ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-2

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-2
23.03.2023 | 23:12

(սկիզբը` այստեղ)

ՈՒկրաինայի անկախության կորստի կամ պարտության դեպքում, Ֆրանսիայում Լեհաստանի դեսպանի և դեսպանատան հայտարարությունների համաձայն, Լեհաստանը կմտնի ռուս- ուկրաինական հակամարտության մեջ:

Ինչպես արդեն նշել ենք, խոսքը ներկայումս ՌԴ-ի դեմ ընթացող պատերազմին Լեհաստանի անմիջական, պաշտոնական ու լայնամասշտաբ մասնակցության մասին է, որից և Ռուսաստանի պատասխան հակահարվածներից հետո ԱՄՆ-ը պետք է կա՛մ պաշտպանի իր դաշնակցին ու ՌԴ-ի հետ սկսի անմիջական ու լայնամասշտաբ պատերազմ, ինչի վերջը երկուստեք ռազմավարական միջուկային սպառազինության լայնամասշտաբ օգտագործումը և մոլորակի մոխրացումն է լինելու, կա՛մ զոհաբերի Հյուսիսատլանտյան դաշինքի տվյալ անդամին:

ԱՄՆ-ի, նրա նախագահ Ջո Բայդենի, Բայդենի վարչակազմի կամ Պետդեպարտամենտի կողմից առ այսօր չկա ոչ մի հանդիմանական, քննադատական խոսք իր դաշնակցի վերոնշյալ հայտարարությունների առնչությամբ, որոնք եթե իրականություն դառնան, կարող են լայնամասշտաբ միջուկային պատերազմ սադրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Եվ սա բնավ զարմանալի չէ, քանի որ Միացյալ Նահանգները նույնպես, ըստ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, հետաքննող լրագրող Սեյմուր Հերշի, ճիշտ նույն դիրքորոշումն ունի: Նրա հավաստմամբ, ԱՄՆ-ը կարող է միջամտել ՈՒկրաինայի հակամարտությանն ՈՒկրաինայի զինված ուժերի ձախողման դեպքում:

Ընդգծենք, որ խոսքն այս դեպքում ևս ՌԴ-ի դեմ ընթացող պատերազմին ԱՄՆ-ի պաշտոնական ու լայնամասշտաբ մասնակցության մասին է, քանի որ Միացյալ Նահանգները նույնպես, ինչպես Լեհաստանը, այժմ էլ անմիջականորեն, բայց ոչ պաշտոնապես, չհայտարարված ու սահմանափակ կերպով ընդգրկված է ՌԴ դեմ պատերազմում:

ԱՄՆ-ի ուժերը կարող են ուղղակիորեն միջամտել ուկրաինական ճգնաժամին ՈՒկրաինայի զինված ուժերի ձախողման դեպքում, այս մասին, «РИА Новости»-ի տեղեկացմամբ , ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության նիստում ասել է ամերիկացի լրագրող և «Հյուսիսային հոսքում» դիվերսիայի հետաքննության հեղինակ Սեյմուր Հերշը։ «Կոմիտե հանուն հանրապետության» ոչ կառավարական կազմակերպության հանդիպմանը, որը նախորդել է Ֆրանսիայում Լեհաստանի դեսպանի և դեսպանատան հայտարարություններին:

Ինչպես նշել է Հիրշը, ՈՒկրաինայում իրավիճակը կարող է ԱՄՆ-ի համար զարգանալ վիետնամական արշավի սցենարով, քանի որ, չնայած զենքի մատակարարմանը, Կիևի վարչակարգի զորքերը կարող են չդիմանալ:

«Ինձ ասում են, որ խաղը լինելու է այսպիսին. «Սա ՆԱՏՕ-ն է, մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ին ռուսների դեմ հարձակողական գործողություններում»,- ասել է Հերշը:

Հերշը հիշեց նաև Ստալինգրադի մարտերի փորձը, երբ խորհրդային բանակին հաջողվեց շրջել ճակատամարտը։

Օրերս ամերիկյան «Politico» պարբերականը, ինչպես Коммерсантъ-ն է տեղեկացրել , հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ իր ռազմական խմբավորումն ընդլայնելու է՝ այն հասցնելով մինչև 300 000 զինծառայողի: Դեռ 2022 թ. հունիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է մոտ ժամանակներս 300 000 զինվորականի բարձր պատրաստվածության վիճակի բերելու պլանների մասին:

ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 3 օր առաջ հայտնել է, որ «Ռամշտայնի ձևաչափով» հանդիպումից հետո ուկրաինական կողմը նոր ռազմական օգնություն կստանա ՆԱՏՕ-ի երկրներից և նրանց դաշնակիցներից։ Խոսքը, ինչպես տեղեկանում ենք «РИА Новости»-ից , զինամթերքի, տանկերի, հրետանու, կործանիչների մասին է: Նա առանձին ընդգծել է, որ Շվեդիայի հետ «շատ անհրաժեշտ որոշում» է կայացվել 155 մմ «Арчер» ինքնագնաց հրետանային կայանքների վերաբերյալ, ինչպես նաև որոշում է կայացվել Սլովակիայից МиГ-երի վերաբերյալ։

