ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ինչպիսի որոշում էլ ընդունվի Ստրասբուրգում, այն ավելի է խճճելու ՀՀ ներքաղաքական և հատկապես ներիշխանական իրավիճակը»

«Ինչպիսի որոշում էլ ընդունվի Ստրասբուրգում, այն ավելի է խճճելու ՀՀ ներքաղաքական և հատկապես ներիշխանական իրավիճակը»
16.01.2009 | 00:00

«ԱՌԿԱ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎԵԿՏՈՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ»
Հայաստանում սպասվող առաջին ներքաղաքական զարգացումների, ԵԽԽՎ-Հայաստան փոխհարաբերություններում հնարավոր շրջադարձերի, ընդդիմության և իշխանության ներսում զարգացող գործընթացների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, վերլուծաբան ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
-Պարոն Սարգսյան, անցած տարում ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների դաշտում վերջնական հանգուցալուծում տեղի չունեցավ։ Թեպետ նախագահը ներում է շնորհել մի շարք դատապարտված ընդդիմադիրների, ոմանք էլ դատարանի դահլիճից կամ նախնական կալանքից են ազատ արձակվել, լարվածությունը պահպանվում է։ Ի՞նչ կարելի է սպասել 2009-ին։
-Կարելի է համոզված պնդել, որ հակադրությունը կշարունակվի։ Իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում կա երկու հիմնական խնդիր, որոնցից առաջինը 7-ի դատավարության հետագա ընթացքն է։ Երկրորդ խնդիրն արդեն միջնորդավորված է նաև Հայաստան-Եվրախորհուրդ հարաբերություններով, ինչ որոշում կկայացվի հունվարի 29-ին ԵԽԽՎ-ի լիագումար նստաշրջանում։ Հարկ է նշել, որ իրավիճակը, իսկապես, ճգնաժամային է, և ինչպիսի որոշում էլ ընդունվի Ստրասբուրգում, այն ավելի է խճճելու ՀՀ ներքաղաքական և հատկապես ներիշխանական իրավիճակը։
-Ի՞նչ իմաստով։ Բացի այդ, Հայաստանը կարող է և չզրկվել ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից։
-Անգամ եթե նման որոշում չկայացվի, միևնույն է, արտաքին լուրջ ճգնաժամին անխուսափելիորեն գումարվելու է ներքին ճգնաժամը։ Կարծում եմ, իշխանությունները սա հասկանում են, այլ հարց է, որ իսկապես հաջողված լուծումներ չեն կարողանում գտնել։ Այսօր իշխանական դաշտից կարելի է լսել այնպիսի արձագանքներ, թե ԵԽԽՎ-ում ձայնից զրկելը մեզ համար սպառնալիք չէ և ոչ մի հետևանք էլ չի ունենա։ Թեպետ միաժամանակ պարզ չէ, թե ԵԽԽՎ-ից դուրս դրվելու դեպքում Հայաստանը, առհասարակ, որ գեոքաղաքական դաշտում է լինելու։ Ժամանակին երկիրն ընդունել է եվրոպական ինտեգրացիան իբրև ռազմավարական ուղղություն, դա չափազանց ակնհայտ է ու պարզ անգամ Ռուսաստանի հետ հարաբերությունները հաշվի առնելով։ Այժմ, երբ կա եվրոպական ընտանիքի մի կարևոր օղակից, իսկ, ըստ էության, եվրոպական հանրությունից դուրս դրվելու սպառնալիք, իշխանական դաշտից կարելի է լսել կես կատակ, կես լուրջ այնպիսի հայտարարություններ, թե մենք էլ կինտեգրացվենք իսլամական աշխարհի հետ, մզկիթներ կկառուցենք կամ էլ Չինաստանը մեզ փող կտա։ Ես սա չեմ հասկանում, շանտաժի՞ փորձ է, թե՞ կեղծ մխիթարություն։ Ամենայն հավանականությամբ կարելի է ասել, որ իշխանական համակարգում չկա միասնական պատկերացում ոչ միայն երկրի ապագայի, այլև բուն իշխանության առաջիկա գործողությունների վերաբերյալ։
