ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՇԱԽՄԱՏԸ» ԿՓՐԿԵ

«ՇԱԽՄԱՏԸ» ԿՓՐԿԵ
16.10.2009 | 00:00

Ավարտվեց հայ-թուրքականի հերթական «ռաունդը»։ Մեր հավաքականը պարտվեց՝ հիասթափություն պատճառելով մերոնց, որովհետև սպասվում էր ոչ-ոքի՝ քաղաքական և սպորտային առումներով: Ֆուտբոլային կրքերի մասին՝ հարակից նյութերում, այժմ` ֆուտբոլի «միջով» մեծ քաղաքականության մասին:
Թուրքիո «քյոքված» քաղաքականությունը «հետաքրքիր» դրսևորում ապրեց հոկտեմբերի տասնչորսի ֆուտբոլային խաղի հարակից «կոնֆիգուրացիաներում». ա) նույն ժամին, երբ Բուրսայի «Ալմիրա» հյուրանոցի նախաշեմին համառ լրագրողները քանդեցին անվտանգության պատը՝ ներս սահելով ու հայտնվելով ուղիղ Գյուլի և Սերժ Սարգսյանի կողքին (Գյուլը, համակ բարություն, կանգնել հյուրանոցի VIP «միջանցքում», հայաբար ժպտում էր, մայրը հայ է, ժպիտն էլ ահավոր նման էր Գագիկ Բեգլարյանի ժպիտին), և, ուրեմն՝ նույն ժամին Էրդողանն Անկարայում հանդիպում էր Ադրբեջանի Մեջլիսի 11 «յոլդաշների»՝ կոմպլեմենտարացվելու նրանց հետ, պահպանելու թրքական բալանսը, ասելու՝ «ալլահի արև, մենք որևէ քայլ չենք անելու, մինչև չբավարարվի ձեր ախորժակը՝ «օկուպացվածի» մասով», բ) նույն ժամին, նույն խնդրի առնչությամբ Եվրամիությունն իր քաղաքակիրթ հեռվից Թուրքիային ասաց՝ «իշտահիդ քացախ». իմա՝ հրապարակեց ԵՄ տարեկան զեկույցը, որով Թուրքիային դրեց իր տեղը՝ ԵՄ դեռևս չհաղթահարված չափորոշիչների, սահմանը չբացելու, խաղեր տալու հեռանկարներից ելնելով:
Բայց այս գլոբալ խաղն առ ոչինչ էր այն բանի համեմատ, ինչ ֆուտբոլի «ժամանակ» տեղի ունեցավ Բաքվում։ Այնտեղ ստորագրվում էր «դարիս» հաջորդ վավերագիրը` Ադրբեջանն իր գազն անվերապահորեն (ԱՄՆ-ի և Թուրքիայի ինադու) տալիս էր Ռուսիային` «ա՛ռ, տար, հալալ ըլնի, իմ յոլդաշ, իմ մեծ ախպեր Թուրքիան ինձ գցեց, թող «Նաբուկոն» չկառուցվի» ենթատեքստով:
Իսկ ի՞նչ էր անում Հայաստանն այդ ժամանակ: Հե՛չ: Բուրսայում վայելում էր տիկին Գյուլի հյուրասիրությունը (Բուրսայում մեզ ասին՝ վա՜յ թե տիկնոջ մայրն էլ է հայ, ու բոլորով մտածեցինք՝ «տոլմա» եփած կլինի «մեմը», որովհետև «մի լյուբիմ դոլմու»):
Իսկ եթե լուրջ` պատմական-գեոպոլիտիկ իրադրությունն այս փուլում այնպես է դասավորվել, որ մենք դարձել ենք եզակի բուֆեր Հ.Կ.-ում: Վրացական դեպքերից հետո Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, չի կարողանում Վրաստանով լիարժեք դուրս գալ «դեպ» տարածաշրջան, այնտեղից էլ` դեպ Մերձավոր Արևելք, իսկ աշխարհի տրամաբանությունն Օբամայով և Մեդվեդևով սև ու սպիտակից անցում է կատարում դեպ բազմագույն, բազմաբևեռ աշխարհ, ինչի արդյունքում մենք բավականին շահում ենք, որովհետև, ի տարբերություն Վրաստանի, Ռուսաստանի հետ ունենք լավ հարաբերություններ, և տարածաշրջանի հետ կապված շատ հարցերի շուրջ մեզ «հետ» է հարմար պայմանավորվել: Վիզուալ և վիրտուալ առումներով՝ ընդհուպ մինչև Աֆղանստան «բեռնա-այլա» փոխադրումներ: Իսկ որ Ադրբեջանն իր գազը տվեց մայր-Ռուսաստանին, «մաշալլահ», փաստորեն կրկին ակտուալ է դառնում իրանական գազով «Նաբուկոյի» կառուցումը, իսկ Իրանն ասել է՝ կմիանա դարիս այդ նախագծին, եթե այն անցնի Հայաստանով (կարիք կա՞ ասելու, թե ինչքան անսպառ է իրանական գազը, ինչքան «սպառվող»՝ ադրբեջանականը, փորձագետները պնդում են՝ մինչ 2015 թիվ): Դարիս այդ նախագծին, փաստորեն, օգնում է դարիս մյուս՝ ֆուտբոլային նախագիծը: Ֆուտբոլը պրծավ, մնացին իրական նպատակները։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Բուրսա-Երևան

Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