Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Գետինը մտնեք ավելի լավ է

Գետինը մտնեք ավելի լավ է
16.04.2024 | 12:22

Օրը բացվեց մի նոր աբսուրդով ու մի շարք խայտառակություններով:

Եթե երեկ վարչապետ կոչվածը հանդես եկավ՝ «Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար» խիստ վտանգավոր խոհափիլիսոփայական զեղումներով, որով հետայսու հաստատեց Արցախի, Հայոց ցեղասպանության պատմական հիշողության և մեր հավաքական ժառանգության մերժումն ու ուրացումը, ապա այսօր էլ պետք է ասի, թե «Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության»:

Սա մի քանի շաբաթ առաջ հնչեցրած՝ «հայրենիքը պետությունն է» արտահայտության «ինովացիան» էր;

Դեռ մի կողմ, որ Ալիևը մեր պետության ու տարածքի հաշվին իր համար գոյություն չունեցող պատմական հայրենիք է ստեղծում, միջինասիական յայլեքից ժամանած ցեղապետը մեզ քոչվոր է որակում, «Հայաստանը նախկինում երբեք ներկա չի եղել այս տարածաշրջանում: Ժամանակակից Հայաստանը մեր պատմական հողն է» վայրահաչում, իսկ մեր պետության ղեկավարը առաջարկում է մերժել մեր անցյալն ու մեր պատմական հայրենիքի պատմությունը:

ՈՒ Սրանք դեռ ծաղիկներն են:

Պարզվում է՝ վերջինս հանձնարարել է կազմել Հայոց ցեղասպանության՝ 1,5 մլն զոհերի անվանացուցակը:

Եվ այդ պատասխանատու գործը հանձնարարել է Անդոն Քոչարյանին, ով պետք է չակերտներ բացի՝ ասելով, թե «համաձայն վարչապետի հրահանգի նախատեսվում են ուսումնասիրություններ սկսել ցեղասպանության թեմայով և հասկանալ իրականում որքա՞ն հայ է սպանվել ու ի՞նչ պայմաններում»։

Ավելին՝ «եթե 1.5 միլիոն մարդ է կոտորվել, ապա դեռ պետք է հատ առ հատ գտնել նրանց անուն-ազգանունները, որպեսզի այդ թիվը վստահություն ներշնչի»։

Սա այն դեպքերից է, երբ չգիտես խնդաս թե՞ լաս, անպատվես թե՞ արհամարհես:

Բայց չարձագանքել հնարավոր չէ:

Առաջինն ակամա մտաբերում ես հայտնի անեկտոդը, երբ քննություն հանձնող գերազանց պատրաստված ուսանողին դասախոսն անպայման ուզենալով կտրել հարցնում է, թե քանի՞ մարդ է զոհվել Հայրենական մեծ պատերազմի տարիներին։

ՈՒ երբ ուսանողը պատասխանում է՝ 20 միլիոն, դասախոսը պահանջում է մեկ առ մեկ թվարկել բոլոր զոհվածների անուն ազգանունները:

Նույն տրամաբանությամբ էլ՝ Նագասակիի ու Հիրոսիմայի զոհերի անուն-ազգանունների թվարկման Հայկո-Մկոյի հայտնի սքեթչը:

Սա իհարկե ծիծաղելի կլիներ, եթե այսքան լացելու չլիներ:

Դե արի ու մի խենթացիր՝ լսելով այս ապազգային տարրերի կուրիոզ ու մարազմատիկ ցնդաբանությունները:

Արի ու մի սարսափիր, որ երկրիդ վարչապետն իր թիմով հանդերձ թուրքական քարոզչություն է տարածում, որ դե ֆակտո իրական Հայաստանը վեր է ածել պատմականի ու մաս-մաս հանձնում է թշնամուն, որ ինքն իրեն բրոքեր է կարգել, երկիրն էլ աճուրդի դրել, որ թուրքական մերժողական նարատիվը շատ սահուն տանում է առաջ, որ ցեղասպանությունն անգամ ձեռառնոցի է դարձրել:

Արի ու մի խելագարվիր, որ հասել ենք այն օրի, որ կասկածի տակ պետք է դնենք Հայոց ցեղասպանությունը, այն թույլ տանք շահարկել, որ պետք է ապացուցենք մի բան, որը ապացուցելու ենթակա չէ:

Արի ու մի մտածիր, որ սա դրսի պատվեր կամ հրահանգ չէ, որ հստակ պլանավորած ծրագիր չէ, ըստ որի երկրիս ղեկավարը վերջում չի «ապացուցելու», որ հայերի ցեղասպանություն չի եղել:

Չկա անվանացուցակ՝ չի եղել ցեղասպանություն:

Այլ ինչպես թուրքերն են ասում՝ անվտանգությունից ելնելով, տեղի է ունեցել տեղահանություն, որի արդյունքում, տարբեր պատճառաբանություններով զոհվել է մի քանի հարյուր հազար մարդ, բայց ոչ 1,5 միլիոն:

Էրդողանն էլ պատրաստ է իր արխիվներից տեղահանվածների տվյալներ տրամադրել, ըստ որի «կպարզվի», որ նրանց թվաքանակը չի գերազանցում մի քանի հարյուր հազարը և որով էլ՝ Փաշինյանի ձեռամբ «կապացուցի», որ հայերը հարյուր տարուց ավելի կեղծել են պատմությունը և ոչ մի 1,5 միլիոն հայ ցեղասպանության չի ենթարկվել:

ՈՒ սա կատարվում է պետականորեն, որով ստեղծվում է «փաստարկի» հիմք, թե՝ ցեղասպանության զոհերի թիվն այնքան է, որքան կա անուն-ազգանուն:

Ապշելուց զատ մնում է տարակուսել, որ այդ փաստարկի «նախերգանքը» հնչում է ցեղասպանության տարելիցից տասն օր առաջ:

Իհարկե, վերջիններս շա՜տ «գրագետ պետք է հիմնավորեն», որ դա արվում է զոհվածների հիշատակը ամբողջությամբ հավերժացնելու համար:

Որ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է:

Վերջում էլ չենք զարմանա, երբ «ավետեն», որ մենք ցեղասպանված ազգ չենք, մենք այն հզոր ու անպարտելի ազգն ենք, որին հնարավոր չէր ցեղասպանել:

Հետևաբար, ձերբազատվելու ենք ցեղասպանվածի բարդույթից:

Նման ֆանտաստիկ ու էքստրավագանտ պատասխաններ ենթադրելի էր, որ կլսեինք:

Հետաքրքիր է նաև լսել, թե անունների թիվը, եթե լինի օրինակ 1. 200.000 ի՞նչ են ասելու, արդյո՞ք հարմար թիվ է լինելու:

Էլ չասեմ, եթե թիվը գերազանցի՞ 1.500.000-ը:

Կամ թե ի՞նչ պետք է ասեն, երբ փաստի առաջ կանգնեն՝ իմանալով, որ նման ցուցակներ կան:

Որ հազար ու մի արխիվից զատ, «Մուղնի» հրատարակչությունը ժամանակին թողարկել է՝ «Գործ թիվ 1.500.000» գիրքը, որտեղ անուն առ անուն, գույք առ գույք, հասցե առ հասցե նշված է ցեղասպանության նահատակների մասին տեղեկությունը:

ՈՒ ինչպե՞ս չասես՝ ա՛յ անբարո, բլեֆի ու «պառաժի» վարպետ ստահակներ, դուք 44-օրյա պատերազմի 4.000 զոհերի անվանացանկը դեռևս հրապարակային չներկայացրած, խոսում եք 110 տարի առաջ, մի քանի տարի տևած կոտորածի 1,5 միլիոն զոհերի անուն-ազգանունները հատ-հատ պարզելու մասի՞ն։

