ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Բարով վայելեք ձեր ազատությունը. Անահիտ Սահակյան

Բարով վայելեք ձեր ազատությունը. Անահիտ Սահակյան
17.10.2022 | 07:25

Հեռավոր մի գյուղում հեղափոխություն էր արվել և դեմոկրատիա հռչակվել, որի դիմաց վերևներից գյուղապետարանին զգալի գումար էր հատկացվել: Ժողովուրդը՝ ոգևորված, ոգեշնչված, նոր աշխարհում էր հայտնվել։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն մի գյուղապետ էր զգում, քանի որ մերժել էր նախկին թալանչի, ստախոս ու մերժելի գյուղապետին։ Եվ նոր գյուղապետը, որ նախկինում նշանակված էր լինում, դարձել էր ընտրված: Ճիշտ է, արտառոց ոչ մի բան չէր փոխվել, բայց ամբողջ գյուղը՝ մեծից փոքր, հավատացած էին, որ իրենց մե՜ծ ապագա է սպասվում։


Բավականին ժամանակ է անցնում, և կյանքի պայմաններից դժգոհ մի գյուղացի մի օր համարձակվում է, բողոքում ժողովրդավար գյուղապետին.
-Չգիտեմ, ինչից սկսեմ, իմ սիրելի ու պաշտելի գյուղապետ: Տղաս բանակից եկավ, ամուսնացրել ենք, թոռներ ունենք: Ոչ կարող ենք նոր տուն կառուցել, ոչ մեր տանն ենք տեղավորվում: Խնդրում եմ, մի ձևով օգնեք:
-Օգնե՜մ, ախպերս: Գիտես, չէ՞, ինչքան եմ ձեզ սիրում, ձեր մասին մտածում, ձեզնով հպարտանում։ Ամեն ինչ լավ է լինելու, մի պայմանով միայն՝ ինչ ասում եմ, անում եք: Շատ չանցած, տեղներդ այնպես կլենանա, աչքներիդ չեք հավատա...
Ուրեմն, տան մի անկյունում կապում եք կովին, հորթը հետը: Համ տունն ավելի տաք կլինի, համ կաթը շուտ կհասնի երեխեքին, եռացնելու կամ տաքացնելու կարիք չի լինելու, միանգամից խնայողությունն էլ հետն է լինում;


-Վայ, էս ի՞նչ ես ասում, ո՞նց կարելի է...
-Ինձ հո իզուր չեք ընտրել, ասածներս կատարի, շուտով տեղդ կլենանա: Մի ամիս հետո կգաս, մյուս քայլդ կասեմ, կանես:
Մի ամիս հետո գալիս է գյուղացին, ասում, որ հանուն լավ ապագայի, դիմանում են: Հետն էլ, ստեղծված վիճակն էլ իր առավելություններն ունի...
-Դե, ուրեմն, սենյակի մյուս անկյունում ոչխարներդ կկապես: Անմեղ կենդանի են, կովին դիմացողը ոչխարին էլ կդիմանա: Մի ամիս հետո կգաս, կտեսնենք ինչ ենք անում...
Մոլորված գյուղացին գնում է, մի ամիս հետո գալիս.
-Գյուղապետն ապրած կենա, մի կերպ դիմանում ենք: Ո՞վ կպատկերացներ, որ հանուն վաղվա լավ օրվա, ինչերի կարող ենք դիմանալ...
-Բա՜, որ ասում էի՜... Դե, հիմա էլ գնում ես, սենյակի մի մասում ցանցով հավերի համար ես տեղ առանձնացնում: Հենց ձու ածեն, գոլ վիճակում թոռներիդ խմացրեք. Չեն հազա, առողջ, ամուր վաղվա զինվոր կունենանք: Կգաս մի ամիս հետո, արդեն նեղությանդ վերջը կլինի, կսկսենք հաջորդ քայլը:
Գյուղացին մի ամսից գալիս է՝ գունատված, նիհարած, մի քիչ ընկճված...
-Գյուղապետ ջան, էլ դիմանալ չի լինում, էս կյանք չի, մի կերպ ենք դիմանում: Ոչ քնել է լինում, ոչ արթուն ժամանակ՝ նորմալ ապրել։ Իսկ գոմաղբի ու հավի ծերտի հոտից արդեն գժվում ենք․․․Անհամբեր սպասում ենք, երբ է տեղներս լենանալու:
-Բայց դիմացաք, չէ՞... Մարդ որ հավատ ունենա, ինչերի ասես, որ չի դիմանա:
Ուրեմն, գնում ես, հավերին հանում, տեղափոխում հավանոց: Մի ամսից կգաս, կտեսնենք՝ ինչ ենք անում...


Մի ամսից գալիս է, լուրջ ակնկալիքներով.
-Գնում ես, ոչխարներին հանում սենյակից, մի ամսից կգաս՝ տեսնենք ինչ ենք ձեռնարկում...
Մի ամիսն անցնում է, հիմա էլ կովին է սենյակից հեռացնել տալիս, բայց այս անգամ մի շաբաթից գալու պայմանով՝ տուն-տեղ կմաքրեք, կօդափոխեք ու կգաս:
Մի շաբաթ հետո գյուղացին գալիս է՝ ուրախ, հպարտ, աչքերից լույս ճառագելով.
-Հը, ո՞նց եք, ի՞նչ փոփոխություն կա...
-Գյուղապետ ջան, էս տեսակ ազատ ապրելակերպ ենք ունեցել՝ գինը չենք իմացել...
-Բա՜, դե գնացեք, վայելեք... Կարևորը, ժողովրդավար գյուղում եք ապրում, գյուղապետի խոսքին հավատում եք։ Իսկ գյուղապետդ քո ընտրած գյուղապետն է։ Ձեզ սիրող, ձեզնով հպարտացող գյուղապետն է․․․
Մի խոսքով, բարով վայելեք ձեր ազատությունը...

Դիտվել է՝ 13309

Մեկնաբանություններ