ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Երբ լրջանանք, պահի լրջությունը կհասկանանք

Երբ լրջանանք, պահի լրջությունը կհասկանանք
09.08.2023 | 15:41

Այն, որ պատմությունը կրկնվելու հակում ունի՝ շատերդ գիտեք:

Որ մենք էլ ազգովի խրատվող, պատմությունից դասեր քաղող, հետևություններ անող չենք՝ կարծում եմ դա էլ կփաստեք:

Ժամանակին, ինչպես Չարենցն էր ապշած, երբ Ադանայի հայերին մորթազերծ էին անում, բայց Պոլսի հայերը դեռ շարունակում էին սրճարաններում վայելել իրենց թեյը, ապա հիմա, Մեծն պոետից ոչ պակաս էլ ես եմ զարմացած՝ տեսնելով շատերի անտարբերությունը, կարեկցանքի ու ապրումակցման բացակայությունը արցախահայերի հետ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների նկատմամբ:

Այս աստիճա՞ն ապատիա, մորթապաշտություն ու էգոիզմ:

Էլ չեմ խոսում այս ամենին ուղեկցող անտագոնիզմի մասին:

Ժողովու՛րդ, նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, որոնք սովամահության շեմին, էքզիստենցիալ վտանգի առաջ՝ կենաց մահու պայքար են տալիս:

Մաքառում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի, իրենց հող ու ջրի, վաղվա Հայաստանի լինելու համար:

Կարծում եք՝ մեր հայրենակիցներին Արցախով հանդերձ զոհաբերելով այդքան փափագած և ձեզ խոստացված խաղաղությու՞նն է գալու, հանգիստ ու անվտանգ ապրելու՞ եք:

Ծանոթ չե՞ք Ալիևի պլաններին, ծավալապաշտական նկրտումներին:

Չգիտե՞ք, որ Արցախը մարսելուց հետո, հերթը Հայաստանինն է:

Թե՞ իրոք հավատում եք, որ նա հրաժարվելու է մեր սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիքներից, բավարարվելու է Արցախով ու կանգ է առնելու:

«Խաղաղության պայմանագի՞րն» է ապահովագրելու մեզ վերջինիս առավելապաշտական ծրագրերից:

Իհարկե՝ ո՛չ:

Հարգելինե՛րս, եղանակի տեսությունն ամեն օր, օրը մի քանի անգամ, իսկ այսօր ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը հեռարձակել է 35 րոպեանոց «փաստավավերագրական ֆիլմ», որը ներկայացնում է ՀՀ ողջ սուվերեն տարածքը որպես Ադրբեջանի տարածք։

Չե՞ք կարծում, որ թշնամին անկեղծ է իր ցանկություններում.

նրա նպատակը Հայաստանի վերացումն է և այդ առումով վերջինս բնավ «պառաժ» չի անում:

Ինչևէ, այս ամենը գիտակցելու ճգնաճամի հետևանք է:

Արցախում, ցամաք հացով ապրող հայը, հողին կպած պայքարում է իր տարրական իրավունքների համար, հաստատակամ է, ընկճախտ չի դրսևորում, սակայն արդեն իսկ նկատելի է Արցախի նախագահի թևաթափությունը:

Վերջինիս՝ երկրի ղեկավարին ոչ հարիր մելամաղձոտ ու սրտաճմլիկ խոսույթը հունից հանում է շատերիս:

Լսելով՝ «Կարծես լուռ համաձայնություն կա՝ մեզ թողնել Ադրբեջանի հետ մեն-մենակ, «Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը, «սա պատերազմի շարունակություն է պաշարման միջոցով` Արցախը դարձնելով մեծ համակենտրոնացման ճամբար և իրականացնելով ցեղասպանություն» հայտարարությունները, ակամա հարց ես ուզում հղել նրան.

«Եղբա՛յր», դու ընդհանրապես տեղյա՞կ ես ինչ է կատարվում Արցախում:

Նո՞ր ես հասկացել վերը թվարկածդ:

Կամ դու այլ բան էիր ակնկալու՞մ, առավել ևս քո կառավարման արդյունքում:

Ադրբեջանը նոր չէ որ հրաժարվել է եռակողմ հայտարարությունից, առավել ևս պատերազմը շարունակելուց:

Ռուսաստանը նույնպես վաղուց հրաժարվել է իր իսկ ճարտարապետության արդյունքից:

Ոչինչ չտվող, ընդամենը գութ ու խղճահարություն առաջացնող խոսքերի ու անիմաստ նստացույցերի, աշխարհի արձագանքին սպասելու փոխարեն, մտածե՞լ ես, թե կոնկրետ դու, քո մասով ինչ պետք է անես և ինչ չպետք է անես՝ իրավիճակը փոխելու, ճգնաժամից դուրս գալու համար:

Մինչ Ադրբեջանական ՀԿ-ները բաց նամակ են հղում Կարմիր խաչին՝ առաջարկելով Արցախ մարդասիրական բեռներ հասցնել ավելի կարճ՝ Աղդամի ճանապարհով, Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն էլ մերժում է «Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման»՝ դեպի Հակարիի կամուրջ ավտոերթն ուղեկցելու դիմումը, դու որպես երկրի նախագահ, պետության անունից պաշտոնապես ի՞նչ պետք է ասես ու պահանջես կոնկրետ

ՌԴ-ից:

Երբ Լենցովի տեղակալ Սազոնովը պատասխանում է «ժողովրդական շարժման» նամակին, ասելով, թե «Նոյեմբերի

9-ի հայտարարությունը չի նախատեսում ավտոերթերի ուղեկցում, ինչպես նաև տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովում։ Տրանսպորտային անցակետերով երթևեկության ժամանակ խաղաղապահ զորակազմը ստուգում է արգելված իրերի, մասնավորապես, հրաձգային զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը», ո՞վ պետք է վերջինիս ասի, որ՝

* ավտոերթի ուղեկցում այո՛ չի նախատեսված նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ուրեմն մի ուղեկցեք, բայց ապահովելն ազատ ու անկաշկանդ երթևեկը և երթևեկի ապահովությունն ու անվտանգությունը միջանցքի ողջ հատվածով՝ համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի դուք պարտավոր եք:

ՈՒ դա անկախ մեքենաների թվաքանակի, անկախ նրան, թե այն կլինի շարասյուն, թե առանձին երթևեկ:

* Տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովում այո՛, ևս չի նախատեսվում. բա այդ դեպքում ու՞մ անվտանգությունն էիք ապահովում ձեր ենթակայության ու ձեր պատասխանատվության տակ գտնվող տարածքում. ադրբեջանական «էկոակտիվիստների՞», թե՞ մեր:

* Ասում եք՝ տրանսպորտային անցակետերով երթևեկության ժամանակ խաղաղապահ զորակազմը ստուգում է արգելված իրերի, մասնավորապես, հրաձգային զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը. Հարց չկա, ստուգե՛ք, դեմ չենք: առավել ևս, որ առանց էքսցեսների, խաղաղ երթ է նախատեսված:

Եվ ուրեմն ի՞նչն է խանգարում առանց ուղեկցության նման երթի իրականացումը:

Էլ չեմ խոսում այն մասին, թե առհասարակ պե՞տք էր նման հարցով դիմել ՌԴ խաղաղապահներին:

Ի՞նչ էիք սպասում նրանցից, մանավանդ որ խիստ ենթադրելի էր թե՛ ակնկալվող պատասխանը, և թե՛ նրանց վերաբերմունքը:

Եվ որ ամենազավեշտալին է.

