Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Եթե չլիներ մեր եկեղեցու և պետության համագործակցությունը, Հայաստանը վաղուց խժռած կլինեին»

«Եթե չլիներ մեր եկեղեցու և պետության համագործակցությունը, Հայաստանը վաղուց խժռած կլինեին»
27.02.2009 | 00:00

«ԱՂԱՆԴՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԴԱՇՏՈՒՄ»
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում նախաձեռնվել են մի շարք փոփոխություններ, որոնք բավականին սուր բանավեճ են առաջացրել հասարակության մեջ, Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների շրջանում։ Այս կապակցությամբ որոշեցինք մեր ընթերցողներին ներկայացնել Մայր Աթոռ ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս ՂԵՎՈՆԴ քահանա ՄԱՅԻԼՅԱՆԻ տեսակետը։
-Տեր հայր, Դուք ճեմարանում դասավանդում եք աղանդավորական շարժումների մասին և Հայաստանում այդ ուղղության հիմնական մասնագետներից մեկն եք։ Նոր փոփոխություններ են նախաձեռնվել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում, որոնք, պատգամավորների պնդմամբ, միտված են կանոնակարգելու կրոնական շարժումների գործունեության դաշտը։ Առաջին փոփոխությունը վերաբերում է գրանցման համար նախատեսված թվակազմի մեծացմանը։ Սկզբում որոշվել էր պահանջվող նվազագույն 200 անդամների թիվը դարձնել 1000, հիմա, կարծեք, հակված են սահմանելու 500։ Արդյոք սա որոշի՞չ նորմ է կրոնական շարժումների գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ։
-«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում 1991-ին նախատեսվեց, որ պաշտոնական գրանցում ստանալու համար կրոնական համայնքը, շարժումը կամ կազմակերպությունը պետք է ունենան նվազագույնը 50 անդամ։ Հետագայում, 1996-ին, այդ թիվը դարձավ 200։ Մինչև 2000 թվականը, Հայ առաքելական եկեղեցուց բացի, Հայաստանում գործում էր մոտ 15 այլ գրանցված կազմակերպություն, իսկ վերջին 9-10 տարիներին դրանց թիվը հասավ 85-ի։
-Այսինքն, թվակազմի մեծացումը խթանո՞ւմ է աղանդավորության աճը։
-Փորձը ցույց է տալիս, որ` այո։ Նույնը կլինի այս դեպքում, որովհետև արդեն 500 մարդու ստորագրություն հավաքելու և պաշտոնական դիմում ներկայացնելու համար գրանցվելու ցանկություն ունեցող կազմակերպությունը (որոնց թվում քիչ չեն տոտալիտար աղանդները), փաստորեն, պիտի ընդլայնի իր գործունեության դաշտը, ընդգրկի ոչ միայն, ասենք, իր փոքրաթիվ հետևորդներին, այլև նրանց ծանոթ-բարեկամներին, որպեսզի կարողանա անհրաժեշտ պահանջն ապահովել։ Անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ նման մեթոդներն աղանդների տարածման դեմ արդյունավետ չեն։
Որովհետև մեր պետական քաղաքականության մեջ հաշվի չի առնվում աղանդների գործունեության գլխավոր առանձնահատկությունը։ Դրսից շատ որոշակի նպատակներով Հայաստան ներթափանցած այդպիսի կազմակերպություններից ոչ մեկը չունի երկրի օրենքը հարգելու խնդիր։ Նրանց ամբողջ մարտավարությունը կամ ռազմավարությունը կառուցված է օրենքը շրջանցելու վրա։ Առայսօր միակ օրինապահ կազմակերպությունը Հայ առաքելական եկեղեցին է, մյուսները բացառապես աշխատում են շրջանցել օրենքը։ Անշուշտ, որևէ կազմակերպություն կամ աղանդ հրապարակավ չի հակադրվում պետությանը, չի հայտարարում, թե մենք ձեր օրենքներն ընդհանրապես չենք ընդունում։ Ընդհակառակը, ձևականորեն օրինապահ լինելով, նրանք իրենց գործունեությունը կառուցում են օրենքում սողանցքներ, չպարզաբանված կետեր գտնելու և այդ ճանապարհներով օրենքի պահանջները շրջանցելու վրա։ Մանավանդ որ այդ կազմակերպություններից շատ շատերի թիկունքում հզոր արտաքին գործոններ ու խոշոր ֆինանսներ են կանգնած։ Նրանք կատարում են միայն արտասահմանյան իրենց ղեկավարների հրահանգները, ինչպես որ Եհովայի վկաներն առայսօր առաջնորդվել են միայն Բրուկլինի իրենց կենտրոնի հրահանգներով, իսկ, ասենք, մորմոնները` ԱՄՆ-ի Յուտա նահանգում գտնվող իրենց ղեկավարության կարգադրություններով։
-Ի դեպ, փոփոխությունների նախագծում նախատեսված են նաև կազմակերպությունների դավանաբանությանն առնչվող հոդվածներ։ Մասնավորապես կա դրույթ, որ իրեն քրիստոնեական համարող կազմակերպությունը պետք է ընդունի Քրիստոսին իբրև Աստված և Փրկիչ, ընդունի նաև Սուրբ Երրորդությունը։ Դավանաբանական այս բնույթի հստակեցումները կարո՞ղ են նպաստել` զատելու իսկապես քրիստոնեական կազմակերպությունները ոչ քրիստոնեական շարժումներից։
-Ճիշտն ասած, ես դավանաբանական խնդիրները չէի մտցնի իրավական դաշտ։ Պետք է հաշվի առնել, որ ցանկացած աղանդավորական շարժում և հատկապես տոտալիտար աղանդները գերկենտրոնացված, ցանկացած երկրի բանակից ավելի ուժեղ կարգապահություն ունեցող կառույցներ են։ Դա նշանակում է, որ կենտրոնից տրված հրահանգով փաստաթղթերը գրանցման ներկայացնող աղանդի ներկայացուցիչը կարող է հայտարարել, թե իրենք օրենքում նախատեսված բոլոր դրույթներն էլ ընդունում են։ Այսինքն` մի մարդ դրա համար ստորագրություն կտա, կազմակերպությունը կգրանցվի, բայց դա բոլորովին չի նշանակում, թե դավանաբանական իմաստով նրանք ճանաչում են Քրիստոսին որպես Աստված կամ ընդունում են Սուրբ Երրորդությունը։
-Այդ դեպքում ինչպե՞ս վարվել։
-Ավանդական եկեղեցիները քրիստոնեական են համարում այն շարժումները, որոնք ընդունում են Նիկիական հանգանակը։ Այն ընդունվել է Նիկիայում, 325 թվականին տեղի ունեցած առաջին եկեղեցական ժողովում։ Մեր եկեղեցին ամեն կիրակնօրյա ժամերգության ընթացքում հիշատակում է այդ մասին։ Նիկիական հանգանակի առաջին երեք կետերը հենց Սուրբ Երրորդության մասին են, չորրորդ կետը վերաբերում է եկեղեցուն, հինգերորդը` մարդուն, և բոլորը միասին դիտվում են իբրև մի ամբողջություն։ Սրանից դուրս այլ մեկնաբանություն ավանդական քրիստոնեական եկեղեցիները չեն ընդունում և չեն համարում, որ այդ շարժումը քրիստոնեական է։ Օրինակ, մորմոնները Նիկիական հանգանակը չեն ընդունում, այլ ընդունում են իրենց առաջնորդ Ժոզեֆ Սմիթի ստեղծած հանգանակը` բաղկացած 13 կետերից։
-ՈՒրեմն այդ դեպքում ճիշտ կլիներ, որ օրենքի փոփոխությունների մեջ շեշտվեր հենց Նիկիակա՞ն հանգանակը։
