Ըստ հասարակագետ, հրապարակախոս ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ, Հայաստանի և Արցախի տակ ական դրվեց 1991-ից, երբ Արցախը Հայաստանին վերամիավորվելու հարցը Ղարաբաղի ժողովրդի ազգային ինքնորոշման հարցի վերածեցին: Որպեսզի այսօրվա իրողություններն այլևս չկրկնվեն, մեր զրուցակիցը պարտադիր պայման է համարում ստեղծված իրավիճակի մեղավորներին պատասխանատվության ենթարկելը:
-Այսօր գիտնականից մինչև մտավորական, քաղաքական ուժերից մինչև տարբեր համայնքների ղեկավարներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը, սակայն նա չի պատրաստվում հեռանալ։ Ինչու՞ է նա կառչել աթոռից, ի՞նչ խնդիր է լուծում։
-Կարծում եմ, որոշողը ինքը չէ: Բայց, եթե անգամ ինքը լիներ, դարձյալ ինքնակամ չէր հեռանա` դատարանի առջև պատասխան տալու վախից: Բայց, այդուհանդերձ, հակված եմ մտածելու՝ քանի որ նա կամակատար է և ոչ թե որոշում կայացնող անձ, այս դեպքում նույնպես սպասում է «խորհրդատուների» հրահանգին: Եթե պարզապես կողքից հետևեք, թե ինքն ու իր գործընկերները երբ և ինչ են ասում իրենց ելույթներում, երբ և ինչ օրենքներ են ընդունում, երբ և ինչ հիմնավորմամբ են դա անում, ոչ մի կասկած չի մնա, որ իրենք ընդամենը հանձնարարություններ են կատարում: Օրինակ, պատերազմի ամենածանր օրերին Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրում «Աշխարհազորի մասին» օրենք ընդունելու համար: Եվ գիտե՞ք ինչ հոդված կա այդ օրենքում. հոդված, որն արգելում է Հայաստանի աշխարհազորին մասնակցել Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին: Հասկանալի է, չէ՞, որ այդ օրենքի նախագիծը, որը պատերազմից առաջ է մշակվել, Փաշինյանի կամ իր կուսակիցներից որևէ մեկի ինքնակամ նախաձեռնությունը չէր կարող լինել: Իհարկե, մեր պետականության և ինքնիշխանության դեմ դավադրությունը սկսվել է անկախացման առաջին իսկ օրից, երբ «տրոյական ձիերի» առաջ բացվեցին դարպասները: Այսօր ակնհայտ է, որ նրանց մեջ է նաև թուրքական «տրոյական ձին»: Տարբերությունը Փաշինյանի և նախորդ նախագահների միջև այդ հարցում այն է, որ երկրորդ և երրորդ նախագահները փորձում էին դիմադրել այդ ազդեցությանը` յուրաքանչյուրն իր չափով և յուրովի, իսկ Փաշինյանը, այն տպավորությունն է, որ հանձնվել էր մինչև իշխանության գալը: Ինչ վերաբերում է առաջին նախագահին, ապա խաղաղասիրության գաղափարի վրա նրա սահմանած արհեստական խնդիրը Փաշինյանը լուծեց ծայրահեղ բարբարոսությամբ: Սակայն բանն այն է, որ խնդրի այդպիսի խաղաղասիրական և թրքասիրական «լուծմամբ», այսինքն, յոթ շրջանները տալով, և ԼՂՀ-ն Հայաստանին չվերամիավորելով, ոչ թե Հայաստանում խաղաղություն հաստատվեց, ինչպես մեզ վստահեցնում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ, ինչպես և սպասվում էր, ավելի մեծացավ թուրքական սպառնալիքը: Ադրբեջանական զորքերը արդեն ուղղակի իմաստով գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմանին:
-Չնայած հանրության գրեթե բոլոր խավերը դեմ են Նիկոլ Փաշինյանին, բայց նա շարունակում է պնդել, թե ժողովուրդն իր հետ է, իսկ հրապարակում ռևանշիստներն են։ Ավելին, նա առաջարկում է խոսել ապագայից։ Առանց ներկայի գնահատականը տալու, կատարվածը ողջ մանրամասնությամբ քննելու, կարո՞ղ ենք ապագայի ծրագրերից խոսել։
