Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանին
06.03.2020 | 01:25
Պարոն Նավասարդյան, Դուք նախկինում աշխատել եք դեսպան, այսինքն ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ ներկայացրել եք մեր նորանկախ երկրի շահերը: Չեմ կասկածում, որ Դուք այդ շահը միշտ ներկայացրել եք ըստ արժանվույն և չեմ կասկածում երբևէ Ձեր դիվանագիտական ունակություններին: Ասեմ, որ չաշխատած տարիներին էլ դուք միշտ արժանապատվորեն եք ներկայացել հանրությանը ինչպես հեռուստաելույթներում, այնպես էլ տպագիր մամուլում: Ինչու՞ եմ գրում այս նամակը: Չեմ կարող չգրել, որովհետև այսօր մեր երկրի մտավորականությունը, անկեղծ ասած` նախկինում էլ, բացառությամբ որոշ անհատների, մի բան չի եղել: Չեմ ցանկանում հիշել Լենինի խոսքերը մտավորականության հասցեին, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, եթե մենք ունենայինք արժանի մտավորականներ և ոչ թե հարմարվողների, քծնողների պատկառելի բանակ, այսօր կունենայինք բոլորովին այլ Հայաստան:
Վերջերս ԶԼՄ-ներում լայն քննարկման առարկա էր Մյունխենյան հանդիպումը: Բնականաբար կային Փաշինյանին պաշտպանողների և դատափետողների հոծ խմբեր: Ինչն էր ինձ համար էականը դրանց մեջ, երկկողմանի օբյեկտիվ քննադատության դրական և բացասական գնահատականների պակասը: Ինձ համար էական չէին շատ հոդվածագրերի սիրողական մակարդակի կարծիքները: Երբ լսեցի Ձեր հեռուստաելույթը, անկեղծորեն չոգևորվեցի, պարզապես զարմացա` մտածելով, որ դա երբեմնի լիազոր դեսպան աշխատած մարդն է ասում: Չեմ անդրադառնա Ձեր մտքերին, պարզապես կշարադրեմ իմ մտքերը, որոնց տրվելիք Ձեր գնահատականներից ելնելով կմտածեմ, որ գուցե ես` ոչ դիվանագետս, սխալ եմ, Նավասարդյանը` ճիշտ:
Ես ինչպես կպատասխանեի Ալիևին:
Դուք հին, շատ հին և քաղաքակիրթ ժողովուրդ եք, ավելի, ավելի հին եք, քան Տիգրան Մեծը կամ Մուհամեդ Մարգարեն և այսօր ունեք մի երկիր, որ դրախտ է ադրբեջանցի ժողովրդի համար: Այդ հիանալի երկրում տարիներ շարունակ տարվում է հակահայկական տոտալ քարոզ, ճիշտ այնպես, ինչպես ֆաշիստական Գերմանիայում` հակահրեական: Այն էլ ասեմ, որ Բաքու քաղաքի կառուցման, շենացման համար անուրանելի է եղել հայ ժողովրդի ավանդը, այն քաղաքի, որտեղ 1990 թվականի հունվարին փողոցներում օրերով ընկած էին ձեր երախտապարտ ժողովրդի ձեռքերով խոշտանգված հայերի դիակները: Եվ երբ գտնվեց այդ ժողովրդի մեջ մի ազնիվ մտավորական, գրող Աքրամ Այլիսլի անուն-ազգանունով, որն իր «Քարե երազներ» վեպում հանդգնել էր դրական արտահայտվել հայ ժողովրդի մասին, գրողի ականջները կտրելու համար որպես պարգև խոստացել էին տասը հազար մանաթ: Ճիշտ է, նրա ականջը կտրող չգտնվեց, բայց նա զրկվեց շատ-շատ կոչումներից և ենթարկվում է հալածանքների առայսօր: Այդ քաղաքակիրթ երկրում, որի նախագահն է միջազգային հարաբերությունների ինստիտուտի դիպլոմով «կիրթը», մինչ օրս որևէ գնահատական չի տրվել Սումգայիթ քաղաքում, որի կառուցման գործում անժխտելի են հայերի կատարած աշխատանքները, օրը ցերեկով կատարվածին. նախամարդու բութ գործիքով սպանում, բռնաբարում, փողոցում ողջ-ողջ վառում էին հայերին, ինչու՞: Որովհետև փորձում էին այդ ճանապարհով լռեցնել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշվելու իրավունքը: Եվ նման կարգի վայրագություններ շարունակվել են Կիրովաբադում, Մաղաթայում և շատ ուրիշ տեղեր: Հունգարիայում քնած վիճակում հային կացնահարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին, նյութապես շահագրգռելով Հունգարիայի վարչապետին, տեղափոխում է Ադրբեջան, իբր թե այդտեղ հետագա պատիժը կրելու համար, բայց իսկույն ևեթ ազատում է նրան կալանքից, արժանացնում է երկրի հերոսի կոչման, պարգևատրում է բնակարանով, զինվորական կոչումով, այսինքն փառաբանվում է մի հանցագործ, քանի որ նա հայ է սպանել: Այդ ամենը կատարվում է հումանիստական Ադրբեջանում:
Ադրբեջանում արգելվում է անգամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող հայի մուտքը: Ադրբեջանում այսօր էլ պետական քարոզչության մակարդակի է հայատյացությունը: Այդ երկրում ֆիզիկապես ատում են ոչ միայն հային, այլև հասկանալի պատճառով հայից խլված նրա պատմական հայրենիքում կառուցված բազմաթիվ հուշարձաններ:
Կուզենայի հարցնել պարոն Ալիևին. ի՞նչ եղան մինչև 1991 թվականը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնակչության 48 % կազմող հայերը: Ի՞նչ եղան Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր խաչքարերը, այդ հուշարձանները ինչո՞վ էին խանգարում պարոն «կիրթ»-ին, որ բուլդոզերներով, քաղաքակիրթ մարդկությանը տեսանելի դաշտում, ոչնչացրին` հավասարեցնելով հողին:
Հարց, որ ցավոք, չհնչեց` որտեղի՞ց այդքան ատելություն ձեր ժողովրդի մեջ: Դուք չե՞ք մտածում, որ մեր երկու ժողովուրդները ճակատագրի բերումով ապրելու են կողք կողքի: Ցույց տվեք մի օրինակ, որ Հայաստանում տարվում է հակաադրբեջանական քարոզչություն: Ձեր երկրում տարվող հակահայ պրոպագանդայով դուք գերազանցել եք գեբելսյան պրոպագանդային: Բանը հասել է այնտեղ, որ Երևանը, Սյունիքը համարում եք ադրբեջանական պատմական տարածքներ, և այդ ասում է ոչ թե հնարովի պատմագիտական միտքը, այլ երկրի նախագահը: Այդ երկրում գիտակցականորեն մոլորեցնում են ադրբեջանցի ժողովրդին, նրան կերակրելով պատմական ստով և կեղծիքով:
Ինչ խոսք, դուք ունեք նավթ, ոսկի և հարուստ երկիր եք: Եվ այդ հարստությամբ դուք մեկ անգամ չէ, որ կարողացել եք մոլորեցնել համաշխարհային կարծիքը: 2016 թվականի ապրիլին, իսկ և իսկ հիտլերյան ոճով, խախտելով 1994 թվականից կնքված հրադադարը, հարձակվեցիք Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ, շահեցի՞ք... Ինչ-որ մի Լելե Թեբե` հարյուրավոր աղքատ մայրերի որդիների արյան գնով: Քառօրյա պատերազմի ընթացքում իր ողջ մերկությամբ աշխարհի առջև հառնեց ձեր անասնական ատելությունը մեր ժողովրդի հանդեպ ու ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան դաժանություն կա ձեր մեջ մարդ արարածի նկատմամբ: Ֆաշիստական զինվորին դուք գերազանցեցիք