Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ավետիք Իսահակյանի հուշերը Ղևոնդ Ալիշանի մասին

Ավետիք Իսահակյանի հուշերը Ղևոնդ Ալիշանի մասին
20.06.2023 | 10:39

Հայաստանը ո՛չ ոք այնպես չգիտե, ինչպես նա, ո՛չ ոք այնքան չի սիրել, որքան նա, այս մեծ հայրենասերը։ Իրականությունը նրա գրչի տակ երազ է դարձել և երազը՝ իրականություն։

Լուսանկարը վերցնում եմ խորին շնորհակալությամբ, նորից համբուրում եմ բազմաշխատ ձեռքը և խուցից դուրս գալիս։

Տակավին Վենետիկ էի, երբ Պետերբուրգի հայ ուսանողների մի խմբակից նամակ ստացա։ Գրում էին, որ ուսանողների այդ խմբակը ձեռնարկել է ժամանակակից հայ անվանի մարդկանց կենսագրությունը գրել ժողովրդական լայն խավերի համար։

Դիմում էին ինձ, որ անմիջապես Ալիշանից կենսագրական տեղեկություններ, փաստեր, դրվագներ խնդրեի, պատմեր ինձ և նույնպես միաբաններից հավաքեի նյութեր, նաև հարցնեի նրա կարծիքը թրքահայերի հարցի մասին (Հայկական հարց)։

Այս նամակով զինված, գնացի Ալիշանի մոտ։ Ալիշանը հեգնանքով ասաց.

- Այդ ինչ ծանր քար են դրա ծ քո մեջքին։ Վախեցա՞ր, գրելիք բան մը չկա։ Ես կենսագրություն չունիմ։

Ասաց, որ իրեն 8-9 տարեկան հասակում Կ. Պոլսից բերել են Ս. Ղազար, նվիրել են վանքին։ Սկսել է աշակերտել միաբանության դպրանոցում, ավարտել է շատ մատաղ տարիքում, ուսանող է եղել և մի քանի տարի էլ Փարիզի Մուրադյան հայ վարժարանում դասատու և վարիչ է եղել։

- Եվ քանի մը գրքեր եմ գրած։ ՈՒրիշ ալ ըսելիք չունիմ։ Գրքեգիրք՝ ատ է եղած իմ ճամփան։ ՈՒրիշ տեղեր չեմ գացած։

Հետո ասաց, որ աշխարհականները կենսագրական ունին, կարող են ունենալ։

Գործեր կբռնեն, կընկնին, կելնեն։ Ճամփորդություններ կկատարեն, կկռվին, դատեր կվարեն, կամուսնանան, երեխաներ կունենան և այլն, և այլն։

Ինչ վերաբերում է Հայկական հարցին, Ալիշանն ասաց հետևյալը, որ ես շարադրում եմ արևելահայ բարբառով.

- Իհարկե, հայ ժողովուրդը լավ գիտեր, որ իր սեփական ուժերով չպիտի կարողանար թոթափել թուրքական լուծը, ինչպես առանց Եվրոպայի օգնության չպիտի կարողանային ազատվել ո՛չ Հունաստանը և ո՛չ Բուլղարիան։

Հայ ժողովուրդն էլ, նրանց հետևելով, հույսը դրել էր քրիստոնյա Եվրոպայի օգնության վրա, մեծ, քաղաքակիրթ պետությունների մարդասիրության վրա։ Այստեղից էլ հայ ժողովրդի մեծագույն և բազմաղետ սխալը։

Կոտորածների ժամանակ Թերզյան հայ կարդինալը գնում է Հռոմ, ընկնում է սրբազան պապի ոտները, աղերսում է, որ պապը դիմում անե քրիստոնյա մեծ պետություններին՝ Անգլիային, Ռուսիային, Ֆրանսիային, Գերմանիային, որ ջարդարար թուրքի ձեռքը բռնեն։ Սրբազան պապն ասում է.

