատշաճ պաշտպանությունը սարսափելի խոչընդոտ է ՏՏ շուկան, ինդուստրիան զարգացնելու տեսակետից։ Այդ մասնագետները պաշտպանված չեն, այդ պատճառով նրանք աշխատում են կա՛մ արտասահմանյան շուկայի համար, որտեղ իրենց հեղինակային իրավունքը պաշտպանված է, կա՛մ լավագույն մասնագետները լքում են Հայաստանը։
Բացի այդ, երբ այս խնդիրը լուծված չէ, ներդրումային միջավայրը երկրում խիստ տուժում է, որովհետև նորմալ ընկերությունները խուսափում են ներդրում կատարելուց այն երկրներում, որտեղ հեղինակային իրավունքները պաշտպանված չեն։ Ոչ ոք չի ցանկանում ռիսկի ենթարկել իր տեխնոլոգիաները։ Ընդհանրապես ներդրում կատարելիս կարևորագույն ցուցանիշներից մեկը, որ հաշվի է առնվում, նաև հեղինակային իրավունքի իրավիճակն է տվյալ երկրում։ Եթե խնդիրը դիտարկենք պետական բյուջեի եկամուտների տեսանկյունից, դարձյալ տասնյակ միլիոնավոր դոլարների հարկեր չեն գոյանում Հայաստանում, մտավոր ներուժ ունեցող մեծ թվով մասնագետների համար աշխատատեղեր չեն ստեղծվում, ինչը, բնականաբար, անդրադառնում է երկրի տնտեսության զարգացման տեմպերի վրա։ Մենք այսօր պետք է ընտրենք զարգացման ինովացիոն տեխնոլոգիաները, քանի որ մրցակցությունն աշխարհում սարսափելի է, և Հայաստանը պարզապես պարտավոր է ավելի արագ զարգացման ուղի ընտրել, ինչն անհնար է առանց ինովացիոն գիտելիքի վրա հիմնված մոտեցումների։ Սպառողները պետք է գիտակցեն, որ վճարելով օրինական ծրագրերի դիմաց՝ իրենք ներդրում են կատարում հետագա ավելի որակյալ գործիքների համար, որոնցից պետք է օգտվեն։
Հարցազրույցը՝ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1688

Մեկնաբանություններ