վայրագությամբ: Իր երկրի համար մեռած եզդի զինվորի` Քյարամ Սլոյանի գլուխը ֆուտբոլի գնդակի պես տշում էիք փողոցում և հրճվում: Ձեր երկիրը հիանալի վարպետությամբ կարողանում է պրովոկացիա կազմակերպել, սպանել սեփական ժողովրդին և մեղքը գցել հայ զինվորի վրա: Ո՞վ կազմակերպեց Խոջալուն: Պատասխանը տվել է Ադրբեջանի երբեմնի նախագահ Մութալիբովը: Որքան էլ այսօր նա փորձի հերքել տարիներ առաջ ասված իր խոսքերը, չեխ լրագրողուհու հարցազրույցը ասածիս լավագույն ապացույցն է:
Ո՞վ սպանեց ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևին, որը չեխ լրագրողուհի Մազալովայի հետ անձամբ է տեսել Խոջալու-Աղդամ ճանապարհին սպանված թուրք մեսխեթցիների դիակները, մեկ օր հետո` նրանց գանգամաշկ դիակները և ասել ճշմարտությունը: Ի՞նչ է ասել առաջին օրերին Էյնուլա Ֆաթուլաևը:
Շարունակե՞մ, պարոն նախագահ, թե՞ բավ է, և կատարեմ իմ մտահանգումը:
Այդ բոլորը տեսնելով և ապրելով, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի հայ բնակչությունը ապրել Ադրբեջան կոչված երկրում: Պարոն Իլհամ Հեյդարովիչ, պետական պրոպագանդայի ձեր մեքենան վառել է հետադարձի բոլոր ճանապարհները: Կներեք ոչ դիվանագիտական իմ պատասխանի համար: Սակայն իմ ազգի շահը ստիպեց ինձ լինել անկեղծ: Մնացած դատողությունները թողնում եմ ձեզ, պարոն Ալիև:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ.Գ. Պարոն Նավասարդյան, խնդրում եմ անկեղծ լինել և պատասխանել. ո՞րն է ավելի շիտակ: Իմ պատասխա՞նը, թե՞ ավելորդ, կեղծ, չհիմնավորված պարտվողական դիվանագիտությունը:
Հեղինակի նյութեր
- Նիկոլին «քարշ տալու» սրբազան գործը դրված է հայ ժողովրդի վրա
- Ո՞վ է Գագիկ Ջհանգիրյանը
- Երբ այլևս չես լինի իշխանության, զինվորական տրիբունալը վեր կհանի մեզ պարտադրված պարտության բոլոր պատճառները
- Հիմնական մեղավորը հայ կառավարողներն են
- Իմ գնալուց առաջ թող Հայաստանում ջրհեղեղ լինի
- Ո՞րն է քո մատնության գինը, դավաճան պապի` ֆաշիստներին ծախված ենոքավանցի Նիկոլ Փաշինյանի դավաճան թոռ
- Խրախճանք ժանտախտի պահին
- Ո՛վ մարդկային արդարություն, թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ
- Զոհվածների արյունը երկնքից կանչում է` պատերազմը հասցնել հաղթական ավարտի
- «Պրոֆեսիոնալ» «իմքայլականները» կերան իմ 800 հակ յոնջան և …
- Նիկոլ, իսկ դու արդարացվե՞լ ես, մաքրվե՞լ ես քո քրեական անցյալից
- Վեհափա՛ռ, կրկնեք Գևորգ Հինգերորդի օրինակը, ժամն է գործելու
- Պատմական դեպքերի և դեմքերի համեմատական վերլուծություն
- Որոշ բաշիբոզուկներ փորձում են զրոյացնել մեր կեսդարյա պայքարի իմաստը
- Վերնագիրը վերջում թող ընտրի ընթերցողը (պախարակելի՞ է, որ ո՛չ գոմիկ են, ո՛չ էլ տրանսգենդեր)
- ՈՒ՞ր է մեզ տանելու այս գաղջ մթնոլորտը
- Ո՞վ դուրս թողեց Ղարաբաղը բանակցային գործընթացից
- Ձեր հերթն էլ կգա
- Ես` որպես ՀՀ քաղաքացի, հայտարարություն եմ տալիս ժամանակին հորդ կատարած հանցագործության մասին
- Եվս մեկ անգամ Մեղրիի միջանցքի փոխանակման մասին
Մեկնաբանություններ