ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ապագա «պաշտոնական Երևանի» տեսակետները և առաջնահերթությունները

Ապագա «պաշտոնական Երևանի» տեսակետները և առաջնահերթությունները
11.10.2023 | 06:51

Հայաստանը դառնում է անձայն, անտեսակետ պետություն։ Սա չափազանց վտանգավոր է. մոտավորապես այդպիսին էր Արցախը վերջին 9-10 ամիսների ընթացքում, ինչը բերեց աղետի։ Ես ունեմ ծանր մտավախություն, որ նույն ճանապարհով այժմ գնում է Հայաստանը։

Ֆորմալ՝ կա իշխանություն, «պաշտոնական Երևան», բայց մենք գիտենք, որ դա իրականում մի մարդ է, որի որոշումների կայացման մեխանիզմները և մոտիվացիաները լուրջ հարցեր են առաջացնում։

Բայց նույնիսկ առկա ֆորմալ իշխանության մեջ բացարձակ խառնաշփոթ է։

Հայաստանը դառնում է անդեմ պետություն, որն այլևս ի վիճակի չէ ձևակերպել պետական, ազգային շահ ու օրակարգ։ Հենց նման «ներքինի» պետություններից են պահանջում նորանոր զիջումներ։ Նման պետությունների «վրա և հաշվին» են պայմանավորվում ուժային կենտրոնները, ինչը և եղավ, ի դեպ, Արցախում։

Հենց այս իրականությունն է ձևակերպում ընդդիմադիր նոր, սոլիդ հարթակի թիվ մեկ առաքելությունը՝ դադարեցնել Հայաստանի անդեմությունը և սեփական հասարակությանը, հարևաններին ու միջնորդներին ներկայացնել Երևանի ձայնը, պատկերացումները, ձևակերպել պետական և ազգային օրակարգ. նվազագույնը՝ պատասխանել Հայաստանին ուղղված մեղադրանքներին, սպառնալիքներին ու առաջարկներին։

Սոլիդ հարթակից՝ սոլիդ ձևակերպումներ

Այս պահին առնվազն երկու սուր, հրատապ թեմա կա, որոնց մասին անհրաժեշտ է Հայաստանում (կամ՝ Հայաստանից) ձևավորել Նիկոլինից տարբերվող դիրքորոշում, որը վաղը դառնալու է պաշտոնական Երևանի տեսակետը.

1. Արցախ

2. Հարաբերությունները դաշնակիցների և միջնորդների հետ

Արցախ

Նիկոլն Արցախը պատկերացնում է որպես փակ թեմա՝ իջեցված մինչև փախստականներին սոցիալական աջակցության և մասնակի ինտեգրացիայի խնդիր։ Մեզ համար այսօր ծայրահեղ, կենսական անհրաժեշտություն է՝ ձևակերպել, որ Արցախի թեման ամենևին փակված չէ, և զենքի սպառնալիքով բռնի տեղահանությունն ամենևի´ն չի նշանակում հարցի լուծում։ Նոր հարթակը պարտավոր է ձևակերպել արցախահայության՝ սեփական հայրենիք վերադառնալու իրավունքը, ինքնորոշման, ինքնավարության կարգավիճակի հարցը, անվտանգության մեխանիզմի ապահովումը։ 2021 թ-ից հետո թույլ է տրվել ճակատագրական սխալ, և Արցախը ներկայացվել է որպես ռուսական զորքով շրջափակված անկյանք, սև խոռոչ։

Հարթակի (ապագա պաշտոնական Երևանի) խնդիրն է՝ ձևակերպել, թե ինչ է Արցախը։ Դա քաղաքացիական հարուստ ենթակառուցվածքներով հայկական միավոր է, այս պահին՝ լքված շքեղ քաղաքներ ու գյուղեր, համալսարաններ, թատրոններ, հիվանդանոցներ, բիզնեսներ, գործարաններ, ֆերմաներ, բազմադարյա հոգևոր կոթողներ, պապերի գերեզմաններ և այլն։ Հնարավոր չէ երկու օրում լքել հայրենիքը, և այն սահուն համարվի ուրիշինը։ Չկա նման բան, դա ուղղակի անմարսելի է։ Ալիևը դա շատ լավ գիտի, ռուսները լավ գիտեն, արցախցիներն ու մնացյալ հայության մի զգալի մասը դա լավ գիտեն, իսկ Հայաստանի իշխանությունները չեն ուզում այդպես մտածել։ Կա միջազգային իրավունք, կա բանակցային ճիշտ օրակարգ, կա արդարության խնդիր։ Նման բան չի լինում աշխարհում, և մենք չպետք է դառնանք միակը։

Հարաբերություններ դաշնակիցների և միջնորդների հետ

Նիկոլը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ծայրահեղ սրման, դրա դիմաց Արևմուտքից ստանում է բացառապես փաղաքշական կամ ցավակցական խոսքեր։ Փոխարենը՝ Ալիևը ռուսների հետ պահում է լավ հարաբերություններ, իսկ Արևմուտքից ստանում է ամեն հնարավորը և ամեն հարմար պահի դնում է սառը հեռավորություն։ Երևանը չունի արտաքին քաղաքականություն և օրակարգ, Երևանն առաջնորդվում է ՄԵԿ հոգու պերսոնալ արկածախնդրությամբ։ Իսկ սա նշանակում է՝ վտանգի տակ դնել մեր երկրի ամեն մետրը, մեր բոլոր սահմանները, մեր բոլորի ընտանիքները։ Շարունակվի այսպես՝ Ալիևի 8 անկլավի պահանջը երջանկություն ենք համարելու։

Հետևաբար, նոր հարթակի կարևորագույն խնդիրն է՝ հնարավորինս արագ ձևակերպել այլընտրանքային տեսակետներ, որոնք որոշ ժամանակ անց դառնալու են պաշտոնական Երևանինը:

1. Դադարեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների ծայրահեղ վատացումը։ Զրոյացնել պրոցեսը և սկսել խոսել։ Մենք ունենք դժվար հարցադրումներ Ռուսաստանին, մենք պատրաստ ենք լսել նրանցը, բայց մեր նպատակը հարաբերությունների կարգավորումն է, իրավիճակի շտկումը և համատեղ աշխատանքի պատրաստակամությունը։

2. Դադարեցնել լինել Շառլ Միշելի և Մակրոնի փաղաքշանքի առարկան. դա վերջանում է աղետով։ Հայաստանը պատրաստ է լուրջ, իսկական օրակարգով աշխատելու Արևմուտքի հետ, բայց Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետից։

3. Հայաստանը հստակ ուղերձներ պետք է ուղղի Ադրբեջանին և Թուրքիային՝ շեշտելով տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության սեփական տեսլականը։

4. Հայաստանը պետք է գնա Իրանի և Վրաստանի հետ խոր հարաբերությունների ձևավորման ճանապարհով։

Ապագա հարթակը, անշուշտ, ունի այլ կարևորագույն անելիք ևս, որի մասին կգրեմ հաջորդիվ։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3822

Մեկնաբանություններ