Բացի վերոնշյալից, ԵՄ-ն, РБК-ի տեղեկացմամբ , պատրաստվում է 2 մլրդ եվրո հատկացնել՝ ՈՒկրաինա արկեր ուղարկելու և սեփական պաշարները համալրելու համար։ Եվրամիությունը մտադիր է այդ միջոցները ծախսել 155 մմ տրամաչափի 1 միլիոն արկերի գնման վրա՝ Կիև առաքելու և անդամ երկրների պաշարների սպառումը փոխհատուցելու համար։ Մի փոքր հաշվարկ կատարենք՝ նկատի ունենալով, որ եթե ՈՒկրաինային 1 միլիոնի կեսը տրվի (ՈՒկրաինան 1 մլն արկ է ուզում ու դժգոհ է) և յուրաքանչյուր 2 արկի արձակումից ընդամենը մեկ զինվոր զոհվի կամ վիրավորվի…

Ինչպես տեղեկանում ենք «РИА Новости» -ից Մեծ Բրիտանիան, իր հերթին, որոշել է ՈՒկրաինային, «Challenger 2» տանկերի հետ մեկտեղ, աղքատացած ուրանով արկեր փոխանցել: ՈՒկրաինային ժամանակակից տանկերի և զրահատեխնիկայի դեմ բարձր արդյունավետություն ունեցող այս արկերի մատակարարումը մեկնաբանելով, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, «Ведомости»-ի տեղեկացմամբ, ասել է.

«Ես ոչ մի բանից չեմ զարմանա, քանի որ նրանք արդեն կորցրել են կողմնորոշիչներ, ինչ վերաբերվում է իրենց գործողություններին, նրանում, թե ինչպես են այդ գործողությունները խաթարում ռազմավարական կայունությունն ամբողջ աշխարհում»:

ՈՒկրաինային բրիտանական տանկերի և վերոնշյալ զինամթերքի մատակարարումը նախատեսված է այս ամսվա վերջին: Լավրովը նշել է, որ Կիևին աղքատացած ուրանով արկերի մատակարարումը վատ կավարտվի հենց Լոնդոնի համար: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զգուշացրել էր, որ ՈՒկրաինա զենք մղելը ՆԱՏՕ-ին մոտեցնում է Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին։

Բրիտանական «Challenger 2» տանկերից բացի, աղքատացած ուրանով ու դրա շնորհիվ ավելի բարձր զրահահարությամբ զրահաթափանց արկեր կարող են օգտագործել նաև, օրինակ, ամերիկյան «Abrams» և գերմանական «Leopard 2» տանկերը, «Bradley» և «Marder» հետևակի մարտական մեքենաները: Փորձագետների պարզաբանմամբ , նշված արկերն ունեն բարձր թունավորություն և քաղցկեղածնություն, սակայն ցածր ռադիոակտիվություն՝ համեմատած, այսպես կոչված, կեղտոտ ռումբի:

Ըստ Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համապարփակ եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վասիլի Կաշինի, նշված արկերի կիրառումը կարելի է համարել որպես քայլ դեպի էսկալացիա: Գիտնականը հավելել է, որ իրավական տեսանկյունից նշված արկերը կարող են գնահատվել որպես «ռադիոակտիվ զենքի յուրօրինակ ենթատեսակ»:

Ինչպես Վիենայում նախօրեին ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովն է հայտարարել, Կիևին նման զինամթերք փոխանցելու դեպքում Մոսկվան դա կդիտարկի որպես իր դեմ «կեղտոտ միջուկային ռումբի կիրառում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։

ՈՒշադրություն դարձրեք՝ ոչ միայն ՌԴ զինված ուժերի դեմ օգտագործելու, այլև նույնիսկ Կիևին փոխանցելու դեպքում… Կեղտոտ ռումբը զանգվածային բնաջնջման զինատեսակ է, ինչը նշանակում է, որ դրանից հետո Մոսկվան կարող է իրեն թույլ տալ ՈՒկրաինայի զինված ուժերի դեմ կիրառել մարտավարական միջուկային զենք:

Դե եթե Ղրիմում, Դոնբասում, Զապորոժիեում ու Խերսոնում ՌԴ տարածքները պետք է աղտոտվեն ռադիոակտիվ, խիստ թունավոր ու քաղցկեղածին աղքատացած ուրանով, որի փոշին շրջակա միջավայրից մաքրման, ախտահանման ենթակա չէ, ապա այդ դեպքում, ի՞նչ տարբերություն, կարող են աղտոտվել նաև ՈՒկրաինայում մարտավարական միջուկային զենքի պարունակած հարստացած ուրանով կամ պլուտոնիումով, միայն թե այս դեպքում մարտավարական միջուկային զենքի կիրառումն անհամեմատ ավերիչ հետևանքներ կունենա, քան Ռուսական բանակի դեմ աղքատացած ուրանով արկերի կիրառումը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և պաշտպանության նախարարի այսօրվա հայտարարությունները, որոնց վաղը դեռ կանդրադառնանք, կարծես թե հաստատում են այս ենթադրությունը:

Հնարավոր է, որ ՈՒկրաինա աղքատացած ուրանով արկեր մատակարարելու Մեծ Բրիտանիայի որոշումը ոչ միայն ռուսական տանկերը, փոքր բացառությամբ, խոցելի դարձնելու նպատակն ունի, այլև ՌԴ-ի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառում սադրելու, որպեսզի դրանից հետո Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Լեհաստանը և ՆԱՏՕ-ի այլ անդամներ անմիջականորեն ու մեծամասշտաբ կերպով ընդգրկվեն ՌԴ-ի դեմ պատերազմում: Թերևս հենց սա նկատի ունենալով է Գավրիլովը «Կիևի ռազմական մեքենայի արևմտյան հովանավորներին» նախազգուշացրել միջուկային սադրանքների և շանտաժի խրախուսումից:

ԱՄՆ պաշտոնյաները կենտրոնացած են ՈՒկրաինային գարնանային զանգվածային հարձակմանը նախապատրաստելու վրա, որը նրանք ակնկալում են, որ կսկսվի մայիսին: Ինչպես հայտարարել է ամերիկյան անանուն պաշտոնյան, «չորս կամ հինգ ամիս առաջ ստացված ամերիկյան օգնության փաթեթներն նպատակաուղղված են նրան, ինչն ՈՒկրաինային անհրաժեշտ է հակահարձակման համար»: «РИА Новости»-ի փոխանցմամբ , այս մասին գրել է «Politico» թերթը։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղրիմի վրա հնարավոր հարձակումը կնշանակի հակամարտության սրում, և հորդորել էր ՈՒկրաինայի իշխանություններին հասկանալ, որ նման հարձակումները կհանգեցնեն «անխուսափելի հատուցման»՝ ցանկացած տեսակի զենքի օգտագործմամբ։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարության, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները փորձում են առավելագույնս ձգձգել հակամարտությունը՝ ծանր սպառազինության մատակարարմամբ և ՈՒկրաինային ՌԴ-ի տարածքները զավթելու կոչերով, ինչը ՆԱՏՕ-ի երկրներին ներքաշում է հակամարտության մեջ և կարող է հանգեցնել հակամարտության անկանխատեսելի էսկալացիայի:

Կիևը հարձակում է նախապատրաստում, որի հիմնական ուղղությունը կդառնան Լուգանսկն և Զապորոժիեն, նպատակը՝ կտրել ռուսական զորքերի ցամաքային հաղորդակցությունը Ղրիմի հետ. «РИА Новости»-ի փոխանցմամբ , այս մասին գրել է գերմանական «Bild» թերթը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի անանուն պաշտոնյային: Դաշինքի ներկայացուցիչը պնդել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերը կփորձեն «ավերել Ղրիմի ցամաքային կամուրջը», և վստահություն հայտնել, որ Կիևն արդեն մայիսին կկիրառի արևմտյան զենք։

Ընդգծենք, որ խոսքն, առաջին հերթին, հեռահար հրթիռների, արկերի մասին է, քանի որ ՈՒկրաինայի զինված ուժերը մինչ այժմ ու հիմա էլ օգտագործում են արևմտյան սպառազինություն, ինչպես նաև արևմտյան տանկերի, որոնք գործի կդրվեն հակահարձակման ընթացքում: Ինչպես ճշտել են լրագրողները, այժմ ՆԱՏՕ-ի երկրները մոտ 500 տանկ ու զրահափոխադրիչներ են մատակարարել ՈՒկրաինային։

Ինչպես ՌԴ ԱԳՆ-ում ասել են «РИА Новости» -ին, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ներգրավված են Ռուսաստանի հետ հակամարտության մեջ: Արտգործնախարարությունում մանրամասնել են այդ երկրների ներգրավվածության ամենատարբեր դրսևորումներն ու նշել, որ նրանք շահագրգռված չեն ճգնաժամի հանգուցալուծմամբ և ամեն ինչ անում են հակամարտությունն առավելագույնս երկարաձգելու համար, «արևմտյան երկրները մշտապես խոսում են ռազմական գործողությունները շարունակելու և զենքի մատակարարումների ավելացման անհրաժեշտության մասին»։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/218806/21/23/30/?fbclid=IwAR3vFHb52egxEEcz2SZZJ8Pe43pKX_kSMsnuM0Ibg9UIuB3ciWEm4JDlV-4

Դիտվել է՝ 7414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