ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իր բոլոր հայտնագործությունները Եվրոպային Հովիկ Աբրահամյանը հնարավորություն չունեցավ ներկայացնել

Իր բոլոր հայտնագործությունները Եվրոպային Հովիկ Աբրահամյանը հնարավորություն չունեցավ ներկայացնել
30.06.2009 | 00:00

...ԱՅՍՊԵՍ ՎԵՐՋԱՑԱՎ 2009-Ի ՀՈՒՆԻՍԸ
Աստծո անցած 7 օրում Հայաստանը ստացավ 1677-րդ բանաձևը, և էլի բազում իրադարձություններ եղան ու չեղան, որոնց մասին Եվրախորհուրդը կարող է և չիմանալ: Բայց մենք կարող ենք:
Հունիսի 26-ին Փարիզում հանդիպեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Օգտակար և կառուցողական հանդիպման» մասին տարածված ամենանշանակալից տեղեկությունը հանդիպման 6 ժամ տևելն էր, մնացածը հերթապահ նախադասություններ էին, որ նախարարները շարունակել են բանակցությունները` քննարկելով արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր` Մադրիդյան փաստաթղթում առաջարկվող սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումների մոտեցման նպատակով: Նախարարներն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությանը: Բանակցությունների արդյունքում որոշվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի սկզբին կայցելեն տարածաշրջան: Եվ, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, անուղղելի լավատեսության մեջ ինքն իրեն գերազանցելով, կառուցողական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների Փարիզի հանդիպումը: «Նախարարների հանդիպումը միտված էր քննարկելու նախագահների հաջորդ հանդիպմանն առնչվող հարցեր: Մենք համակարգեցինք մեր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ և շարունակեցինք նախապատրաստել նախագահների հաջորդ հանդիպումը»:
Մեծ ութնյակի արտգործնախարարները ևս Տրիեստում հունիսի 26-ին քննարկում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը և կողմերին հակամարտության խաղաղ կարգավորման կոչ արեցին` հանուն տարածաշրջանի կայունության: «Մենք մեր աջակցությունն եք հայտնում այդ ուղղությամբ բոլոր ջանքերին` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ: Մենք տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ ենք անում աշխատել չլուծված հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին և աջակցում ենք մարդասիրական օգնության ծրագրերին»: Նրանք կողմ են տարածաշրջանային համագործակցության զարգացմանը և գոհունակություն են հայտնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման փորձերից. «Կովկասյան տարածաշրջանն այնտեղ ապրող ժողովրդի համար խաղաղության ու բարեկեցության տարածք դառնալու ներուժ ունի»` իրենց լավատեսությունն են ամրագրել նախարարները` գերազանցելով Մեթյու Բրայզային:
ՌԴ արտգործնախարարությունն էլ հարկ է համարել իր դիրքորոշումը վերահաստատել. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է ու հետևողական. Ռուսաստանը դեմ Է դրսից հակամարտության մասնակիցներին դեղատոմսեր պարտադրելուն: Վերջնական ընտրության համար գլխավոր պատասխանատվությունը պետք է ընկնի հենց ադրբեջանցիների ու հայերի վրա»: «Ռուսաստանը պատրաստ կլիներ պաշտպանելու հիմնախնդրի լուծման այն տարբերակը, որը կբավարարի հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին, իսկ փոխզիջումային համաձայնության հասնելու դեպքում հանդես գալու որպես կարգավորման երաշխավոր»: «Կարծում ենք, կենսունակ կլինի այնպիսի լուծումը, որը տարածաշրջանը չի վերածի միջազգային ռազմաքաղաքական մրցակցության ասպարեզի, թույլ կտա վերադարձնել Անդրկովկասի կայունությունն ու հանգստությունը»: Նույն օրը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարել է, որ Եվրամիությունն աջակցելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին. «Ներկայում հակամարտության գոտու իրադրությունը դեպրեսիվ բնույթ է կրում, և հրադադարը չի նշանակում, որ այդ հակամարտության լուծման գործում խնդիրներ չկան»: Նրա խոսքով՝ միայն անցյալ տարի 30 մարդ է սպանվել հակամարտության գոտում:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ Ադրբեջան պաշտոնական այցի ընթացքում գործընկերոջ հետ քննարկումների օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ունի: Մեդվեդև-Օբամա հանդիպումից առաջ: Ինչ-որ արագանում են ժամանակները:
Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը 72 տարեկանում հանգեավ ի տեր: Այդպես էլ ուշքի չգալով փետրվարի 18-ին ստացած հարվածից: Իսկ կարող էր ապրել ու շարունակել Տիրոջն իր ծառայությունը, գրել բանաստեղծություններ, աղոթել մեղավորների հոգու փրկության համար: Եթե քրիստոնյաները հետևեին Աստծո 10 պատվիրաններին:
ԵՎ քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս շաբաթ պաշտոնական-աշխատանքային-մասնավոր այցով Ռուսաստանի Դաշնություն չէր գնացել, տիկնոջ հետ Հայաստան էր եկել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Եվ ճիշտ էր արել` ավելի հեռու նրա պարագայում վտանգավոր է Վրաստանից հեռանալ:
Պաշտոնական հանդիպումներից բացի, նա հանդիպեց նաև Երևանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ` դառնալով պատվավոր դոկտոր և ստանալով համալսարանի ոսկե մեդալ: Վրաստանի նախագահը քանիցս կրկնեց «Մենք սերտ կապեր ունենք, մենք միմյանց լրացնում ենք, մենք միմյանց շարունակությունն ենք»: Եվ ինքն էլ իր ասածին հավատալով` նաև հայտարարեց, որ Վրաստանն ամեն ինչ անում է ապահովելու Հայաստան եկող բեռների անխափան տարանցումը` առաջացող խնդիրներն ուռճացվում են, տարանցման դժվարությունները մտացածին են: Ո՞վ կմտածեր: Այնուամենայնիվ, ասուլիսում ՀՀ նախագահը հաստատեց, որ աշխարհում քիչ ժողովուրդներ կարող են հպարտանալ այնքան տևական բարեկամական հարաբերություններ ունենալու իրողությամբ, ինչպես հայերն ու վրացիները: Եվ անմիջապես էլ երկու երկրների ղեկավարներին ու կառավարություններին «հանձնարարեց»` միջպետական հարաբերությունները միջժողովրդական հարաբերությունների մակարդակին հասցնել, թե չէ պիտի թվար, թե հալվա ասելով` բերանդ քաղցրանում է: Թեև ՀՀ նախագահը ասուլիսում նաև ասաց, որ Հայաստանի ազգային անվտանգությունից ու ազգային շահերից է բխում ռուս-վրացական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը, ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունի, Վրաստանի հետ էլ դարավոր, պատմական հարաբերություններ, երկու երկրների հետ էլ հարաբերությունները խորացնում է առանց գաղտնիության շղարշի, նրան չհասկացան Ռուսաստանում: ՈՒ նույնիսկ զայրացան, բայց բավականին ցածր մակարդակով: Այլ երկրների պարագայում միջադեպն իրապես միջպետական հարաբերությունների սկանդալ կդառնար, երբ որևէ երկրի խորհրդարանի պատգամավոր իրեն անհարգալից հայտարարություններ է թույլ տալիս մեկ այլ երկրի ու նախագահի վերաբերյալ, բայց այս դեպքում հազիվ. ՌԴ Պետական դումայի հանձնաժողովի անդամն է Հայաստանին ու ՀՀ նախագահին անհեթեթություններ հասցեագրում, պատճառն էլ Վրաստանի նախագահն է... ՈՒ բոլորին ամեն ինչ պարզ է, միջադեպը կարելի է սպառված համարել: Այնուհանդերձ, անհասկանալի է` ի՞նչ հիմքով է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Վալերի Բոգոմոլովը գնահատական տալիս Վրաստանի նախագահին Հայաստանում Պատվո շքանշանով պարգևատրելուն` «Հազիվ թե դա նպաստի Անդրկովկասում խաղաղությանն ու կայունությանը»: Ընդունելով հանդերձ, որ յուրաքանչյուր երկիր ազատ է` ում ուզում է և երբ ուզում է պարգևատրել, փառաբանել կամ դատափետել, նա ուսուցանում է` Հայաստանը պիտի հասկանա, որ թքել է այն ջրհորի մեջ, որտեղից հետո դեռ ինչքան պիտի ջուր խմի: «Մեծ երկիր է Ռուսաստանը և ապացուցելով իր հանդուրժողականությունը, ըմբռնում է դրսևորում իր գործընկերների անհասկանալի գործողությունների նկատմամբ, փոքր