ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խաղաղություն կոչված խաբկանքը

Խաղաղություն կոչված խաբկանքը
01.06.2023 | 14:20

2020-ի նոյեմբերից հետո իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում էին բուժել պատերազմի վերքերը, ու եթե Ադրբեջանը արագ տեմպերով փորձում էր վերականգնել կորցրածն ու ամրանալ դիրքերում, ապա Հայաստանը գերադասեց թուլանալ ու պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքին։

2021-ի մայիսին Ադրբեջանը առաջին հարձակման փորձն արեց՝ ստուգելու իր զորքի մարտական վիճակը։ Գրավեցին Գորիսի Սև լիճն ու Վարդենիսի Կութ գյուղի դիմացի դիրքերը։ Հայաստանը շարունակեց զբաղվել ինքնախաբեությամբ և պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքին։

2022-ի գարնանը Իլհամ Ալիևը պայման դրեց Նիկոլ Փաշինյանի առաջ, որ պետք է հանձնվի Բերձորը։ Նիկոլը համաձայնեց։ Օգոստոսին Ադրբեջանը տեղային հարձակումներ գործեց Արցախի առաջնագծի ուղղությամբ՝ պահանջելով հանձնել Բերձորը։ Հայաստանը կարող էր մի քանի օրում վերաբնակեցնել Բերձորը և պահել այն, մանավանդ, ռուսական կողմից կար նման ներքին առաջարկ՝ մնալ Բերձորում, եթե այնտեղ ապրեն 800-1000 հայեր։ Բայց Հայաստանի իշխանությունը գերադասեց կատարել Ադրբեջանի պահանջը, ևս մեկ նահանջ քայլ արեց՝ շարունակելով պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքին և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։

2022 թվականի ընթացքում Ադրբեջանը 12 անգամ զորավարժություն էր արել, և պետք էր զորքի մարտունակությունը ստուգել իրական մարտադաշտում։ Սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա ու կարողացավ 2 օրվա ընթացքում գրավել Հայաստանի տարածքից մոտ 120 քկմ՝ ՀՀ-ից գրաված տարածքները հասցնելով 150 քկմ-ի։ Հայաստանի իշխանությունը վախեցավ կամ չուզեց համարժեք պատասխան տալ՝ շարունակելով պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքին և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։

2022-ի դեկտեմբերին Ադրբեջանի ռազմական ու քաղաքական ցինիզմը հասավ այն աստիճանի, որ փակեց Արցախի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը՝ լիարժեք շրջափակում իրականացնելով Արցախի 120.000 հայերի նկատմամբ։ Հայաստանը շարունակեց խնդրել ու բանակցել՝ պատրաստվելով խաղաղություն կոչված խաբկանքին և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։

2023-ի ապրիլին արդեն բավականաչափ ինքնավստահ դարձած Ադրբեջանը պահանջեց Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Հայաստանի իշխանությունը, որը, բացի ներքին խարդավանքներից ու պետական բյուջեն թալանելուց, ուրիշ բան չէր արել 2 տարվա ընթացքում, շարունակեց պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքին և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։

2023-ի մայիսին Ադրբեջանը նոր ռազմական հարձակում իրականացրեց, այս անգամ՝ Վարդենիսի Սոթքի ուղղությամբ։ Քիչ թե շատ մեջքը շտկած հայկական բանակը այստեղ արժանի պատասխան տվեց թշնամուն, ոչնչացրեց ավելի քան 18 ադրբեջանցու, գրավեց թշնամու զբաղեցրած առնվազն 3 հայկական դիրքեր։ Բայց Հայաստանի իշխանությունը, փոխանակ օգտվեր մեր բանակի հաջողությունից, կատարեց Ադրբեջանի պահանջը, և մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի տարածքում։ Հայաստանը շարունակում է պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքին և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։

