Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Նոր, բայց ո՛չ նորելուկ

Նոր, բայց ո՛չ նորելուկ
03.06.2008 | 00:00

Նորից միասին ենք։ Նույն խմբագրակազմով։ Նույն աշխատաոճով։ Գաղափարաարժեքային նույն սկզբունքայնությամբ։ Համեմատաբար նորը թերթի կարգավիճակն ու «շպիգելն» են միայն՝ «Իրավունք de facto» անկախ պարբերական, որն իր գործունեությունը լրագրողական գերպարարտ դաշտում վերսկսում է ո՛չ որպես նորածին, ո՛չ էլ, առավել ևս, նորելուկ։ 2007-ի փետրվարի 20-ից մինչև 2008-ի մարտի 28-ը «Իրավունք» հրապարակած խմբագրակազմում հայրենի լրատվության մեջ սեփական ձեռագիրը հաստատապես թողած, ընթերցողին հայտնի լրագրողներ են, որոնց շնորհիվ «Իրավունքը» 2007-2008 թթ. դարձավ ամենաընթերցվող ու մեծ վստահություն վայելող թերթերից մեկը։ Մարտի 1-ից հետո մենք իրականում սկսել ենք ապրել ուրիշ Հայաստանում, սև-սպիտակային մի հարթության մեջ, որտեղ հակադիր բևեռներում հայտնված հայ «ժողովուրդները» միմյանց հետ խոսում են բոլորովին ա՜յլ լեզուներով և բացարձակապես չեն հասկանում իրար։ Հայ լրագրության այսօրեական առաքելությունը մեր ժողովրդին նույն լեզվով խոսելու կորսվող ուժը ոսկե գեղմի պես փնտրել-գտնել-վերադարձնելն է։ «Իրավունք de facto»-ի աշխատակազմը (հավատացած ենք՝ լրագրողական համքարության մեր գործընկերներից շատերը ևս) այս առաքելությամբ է կարճատև դադարից հետո վերսկսում իր գործունեությունը։
«Իրավունք de facto»-ն այսօրվանից հին ու նոր որակներով է ներկայանում իր հին ու նոր բարեկամ-ընթերցողներին՝ կրկին նրանց անբաժան ու փնտրված ուղեկիցը լինելու ամուր հավատ-պատրաստակամությամբ։

Գլխավոր խմբագիր Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 12680

Մեկնաբանություններ