-Այնուհանդերձ, Դուք խտացնում եք գույները, որովհետև քիչ հավանական է ամենածայրահեղ որոշման ընդունումը։
-Լավ, պատկերացնենք, որ Հայաստանը պահպանում է ձայնի իրավունքը ԵԽԽՎ-ում և միաժամանակ ստանձնում պարտավորություններ` որոշակի ժամկետներում բավարարելու Եվրախորհրդի պահանջները։ Սակայն ի՞նչ է լինելու հետո։ Ձմեռը մի կերպ դուրս կգանք, բայց տնտեսական իրավիճակը շարունակելու է մնալ բարդ։ Հասարակությունը ոչ մի կերպ չի ուզում կուլ տալ մարտի 1-ը, քաղբանտարկյալների առկայությունը։ Ի՞նչ է լինելու մարտի 1-ին, երբ ընդդիմությունը վերադառնա գործունեության ավելի ակտիվ փուլի։ Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի այսօր։
Բայց հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, բոլոր զարգացումները մինչև գարուն, այսպես թե այնպես, տեղափոխվելու են զուտ իշխանական ճամբար և հենց այնտեղ են զարգանալու լուրջ գործընթացներ։ Որովհետև եթե իշխանությունն օլիգարխիկ է և համապատասխանաբար ձևավորված խոշոր սեփականատերերի ջանքերի ու շահերի հիման վրա, խնդիրները, որպես կանոն, առաջին հերթին այդ դաշտում են առաջանում։ Հունվարի 8-ին գործող վարչապետը կառավարության առաջին նիստում հայտարարեց, որ 2009-ը արմատական բարեփոխումների տարի է լինելու, և կառավարության, հարկային մարմինների կիզակետում են լինելու հատկապես խոշոր գործարարները։ Այսինքն` ֆիքսվեց իշխանության հայտարարած բարեփոխումների էությունը, որը ենթադրում է նոր կանոնների հաստատում, իսկ այդ կանոններն իրենց հերթին ենթադրում են հասարակության մասնակցությունը և նրա վերահսկողության հաստատումը խոշոր բիզնեսի նկատմամբ։ Այսինքն` մենք ականատես ենք հերթական հեքիաթի հորինմանը։
-Ինչո՞ւ հեքիաթի։ Խոշոր բիզնեսը լիարժեք հարկային դաշտ բերելը բոլոր կառավարությունների համար էլ եղել է օրախնդիր։
-Իսկ ինչո՞վ է դա ոգևորիչ։ Սա ընդամենը նշանակում է, որ իշխանությունը խոստովանում է, որ խոշոր բիզնեսը մինչ օրս գործել է օրինական հարկային դաշտից դուրս, այսինքն` անօրինական դաշտում։ Սա ցուցանիշ է նաև, որ իշխանությունը հասկացել է, թե ճգնաժամից դուրս գալու ելքերը շատ սահմանափակ են, եթե ընդհանրապես կան այդպիսի ելքեր։ Անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ ընդդիմության հետ օրենքի շրջանակներում հարաբերությունները ճշտելու, մարտի 1-ին կատարվածը համալիր ուսումնասիրության ենթարկելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրական ցանկություն, որը և ճգնաժամի հանգուցալուծման լավագույն ելքն է, իշխանությունը չունի։ Պատահական չէ, որ այսօր ասպարեզում եղած դատական գործերով ոչ ոք կոնկրետ չի մեղադրվում սպանությունների, մեքենաների հրկիզման ու թալանի համար։ Չկան այդպիսի կոնկրետ մեղադրյալներ, որևէ մեկի նկատմամբ նման մեղադրանք հարուցված չէ։ Սա նշանակում է, որ իշխանությունն այս հարթության մեջ լուծումներ չի որոնում, ուստի դրանք պետք է փնտրի այլ դաշտում։ Դրա համար էլ հասարակությանն առաջարկվում է բարեփոխում, թե իբր խոշոր օլիգարխներին կբերենք հարկային դաշտ, բյուջեն կմեծանա, ամեն ինչ լավ կլինի։
-Իսկ ո՞վ է ասել, որ դա կարևոր չէ կամ ընդունելի ելք չէ հասարակության համար։