Դուք անգամ ձեր տատ ու պապի գերեզմանի տեղը չգիտեք, մահվան վկայականն անգամ մոռացել եք, թե որ մի դարակի մեջ եք թողել…

Ինչևէ, չենք զարմանում:

Փոխարենը կլսենք նաև ոմն ՔՊ-ական ողորմելի անֆասոն մի տականքի, ով պետք է ասի՝ «30 տարի ստիպում եք մեզ սիրել ուրիշինը, ինչի՞ համար, այստեղ ձեր ոտքերի տակ հող կա, գնացել «կպել եք» միջազգայնորեն ճանաչված ուրիշի հողերից, ի՞նչ եք ուզում, ես չեմ հասկանում»:

Պետք է լսենք մեկ այլ դատարկագլուխ, անոմալ մի տականքի՝ «մենք չենք հանձնում, մենք զիջում ենք» ինքնախոստովանությունը, որին մնում է ասես՝ բա ու՞ր է ձեր երեկվա անձեռնմխելի 29.800 քառակուսի կիլոմետրը, որն այսօր միակողմանիորեն զիջելով՝ դարձավ 28.742 քառակուսի կմ։

Որ ձերը զիջել չէ՝ ամլություն է, որը ձեր կենսակերպն է ու իմիջը:

Դուք միայն կարող եք ընդունել, որ «Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թnւրքիшն է» և վերջ, որ «Արցախը Ադրբեջան է և վերջ»:

Պետք է լսենք գերագույն տականքի՝ ««Արցախը» դա հայտնի սովետական ռեստորան էր Իջևանում, որտեղ համով հաց էին տալիս» ցինիկ արտահայտությունը, «կռիվ են անում, մեկը մյուսին անվանում է թուրք, խի՞ թուրք և ոչ թե նորզելանդացի» տխմար համեմատությունը:

Հասել ենք այն օրի, որ փորձում ենք կանխագուշակել, թե արդյո՞ք վարչապետ կոչվածից ապրիլի 24-ին կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը:

Մի բան, որն ակնկալել ենք լսել բացառապես օտարներից:

Կամ թե արդյո՞ք այցելելու է Ծիծառնակաբերդ ու հարգելու է անմեղ զոհերի հիշատակը:

Ամեն ինչ պարզ է, մնում է ասել` թուրքերից մի՛ վախեցեք, անդոնանման, աղազարյանանման «հայերից» սարսափեք:

Այս ժամանակավոր թյուրիմացությունները մի կողմ, հատկապես այս տարին աննախադեպ պետք է լինի հուշահամալիր այցելողների քանակով։

Չեմ կարող որերորդ անգամ ցավով չասել` ո՞վ ես դու հա՛յ մարդ, ի՞նչ ես դու դարձել, ի՞նչ է քեզանից մնացել:

Հազարամյա պատմությունդ թիկունքիդ անդեմ ու ամորալ ես դարձել , արմատներդ, ինքնությունդ, դիմագիծդ ես կորցրել:

Ե՞րբ ես սթափվելու, խելքի ու գիտակցության գալու, ինչքա՞ն ես հանդուրժելու ուռուցքն իր մետաստազներով:

Մինչև այն քեզ իսպառ ոչնչացնի՞:

Ե՞րբ ես դուրս գալու թմբիրից, հարմոնիկ ապատիայից ու խաբուսիկ կոմֆորտից, ոտքի կանգնելու, համախմբվելու, ձևավորելու հանրային պահանջ:

Ե՞րբ ես փակելու այս ամոթալի շրջափուլը, կտրելու ողբերգությունների ու արհավիրքների շղթան:

Հուսամ՝ ապրիլի 24-ը կդառնա միասնականության ու համախմբվածության մեկնարկի օր:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