- «Այդ քրիստոնյա մեծ պետություններն են հայերին կոտորողները, ես որի՞ն դիմեմ»։

Եվրոպական պետությունները ոչ միայն չօգնեցին և չպաշտպանեցին իրենց հուսացող հայ ժողովրդին, այլ պատեհ առիթ գտան շահագործելու հայկական արյունը։ Հայ ժողովրդին վաճառեցին թուրք դահիճին, փոխարեն ստացան տնտեսական-առևտրական մենաշնորհներ։

Եվրոպացու «բարոյականը ավերված է», բարոյապես սնանկացած է նա. նախնական մարդու բնական մարդասիրությունն էլ չունի անգամ։ Նա ստախոս է, շահամոլ է և եսական։

Պետք է վերջ տալ հայերի մեջ եղած հեղափոխական ընկերությունների գործունեությանը, պետք չէ գրգռել թուրքերի մոնղոլական արյունը։ Պետք է ընդմիշտ երես շրջել այդ փչացած Եվրոպայից և գարշանքով երես շրջել։

- Բարևներ խոսեցեք Պետերբուրգի ձեր ազնիվ ընկերներին, նաև իմ շնորհակալությունը՝ իմ հանդեպ ունեցած նրանց հարգանքի համար։ Շրջահայա՛ց եղեք, սիրեցե՛ք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը և սիրեցե՜ք միմյանց։ Ես խոնարհեցի գլուխս և դուրս ելա նվիրական խուցից։

Երբ մեկնում էի Վենետիկից, գնացի Ալիշանի մոտ՝ վերջին անգամ տեսնելու և հրաժեշտ անելու։

Օրհնեց ինձ, բարիքներ մաղթեց և ողջույն ուղարկեց Խրիմյան Հայրիկին։

- Ինձմեն հարյուր օրով մեծ է ան ,-ասաց Ալիշանը,- բայց կըսեն, որ շատ առույգ է, ձի կնստի, հարկավ այդպես է. ան Մասիսի հովին տակ կքնանա, Արաքսի ջուրը կխմէ, Հայաստանի հացը կուտէ, անոր հողի ուժը կառնե…

Խրիմյան Հայրիկի ընծան Ղևոնդ Ալիշանին

Ավետիք Իսահակյանը Վենետիկից վերադառնալով Խրիմյան Հայրիկին է փոխանցում հայր Ղևոնդ Ալիշանի ողջույնը.

- Ա՜հ, շա՛տ շնորհակալ եմ,- ասում է Հայրիկը,- ինչպե՞ս է հայր Ղեւոնդը, լա՞վ է:

- Այո՛, վեհափառ Հայրիկ,- պատասխանում է Իսահակյանը,- պատիվ ունեցա մի քանի անգամ լինելու ալեզարդ Նահապետի մոտ, որն ինձ արժան համարեց Ձեզ ողջույններ բերելու: Նա հիվանդոտ է և թույլ:

- Ափսո՜ս, ափսո՜ս,- խոսքն ընդհատում է Հայրիկը,- մենք հասակակիցներ ենք, ես շատ եմ սիրում նրան, անուշ գրիչ ունի. նա շա՜տ է ազդել իմ գրչի վրա, նա ինձ շատ բան է ներշնչել:

- Նա ինքն էր ասում,- պատասխանում է Իսահակյանը,- որ Հայրիկը իրենից հարյուր օր է մեծ և ասում էր թե բերկրությամբ եմ լսում, որ Հայրիկը ձի է նստում և ժողովրդին այցի ելնում: Միշտ նախանձում էր Ձեզ, վեհափառ Հայրիկ, և ասում էր, որ Հայրիկի բանն ուրիշ է, նա առույգ է մնացել, որովհետև Մասիսի շուքի տակն է քնում, հայոց դաշտերի ծաղկաշունչ հովն է ծծում և Արաքսի ջուրն է խմում:

Հայրիկն ուրախ և սրտանց ծիծաղում է և ասում.

– Նա նախանձո՞ւմ է ինձ. ես վաղը կկարգադրեմ, որ նրա համար Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և փոքրիկ արկղով ուղարկեն Վենետիկ:

Ցավոք, Հայրիկի Վենետիկ ուղարկած արկղը, որ պիտի տրվեր հայոց Նահապետին, հասավ հայր Ղեւոնդի վախճանից հետո միայն:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2413

Մեկնաբանություններ