ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Կառուցապատմանը ներկայացվելու են ավելի խիստ պահանջներ»

«Կառուցապատմանը ներկայացվելու են ավելի խիստ պահանջներ»
26.12.2008 | 00:00

ՏԱՐԻՆ ՓԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Սովորաբար տարեվերջին գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներն ամփոփում են անցնող տարին։ Այս անգամ մենք չսպասեցինք ավանդական ասուլիսներին և ՀՀ քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ փոքրիկ էքսկուրս կատարեցինք տարվա կտրվածքով, մինչև վիճակագրական տվյալների վերջնական ամփոփումը։
-Առաջին հերթին ցանկանում եմ Ձեր թերթի աշխատակազմին, ընթերցողներին և մեր բոլոր հայրենակիցներին շնորհավորել Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ` ցանկանալով բարեկեցություն և խաղաղություն։ Անշուշտ, վերջին տարիներին շինարարությունը ՀՆԱ-ի կառուցվածքում մեծ հատված է կազմում և տնտեսության ամենաարագ ու դինամիկ զարգացող ճյուղն է։ Նման ձեռքբերումը մենք պետք է կարողանանք պահպանել։ Այս առումով կարևոր եմ համարում գերակայությունների ճիշտ սահմանումը և կանխատեսումը։ Կարելի է ասել, որ 2008-ին մենք կարողացանք ստեղծել այն օրենսդրական նախադրյալները, որոնք պետք է ամփոփեն առաջիկա հինգ տարիների համար նախատեսված գերակայությունները։ Մասնավորապես, կարևոր եմ համարում քաղաքաշինական գործունեության վերահսկողության, հսկողության և լիցենզավորման համակարգերի հստակեցման ու կատարելագործման, գործող քաղաքաշինական նորմերը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու մասին օրենքները։ Դրա նպատակն է հնարավորինս կարգավորել քաղաքաշինական գործունեության ընթացքում վերահսկողության և հսկողության իրականացումը, որը հնարավորություն կտա, չխոչընդոտելով շինարարություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի աշխատանքը, իրականացնել վերահսկողություն (հսկողություն) ու բացառել ստուգումների վերադրումը, այսինքն` վերացնել նմանատիպ ստուգումների գոյություն ունեցող պրակտիկան։ Ինչ վերաբերում է շինարարության որակի տեխնիկական հսկողության նկատմամբ չափորոշիչների բարձրացմանը` կապված վերջինիս լիցենզավորման հետ, ապա այն բխում է նախարարության քաղաքաշինական տեսչության վերջին տարիներին կատարած ուսումնասիրությունների արդյունքներից։ Դրա արդյունքում մենք 4-5 անպարտաճանաչ կազմակերպությունների հետ խզեցինք մեր պայմանագրերը, քանի որ շինարարության որակի ապահովումը մեր քաղաքականության գերակա խնդիրն է։ Երկրորդը քաղաքաշինության հատուկ կարգավորման տարածքների ձևավորումն է։ Սա շատ կարևոր է ճարտարապետամշակութային ինքնատիպ դիմագիծ ունեցող մեր քաղաքների` Գյումրիի, Դիլիջանի, Էջմիածնի, Ջերմուկի պատմական դեմքը պահպանելու առումով։ Այսուհետև այդ տարածքներում կառուցապատմանը ներկայացվելու են ավելի խիստ պահանջներ, խստացվելու է նաև պատասխանատվությունը։ Քաղաքաշինական հաջորդ գերակայությունը կրթական, մշակութային, առողջապահական և մարզական օբյեկտների հիմնանորոգումն ու կառուցումն է։ Տարեցտարի այդ ոլորտներին բյուջետային հատկացումներն աճում են միջինը 30 տոկոսով։ Այս տարվա աճը 58 տոկոս է։ 2008-ին հիմնանորոգվել ու կառուցվել են 192 դպրոց, 8 մարզական, 11 առողջապահական և 37 մշակութային օբյեկտ։ Գործողության մեջ է դրվել միջազգային ստանդարտներին ներդաշնակեցված 8 ստանդարտ, քննարկման փուլում է ևս 9-ը։ Ինչ վերաբերում է աղետի գոտու և փախստականների ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդրին, ապա այս տարի ԲԳՎ-ների միջոցով դրանցով ապահովվել է 150 ընտանիք (դեկտեմբերի 22-ի դրությամբ)։ Բացի օրենսդրական և աշխատանքային բարեփոխումներից, կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել նաև նախարարության ներսում, ինչը բխում է առաջիկա հինգ տարիների գերակայությունների հաստատման և դրանք իրականություն դարձնելու պահանջից։ Այս առումով կարևոր եմ համարում գլխավոր ճարտարապետի ինստիտուտի ստեղծումը։
Պատրաստեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3510

Մեկնաբանություններ