-Նախ` օրենքի այսօրվա փոփոխությունները նախաձեռնելիս, թերևս, պետք էր խորհրդակցել մասնագետների հետ։ Ես ընդհանրապես դեմ եմ դավանաբանական հարցերին իրավական ճանապարհով կարգավորում տալու փորձերին։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդում էլ քրիստոնեական են համարվում միայն այն եկեղեցիները, որոնք ընդունում են Սուրբ Երրորդության վարդապետությունը, բայց միաժամանակ այնտեղ երբեք անցյալի վեճերին չեն անդրադառնում։ Եթե մենք դավանաբանական հարցերը դարձնենք օրենքի նորմ, ապա հարկադրված կլինենք այդ դաշտ տեղափոխել նաև բանավեճերը մեր եկեղեցու ողջ պատմական ընթացքի շուրջ` Քաղկեդոնից մինչև հիմա։ Սա պետք է նկատի ունենալ։
Պետք է հաշվի առնել նաև, որ բոլոր աղանդները, կրոնական շարժումները, հատկապես Հայաստանում, իբրև իրենց գործունեության հիմք ընդունում են Աստվածաշունչը։ Կամ, ավելի շուտ, այդպես են ներկայացնում։ Այսինքն` Աստվածաշնչից ընդունում են այն, ինչն իրենց հարմար է, և մերժում են այն, ինչն իրենց հարմար չէ։ Սա նշանակում է, որ հոգեորսությունը շարունակվելու է, նրանք ամեն կերպ շրջանցելու են օրենքը։
-Հոգեորսության դեմ հատուկ հոդված է սահմանված փոփոխությունների նախագծում, ուր նշվում է, որ հոգեորսության փաստը բացահայտելու դեպքում տվյալ կազմակերպությունը կամ նրա ներկայացուցիչը կարող են տուգանվել նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով, իսկ առանձին դեպքերում նույնիսկ մեկ տարվա ազատազրկում է նախատեսված։
-Դա գործնականում աշխատող նորմ չէ, որովհետև հոգեորսության փաստը դատարանում ապացուցելն անհնարին է։ Առհասարակ նման բնորոշում չկա որևէ երկրի օրենսդրության մեջ։ Չկան իրավական նորմեր, որոնցով հնարավոր լիներ բնորոշել հոգեորսություն հասկացությունը։ Հիշենք Մեծամորի հայտնի դեպքը` կապված Եհովայի վկաների ներկայացուցիչ Լևոն Մարգարյանի հետ։ Բոլորն էլ գիտեին, որ Եհովայի վկաները բացահայտ վարում են զենք չվերցնելու քարոզչություն, իրենց գործունեության մեջ օգտագործում են երեխաներին և այլն։ Երեք դատական ատյաններում էլ չհաջողվեց ապացուցել նրանց մեղավորությունը, հոգեորսության փաստը, և Մարգարյանն արդարացվեց։
Առհասարակ քրեական պատիժները նման դեպքերում արդյունավետ չեն։ Պատկերացնենք անգամ, որ եթե օրենքում փոփոխություններն ամրագրվեն, և Հայաստանում գործող բազմաթիվ աղանդներից թեկուզ մեկի մեկ անհատ ներկայացուցիչ դատապարտվի հոգեորսության համար։ Ի՞նչ է լինելու. պարզապես նա իր քարոզչությունը շարունակելու է բանտում։ Այդպիսի նորմի կիրառումը հնարավորություն կտա այդ նույն աղանդավորական շարժումներին` դա ներկայացնել իբրև իրենց նկատմամբ իրականացվող հալածանք, և որ իբր իրենք են ճշմարիտ եկեղեցին։ Պետք է հասկանալ, որ աղանդները գործում են բոլորովին այլ տրամաբանությամբ, օրենքի տրամաբանությունից դուրս դաշտում։ Օրինակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում այլընտրանքային ծառայության մասին օրենքը, փաստորեն, ընդունվեց Եհովայի վկաների պատճառով, որպեսզի վերջիններս, եթե հրաժարվում են զենք վերցնել, ինչ-որ այլ ձևով հատուցեն իրենց պարտքը պետությանը։ Եվ ի՞նչ, նրանք հիմա էլ չեն ենթարկվում այդ օրենքին։ Այսինքն` այլընտրանքային ծառայության էլ չեն գնում` նախընտրելով դատապարտվել դասալքության համար և բանտում կրել իրենց պատիժը։
-Այդ դեպքում ի՞նչ անի պետությունը, եթե աղանդները ցանկացած իրավիճակից ինչ-որ ելք գտնում են` օրենքներն անտեսելու համար։