2023-ի հունիսից մինչև օգոստոս Ադրբեջանը կշարունակի ներկրել նոր զենքեր ու տեղային կամ լայնածավալ հարձակումներ կիրականացնի Հայաստանի առաջնագծի տարբեր հատվածների ուղղությամբ, կփորձի գրավել նոր դիրքեր ու մոտենալ հայկական բնակավայրերին՝ սպառնալիքի տակ դնելով հայ բնակիչների կյանքը։ Ադրբեջանը նոր սպառնալիքներ կստեղծի Արցախի նկատմամբ, գուցե կրակի նաև Արցախի բնակավայրերի վրա։ Հայաստանի իշխանությունը կշարունակի պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքին և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։

2023-ի աշնանը Ադրբեջանը շատ ավելի պատրաստ կլինի լայնածավալ պատերազմի և հնարավոր է՝ այդպիսի փորձ կատարի Հայաստանի նկատմամբ։ Նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Ադրբեջանը կշարունակի սահմանային սադրանքները և լարվածությունը։ Ադրբեջանը աշնանը փոքր մասշտաբների ռազմական գործողություններ կիրականացնի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի նկատմամբ։ Հայաստանի իշխանությունը կշարունակի պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքին և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։

2023-ի ձմռանը Արցախը պատրաստ կլինի շրջափակմանը, ապահովված կլինեն անհրաժեշտ պաշարները, ինչը կնյարդայնացնի Ադրբեջանին, ու նա շատ ավելի կոշտ միջոցներ կգործադրի Լաչինի միջանցքում, կփորձի մարդկանց առևանգել, կրակել բնակավայրերի վրա։ Ադրբեջանը ձմեռային իրավիճակում կփորձի իր զորքի մարտունակությունը Հայաստանի Վարդենիսի և Ջերմուկի ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունը կշարունակի պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքին և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։

2024-ի ընթացքում Ադրբեջանը լիարժեք պատրաստ կլինի լայնածավալ պատերազմի, չեմ կասկածում, որ հենց Հայաստանի նկատմամբ դա կիրականացնի։ Արցախում կենսական պայմաններն ավելի կվատանան, խնդիրներ կստեղծվեն ջրի, էլեկտրաէներգիայի մատակարարման առումով։ Ադրբեջանը կփորձի անօրինական մուտք գործել ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի և մարդկանց առևանգել, խուճապ տարածել։ Հայաստանի իշխանությունը կշարունակի պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքին և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։

2025-ի գարնանը Ադրբեջանը պաշտոնապես կհայտարարի, որ ռուսները պետք է դուրս գան Արցախից, և ոչ մի կերպ չի համաձայնի երկարաձգելու խաղաղապահների գործունեության ժամկետը։ Հայաստանի իշխանությունը ձեռքերը կլվանա Արցախից ու խնդրի լուծումը կթողնի ռուսների ուսերին։ Արցախը կմնա լիովին մենակ, ինչպես 1990-ականներին ու կսկսի ինքնապաշտպանական մարտեր։ Հայաստանի իշխանությունը կշարունակի պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքին և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։

2025-ին մենք կկարողանանք հաղթել թշնամուն ու ազատագրել Արցախի մնացյալ մասը կամ կկորցնենք ամբողջ Արցախը, Ադրբեջանի զորքը կմտնի Սյունիք, ցամաքային կապ կունենա Նախիջևանի հետ, կհասնի Սևանա լճի ափերին ու Վայոց ձորի, Արարատի և Տավուշի բազմաթիվ տարածքներ կգրավի։ Հայաստանի իշխանությունը գուցե շարունակի պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքին և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։

Բայց այդ ժամանակ հայ ժողովուրդը գուցե վերջապես հասկանա, որ իր դեմ ներքին թշնամին է գործել, գուցե չհասկանա ու շարունակի նվաստանալ թուրքի դիմաց։

Այդ ամենը 2021-2023թթ․ կարող էր ու 2023-2025թթ․ կարող է նաև չլինել, բայց… Երևի ժողովուրդը սիրում է նվաստանալ:

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3115

Մեկնաբանություններ