ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԿՐԵՄԼԻ ՀԱՄԱՐ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ ԽԱՂԱՐԿԵԼ ԻՐԱՆԱԿԱՆ ՔԱՐՏԸ

ԿՐԵՄԼԻ ՀԱՄԱՐ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ ԽԱՂԱՐԿԵԼ ԻՐԱՆԱԿԱՆ ՔԱՐՏԸ
13.10.2009 | 00:00

Միջազգային քաղաքականության ներկայիս ակտիվ փուլն իր անսպասելի և կոնկրետ դրսևորուներն է ունենում` տարբեր պետությունների փոխհարաբերություններում արձանագրելով նոր անակնկալներ։ Եթե մինչ այժմ, վաղուց հաստատված կարծրատիպի կամ «քաղաքական ավանդույթի» համաձայն, Իրանը գտնվում էր Ռուսաստանի «ազդեցության կամ պատասխանատվության» գոտում, ապա վերջին շրջանի իրադարձությունները գալիս են հերքելու վաղուց ի վեր կասկածելի այս կարծրատիպը։
Իրականում Թեհրանի գործողությունները սրբագրելու կամ համակարգելու Մոսկվայի հնարավորությունները միշտ էլ եղել են բավականին սահմանափակ, սակայն, դրանով հանդերձ, Ռուսաստանից Իրանի «կախվածության» մասին առասպելը միշտ էլ փորձագիտական շրջանակների հետաքրքրության առարկա և հնարավոր աշխարհաքաղաքական սցենարների նախագծման առիթ կամ պատճառ է եղել։ Ավելին, Կրեմլը ոչ առանց օգուտի բավականին երկար կարողացել է շահագործել Արևմուտքի մտահոգությունները` Թեհրանի վրա իր կասկածելի ազդեցությունը շահարկելով։ Այն ժամանակ Ռուսաստանի համագործակցությունը «տարածաշրջանային ռազմավարական գործընկեր» Իրանի հետ միայն ռազմատեխնիկական ոլորտում գնահատվում էր 10 մլրդ դոլար, և Եվրոպան ու ԱՄՆ-ը հաճախ աչք էին փակում այդ ոլորտում Մոսկվայի չարաճճիությունների վրա։ Սակայն Իրանը Կասպիական տարածաշրջանում որոշիչ նշանակություն ունեցող երկիր է, և այժմ նրա շուրջ մղվող պայքարն ավելի սուր է, քան երբևէ։ ՈՒ թերևս հենց այդ պատճառով բոլորի աչքի առաջ խլացուցիչ թնդյունով պայթեց Իրանի վրա ռուսական ազդեցության մասին աշխարհաքաղաքական փուչիկը կամ առասպելը։ Այս օրերին, ի սարսափ ռուսաստանյան որոշ ինքնավստահ քաղաքական գործիչների ու «ռազմավարների», ողջ ինտերնետում «թափառում» է Իրանում 2-միլիոնանոց հակառուսական հանրահավաքի տեսագրությունը, ուր միջոցառման մասնակիցներն այրում են ռուսական դրոշները տեսախցիկների առջև, իսկ սովորական հակաարևմտյան կարգախոսներին զուգահեռ ամբոխը վանկարկում է` «Մա՛հ Ռուսաստանին», «Մա՛հ Պուտինին»։
Ռուս-իրանական հարաբերություններում միշտ եղել են խոչընդոտներ, սակայն դրանք ավելի ակնհայտ դարձան վերջին կես տարվա ընթացքում` ԱՄՆ-ի նոր նախագահ Բարաք Օբամայի Ռուսաստան կատարած այցից հետո։ Այն ժամանակ արդեն հրապարակ եկան ոչ անհիմն կանխատեսումներ, թե ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման պաշտոնական հայտարարությունների թիկունքում թաքնված են գաղտնի պայմանավորվածություններ առ այն, որ պաշտոնական Մոսկվան այլևս նախկին աջակցությունը չի ցուցաբերելու Թեհրանին և, ինչպես նախորդ տարիներին, չի կանխարգելելու նրա նկատմամբ արևմտյան պատժամիջոցների ընդունումն ու կիրառումը։ Թեհրանն էլ աստիճանաբար ի ցույց դրեց այլ ուղղություններով իր քաղաքականությունը վերակողմնորոշելու հնարավորությունը։ Մասնավորապես, որոշակի ջերմացում սկսվեց իրանա-թուրքական հարաբերություններում, և Անկարան նույնիսկ փորձում է Վաշինգտոնում ստանձնել Թեհրանի «փաստաբանի» գործառույթները։ Թեհրանը նաև մերժեց ՄԱԳԱՏԷ-ի առաջարկը` իրեն անհրաժեշտ միջուկային վառելիքը Ռուսաստանում ակտիվացնելու և օգտագործված ուրանը կրկին այնտեղ վերամշակման ուղարկելու վերաբերյալ։ Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը միշտ որոշիչ դեր է ունեցել Իրանի միջուկային ծրագրում և թեկուզ այսօր էլ շահագրգռված է այնտեղ մասնակցությամբ, այնուհանդերձ, Թեհրանից այլևս դրական արձագանքներ այս կապակցությամբ չկան, հակառակը` կա տեղեկություն, որ Իրանը պատրաստվում է հարստացված ուրան ձեռք բերել այլ երկրներից։
