Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Տիգրան Ավինյանի պահանջով դատարանը կալանք է դրել իմ աշխատավարձային քարտի և բնակարանի վրա

Տիգրան Ավինյանի պահանջով դատարանը կալանք է դրել իմ աշխատավարձային քարտի և բնակարանի վրա
13.05.2023 | 08:09

Հարգելի՛ բարեկամներ,

Տիգրան Ավինյանն իմ և իմ լրատվամիջոցի՝ «168 ժամի» դեմ հայց է ներկայացրել՝ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու համար դրամական փոխհատուցում վճարելու պահանջով։ Ավինյանի մասին իմ կարճ հեռուստաթողարկմանը ես ներկայացրել եմ բացառապես նախկինում հրապարակված և երբևէ չհերքված, ավելին՝ ապացուցված մի շարք կոռուպցիոն ռիսկեր, որոնք վերաբերում են իրեն և իր շրջապատին։ Ավինյանի իրական նպատակը, սակայն, ինձ զգալի նյութական վնաս պատճառելն է և այդպիսով՝ լռեցնելը։

Իրեն վերաբերող նյութի առնչությամբ Ավինյանը չի պահանջել հերքման կամ պատասխանի իրավունք, ինչը քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ողջամիտ ընթացակարգն է նյութի հետ անհամաձայնությունների դեպքում։

Իմ և լրատվամիջոցի դեմ քաղաքացիական հայց ներկայացնելով դատարան՝ Ավինյանը դիմել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու հարցով։ Հայցի ապահովման միջոցի՝ դատարանի բավարարած չափը 9 մլն դրամ է, այդքանի չափով արգելանք է դրվել իմ բնակարանի և աշխատավարձային հաշվեհամարիս վրա։

Այսօր ԴԱՀԿ-ից ծանուցում ստացավ նաև 168.am-ը: Պարզվեց՝ գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով բավարարել է ոչ միայն իմ դրամական միջոցների ու գույքի վրա 9 միլիոն դրամի չափով կալանք դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունը, այլև «168 ժամ» ՍՊԸ-ի հաշիվների վրա նույն չափով՝ ևս 9 միլիոն դրամի կալանք դնելու միջնորդությունը:

Աննախադեպ է նախ նման հայցագնի չափը, ապա և այն, որ այդ սանկցիոն միջոցը նման անհավանական բարձր հայցագնով կիրառվում է լրագրողի անձի նկատմամբ՝ կալանելով նրա գույքը։ Երբևէ որևէ լրագրողի անձնական հաշվեհամարի և գույքի նկատմամբ նման չափի արգելանք չի կիրառվել՝ ընդամենը մասնագիտական գործունեությունն իրացնելու համար։ Հաշվի առնելով, որ դատաքննությունը տարիներ է ձգվելու, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ լրագրողին, լրատվամիջոցն ու ազատ մամուլը ճնշելու, լռեցնելու և սանձահարելու փորձ։

Ես և իմ լրատվամիջոցն օրինական բոլոր միջոցներով հասնելու ենք մեր հաշվեհամարների և իմ բնակարանի վրայից արգելանքը հանելուն, նաև ավելի մեծ թափով շարունակելու ենք բացահայտել վարչախմբի իրական դեմքը։

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4936

Մեկնաբանություններ