ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Համաշխարհային սոցիալական պայմանագիրն արդեն ավարտին է մոտենում

Համաշխարհային սոցիալական պայմանագիրն արդեն ավարտին է մոտենում
22.11.2023 | 08:06

Մի կարճ բան պատմեմ, որը, կարծում եմ, մեզ հետ առնչություն ունի և շուրջ 2300 տարի առաջ է եղել:

Փյունիկյան պատերազմների մասին երևի գիտեք՝ Կարթագենի և Հռոմի միջև: Սրանք պատերազմում էին, քանի որ Հռոմը որոշել էր լինել միակ գերտերությունը (կայսրությունը) և կառավարել ամբողջ առևտրաշրջանառությունը աշխարհի խաչմերուկում: Այդ խաչմերուկը դեռ տեղում է, մենք էլ դրա մի փոքր անկյունում վախեցած ծվարած ենք:

Այս պատերազմներում խոշոր հաշվով (երկարաժամկետում) առավելության էր հասնում Հռոմը, չնայած, որոշ պահերի ամբողջությամբ փլուզման եզրին է հասել: Կարթագենի հայտնի զորավարներից Հանիբալը, որ մինչ օրս ռազմական ստրատեգների քննարկման առարկա է, իր զորքով ներկա Իսպանիայի տարածքից Ալպերով, որ Հռոմի հյուսիսն էր (ներկայի Իտալիան), ու որտեղից նրան չէին սպասում, հարձակվում է Հռոմի վրա: Քարտեզը նայեք, կպատկերացնեք, որ աներևակայելի է թվում, նույնիսկ ներկայի տեխնոլոգիական հնարքներով:

Կարճ ասած, Հանիբալը տասնյակ հազարներով հռոմեական զորք է ջարդում, հռոմեացիները ստիպված են լինում իրենց իսկ տարածքում տարիներ շարունակ պարտիազանական մեթոդներով մարտեր վարել՝ խուսափելով ուղղակի առճակատումից:

Բայց Հռոմը չի ընկնում և, իմ համոզմամբ (կարդալով, լսելով թեմաներ սրա մասին), մի բանի շնորհիվ. Այս պետությունը ստեղծվել էր ռազմական գաղափարախոսության շուրջ, ու պարտվելը տարբերակ չէր, սա ստեղծվել էր այլոց գրավելու և ենթակա դարձնելու շուրջ, և պետության քաղաքականության առանցքը պետական շահն էր: Ի տարբերություն Կարթագենի, որ ստեղծվել էր տնտեսական շահի շուրջ, և որը գործում էր օգուտ և վնաս տրմաբանության ներքո: Սրանից ելնելով, նույնիսկ սեփական մեծաքանակ զորք երկար ժամանակ չէին պահում, այլ երբ տնտեսական շահը պահանջեր՝ վարձկաններ էին բերում:

Սա է պատճառը, որ Կարթագենը հակված էր խաղաղության և շարունակաբար տարածքներ էր զիջում Հռոմին՝ իբր խաղաղություն ունենալու համար, ուղղակի, որ հանգիստ բիզնես անեն՝ առևտուր անեն:

Իսկ Հռոմը այս համաձայնությունները կնքում էր ժամանակ շահելու և նոր պատերազմի պատրաստվելու համար: Ու քանի որ Կարթագենի էլիտան խաղաղության էր ձգտում՝ աքսորում է իր լավագույն զորավար Հանիբալին, որ իբր շառից հեռու, որն հերթական պատերազմի էր ուզում պատրաստել Կարթագենը և ինչ-որ պահի փորձում է իշխանության գալ, ինչում չի հաջողում:

Երրորդ պատերազմը տեղի է ունենում հենց Կարթագենի տարածքում, քանի որ մինչ այդ ինչ կար չկար խաղաղության դիմաց տվել էր Հռոմին: Երեք տարի անց ամբողջ պետությունը հողին են հավասարեցնում, և Կարթագենը վերանում է:

Հետևեք Նիկոլի բանաձևերին. եկել նստել ենք աշխարհի խաչմերուկում ու ուզում ենք հանգիստ ապրել՝ գլուխներս կախ առևտուր անելով և տարածաշրջանային հյուրատուն դառնալով: Սա, իհարկե, չի ստացվելու, որովհետև տարածաշրջանի գինն իմացողները, օրինակ, Թուրքիան կամ Իրանը, չեն թողնելու՝ փորձելու են իրենց գերիշխանությունը ունենալ տարածաշրջանում: Այս ամենը երկարաժամկետ խաղ է: Եվ, եթե ձեզ թվում է, թե հիմա խաղաղության մեջ ենք, և Նիկոլ անունով անձը ձեզ խաղաղություն է բերել, ապա հիշեք Կարթագենը, որ շուրջ 30 տարի կիսախաղաղություն ստացավ, անընդհատ տարածքներ զիջեց դրա դիմաց, բայց ի վերջո հողին հավասարեցվեց:

Մարդիկ կգան կասեն՝ բա ՄԱԿ կա հիմա, աշխարհի ոստիկան կա (ԱՄՆ), որ դա տեղի չունենա, և կգնան հանգիստ իրենց առևտուրն անելու: Իսկ ես գիտեմ պատմություն (քիչ, շատ չէ) և գիտեմ մարդուն ու իմ հարևաններին ու գիտեմ, որ այդ համաշխարհային սոցիալական պայմանագիրը (ՄԱԿ ստեղծման շուրջ) արդեն ավարտին է մոտենում: Կարող է դեռ մի քանի տասնամյակ էլ ձգել, բայց դա չի նշանակի, որ չի փոխվի աշխարհակարգը: Իսկ սրա փոփոխությունը համաշխարհային նոր ցնցումների, այն է՝ պատերազմների սկիզբն է: Ու եթե մենք տարված ենք լինելու առևտրով, ապա վերանալու ենք:

Կարճ ասած, մեր փրկությունը հեղափոխությունն է և այս տարածաշրջանում ոչ առևտրային և ոչ էլ զուտ տնտեսական շահեր հետապնդող պետության ստեղծումը: Այլ հայի անվտանգության երաշխիք պետության ստեղծումը:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3229

Մեկնաբանություններ