ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ստատուս քվոն գործող քաղաքապետն է

Ստատուս քվոն գործող քաղաքապետն է
20.02.2009 | 00:00

WHO IS WHO
Քաղաքական օրակարգում հայտնված թիվ մեկ հարցը` ապագա քաղաքապետի «ով» լինելը, գայթաքարն է, որի վրա իշխանությունները կամ հերթական անգամ կգայթեն, կամ Եզովպոսի նման քարը ճամփից կվերցնեն, մարդավարի մի կողմ կդնեն:
Բոլոր դեպքերում, այդ ընտրություններով կպատասխանվի մի շարք հարցադրումների` տնտեսականից մինչև քաղաքական:
Անցնող երկուշաբթի, ինչպես գիտենք, Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադրի անդամներին մինի-խորհրդակցության էր հրավիրել, հասկանալու` ինչ են շնչում կուսակցությունում խնդրո առնչությամբ: Սերժ Ազատովիչը շատ հետաքրքիր ֆորմատ է ընտրած եղել. նա հատ-հատ և առանձին զրուցել է «շնչավորների» հետ, ամենքի հետ` 10-15 րոպե և բացառապես լսել նրանց: Ինքը «չի խոսել»: Գրեթե:
Հանդիպմանը չեն մասնակցել ՀՀԿ գործկոմականներից Դավիթ Հարությունյանը, Հարութ Փամբուկյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը (նախագահի աշխատակազմի ղեկավար). նրանց Սերժ Սարգսյանը երևի շատ է լսել, ուստի հարկ չի համարել «կանչել»:
Միանգամից ասենք. հանդիպմանը մասնակցած «շնչավորների» հետ քաղաքապետի «ով» լինելու հարց չի քննարկվել, իսկ թե ինչ էր «շնչում» Սերժ Սարգսյանն այդ հարցով, բնականաբար, ոչ մի գործկոմական գլխի չի ընկել` «էդ մենակ ու մենակ Ազատիչը կիմանա», ասին:
Բա էդ դեպքում ի՞նչ եք քննարկել իր հետ: «Քննարկել ենք ընդհանուր սկզբունքներին վերաբերող հարցեր` ոնց գնանք ընտրություններին. անհատական ցուցակո՞վ, թե՞ կոալիցիայով», ասին:
Հարցնում եք` ինչու այս վերջինն ավելի է հրատապ, քան «ով» լինելու հա՞րցը: Դե որ հարցնում եք, պատասխանում ենք.
ա) իր խասիաթի (ընդ որում` խիստ անընդունելի) համաձայն, Սերժ Սարգսյանը մինչև վերջին վայրկյանը չի ասի, թե ով է այդ թեկնածուն, ինչպես եղավ վարչապետի, ԱԺ նախագահի, ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարի «առաջադրման» դեպքում:
Եվ հետո, հասկանալի է, եթե մարդը գնում է նախագահական ընտրությունների և դառնում նախագահ, ապա իր մտքում վարչապետի ու Երևանի քաղաքապետի թեկնածուներին հաստատ ունենում է: էլ ի՞նչ ասի:
բ) Սա ամենաէկզոտիկ պահն է: Այն քաղաքագիտության մեջ կոչվում է «բազարի նոմինանտ»: Այո, այստեղ, իսկապես, նրբություն կա: Եվ շատ էական է հարցը` իշխանություններն ինչպես են գնում ընտրությունների. յուրաքանչյուր կուսակցություն «անհատապե՞ս», թե՞ կոալիցիայով:
Բանն այն է, որ կոալիցիոն բոլոր անդամներին է պարզ` ապագա քաղաքապետը կլինի հանրապետական, մնում է «շատ մազ» պոկել ավագանու և ապագա թաղապետերի «տուլիկից»: Ինչի համար էլ պայքարում են թե՛ ՕԵԿ-ը, թե՛ արդեն իսկ քաղաքամայր Երևանի էլիտարների վրա հմտացած ՀՅԴ-ն, թե՛ նախագահին այլևս սեր խոստացած ԲՀԿ-ն:
Կոնֆիգուրացիան հետաքրքիր է նաև նրանով, որ եթե խաղի մեջ մտնի ընդդիմությունը` ընդհանուր թեկնածուով, ապա կոալիցիոն «ախորժակիստների» «լոտերն» է՛լ ավելի կբարձրանան: էլ չենք ասում` սպասվող տնտեսական ճգնաժամի, պայքարի նոր փուլի պատրաստվող ընդդիմության ֆոնին ինչ անկանխատեսելի զարգացումներ կարող են տեղի ունենալ:
Այնպես որ, ՀՀԿ-ի համար մտածելու բան է` լինե՞լ, թե՞ չլինել, գնա՞լ, թե՞ չգնալ կոալիցիայով այդ ընտրություններին:
Բայց դե, մյուս կողմից էլ, եթե «բազարի» սեղանին դրվում է խորհրդարանական ընտրությունների, ստանձնած քվոտաների ու «լգոտաների» նախկին քարտեզը, ապա ճանապարհային այդ քարտեզը ոչ մի տեղ տանելու «տուպիկային» առանձնաշնորհ ևս ունի: Չէ՞ որ այսօրվա ՕԵԿ-ն «աղջիկ վախտվա» ՕԵԿ-ը չէ, ԲՀԿ-ն չունի նախկին էնտուզիազմը, իսկ ՀՅԴ-ն ծեր է և շատակեր. նա 118 տարեկան է: ՈՒ բոլորով այլևս առանց Քոչարյան են: Իսկ սա, հաստատապես, բոլորովին նոր կոնֆիգուրացիա է, չէ՞:
Բա նկարչությո՞ւնը` հարցնում եք: Մենք, իհարկե, չենք մոռացել նաև քաղաքական այդ ահավոր «ֆակտորը» և հայոց հանճարի ծովանկարիչներին` ԿԸՀ-ում պատսպարված:
Փաստորեն, վերը նշված կոնֆիգուրացիան, գումարած` իմպրեսիոնիզմի մի քանի վրձնահարվածները, բոլորովին նոր քարտեզ կարող են նշագրել քաղաքապետի ապագա ընտրությունների «խորապատկերին» ներքո:
Եվ, ուրեմն, իշխող ուժը` յուր գործկոմականներով, լուրջ փիքր է անում. «բազար» անեն կոալիցիոներ տաշտընկերների հետ, նո՞ր գնան ընտրության, թե՞ գնան, նոր բազար անեն: Բա որ բազար անե՜ն, ու սրանք էլ` էս ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն ու մանավանդ էդ ՀՅԴ-ն, կարգին չաշխատեն էդ ընտրությունների՞ն, գլուխ պահեն, ձրիակերություն անե՞ն (էն Կենտրոն համայնքում չէ՞ր, որ Սերժ Ազատիչը ձայներ չստացավ) ու ընդդիմությունը «գա-լվանա» հայոց իշխանական տո՞ւնը...
Այո, հայոց իշխող ուժը և՛ փիքր է անում, «և՛ շինում է, և՛ երգում»` սպասելով մարտի մեկն անցնի, ու նոր որոշի` ոնց է գնում, ուր է գնում, «ումով» է գնում:
Ի դեպ, «ումովի» հաշվով. ընդդիմությունից «Իրավունքը de facto»-ին ասացին, որ իրենք առայժմ չեն որոշել` մասնակցելո՞ւ են Երևանի քաղաքապետի ընտրություններին, թե ոչ. «Մենք առայժմ զբաղված ենք մեկ խնդրով` մարտի մեկի հանրահավաքով»: Փաստորեն, իրենք էլ են սպասում մարտի մեկի արդյունքներին, որից հետո կորոշեն` ինչպես վարվել:
«Ինչպես վարվելու» խնդիր չունի «Ժառանգությունը». այնտեղ միանձնյա ֆավորիտ է Րաֆֆի Հովհաննիսյանը, և կոնֆիդենցիալ զրույցը կուսանդամների հետ գալիս է ասելու, որ «Ժառանգությունը» միայնակ է գնալու ընտրությունների, իսկ ՀԱԿ-ն իրենց կպաշտպանի՞, թե՞ ո՛չ հարցը նրանց ուժեղ «նյարդացնում» է:
Չէ, մենք հո չե՞նք ասում, թե «Ժառանգությունը» թելում է իշխանության ասեղը և միայնակ գնալով` փորձում ջուր լցնել իշխանական ջաղացաքարին (չնայած` վերջինիս ջրաղացին մկան էնիքն էլ շատ մեծ նշանակություն ունի):
Ըստ ամենայնի, ժառանգությունենք նույնպես սպասում են մարտի մեկի հանրահավաքին:
Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա, ճիշտ է, մեզ հետ զրուցող ՀՀԿ գործկոմականները (ի դեպ` զրուցել ենք հիմնականում բոլորի հետ), ասացին, որ որևէ պոտենցիալ թեկնածուի անուն չի շրջանառվել հանդիպմանը, այնուհանդերձ, իշխանական «մայլից» երեք անուն տրվում են:
ա) Կարեն Կարապետյան (ոնց ասում են` Շուշոյի Կարեն Կարապետյանը. լրագրողների շրջապատում նա առավել հայտնի ու ընդունված է իր մամլո խոսնակով, չնայած տղան երկու տարի առաջ լրագրողների կողմից նվաճեց «ամենահամակրելի ու ամենասեքսուալ տղամարդ» տիտղոսը, բայց մեկ է, երբ հարցնում ենք` ո՞ր Կարենը, «մամուլն» ենք հիշում):
Մի խոսքով, հենց մի առանցքային պաշտոն է առաջանում, այս Կարենի անունն է սկսում շրջանառվել: Բայց մեղքն «ամենահամակրելիինն ու ամենասեքսուալինը» չէ. մեղքը` «ամենավոյինինն» է: Հիշո՞ւմ եք, Կարեն Կարապետյանի անունը հնչում էր նաև վարչապետների թեկնածության օրերին:
Բանն այն է, որ որոշ «հայտնի ուժեր» ցանկանում են, որ Կարեն Կարապետյանի պոստն ազատվի, որպեսզի Քոչարյանի գլխացավանքից պրծնեն, նա զբաղեցնի այդ պաշտոնը: Էստեղ, իհարկե, քննարկվելիք շատ հարցեր կան` ապագա ռուսական կոնսորցիումին ու մնացածին վերաբերող, բայց քանի որ այլևս տնտեսական ճգնաժամ է, իսկ որ ամենակարևորն է` Կարեն Կարապետյանը չի ուզում «դառնալ» քաղաքապետ (ճիշտ էլ անում է, ինչո՞ւ պիտի անդարդ գլուխը դնի դարդի տակ), հարցը համարենք փակված:
Մանավանդ որ երեկ նախագահական «մերձ աղբյուրները» պնդում էին (այդ «հանգամանքը» պնդում էին նաև մեզ հետ զրուցող ՀՀԿ գործկոմականները), որ ամեն բան գնում է ստատուս քվոն պահպանելու միտումին:
Ստատուս քվոյի մասին` քիչ ուշ, իսկ այժմ`
բ) թեկնածուներից հաջորդը Գագիկ Բեգլարյանն է. մի պահ նրա «նշանակումը» գրեթե իրողություն էր, մանավանդ, երբ նա և մերձավորները Սերժ Սարգսյանի հետ բավականին հիմնավոր ճաշել էին «Հարսնաքարում»:
Սակայն, ոնց երևում է, ներքաղաքական որոշ խմորումներ, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մերձակայքի որոշ «բացականչություններ»` «չէ հա», իրենցն արեցին, և հարցը կարծես փակվեց:
գ) Ստատուս քվո. դա գործող քաղաքապետն է: Ըստ նախագահականի մեր աղբյուրների, ահա թե ինչու։ Տնտեսական ճգնաժամի այս պայմաններում ռիսկային է Երևանը, որը Հայաստանի կեսից ավելին է, ենթարկել «փորձարկման», որովհետև քաղաքը նախ և առաջ տնտեսական օրգանիզմ է և այս պահին աշխատում է բավականին անխափան, դինամիկ. «էքսպերիմենտը», ինչպես եղավ այլ դեպքում (ըստ երևույթին` նկատի է առնվում ԱԺ-ն) ծանր հետևանքներ կունենա, ուստի «պետք է պահել ստատուս քվոն», ասին:
Չցանկանալով նշել «շկոլա» անցած լինելու, ինչպես նաև այս կամ այն խմբավորումներին, «տուսովկաներին» չպատկանելու գործող քաղաքապետի «հանգամանքները», քաղաքական վեկտորների առումով ևս Երվանդ Զախարյանը շատ հարմար է, ասին. վարչապետն` արևմտամետ, իսկ քաղաքապետը կարծես առավել դեպ Հյուսիս, ինչը շատ լավ բալանսավորում ու պարտիա է իշխանական ճամբարի համար, մանավանդ որ Երվանդ Զախարյանը բավականին ներկայացուցչական է. պահվածքը, տեսքը տեղը... սանրվածքն էլ:
Իսկ որ ամենակարևորն է, գործող քաղաքապետը հաստատապես «այլևայլ» ամբիցիաներ չունի, ինչը դժվար է ասել «այլևայլ» պաշտոնյաների և թեկնածուների դեպքում:
Ոնց երևաց, նախագահական աղբյուրի համար սա «էպեջա» ու անչափ կարևոր էր:
...Ի՞նչ կարող ես անել. նախագահականի տառապանքն այդ «գետնին» վրա, ուրեմն, արդեն շատ փորձ ունի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3424

Մեկնաբանություններ