-Պետք է նայել այլ երկրների փորձը։ Օրինակ, Իսրայելում այդ խնդրի դեմ բավականին արդյունավետ պայքարի միջոց են գտել` ընդունելով հակամիսիոներական օրենք։
-Ի՞նչ է դա նշանակում։
-Դա նշանակում է, որ Իսրայելում բնակվող և հուդդայականություն դավանող երկրի քաղաքացիների շրջանում արգելված է որևէ այլ օտար գաղափարախոսության քարոզումը և վերջ։ Հստակ նորմեր են սահմանված` ընդհուպ մինչև օրենքը խախտող այլադավան քարոզիչներին երկրից արտաքսելը կամ քրեական պատասխանատվության ենթարկելը։ Արդյունքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին։ Օրինակ, նույն մորմոնները աշխարհի ամենահարուստ համայնքներից մեկն են, նրանց թվում զգալի տոկոս են կազմում ոչ միայն միլիոնատերերը, այլև միլիարդատերերը։ Նրանք մի մեծ շենք գնեցին Երուսաղեմում, անունը դրեցին աստվածաբանական ուսումնասիրությունների ինստիտուտ, բայց իրականում դուրս եկան փողոց ու սկսեցին իրենց պատկերացմամբ քրիստոնեություն քարոզել։ Սակայն Իսրայելի իշխանություններն անմիջապես գործադրեցին այս օրենքը, ու հետևանքը եղավ այն, որ մի երկու ամսում մորմոնները շենքը վաճառեցին ու հեռացան Իսրայելից։
Այստեղ, իհարկե, պետք է նկատի ունենալ, որ Իսրայելն ինչ-որ չափով թեոկրատիկ պետություն է։ Որովհետև Հին Կտակարանն ինքնին թեոկրատիկ ուսմունք է։ Հայաստանն ընտրել է ժողովրդավարական երկիր կառուցելու ուղին, և օրենսդրությունն էլ համապատասխան սկզբունքների վրա է կառուցված։ Սակայն մեզ մոտ էլ հնարավոր է մտածել այսպիսի մեխանիզմների կիրառման մասին, միգուցե ոչ ամբողջությամբ կրկնօրինակելով Իսրայելի փորձը։ Թեպետ, իհարկե, մեր եկեղեցու գործունեությունը ցանկացած դեպքում ուղղված է հայ ժողովրդին ճշմարիտ քրիստոնեական հավատքի ուղիով առաջնորդելուն։ Տարբեր աղանդներ միշտ էլ եղել են ու կլինեն, մենք պիտի գործենք պետության սահմանած օրենքների շրջանակում, բայց միաժամանակ պետության հետ համատեղ։
-Ի դեպ, քիչ չեն տարաբնույթ դժգոհությունները, թե եկեղեցին այնքան էլ արդյունավետ չի կատարում իր հոտին աղանդների ազդեցությունից զերծ պահելու առաքելությունը, պետությունն էլ առանձնապես չի աջակցում եկեղեցուն։
-Այդպես չէ, մեր եկեղեցու գործունեության համար զգալի խոչընդոտ է մնում մեր խորհրդային անցյալը, երբ հայաստանաբնակ կամ ԽՍՀՄ-ում բնակվող հայությունը պետության հարկադրանքով օտարվեց իր եկեղեցուց և ազգային արմատներից։ Այս բացը լրացնելու համար ժամանակ էր պետք, բայց մենք այդ ժամանակը չունեցանք, որովհետև խորհրդային աթեիստական ժամանակաշրջանի ավարտին, 1988-ից, Հայաստան սկսեցին թափանցել աղանդները։ Իսկ նրանց թիկունքում, ինչպես նշեցի, լուրջ ուժեր և շատ մեծ ֆինանսական միջոցներ են կանգնած։ Եթե չլիներ մեր եկեղեցու և պետության համագործակցությունը, Հայաստանը վաղուց խժռած կլինեին։ Եկեղեցին օրենքով անջատված է պետությունից, բայց հայ կյանքից անջատված չէ։ Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ թագավորը միասին ձեռք ձեռքի տված են գործել, ու այդպիսով է քրիստոնեությունն արմատավորվել Հայաստանում։ Սա է կեղծ դեմոկրատիայի ու գլոբալիզացիայի դեմն առնելու մեր փորձված միջոցն ու ճանապարհը։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3335

Մեկնաբանություններ