-Դա նշանակում է, որ փորձ է արվում իրական պրոբլեմները տեղափոխել արհեստական դաշտ։ Կարելի է անընդհատ քարոզչության լծել ողջ հեռուստատեսությունը և բոլոր հեռուստաալիքներով շարունակ հայտարարել, թե քայլեր են ձեռնարկվում բոլորի համար հավասար դաշտ ստեղծելու ուղղությամբ։ Չեմ առարկում, գաղափարն ինքնին հրապուրիչ է հասարակության համար, բայց այն իրողությունը, որ հենց դա է իշխանությունն ընտրել իբրև գործունեության հիմնական ուղղություն, ներիշխանական ճգնաժամի լրացուցիչ վկայություն է։
Որովհետև ովքե՞ր են խոշոր բիզնեսում։ Պաշտոնյաները կամ նրանք, ովքեր պատգամավորական մանդատներ ունեն։ Հետևապես, եթե նոր է խնդիր առաջանում նրանց հարկային դաշտ բերելու, ուրեմն` իշխանության ներսում վիճակը բավարար կառավարելի չէ, և փորձ է արվում այս պայմաններում կենտրոնացնել սեփականությունը, ֆինանսական հոսքերն ու ռեսուրսները` նախագահական աշխատակազմի կամ հենց նախագահի վերահսկողության տակ։ Նույն ճանապարհով ժամանակին գնաց Ռուսաստանի նախկին նախագահը, որ այսօր երկրի վարչապետն է։ Սա առհասարակ օլիգարխիական կառավարման համակարգ ունեցող երկրներին բնորոշ ուղի է, նույն կերպ վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանում վարվեց Սաակաշվիլին։ Օլիգարխներին ջարդեցին և ձևավորեցին իշխանության մեկ հիմնական կենտրոն։
-Եվ, շատերի գնահատմամբ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Վրաստանում այն, տնտեսական առումով, անվիճելի դրական արդյունքներ տվեց։
-Կարճաժամկետ կտրվածքով հաջողության հասնելու համար սա արդյունավետ մեխանիզմ է, սակայն ոչ առողջ հասարակություն կառուցելու տեսանկյունից։ Բավական եղավ, որ ի հայտ գային համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին միտումները, և մենք տեսնում ենք, որ, օրինակ, Ռուսաստանի տնտեսությունն աչքի առաջ փլուզվում է։ Որովհետև ամեն ինչ կենտրոնացված էր, տնտեսավարման ազատություն չկար, որպեսզի հազարավոր տնտեսավարողներ իրենց ուժերով ու ռեսուրսներով, յուրաքանչյուրն իր հատվածում, փորձեին դուրս գալ ճգնաժամից։ Տնտեսության կենտրոնացումով ոչ մի երկիր դեռևս չի զարգացել։ Միաժամանակ պարզ է, որ իշխանությունը, նման մարտավարություն որդեգրելով, փորձելու է ջարդել կամ տարրալուծել 2008-ի ընտրությունների ընթացքում իրապես ձևավորված երկրորդ այլընտրանքային բևեռը` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի և ներքաղաքական կացությունը բերել, ասենք, 2004-ի կամ 2005-ի իրավիճակին, երբ կար իշխանական կոալիցիա, իսկ մնացած դաշտը գործնականում դատարկ էր։ Չկար իրական հասարակական այլընտրանք։
-Սակայն իշխանությունը կարո՞ղ է հաջողել իր այդ մտադրության մեջ։
-Չեմ կարծում։ Մեր հասարակությունն այլևս նախկինը չէ։ Ռուս-վրացական վերջին պատերազմից հետո կտրուկ փոխվել է տարածաշրջանը, առկա է արևմտյան վեկտորի ազդեցության կտրուկ ուժեղացում։ Համապատասխանաբար մեծացել է նաև Արևմուտքի ճնշումը Հայաստանի իշխանության վրա։ Կարելի է գնալ Ռուսաստան կամ Չինաստան, վարկ ուզել, բայց նրանք էլ գումար տալուց առաջ դեպի Արևմուտք են նայելու։ Ռուս-վրացական պատերազմի ժամանակ էլ Ռուսաստանը «հաղթական մարշով» առաջ էր ընթանում, վրացական իրադարձություններից հետո անմիջապես սկսեց զբաղվել Ղարաբաղով, ու մի պահ, իսկապես, թվաց, թե ամեն ինչ դարձյալ Մոսկվայում է որոշվում։ Երկու ամիս խոսվում էր, թե Մինսկի խումբը լուծարվելու է, մինչև նոյեմբերի 2-ին Մայնդորֆում ստորագրված հռչակագրով նույն Ռուսաստանն ամեն ինչ կրկին հանձնեց Մինսկի խմբի տնօրինությանը։