դուք փակողից ուղեկցու՞մ եք ակնկալում:

ՈՒրիշ հարց է, թե արդյոք ցանկալի արդյունք կտա՞ր նման նախաձեռնությունը, կամ թե այն իր բովանդակությամբ արկածախնդրություն է, հերոսություն, ճիշտ թե՞ սխալ քայլ:

Այլ հարց է նաև այն, որ գուցե նույնիսկ լավ է ու ճիշտ, որ ՌԴ խաղաղապահներն այդուհանդերձ թույլ չեն տվել նման ակցիայի իրականացումը:

Ինչևէ, կարելի է հազար ու մի բողոքի ակցիաներ անել հանուն Արցախի, լսել տարբեր երկրների կողմից Ադրբեջանի հասցեին դատապարտող հայտարարություններ ու պահանջներ, սակայն փաստը մնում է փաստ, որ՝

Լաչինի միջանցքը կարող է բացվել եթե՝

1. Հայաստանը կատարի Ադրբեջանի պահանջը և համարժեք միջանցք տրամադրի ՀՀ տարածքով դեպի Նախիջևան։

Այլ կերպ ասած՝ նույն կարգավիճակով միջանցք միջանցքի դիմաց:

(Մինչ այսօր այս տարբերակը ՀՀ իշխանությունները կտրականապես բացառել են):

2. Զենքի ուժով, որը, չի արվի: (պատճառները ժամանակին թվարկել եմ):

Ի դեպ, սա այն պարագայում, երբ

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից երեք տարի շարունակ արգելափակված էր, բայց այն 1992 թ մայիսին բացվեց ոչ թե միջազգային հանրության, այլ մի խումբ հայ մարտիկների շնորհիվ:

Եվ չի բացառվում, որ 31 տարի անց Լաչինի միջանցքը հնարավոր կլինի բացել նույնկերպ:

(Սակայն, սա դեռևս չի նշանակում, որ եթե մի անգամ դա արել ենք, ապա այս անգամ ևս հաջողելու ենք:

Իրավիճակ է փոխվել, ժամանակներն ու հնարավորություններն այլ են, «տերտերն էլ ամեն օր գաթա չի ուտում»):

Իհարկե բացման դեպքում ճանապարհը պետք է ծառայի կյանքի ու սնունդ հասցնելու, այլ ոչ թե արտագաղթի համար:

Քանզի անգամ Ադրբեջանն է պատրաստ արտագաղթի ճանապարհ տրամադրել, իսկ դա կնշանակի Արցախի վերջնական հայաթափում:

Այս համատեքստում կա ևս մեկ շատ վտանգավոր նարատիվ.

շրջանառվում է խոսակցություն, թե եթե Ադրբեջանը չբացի ճանապարհը, ապա Արցախի բնակչության անձնական անվտանգությունը ապահովելու համար պետք է Արցախից դուրս բերել բոլոր 120 000 մարդկանց։

Չհիշեցնե՛մ, որ այսպիսի վտանգավոր ու կործանարար թեզը խոսում է Արցախի անվերադարձ կորստի, հետևաբար՝ Արցախի հարցի վերջնականապես փակման մասին:

Որպես հետևանք էլ հեռվից ականատեսն ենք դառնալու Ստեփանակերտի՝ «Խանքենդի», Մարտակերտի՝ «Ագդերե», Մարտունու՝ «Խոջավենդ» դառնալուն, եղբայրական գերեզմանոցը հողին հավասարեցնելուն, Սուրբ Աստվածամոր տաճարի, Գանձասարի ու Ամարասի մզկիթի վերածվելուն:

Այնպես, ինչպես դա արվեց Շուշիի՝ Սուրբ Ղազանչեցոցի, Բերձորի՝ Սուրբ Համբարձման եկեղեցիների հետ:

Կամ հիմնահատակ կավիրվեն, ինչպես Շուշիի Կանաչ ժամը, Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիները:

Հայկական հետքը թուրքական ձեռագրով իսպառ ջնջվելու է:

Այնպես, ինչպես մոտ 1500 տարի գոյություն ունեցող Հռոմեական կայսրությունն անկում ապրեց, երբ Կոստանդնուպոլիսը 50 օր պաշարմանը դիմանալուց հետո ընկավ, և այդ օրվանից թnւրք սուլթանը տիրեց քաղաքը:

Վերջինս քաղաքն անվանափոխեց «Ստամբուլ», ջնջեց կամ սեփականաշնորհեց պատմությունը, իսկ քրիստոնեության հետքերը մահմեդականացվեցին:

«Այա Սոֆիան» մեր բոլորի աչքի առաջ ներկայիս սուլթան Էրդողանի թեթև ձեռքով վերածվեց մզկիթի:

Ի դեպ, քրիստոնեության ամենամեծ մայրաքաղաք Կոստանդնուպոլիսն էլ հանձնվեց քրիստոնյա աշխարհի լուռ համաձայնությամբ, «Այա Սոֆիայի»՝ մզկիթի վերածումն էլ աշխարհը հանդուրժեց:

Իսկ Այսօր Արցախը պաշարմանը դիմանում է արդեն 235 օր ու միտք էլ չունի հանձնվելու:

Բայց լավ իմացեք, որ Արցախի հանձնվելու դեպքում՝ Հայաստանին սպառնում է նույն Հռոմեական կայսրության ճակատագիրը:

Եվ սա առանց պաթոսի ու չափազանցության:

Այս օրերին հաճախ հնչում են նաև տեսակետներ ու հայտարարություններ, որ Լաչինի միջանցքը Հայաստանը պետք է բացի ռազմական ուժով:

Եթե Հայաստանն ունենար այդ ուժը, կամ ուժի պարագայում կամք, ապա իհարկե վայրկյան իսկ հապաղել պետք չէր:

Բայց, կասկած չկա, որ Ադրբեջանի հաշվարկներից մեկն էլ այդ ուժի կիրառումն է, որը Բաքվին կտա առավել մեծ ուժի կիրառման լեգիտիմ հիմք:

Այլ կերպ ասած, ուժի կիրառումը չի լուծի այն խնդիրը, որ կա Արցախում, բայց փոխարենն Ադրբեջանին կընձեռի իր խնդիրներն ու ցանկությունները ավելի արագ լուծելու ալիբի ու հնարավորություն:

3. Համակարգված քայլերով (հուլիսի 19-ին հրապարակածս Կոչ-առաջարկիս դրույթների համաձայն):

Այս ամենը գիտակցելու, հետևաբար սառը դատողությամբ գործելու համար է:

Ամեն դեպքում, ինչ էլ որ արվելու է, մենք պետք է անենք:

Ոչ ոք պարտավոր չէ և չի էլ պատրաստվում մեր հող ու ջրի համար և հանուն մեզ պայքարել։

ՈՒստի մի գաղափարի շուրջ համախմբումն ու միասնականությունն է այս ամենի ելքը։

Վստահեցնում եմ՝ ողջ հայության գեթ 10 տոկոսը եթե դուրս գա պայքարի՝ համակարգված աշխատանքի արդյունքում հաջողություն միանշանակ կգրանցվի:

Էլ չասեմ, որ այդժամ միջազգային հանրության վերաբերմունքն էականորեն կփոխվի ու գետնի վրա կտեսնենք իրական փոփոխություններ:

Ցավոք, դեռ չեմ տեսնում, որ ժողովրդի գոնե 5 տոկոսը պատրաստ լինի պայքարելու, գոնե ընդվզելու:

Ընդհակառակը՝ ականատես եմ համատարած ապատիայի:

Երանի եմ տալիս տեսնել 88 թվականն այսօր:

Հուսամ՝ շուտով գալու է այդ օրը, երբ յուրաքանչյուրս մեկ մարդու պես դուրս ենք գալու փողոց ու զորավիգ լինենք արցախահայությանը:

Հուսամ՝ չենք ուշացնի,

Հուսամ՝ հայավարի չենք թողնի, որ դանակը հասնի ոսկորին:

Հուսամ՝ հասկանում եք, որ այս ամենը մարսելու դեպքում մեր բոլորիս կյանքը դժոխքի են վերածելու:

ՈՒժ և կորով Արցախի մեր քույրերին ու եղբայրներին:

Դուք ուժեղ եք, անսասան, հոգին ձեր անկոտրում է:

Չհուսահատվե՛ք, մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար:

Այս տառապանքների ու մղձավանջի էջն էլ է փակվելու:

Ամեն ինչ լավ է լինելու:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2899

Մեկնաբանություններ