ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մենք էլ մեր հերթին պետք է ներկայացնենք Հայաստանի արտաքին քաղաքականությունը սփյուռքյան մեր համայնքներում»

«Մենք էլ մեր հերթին պետք է ներկայացնենք Հայաստանի արտաքին քաղաքականությունը սփյուռքյան մեր համայնքներում»
17.10.2008 | 00:00

«ՄԵՆՔ Ի ՎԻՃԱԿԻ ԵՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՑԱՆԿԱՑԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
Հայաստան-սփյուռք հարաբերություններում նոր որակական տեղաշարժ արձանագրելու անհրաժեշտության մասին խոսվում է վաղուց։ Ներկա կառավարությունը Հայաստանում առաջինն է, որի կազմում նախարարության մակարդակով ստեղծվեց սփյուռքի հետ համալիր հարաբերությունների կառուցման համապատասխան գերատեսչություն։ Արտերկրի հայության նկատմամբ Հայաստանի նոր քաղաքականության հեռանկարների վերաբերյալ պարզաբանումներ է տալիս սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ։
-Տիկին Հակոբյան, սկզբում արտգործնախարարությանը կից ստեղծվեց սփյուռքի կոմիտեն, բայց հետո կարգավիճակը բարձրացվեց, կառույցը դարձավ նախարարություն։ Ինչո՞ւ։
-Հանրապետության նախագահն իր նախընտրական ծրագրում լուրջ հիմնախնդիրներ է առաջ քաշել՝ կապված սփյուռքի հետ։ Հայապահպանությունը որպես կարևորագույն խնդիր պետք է լինի Հայաստանի քաղաքականության օրակարգում և դրսևորվի հիմնականում հետևյալ ուղղություններով` լեզվի պահպանություն, արտերկրում հայկական մշակույթի պահպանում և տարածում, հայ ընտանիքի ավանդույթներ, հայ եկեղեցի, դավանանք, կրոն։ Այս չորս սյուների վրա է միշտ կառուցված եղել հայապահպանության շենքը։
Սակայն, հանրապետության նախագահն իր նախընտրական ծրագրում առաջ քաշեց մի շատ կարևոր խնդիր՝ սփյուռքի ներուժի իրական համախմբումը հայրենիքի շուրջը։ Այն պետությունները, ովքեր չունեն սփյուռք, արտասահման են գործուղում մեծ քանակությամբ երիտասարդների՝ հիմնավոր ուսուցում ստանալու կամ վերապատրաստվելու համար։ Իսկ մենք ունենք սփյուռքի մարդկային, մասնագիտական ներուժը, որը ճիշտ քաղաքականության դեպքում Հայաստանի զարգացման հարցում շատ ավելի էական դեր կարող է խաղալ, քան խաղում է այսօր։ Հաջորդ խնդիրը, որն առկա է, հայրենադարձությունն է կամ, ավելի ճիշտ, հայադարձությունը։ Այսինքն, ոչ միայն սփյուռքի հայության ֆիզիկական վերադարձը Հայաստան, ինչն ինքնին ցանկալի և խրախուսելի երևույթ է, այլև հայրենադարձություն դեպի արմատները։ Երբ ցանկացած երկրում ապրող հայ մարդն իրեն հայ կզգա, տոգորված կլինի հայրենիքի սիրով, նրա խնդիրներով։
Երեք ամիս շարունակ սփյուռքի կոմիտեն գործեց արտգործնախարարության կազմում, և այդ ընթացքում հստակեցվեց, թե ինչպիսին պետք է լինի գործառույթների բաժանումը։ Մշակվեց նոր կառույցի հայեցակարգը, կառուցվածքը, և երբ հուլիսին սահմանադրության պահանջով օրենքով հաստատվեց կառավարության կազմը, որոշում ընդունվեց, որ այդ կազմում պետք է լինի սփյուռքի նախարարությունը։ Համարում եմ, որ ճիշտ որոշում է, որովհետև երբ ազգի երկու երրորդն ապրում է արտերկրում, անհրաժեշտ է գործադիր իշխանության բարձրագույն մակարդակում ունենալ կառույց, որը կզբաղվի սփյուռքի խնդիրներով։ Այդպիսով հանրապետության նախագահը նաև կատարեց իր նախընտրական խոստումներից մեկը։
-Տարածաշրջանային իրավիճակը, մեր հարևանների հետ փոխհարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հաշվի առնելով՝ Հայաստանը լուրջ կարիք ունի սփյուռքի աջակցության։ Հատկապես արտերկրում հայանպաստ լոբբինգի իրականացման առումով։ Ձեր նախարարության գործառույթներն ինչպիսի՞ն են լինելու այդ հարթության մեջ։