չարաճճիությունները ներելով»` թույլատրելի ցինիզմի սահմաններն անցել է պարոն Բոգոմոլովը: Եվ ոչ միայն նա. ՌԴ Պետական դումայի սահմանադրական օրենսդրության ու պետական շինարարության հանձնաժողովի նախագահ, կոմունիստ Վիկտոր Իլյուխինն էլ հանկարծ հասկացել է, որ «Վրաստանի նախագահին ցուցադրաբար պետական բարձր պարգև տալն անտակտ և ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ»: Իլյուխինը հանկարծ նաև հիշել է, որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազաներ կան, ու հարաբերությունների ցանկացած սրում դրանց վերացման կամ վարձակալման գնի բարձրացման հարց է հարուցում: Պատկերացրի՞ք: Սա էլ` մարազմի սահմաններից դուրս: ՈՒ ծագող տասնյակ հարցերը մի պատասխան ունեն միայն` եթե ռազմավարական համագործակցությունը Հայաստանում հասկանում են իբրև գործընկերություն, Ռուսաստանում պատկերացնում են վասալություն: Իբրև մեծ երկիր: Որովհետև մեր փոքր երկրին էլ տեր չենք:
Միայն թվեր. 2009-ին պակասել են Հայաստան մտնող տրանսֆերտները. հունվարին` 25 տոկոսով, ապրիլին` 39: Առավելագույն չափով` 36 տոկոս, կրճատվում են Ռուսաստանից կատարվող փոխանցումները, որոնք կազմում են ընդհանուր փոխանցումների 80 տոկոսը: Տնտեսական անկման 15 տոկոսի համադրմամբ տխուր ցուցանիշ է ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման խոստումների համապատկերում:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ՀՀ Ընտրական օրենսգրքում 54 փոփոխությունների նախագիծ է ներկայացրել: Սուրբ անմեղություն. Արմեն Մարտիրոսյանին դեռ թվում է, որ խորհրդարանական մեծամասնությունը դրանք կընդունի: Եթե նույնիսկ ընդունի էլ, ընտրական գործընթացների որակը կամ կազմակերպումն Ընտրական օրենսգրքի հետ կապ չունեն: Արմեն Մարտիրոսյանը քաղաքապետի ընտրություններից հետո իր անհեռատես հայտարարությունների հետքերով է ուզում գնալ թե հնարավոր է ցանկալի արդյունքներ ունենալ լավ աշխատանքի դեպքում: Երևի նա առաջնորդվում է «Որ դու քեզ չհավատաս, ո՞վ կհավատա» սկզբունքով:
Համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ ՀԱԿ-ը հուլիսի 2-ին հրավիրում է հանրահավաքի: Թեպետ Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև աշուն ուղարկել էր «արձակուրդ», բայց ասելիք հայտնվեց ու նաև ասողներ, և ՀԱԿ-ը «արտահերթ» հանրահավաք է անում:
Ստրասբուրգում ևս մի բանաձև ընդունվեց Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին` 1677-ը: 41 քվեարկողներից 37-ի կամքով: 2008-ին` 1609, 1620, 2009-ին` 1643, 1677, Եվրախորհուրդը բանաձև բանաձևի հետևից է ընդունում և իր ընթացակարգերին հավատարիմ մոնիտորինգ է անում` զեկուցողներ է գործուղում, զեկույցներ է լսում ու համարում է, որ ամեն ինչ բնականոն ընթացքի մեջ է: Մենք էլ ամեն անգամ քննությանն անպատրաստ ուսանողի նման նրանց գնալուց հետո շունչ ենք քաշում` այս անգամ էլ ստացվեց, պրոբլեմ չկա: Իրականում պրոբլեմ չկա Եվրոպայի համար: Նա արձանագրում է վիճակ, որում ինքը չի ապրում, մենք ենք ապրում... ԵԽԽՎ չորս բանաձևերն էլ իբրև 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական ճգնաժամի հաղթահարման կոնկրետ և իրատեսական ճանապարհային քարտեզ` ամբողջությամբ ուժի մեջ են մնում: ՔՕ 225 և 300 հոդվածների փոփոխությունները ողջունելով` վեհաժողովն արձանագրում է, որ այդ փոփոխություններն ազդեցություն չեն ունեցել այն դեպքերում, երբ մարդիկ մեղադրվել կամ դատապարտվել են ոստիկանների ցուցմունքներով: ԵԽԽՎ-ն համաներումն էլ ողջունում է ու նշելով, որ ոչ բոլորն են ազատվել, վստահեցնում է, որ հետևելու է նրանց ճակատագրին, մասնավորապես` դատավարության ընթացքում չազատազրկել նրանց, ովքեր հետախուզման մեջ են: Փաստահավաք խմբի լուծարումն էլ ԵԽԽՎ-ի ափսոսանքը հարուցեց, անկախ, անկողմնակալ, արժանահավատ հետաքննության անհրաժեշտությունը վերստին արձանագրվեց, խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովն էլ պետք է որոշի` պահպանվա՞ծ են անկողմնակալության ու վստահելիության չափանիշները: Տասը զոհերի մահվան հանգամանքների քննությունը գլխավոր դատախազի կողմից որևէ կոնկրետ արդյունքի չի հանգեցրել, և էական է, որ հետաքննությունն ավարտվի առանց ձգձգումների: Եվ այլն, և այլն... Եվ «օրինաչափ» եզրակացությունը` կատարելով համաներման մասին իր պահանջը և վստահեցնելով, որ մտադիր են անցկացնել մարտի 1-2-ի դեպքերի անկախ ու արժանահավատ հետաքննություն` Հայաստանի իշխանությունները հստակ ցույց են տալիս քաղաքական ճգնաժամն ու հետևանքները հաղթահարելու, ժողովրդավարական զարգացման նոր էջ բացելու պատրաստակամությունը:
Հունիսյան այս օրերին Ստրասբուրգ էր մեկնել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պատմական այցով: Եթե միայն ԱԺ նախագահն իմանար, որ անփորձ ու անբարդույթ Զարուհի Փոստանջյանն իր օրինագծի տակ նաև, ինչպես նախորդ նախագահն էր ասում, հայերի հետ «գենետիկորեն անհամատեղելի» թուրքերի ու ադրբեջանցիների ստորագրությունը կվերցնի, ոչ մի տեղ էլ չէր գնա, որովհետև ինքը` նախագահ մարդ, վեր կենա-գնա, հերթական կաթվածահարող ելույթն ունենա, մոնիտորինգի «հարցերը լուծի», բայց իր սխրանքները մի կողմ թողած` առավոտից երեկո թերթ ու հեռուստատեսություն Զարուհի Փոստանջյանի մասին խոսեն, նրան օրվա ու իրադարձության հերոս դարձնեն: Չկա, էլի, աշխարհում արդարություն: Եղածն էլ թանկ արժի: Ինչ-ինչ, բայց ԱԺ նախագահի ելույթի առաջին իսկ նախադասությունն արժանի է պատմության դասագրքերում արձանագրվելուն` «Այս վեհաժողովում իմ ներկայությունը նշանավորում է Հայաստանում 2008-ի մարտից ի վեր տեղի ունեցող իրադարձությունների շրջադարձը»: Հենց այսպես` միանգամից, շրխկոցով` շրջադարձը, աննկարագրելի համեստությամբ ու անպատմելի ինքնամեծարությամբ: Ունկնդիրը դեռ փորձում էր հասկանալ` ինչ է դա նշանակում, երբ առաջին շրխկոցին հետևեց հաջորդ շրխկոցը: Թեև անհասկանալի մնաց` ում ուղղված, ԵԽԽՎ-ի՞ն, Հայաստանի՞ն, միայն իրե՞ն հայտնի ինչ-որ ուժի, Հովիկ Աբրահամյանը նույն համեստությամբ արձանագրեց` «Մենք պետք է պատրանքներ չունենանք. Հայաստանում քաղաքական գործընթացը իրադարձությունների շարունակական հոսք է»: Այն, որ պետք է պատրանքներ չունենանք, ջուրն է գցում ամբողջ «շրջադարձը»: Ոչինչ` ջրի բերածը ջուրն էլ տանում է, լավ էր` վեհաժողովի դահլիճում պատգամավորների խիտ շարքեր չկային` պատկերացնո՞ւմ եք նրանց շոկը` «Հայաստանում քաղաքական գործընթացը իրադարձությունների շարունակական հոսք է», ո՞վ կմտածեր, իսկ այլ երկրներում, ենթադրվում է, թե այդ «գործընթացը» մեկանգամյա կիրառություն ունի, «հոսք» էլ չէ, շիթ է, ու ընդհանրապես` Հայաստանի հետ թող չհամեմատվեն... Փառք Աստծո, որ ելույթին 3 րոպե էր հատկացված, և, փաստորեն, իր բոլոր հայտնագործությունները Եվրոպային Հովիկ Աբրահամյանը հնարավորություն չունեցավ ներկայացնել: Բախտները ոնց բերեց: Երկկողմանի:
Հուլիսի կեսին նա այլևս Լոնդոնում չի երգի, ոչ էլ օգոստոսին, ոչ էլ Հռոմում, ոչ էլ Փարիզում, նույնիսկ ԱՄՆ-ում: Չի երգի: Հունիսի 25-ին նրա սիրտը կանգնեց: 51 տարեկանում: Նա ջարդում էր կաղապարները: 45 տարի շարունակ: Նա ջարդում էր սրբազան կանոններն ու գնում առաջ` իր օրենքները հաստատելու: Ու նույնիսկ նրա քայլվածքը` լուսնային, նրա հագուստը` աջ ձեռքի անփոփոխ սպիտակ ձեռնոցով, նրա ամբողջ կերպարը սկանդալ էր, գրավիչ, գայթակղիչ, տաղանդավոր: Նրա երգերը երգում էին բոլորը, ոչ ոք չէր կարողանում այդպիսի երաժշտություն գրել: Մայքլ Ջեքսոնը վախճանվեց չպարզված հանգամանքներում` նույնիսկ մահվան մեջ շարունակելով մրցակցել Էլվիս Պրեսլիի հետ, ում մահը ևս նույնքան առասպել է թողել, որքան կյանքը: Այսպես վերջացավ 2009-ի հունիսը Հայաստանում ու Հայաստանից դուրս:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2294

Մեկնաբանություններ