Եվ եթե այսօր Եվրախորհրդից Հայաստանի իշխանություններին շատ որոշակի պահանջներ են ներկայացվում, դա միայն ԵԽԽՎ-ի կարծիքը չէ։ Անդամ երկրների մեծ մասը զգալիորեն կողմնորոշված է դեպի ԱՄՆ, ու եթե հունվարի 29-ին Հայաստանին ԵԽԽՎ-ում ձայնից զրկելու որոշում կայացվի, դա կարելի է համարել Արևմուտքի որոշումը։
-Կան ոչ անհիմն կարծիքներ, որ այդպիսի ճնշումը նպատակ ունի ոչ այնքան իշխանությանը ներքին բարեփոխումների մղելու, որքան ղարաբաղյան հարցում ոչ հայանպաստ զիջումներ կորզելու Հայաստանից։
-Չեմ բացառում, բայց միաժամանակ չի կարելի ասել, թե Արևմուտքի համար կարևոր ներքին խնդիրներ երկրում չկան։ Եթե արևմտյան շահերն այստեղ դրսևորված չլինեին, ոչ մի միջամտություն էլ չէր լինի, եթե անգամ առաջանար շատ ավելի վատթար իրավիճակ։ Բայց այդ շահերը կան։ Ես, օրինակ, ամենևին պատահական չեմ համարում, որ ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանն իր ամանորյա շնորհավորական խոսքում հատուկ ընդգծեց, թե ԱՄՆ-ն ակնկալում է Հայաստանից քայլեր բոլոր քաղաքացիների համար հավասարության հաստատման, հավասար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Պատահական չէ, որ մինչ այդ կասեցվել էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով հերթական տրանշի հատկացումը։ Սրանք քայլեր են, որոշ չափով սիմվոլիկ, բայց իրենց մեջ շատ կոնկրետ վերաբերմունք են պարունակում։ Չեմ բացառում նաև, որ խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելու վարչապետի հայտարարությունը նույնպես Արևմուտքին ուղղված յուրօրինակ «մեսիջ» էր։ Այսինքն, իշխանությունը համարում է, որ դա է արևմտյան աշխարհի հիմնական պահանջը, և պատրաստակամություն հայտնում հատկապես այդ ուղղությամբ գործելու։ Թեպետ, իմ կարծիքով, դա ոչ հիմնական, ոչ էլ միակ պահանջն է։
-Այսպիսով, ըստ Ձեզ, ի՞նչ տեղի կունենա հունվարի 29-ին, Ստրասբուրգում։
-Եթե անգամ Հայաստանին ԵԽԽՎ-ի պահանջները կատարելու նոր ժամանակ տան և ձայնի իրավունքից չզրկեն, դա էլ է ճնշման արդյունավետ ձև։ Ժամանակ տալը նշանակում է, որ այդ փուլում պահանջները կարող էին ավելի կոնկրետանալ և խստանալ։ Ցանկացած դեպքում հունվարի 29-ի ԵԽԽՎ-ի նստաշրջանը կատալիզատոր է լինելու։ Եթե ձայնի իրավունքից Հայաստանի պատվիրակությունը չզրկվի, նշանակում է լուրջ պահանջներ կան, և Արևմուտքը մտադրված է իշխանության վրա աստիճանական ճնշումով հասնել դրանց իրագործմանը։ Իսկ եթե պատվիրակությանը ձայնից զրկելու որոշում կայացվեց, դա արդեն ծայրահեղ միջոց է, որ բոլորովին այլ բան է նշանակում, իշխանության և երկրի համար խիստ աննպաստ իրադրության ստեղծում։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ իշխանությունը փորձելու է այս իրավիճակից դուրս գալ ներքին փոփոխությունների միջոցով, քան ընդդիմության հետ համատեղ ելքեր որոնելու ճանապարհով։ Այդքան քաջություն, ցավոք, չունեցան։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3285

Մեկնաբանություններ