ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Պարտադրված ենք ապրելու կողք կողքի

Պարտադրված ենք  ապրելու կողք կողքի
25.07.2012 | 11:10

Հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը Ստամբուլի Կադիր Հաս համալսարանի միջազգային և եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, ՆԱՏՕ-ի, Հարվարդի համալսարանի, ՄԳԻՄՕ-ի, Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի և այլ միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ տեղի ունեցավ միջազգային հարևանության սիմպոզիում` նվիրված Արևելյան հարևանության և Միջերկրական ծովի հարավային շրջանի երկրների անվտանգությանն ու ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերներին ու խնդիրներին:
Նշված տարածաշրջանները հատկապես կարևոր են արաբական գարունից հետո, քանի որ այնտեղ ևս առկա են նմանատիպ խնդիրներ: Թունիսի, Բահրեյնի, Եգիպտոսի, Լիբիայի, Եմենի, այնուհետև նաև Սիրիայի վերջին իրադարձություններից հետո, երբ քաղաքացիները դուրս եկան փողոց` իշխանությանն ուղղված նոր պահանջներով, Սևծովյան տարածաշրջանում, ուր առկա են նմանատիպ խնդիրներ, առաջ եկան տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հավելյալ մարտահրավերներ: Հիմնական հարցերը, որ քննարկվեցին, վերաբերում էին տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, էներգետիկ հիմնախնդիրներին, Արևելյան հարևանության քաղաքականության հեռանկարներին, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դերին ժամանակակից համաշխարհային գործընթացներում:
Քննարկմանը հրավիրված էին 22-35 տարեկան 35 մասնակիցներ և 26 զեկուցողներ Արևելյան հարևանության երկրներից, ինչպես նաև Միջերկրականի հարավից, ԵՄ-ի անդամ երկրներից և ԱՄՆ-ից: Մասնակիցները տարբեր ոլորտների երիտասարդներ էին` պետական ծառայողներ, լրագրողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, երիտասարդ գիտնականներ:
Չնայած սեմինար քննարկումը նվիրված էր տարածաշրջանային անվտանգության ու ժողովրդավարության հիմնախնդիրներին, այնուամենայնիվ, ադրբեջանցի մասնակիցները ձեռքից բաց չթողեցին հակահայկական հայտարարություններով հանդես գալու առիթը: Մոռանալով իրենց երկրի խնդիրները, մասնավորապես ժողովրդավարության իսպառ բացակայությունը, Բաքվի տնտեսագիտական համալսարանի մագիստրանտ Իլքար Քուրբանովը փորձում էր արհեստական լարվածություն ստեղծել, մասնավորապես խոսելով տարածաշրջանում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դերի մասին: Ադրբեջանցի մասնակիցն ուղղակիորեն կոկորդ էր պատռում, թե ԵՄ-ը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, «մոռանալով», որ ԵՄ-ն իր ճնշումը պետք է գործադրի Ադրբեջանում ազատության և ժողովրդավարության հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Ի պատասխան նրա հակահայկական քարոզչության, ստիպված եղա հիշեցնելու, որ տվյալ սեմինար-քննարկումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ չէ, հետևաբար մասնակիցներին բնավ հետաքրքիր չեն նրա սուբյեկտիվ հայտարարությունները: Սեմինարի երկու ադրբեջանցի մասնակիցները պարզ ներկայացնում էին երկու իրարամերժ մոտեցումներ, որ ունեն ադրբեջանցիները Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ. եթե նրանց մի մասը պատերազմը վերսկսելու կողմնակից է, ինչպես ներկայացավ ադրբեջանցի Ի. Քուրբանովը, ապա մյուս մասնակիցը` Ֆարիդ Մալիկովը, որը տնտեսական համագործակցության ՀԿ-ի փոխտնօրեն է, ներկայացնում էր ադրբեջանցի ժողովրդի մյուս հատվածը, հավատացած է, որ պատերազմը կործանիչ հետևանքներ և անկանխատեսելի արդյունք կունենա:
Կազմակերպիչները մասնակիցներին առաջարկեցին աշխատանքային հետաքրքիր ձևաչափ` կառուցողական երկխոսություն, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին անվտանգության և ժողովրդավարության մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր միջոցները: Մասնակիցները մշակեցին նաև հատուկ ծրագիր, որի իրականացումը կնպաստեր սևծովյան երկրների և Մերձավոր Արևելքի ժողովրդավարացմանն ու անվտանգությանը:
Միջոցառումը կարևոր էր նրանով, որ հնարավորություն կընձեռի տարբեր երկրների և տարածաշրջանների երիտասարդներին շփվելու, լայնացնելու իրենց մտահորիզոնը, գտնելու համատեղ գոյատևման ընդհանուր լեզու, նաև գտնելու գործընկերներ, ինչը շատ կարևոր է հետագա համատեղ ծրագրերը կյանքի կոչելու հարցում:

Անահիտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ԵՊՀ-ի դասախոս, Պանտիոյի (Աթենք) միջազգային հարաբերությունների և սոցիոլոգիայի համալսարանի ասպիրանտ

Դիտվել է՝ 3321

Մեկնաբանություններ