Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Պետության կառավարման մեջ էլ է այդպես

Պետության կառավարման մեջ էլ է այդպես
21.01.2024 | 17:45

Ամեն առավոտյան, երբ որդիներիս տանում եմ դպրոց, առնվազն 15 րոպե ստիպված եմ լինում ծախսել դպրոցի մոտակա տարածք մտնելու և ապա դուրս գալու համար։

Գիտեմ, որ դա համընդհանուր խնդիր է, բայց...

Իրականում խնդիրն ընդամենը մարդկային եսասիրության և անհեռատեսության մասին է, ուրիշ ոչինչ։

Բոլոր նրանք, ովքեր շտապում են իրենց երեխաներին րոպե առաջ դպրոց հասցնել, մեքենաներով մտնում են հնարավոր բաց տեղեր ու կայանում, հետո, երբ իջեցնում են երեխաներին, այլևս չեն մտածում, որ կան դասից ուշացող նաև այլ երեխաներ, ու որ այլ ծնողներ էլ պիտի իրենց երեխաներին տեղ հասցնեն։

Նման պարագայում հիմնական խցանումները սարքում են երեխաներին դպրոց իջեցրած վարորդները, որոնք եսասիրաբար արդեն կանգնում են փողոցի մեջտեղում, հանգիստ զրուցում այլոց հետ՝ խանգարելով երթևեկությանը, մեքենան քշում են իրենց հարմար ձևով՝ ամենևին չմտահոգվելով մյուսների վիճակի համար։

Ես, օրինակ, միշտ զիջում եմ ուրիշներին ու հատկապես, երբ երեխաներիս իջեցնում եմ դպրոց, միշտ սպասում եմ, որ մյուսները ևս տեղ հասցնեն։ Թող ինձ մի քիչ նեղություն լինի, բայց ուրիշների երեխաներն էլ չուշանան դասից։

Սա կոչվում է սոլիդարիզմ կամ համերաշխություն, միմյանց նկատմամբ սրտացավություն։

Եթե դու սրտացավ չես քո կողքի թեկուզ անծանոթ մարդու նկատմամբ, ձեռք չես մեկնում նրան տարբեր իրավիճակներում, բարոյական որեւէ իրավունք չունես դժգոհել ուրիշներից, որոնք քեզ անտեսում են ու քո նկատմամբ են եսասեր։

Պետության կառավարման մեջ էլ է այդպես։ Եթե ուզում ես հասնել համերաշխ ու հաջողակ հանրության, ապա պիտի առաջինը ինքդ օգնության ձեռք մեկնես, ինքդ պիտի դադարես եսասեր լինել, քո ծառը ջրելուց առաջ ազգակցիդ ծառը ջրես, որ նա էլ, թեկուզ ամոթից, նույն կերպ քեզ պատասխանի։

Սիրենք միմյանց և մեր հայրենիքը։

Ես հավատում եմ, որ մենք դուրս կգանք անդունդից, իսկ դրա համար մեր հիմնական հույսը 5% ազգային նվիրյալ ու մտածող մարդկանց վրա է, ովքեր կդառնան այն լոկոմոտիվը, որն իր հետևից կտանի ամբողջ ժողովրդին դեպի վերելք ու հաղթանակներ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5960

Մեկնաբանություններ