ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՄԷ-ն ապրելու համար լավագույն երկրներից մեկն է

ԱՄԷ-ն ապրելու համար լավագույն երկրներից մեկն է
11.04.2017 | 11:57

Տարիների ընթացքում ԱՄԷ-ի կրած փոփոխությունների և առաջընթացի մասին, բացի փաստաթղթերից, փաստագրական լուսանկարներից, կարող են վկայել նաև մարդիկ, ովքեր տասնամյակներ են այստեղ ապրում և իրենց մաշկի վրա են զգացել այդ փոփոխությունները: Իմ զրուցակիցն Աբու Դաբիի հայ համայնքի ներկայացուցիչներից ԱՆԻ ԲԱՐՍՈՒՄՅԱՆՆ է, որ երեսուներեք տարի ապրում է ԱՄԷ-ում: Նա պայմանների բերումով սկզբում ապրել է Շարժա էմիրությունում, հետո հաստատվել մայրաքաղաք Աբու Դաբիում: Զրուցակիցս նաև տասներկու տարի աշխատում է երկրի առաջատար բանկերից մեկում՝ «Շարժա» բանկում:

Ի՞նչ են նրան տվել ԱՄԷ-ում ապրած տարիները. «Ամենակարևորը՝ ընտանիքս է այստեղ ապրել: Երեք զավակներս էլ այստեղ են ծնվել և մեծացել: Երեսուներեք տարի այստեղ ապրելը կյանքիս կեսից ավելի է: Աշխատանքս, զավակներս, բարեկամներս… կյանքս հիմա այստեղ է: Սկզբում Կանադայից եկանք Շարժա՝ ընդամենը երկու տարով: Ամենը, ինչ որ գնում էինք, գնում էինք Կանադայի համար: Բայց մնացինք: Իսկ հետո տեղափոխվեցինք Աբու Դաբի: Հիմա, եթե հարցնեն որտեղից ես, կասեմ Աբու Դաբիից»: Ինչպես նկատեցիք, մենք խոսում ենք երկու էմիրությունների՝ Աբու Դաբիի և Շարժայի մասին: ԱՄԷ-ի էմիրությունների տարբերություններն ակնհայտ են: Դրանք պայմանավորված են բազմաթիվ հանգամանքներով: Իսկ ինչպիսի՞ն են այդ տարբերությունները զրուցակցիս տեսանկյունից: Նրա խոսքով՝ նախկինում Աբու Դաբին բյուրոկրատական քաղաք էր, որտեղ մարդիկ հիմնականում աշխատում էին նավթարդյունաբերության ոլորտում և պետական կառույցներում: Կյանքը հանդարտ էր, աշխատաժամերը՝ կարճ, այսօր պատկերը փոխվում է, Աբու Դաբին աշխուժանում է, տարբեր ոլորտներում է զարգացում նկատվում. «Իսկ Շարժան և Դուբայը տարբեր են, ավելի ինդուստրիալ են, ավելի շատ գործարաններ կան, մարդիկ ավելի երկար են աշխատում, կյանքը տարբեր է: Հնարավոր է, որ ես էլ ժամանակի ընթացքում փոխվեցի, ավելի հանդարտվեցի, վարժվեցի այս կյանքին: Հիմա, եթե ինձ ասես Շարժա կամ Դուբայ գնա, անմիջապես հետ կգնամ: Ցանկացած մայրաքաղաք, ի տարբերություն մյուս քաղաքների, տարբեր մտածելակերպ ունի, մանավանդ եթե տարբերություն կա ինդուստրիալ կամ այլ առումով: Բոլոր էմիրություններն են ապահով զավակներ մեծացնելու համար:

