Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի առիթով, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել և որի համար կասկածվող ՀՀ քաղաքացի, վարորդ Հրաչյա Հարությունյանի հանդեպ վերաբերմունքը հարուցել էր հայաստանցիների դժգոհությունը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Ափսոսանք է առաջ բերում այն, որ հուլիսի 13-ին Պոդոլսկ մերձմոսկովյան քաղաքի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը, որին 18 մարդ է զոհ գնացել, առանձին մարդիկ օգտագործում են՝ հակառուսական կրքերի բորբոքման համար:
Միանգամայն անտեղի ենք համարում գործողությունները, որոնք ուղղված են մեծ մարդկային ողբերգությունը նեղ քաղաքական նպատակներով օգտագործելուն և ռուս-հայկական հարաբերությունների խարխլումը: Պատվիրված քաղաքականացված գնահատականներն անընդունելի են:
Պոդոլսկի ողբերգությունը ազգային երանգավորում չունի, այն համակողմանիորեն, մանրակրկիտ կերպով, անկանխակալ ու առանց հույզերի կհետաքննվի»: