ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մեր երկրի արևածագ չունեցող լուսաբացները

Մեր երկրի արևածագ չունեցող լուսաբացները
14.06.2024 | 12:56

ՈՒշադիր նայեք այս պայծառ զինվորի կերպարին։ Նայեք, եթե կարող եք։ Նա Մհեր Խաչատրյանն է, ով իր կյանքի 26 տարիների ընթացքում հասցրել էր մասնակցել երկու` Ապրիլյան և Արցախյան երրորդ պատերազմներին ու պահել Հայրենիքի սահմանները` Հայաստանն ու Արցախը։

Նա մահվան աչքերին նայած ու իբրև կենդանի հերոս վերադարձած այն զինվորն է, ով...սպանվել է։ Սպանվել է երեկ` հունիսի 12-ի երեկոյան, Նորագավիթում։ Չի եղել որևէ քրեական խմբավորման անդամ ու չէր էլ կարող լինել։

Ինչու՞։ Կիրթ ու մարդկային առաքինությունների բոլոր նորմերը կյանքում պահող Մարդ լինելու համար։ Պարզապես դիտողություն էր արել տեսակով սանձարձակ ու անհայրենիք ոմն մի կերպարի` ասելով.

-Այստեղ երեխաներ են, զգույշ երթևեկիր, որ հանկարծ մեկին չվնասես:

Եվ սպանվել է մահվանը բազմիցս հաղթած հերոսը, սպանվել է անհայրենիք ու անմարդկային կերպարի ձեռքով` ճիշտ դիտողության համար։

Այլևս մեզ հետ չէ պայծառ հայորդին։ Իսկ նրա փոխարեն շարունակելու է ապրել մարդանման մի արարած, որ վստահորեն չգիտի` ինչ է Հայրենիքը, երկրի սահմանը, զենքն ու զինվոր լինելը։

Եվ... սարսափում եմ մտածել, որ արժանի պատիժ չի էլ կրելու, քանզի սա վեց տարի առաջ պետությունը զավթած մանկուրտների ստեղծած հասարակական մթնոլորտն է, որտեղ տեղ չունեն ազգային արժեքները, որոնց շարքում առաջնայինը հայ մարդու համար միշտ եղել էր Բանակն ու Զինվորը։ Նրանք այս արժեքները ոչնչացրեցին։

Սպանվում է հայրենիքի զինվորը, թիրախ է դառնում անմահացած հերոսի ծնողը, իսկ Եռաբլուր իր պիղծ ոտքը դրած ՔՊ-ական պաշտոնյան ժպիտով «զվարճալի պատմություն» է հիշում:

Ոչինչ չի մոռացվելու, որովհետև ձեր անհայրենիք տեսակը արդեն պատմության դատաստանի առաջ է, բոլորիդ երկրային դատը մենք պիտի տեսնենք:

Մհեր Խաչատրյանի պես զինվորի ու հայորդու տեսակի ողբերգական մահը ևս մի վկայությունն է այն բանի, որ մեր երկրում երեկոները վաղուց լուսաբաց չունեն:

Բոլորի ընդհատված թռիչքների ու անկատար երազանքների համար պատասխան են տալու։

Նայեք երկու պատերազմների հերոս այս հայորդու` Մհեր Խաչատրյան -ի ՖԲ էջը։ Նայեք, թե որքան հայրենապաշությամբ էր լցված նրա միտքն ու հոգին։ ՈՒշադիր նայեք, թե ինչպես է մեծարել ազգի երևելիներին ու ապրել ` նրանց պատգամներն իրեն ուղենիշ դարձրած։ Եվ այդ ոգով ու գաղափարներով էլ կռվել էր թշնամու դեմ ու վերադարձել:

Վերադարձել էր հրաշքով, մահվան աչքերին բազմիցս նայելով։ Նրա էջի տեսանյութերից մեկն էլ նվիրված է եղել թշնամու մեծ ջոկատի առաջ միայնակ կանգնած ու առյուծաբար դիմադրություն ցույց տված, անմահության հետ դաշինք կնքած Տարոն Անդրեասյանին, որին կից գրած է եղել ահա այս տողերը.

«Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն առաջնորդ»։

Մհեր Խաչատրյանն էլ էր մահն ընտրել իրեն առաջնորդ։

Սա նաև իր սկզբունքն է եղել։

Դու հաղթել էիր մահվանը, զինվոր։ Քեզ էլ հայրենիք պարտք մնացինք` այնպիսի Հայրենիք, որտեղ այսօրվա բոլոր անհայրենիքները պիտի սերունդներով պատասխան տան:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6034

Մեկնաբանություններ