Կառավարությունը հետևում է երկրի անվտանգությանը, և որևէ մեկը չի կարող սխալ քայլ կատարել: Անչափ հետաքրքիր է երեխաների համար, բավական անելիքներ ունեն այստեղ»: Ի դեպ, տիկին Անիի զավակները դպրոցական տարիներին սովորել են ԱՄԷ-ում, իսկ բարձրագույն կրթություն ստանալու համար տեղափոխվել Կանադա: ԱՄԷ-ում էլ կան համալսարաններ, ինչո՞վ է պայմանավորված նրանց Կանադա ուղարկելը: Նրա խոսքով՝ առաջին հերթին զավակները Կանադայի քաղաքացիություն ունեն, երկրորդ՝ չնայած ԱՄԷ-ի բազմաթիվ առավելություններին, այս երկիրն իրենց չի պատկանում, և մի օր բոլորն էլ պետք է մեկնեն: Ծնողներն ավելի հեռատես են գտնվել. «Զավակներս Կանադայում, Ամերիկայում կամ Եվրոպայում պետք է աշխատեին: Ավելի լավ էր համապատասխան կրթություն ստանային: Այնտեղ բոլորովին տարբեր է, չեն ընդունում այստեղի փորձառությունը»: Կարելի է ասել՝ ծնողների ներդրումն արդարացվել է: Կրթություն ստանալուց հետո երեքն էլ աշխատում են և կարողացել են մասնագիտական ասպարեզներում իրենց դրսևորել: Նրանցից մեկը վերադարձել է ԱՄԷ, այստեղ է ապրում և աշխատում, երկուսը մնացել են Կանադայում: Տիկին Անին վստահեցնում է՝ հարմար առիթով նրանք միշտ նշում են, որ ծնվել և մեծացել են ԱՄԷ-ում: Այդ տարիները վառ են նրանց հիշողության մեջ:


Անի Բարսումյանն ինքնավստահ, հեշտ հարաբերվող, իր ասպարեզում կայացած կին է: Իսկ ի՞նչ դեր ունի այդ ամենում ԱՄԷ-ն. «Կանանց իրավունքներն այստեղ պաշտպանված են: Այս երկիրը շատ բաց է: Ընդհանրապես անապատի ժողովուրդը միշտ հյուրընկալ է եղել, ընդունել է տարբերությունները: Ես, կին լինելով, որևէ դժվարության աշխատանքի ասպարեզում չեմ հանդիպել: Երբ գործդ գիտես, երբ գիտես, թե ինչ ես անում, հարգանքով և ինքնավստահությամբ ես մոտենում ցանկացած հարցի, խնդիրները լուծվում են»: Նրա խոսքերից դատելով՝ ԱՄԷ-ն կրթությունը, մասնագիտական կարողություններն ըստ արժանվույն գնահատող երկիր է, այդուհանդերձ, դժվարություններ էլ կան . «Դժվարություններ, իհարկե, կան, որոնց հանդիպում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Սահմաններ կան, որոնք կարող ես հաղթահարել, կան սահմաններ, որոնք չես կարող, և պետք է կյանքն ընդունես այնպես, ինչպես կա»: Ոմանց հաջողվում է ընդունել երկրի նիստուկացը, գրված ու չգրված օրենքները և իրենց ինքնությունը չկորցնելով առաջ շարժվել: Առավել աշխատասերները կատարելագործվում են իրենց մասնագիտության մեջ, նոր լեզուներ սովորում կամ նոր ոլորտներ ուսումնասիրում: ԱՄԷ-ն արագ զարգացող երկիր է, որը լճացում չի հանդուրժում: «ԱՄԷ-ում նորարարական, ստեղծագործական մտքով մարդկանց են փնտրում: Օրինակ, Դուբայում մեծ պահանջարկ ունեն մեդիայի, գովազդի ասպարեզի մասնագետները, ստեղծագործական մասնագիտություններն են պահանջված: Նաև պահանջված են մաթեմատիկոսները, ինժեներները: Պահանջված են նաև նոր մասնագիտություններ բերողները, ովքեր կարող են նաև տեղի ժողովրդին սովորեցենել: Այստեղ պետք է բարձր մակարդակի մասնագետ լինել»:


Երեսուներեք տարի ԱՄԷ-ում ապրելով՝ տիկին Անին բոլոր մանրամասներով ճանաչում է երկիրը, կարող է օգտակար խորհուրդներ տալ նոր տեղափոխվողներին. «Սա ինտերնացիոնալ երկիր է: Պետք է բաց լինել, պետք է ընդունել, որ բոլոր մարդիկ տարբեր են, տարբեր դաստիարակություն ունեն: Եթե միտքդ բաց գաս, շատ ավելի սիրով կընդունես այստեղի կյանքը, ավելի կսովորես, ավելի կառնես և ավելի կկարողանաս տալ: Նաև շատ հանգիստ և արևոտ է: Եթե ակտիվ հանգիստ ես սիրում, շատ անելիքներ կան: Ապրելու հաճելի տեղ է»: Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն ապրելու համար լավագույն երկրներից մեկն է, թեև ժամանակավոր բնակության վայր է: Զրուցակիցս չի բացառում՝ հնարավոր է, որ ապագայում մարդիկ այստեղից հեռանալու կարիք չունենան և մշտական բնակություն հաստատեն: Նրա խոսքով՝ կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:

Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր սեփական թղթակից

Դիտվել է՝ 14803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