Ռուսաստանի համար խիստ աննպաստ են զարգացումները Իրանի հետ համագործակցության մյուս ուղղություններում։ Իրանական կողմը նախապատրաստվում է 2011-ին կապի հատուկ արբանյակ արձակել տիեզերք։ Նախկինում նախատեսված էր, որ դա կարվի Ռուսաստանի օգնությամբ, այժմ այդ հարցում Իրանն իբրև գործընկեր է ընտրել Իտալիային։ Սա, անշուշտ, չի բացառում, որ Ռուսաստանն էլ կփոխի կամ կսպառնա վերջնականապես վերանայել իր քաղաքականությունն Իրանի նկատմամբ` նրա դեմ արևմտյան պատժամիջոցներին աջակցելու առումով։ Բեռլինյան հանդիսությունների ժամանակ Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները հանդես եկան այդպիսի մի համատեղ հայտարարությամբ, ակնարկելով Թեհրանին, թե «միջազգային հանրության համբերությունն անսպառ չէ», և իրենք չեն բացառում ընդդեմ Իրանի նոր պատժամիջոցների փաթեթի ընդունումը։ Սակայն ռուս-իրանական ամենամեծ սկանդալը, ըստ ամենայնի, զարգանում է ռազմատեխնիկական համագործակցության դաշտում։
Ռուսաստանն Իրանին ռազմամթերք և զինատեսակներ է մատակարարում վաղուց, ինչպես լեգալ, այնպես էլ ստվերային ճանապարհներով, և դա Իրանի վրա ռուսական ազդեցության եթե ոչ միակ, ապա ամենահուսալի միջոցն էր։ Սակայն տարիների կտրվածքով մշակված գործընթացն այսօր կա՛մ տապալված է, կա՛մ տապալման շեմին։ Դեռևս հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը հայտարարեց, որ C-300 հակաօդային պաշտպանության 5 դիվիզիոնային համալիրները, որոնք արժեն 1 մլրդ դոլար, չեն առաքվի Իրան։ Այդ կապակցությամբ պայմանագիրը ստորագրվել է 2 տարի առաջ, կան խոսակցություններ, որ եղել է պայմանավորվածություն առհասարակ Իրանի ողջ հակաօդային պաշտպանության համակարգը ռուսական ռազմական դոկտրինին համապատասխան վերակառուցելու մասին։ Վերոնշյալ գործարքի գումարի մի մասն իբրև կանխավճար Թեհրանն արդեն մուծել էր և սկսել կանոնավոր վճարումները։ Թեպետ այս կապակցությամբ սկանդալի ծավալումից հետո ռուսական կողմը պնդում է, որ ամբողջ գումարը չի վճարվել, ու այդ պատճառով գործարքը չի հաստատվել։ Ստորագրված պայմանագիրը, սակայն, նույնպես սառեցվեց «մի շարք պատճառներով, որոնք առաջ եկան ստորագրումից գրեթե անմիջապես հետո»։ Ավելին, չի բացառվում, որ Մոսկվան հեռանկարում միակողմանի կարգով առհասարակ չեղյալ հայտարարի այդ պայմանագիրը և այս առումով չի էլ թաքցնում, որ «շատ բան պայմանավորված է քաղաքական իրադրությամբ, քանի որ այդ համաձայնագիրն արդեն չի կարող դիտարկվել իբրև զուտ առևտրային գործարք»։ Որոշ ռուս փորձագետներ արդեն իսկ մատնանշում են, թե ինչը կարող է Մոսկվայի համար գործարքի վերանայման պատճառ դառնալ. ԱՀԿ-ի անդամակցության խոչընդոտների վերացումը և ներդրումներն Արևմուտքից, Երուսաղեմում ռուսական եկեղեցու սեփականության իրավունքի ճանաչումը մի շարք կալվածքների նկատմամբ և, վերջապես, Իսրայելի հրաժարումը Վրաստանի հետ ռազմական համագործակցությունից։