-Իհարկե չենք կարող: Իրավիճակի գնահատականը տրվում է և տրվելու է փաստերի հիման վրա, և բոլոր պատասխանատու անձինք պետք է պատասխան տան դատարանում: Եվ սա բոլորովին անձնական վրեժխնդրության հարց չէ: Սա պետություն կառուցելու և պետություն ունենալու ցանկություն է: Սա հայրենիքի հանդեպ հարգանքի, սիրո և պատասխանատվության զգացում է նաև, այս պահանջը պետք է, որ նոր սերունդը հանկարծ չկարծի, թե կարելի է հայրենիքի հետ երբևիցե այդպես վարվել: Նա պետք է իմանա, որ չկա ավելի մեծ հանցանք, քան պետական, ազգային շահերի դավաճանությունը: Եվ այդ ժամանակ մենք կունենանք այն Հայաստանը, որը երազում ենք: Իսկ թուրքը անգամ այս Հայաստանից էր ենթագիտակցորեն վախենում, այլապես չէր դիմի այն միջոցներին, որոնց դիմեց իր նպատակին հասնելու համար: Նա գիտեր, որ միայն մեջքից հարվածելով կարող է մեզ հաղթել: Այդքան զինվել էր, այդքան նախապատրաստվել, և այդուհանդերձ նա մեզ հաղթեց միայն ամենանենգ միջոցները գործադրելով. նա մեզ հաղթեց մեջքից հարվածելով: Դավադրությունը թուրքի և էլի մի քանի ժողովուրդների ինքնության գլխավոր հատկանիշն է: Այդ իսկ պատճառով մենք, եթե ուզում ենք այս նոր սկսվող դարաշրջանում ունենալ մեր արժանի տեղը քարտեզի վրա, ամենից շատ պետք է զգուշանանք դավադրություններից և մատնություններից, պետք է ճանաչենք մեր թշնամիներին դեմքով: Ինչ վերաբերում է նրան, որ Փաշինյանը «շարունակում է պնդել, թե ժողովուրդը իր հետ է, իսկ հրապարակում ռևանշիստներն են», ես չեմ ուզում նրա ոչ մի ասածը մեկնաբանել, քանի որ սուտը մեկնաբանել հնարավոր չէ: Փաշինյանի ձեռքին եթե ստի դեդեկտոր ամրացվի, այն չի դիմանա և կփչանա: Բայց ես Ձեզ հետ այնքան էլ համաձայն չեմ, որ այսօր բոլոր շերտերը դեմ են Փաշինյանին: Լևոն Տեր-Պետրոսյանն իր համակիրներով արդյո՞ք դեմ է, արդյո՞ք պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, ում արարքը` այս իրավիճակում համաձայնել ղեկավարելու ժամանակավոր կառավարությունը, պարզապես անձնազոհություն է: Եվ հենց հիմա է երևում՝ ով ով է, և թե հայրենիքը ում համար արժեհամակարգի որ սանդղակին է դրված: ՈՒմ համար անձնական նախասիրությունները, վրեժխնդրությունն են կարևոր և ում համար` հայրենիքի ապագան: Սակայն միայն դա չէ, իհարկե: Վազգեն Մանուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև հակասությունները և տարբերությունը առաջին հերթին գաղափարական են: Վազգեն Մանուկյանը ազգային գաղափարի, նպատակի հիման վրա պետություն կառուցելու կողմնակիցն է եղել և կա, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը մերժում էր դա և դրեց հիմքերը մի պետության, որը չուներ ո՛չ ազգային գաղափար, նպատակ, ո՛չ ազգային ծրագիր ու ռազմավարություն: Իրերը պետք իրենց անունով կոչենք. Հայաստանը երեսուն տարի է գնում է գաղափարական այն ուղիով, որն ուրվագծել է և օրենսդրորեն ամրագրել Տեր-Պետրոսյանն իր համախոհների բանակով: Եվ, ուրեմն, իրական նախկինը, որը, սակայն, ձգվում է մինչ այսօր, հենց նրանք են և ուրիշ ոչ ոք: Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց, Նիկոլ Փաշինյանն ավարտեց: Երկրորդ և երրորդ նախագահների ժամանակաշրջանը միջանկյալ օղակներ են եղել, միմյանցից տարբեր օղակներ, բայց ոչ մեկը էական գաղափարական փոփոխություն չի բերել մեր քաղաքական կյանքում: 1991 թվականին Արցախը Հայաստանին վերամիավորելու հարցը Ղարաբաղի ժողովրդի ազգային ինքնորոշման հարցի վերածելը, և այն Հայաստանի` ներառյալ Արցախը, սրտի տակ ական դարձնելը, նույնպես այդ քաղաքական ծրագրի շրջանակում պետք է դիտարկել:
-Իրավիճակը պատային է, խորհրդարանում իմքայլականները չեն պատրաստվում պահանջելու Փաշինյանի հրաժարականը, հրապարակի ժողովրդին ևս չի հաջողվում պոկել նրան աթոռից, ուրեմն ո՞րն է Փաշինյանին հեռացնելու անցնցում ճանապարհը, ընդդիմության քայլերն ինչպե՞ս եք գնահատում։
- Երբեմն կարելի է լսել, որ ասում են, թե բողոքների և ցույցերի կազմակերպիչները կուսակցություններն են: Բա այսպիսի քաղաքական պարտությունից հետո ովքե՞ր պետք է լինեին, եթե ոչ կուսակցությունները: Նրանք իրենց պարտականությունն են կատարում և լավ են կատարում, ինչը չեմ կարող ասել հասարակության մյուս հատվածների մասին և հատկապես հասարակական կազմակերպությունների մասին. Կարո՞ղ եք ասել ուր են սաքունցները: Նրանք ոչ միայն անտարբեր են կատարված ողբերգության և աղետի նկատմամբ, այլև շատերը արդարացումներ են փնտրում կատարվածի համար: Որովհետև երեսուն տարի Հայաստանում հասարակական կառույցները ֆինանսավորվում են գերազանցապես արևմտյան հիմնադրամներից, իսկ վերջերս էլ, կրթական ծրագրերի հետ կապված, պարզվեց, որ նաև թուրքական հիմնադրամներից են ֆինանսավորվել: Սա աղետ է: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես ենք կարողանալու մաքրվել. մաքրվել հոգով, մտքով, ֆիզիկապես:
-Եթե հաջողեն ընդդիմադիրները, Ձեր կարծիքով՝ ի՞նչ սկզբունքով պետք է ապագայում բարձրաստիճան պաշտոնյաների ընտրել։
- Գիտենք և հնուց հայտնի է, որ ժողովրդավարությունը առանց խեղումների կարող է գործել միայն ժողովրդի կրթական բարձր ցենզի առկայության պայմաններում. հակառակ դեպքում այն դառնում է պատուհաս, ինչպես և եղավ մեզանում: Այնպես որ, պետականաշինության գործում պետք է փոխենք մեր մոտեցումն ու վերաբերմունքը կրթության նկատմամբ, որի մեջ է նաև դաստիարակությունը, ինչպես նաև գիտության և մշակույթի դերի հանդեպ: Որովհետև այս պատերազմը, որում այսպես դաժանորեն պարտվեցինք, միայն ռազմական գործողությունների պատերազմ չէր. մենք սկզբից պարտվել ենք մեր կրթության և մշակույթի դաշտում: Իսկ թե ինչ սկզբունքով պետք է բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրել, կասեմ մի բան` լրիվ հակառակ սկզբունքով, ինչ հիմա է և ինչ եղել է նախկինում: Կուսակցությանը և ղեկավարին անձնական հավատարմությունը երբեք չպետք է կարևորվեն, այլ նվիրվածությունը պետությանը և հայրենիքին: Եվ, իհարկե, կարևոր են մասնագիտական կարողությունները, կառավարման փորձն ու հմտությունը, նաև` մարդու անունը: Ինչպես նաև պետք է հաշվի առնել Հայաստանում ապագա պաշտոնյայի և նրա ընտանիքի բնակվելու փաստը: Հայաստանը ղեկավարների համար հյուրախաղերի վայր չպետք է լինի:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