Համապատասխանաբար Մոսկվայի արտաքին քաղաքական վայրիվերումների հետ կապված իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտում ոչ միայն իրանական ԶԼՄ-ները, այլև բարձրաստիճան պաշտոնյաները։ Նշվում է, որ ռուսներն իրենց խոստումները չկատարելու առումով նոր դարաշրջան են բացում, և եթե արդեն ստորագրված պայմանագիրը կամ գործարքը չեղյալ համարվի, դա «բացասական հետք կթողնի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վրա»։ Ինչպես նշում է «Կոմպրոմատ.ռու» ինտերնետային կայքը, իրավիճակն առավել վատ է Թեհրանին ռուսական զենքի մատակարարման «ստվերային» մասում։ Հոդվածի հեղինակի պնդմամբ` «ռուսական ռազմական հետախուզության խոշոր տապալումներից մեկը ճակատագրական նշանակություն կունենա Ռուսաստան-Իրան հարաբերությունների վրա»։
Ըստ այս հրապարակման` Ռուսաստանի հատուկ ծառայություններն արդեն վաղուց մշակել են Իրանին զենք մատակարարելու ստվերային խողովակներ, որոնցից գլխավորը իսպանական ուղղությունն էր։ Իսպանական Մարբելա քաղաքում է ալժիրցի գործարար Մոնզիր ալ-Քասարի շտաբ-բնակարանը, որը 1970-ականներից համագործակցել է ԽՍՀՄ ռազմական հետախուզության հետ և համակարգել Ալժիրում զենքի ստվերային շուկան։ 1990-ականներին նրա միջոցով ձևավորվել է Իրանին զենք մատակարարող ստվերային ցանց, որի պարագայում ռուսական հետք հայտնաբերելն անհնարին էր։ Երրորդ երկրների դրոշների ներքո նավերը հանգրվանել են Բեջայ ալժիրյան նավահանգստում, որտեղից հատուկ նշանակության բեռը տեղափոխվել է ալ-Քասարին պատկանող նավերի վրա և, արդեն առանց Ռուսաստանի հետ որևէ առնչության, տարբեր ճանապարհներով տեղափոխվել Սիրիա և Իրան։ Հայտնաբերման դեպքում անգամ ռուսական կողմին որևէ պահանջ ներկայացվել չէր կարող։
Սակայն վերջին ժամանակներս այդ ցանցին խորտակիչ հարվածներ հասցվեցին։ Տարբեր երկրներում ձերբակալվեցին գլխավոր գործող անձինք` Զախարի Կալաշովը` «Շաքրո» մականունով, Վիկտոր Բուտը, որին ձերբակալեցին Թաիլանդում, և ով դեռևս 2001-ին Իրանին մատակարարել էր X-55 թևավոր ռազմավարական հրթիռներ ցամաքային բազավորման համալիրով հանդերձ։ Ձերբակալվեցին նաև Մոնզիր ալ-Քասարը, Գենադի Պետրովը և ուրիշներ։ Ինչպես նշում է «Կոմպրոմատ.ռու»-ն, «ձերբակալություններից առաջ «կենտրոնը», խուճապի մատնվելով, կատարում է նույն Գենադի Պետրովի պահանջը և թույլ տալիս ֆանտաստիկ սխալ։ Նրա խոսակցությունը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերդյուկովի հետ կարողանում են գաղտնալսել ամերիկացիները։ Մի քանի օր անց Իսպանիայում ձերբակալված Պետրովին և ալ-Քասարին տեղափոխում են ԱՄՆ։ Սակայն պարտավորություններն Իրանի առջև դրանով չեն վերանում, և 2009-ի հուլիսին ալժիրյան բեռնափոխադրումները վերականգնելու ուղղությամբ անհաջող փորձ ձեռնարկվեց»։ Ըստ հրապարակման հեղինակի, դրա արդյունքում ծնունդ առավ մեկ այլ սկանդալ` ֆիննական դրոշի տակ լողացող «Arctic Sea» նավի հետ կապված, որը, Կալինինգրադ-Ալժիր ուղերթի ժամանակ, իբր գրավեցին ծովահենները։ Նավի որոնման և այն հարազատ ափեր վերադարձնելու համար ձեռնարկվեցին աննախադեպ միջոցառումներ` Ռուսաստանի ռազմածովային ուժերի լուրջ կոնտինգենտի ներգրավումով` անձամբ պաշտպանության նախարարի հրամանատարությամբ։ Սակայն, դրանով հանդերձ, «իսպանական խողովակն» այլևս դադարեց գոյություն ունենալուց` իր հետ ոչնչացնելով նաև Իրանի վրա Ռուսաստանի ազդեցության լուրջ հնարավորություններից մեկը։
Ըստ այդմ, դժվար է միանշանակ ասել, թե ինչ է թաքնված Թեհրանում տեղի ունեցող աղմկոտ ցույցերի հետևում, բայց ռուս-իրանական հարաբերությունների վատթարացումը փաստ է։ Կրեմլի համար գնալով ավելի դժվար է լինելու խաղարկել իրանական քարտը և Թեհրանի տարաձայնություններն Արևմուտքի հետ օգտագործել իր համար դիվիդենդներ ձեռք բերելու նպատակով։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1600

Մեկնաբանություններ