-Այն, ինչ ամրագրված է Հայաստանի կառավարության ծրագրում, այդ ծրագրի կատարման ապահովումը նաև մեր խնդիրն է։ Հասկանալի է, որ ԱԳՆ-ի հետ մեր գործունեությունը կհատվի այս դաշտում, բայց չեմ կարծում, թե պրոբլեմներ կառաջանան։ Պետական դիվանագիտությունից դուրս, որ իրականացնելու է արտգործնախարարությունը, մենք էլ մեր հերթին պետք է ներկայացնենք Հայաստանի արտաքին քաղաքականությունը սփյուռքյան մեր համայնքներում։ Բնականաբար, հորդորենք ու առաջարկենք մեր հայրենակիցներին՝ համապատասխան ակտիվություն դրսևորել իրենց բնակության երկրներում հայ ժողովրդի և Հայաստանի շահերի պաշտպանության ուղղությամբ՝ ազդելով տվյալ պետության քաղաքականության վրա։ Եվ եթե արտգործնախարարությունը գործելու է դիվանագիտական խողովակներով, ապա մեր աշխատանքի դաշտը սփյուռքի հետ հարաբերություններում ավելի լայն է։ Մենք աշխատելու ենք ավանդական կուսակցությունների, հայկական ԶԼՄ-ների, մշակութային, հայրենակցական, սփյուռքում գործող մասնագիտական միությունների հետ։ Սփյուռքում ապրող ցանկացած հայ և ցանկացած գործող հայկական կառույց լինելու է մեր գործընկերը։
-Որքանո՞վ կարող է այդ հանգամանքը խթանել կամ օժանդակել տնտեսական ներդրումներին սփյուռքից Հայաստան։ Թե՞ դա Ձեր գլխավորած նախարարության գործառույթների հետ առնչություն չունի։
-Մեր գործունեության օբյեկտը սփյուռք-հայրենիք գործակցությունն է լինելու, ինչպես նաև սփյուռքահայ համայնքների միջև կապերի սերտացման խթանումը։ Եկեք ընդունենք, որ առանց հոգևոր ազգային վերածննդի որևէ ոլորտում առաջընթաց արձանագրելը շատ դժվար է։ ՈՒրեմն, մեր աշխատանքն առաջին հերթին միտված պետք է լինի հոգևոր, մշակութային, կրթական ոլորտներում սփյուռքի վերածննդին, որպեսզի հայ մարդը, հայ ընտանիքն իրեն կապված զգա հայրենիքի հետ։ Ներդրումներն արդեն կարող են լինել սրա հետևանք, բայց ոչ պատճառ։ Ես հավատում եմ, որ համատեղ ուժերով մենք ի վիճակի ենք հզորացնելու մեր հայրենիքը։
Մյուս կողմից, միջազգային կազմակերպությունների վերջին տարիների գնահատականներով, Հայաստանը, որպես շուկայական տնտեսություն ունեցող երկիր, էական առաջընթաց է արձանագրել։ Այսինքն, ներդրումների համար պայմաններ կան, դրանց բարելավումն արդեն ընթացիկ խնդիր է, որով, բնականաբար, առաջին հերթին կզբաղվեն տնտեսական բլոկի նախարարությունները, մեր անելիքների մասով՝ նաև սփյուռքի նախարարությունը։
-Կրթամշակութային ոլորտում ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն եք տեսնում։
-Կրթական համակարգի մասով, ցավոք, փաստ է, որ զուտ հայկական դպրոցները տարեցտարի նվազում են։ Հայ երեխային դրսում հայ պահելու համար ուժերը համախմբել է պետք։ Բնականաբար, Հայաստանը պետք է շարունակի սփյուռքի մեր գաղթօջախների համար ուսուցիչների պատրաստման քաղաքականությունը։ Սակայն, միաժամանակ, ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել և խթանել կիրակնօրյա դպրոցների համակարգի ձևավորմանը սփյուռքում, եթե զուտ հայկական դպրոց պահելու հնարավորություն չկա։ Պետք է սկսենք ակտիվորեն օգտագործել բարձր տեխնոլոգիաները, ստեղծենք ինտերնետային ծրագրեր սփյուռքի երիտասարդության համար ինչպես արևելահայերենով, այնպես էլ արևմտահայերենով։ Որպեսզի դրսում ապրող մեր յուրաքանչյուր հայրենակից հնարավորություն ունենա համակարգչի միջոցով Հայաստանի վերաբերյալ ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև գիտելիքներ հայագիտության ու այլ բնագավառներում։ Այս իմաստով շատ կարևոր եմ համարում սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբումն ու կապերի ամրապնդումը Հայաստանում մասնագիտական միությունների հետ։ Օրինակ, դրսում մենք ունենք աշխարհի շուրջ 30 երկրներում գործող հայ բժիշկների միություն։ Անհրաժեշտ է նաև խթանել այլ ոլորտների մասնագետ մեր հայրենակիցների համախմբումը, ուղղակի մասնագիտական կապերի հաստատումը Հայաստանի հետ։ Ինչո՞ւ չէ, կարելի է նման մասնագիտական միությունների համաժողովներն անցկացնել Երևանում, որը հնարավորություն կտա հայաստանցի մասնագետներին՝ փորձի օգտակար փոխանակում իրականացնել հայրենակիցների հետ։
-Անդրադառնանք սփյուռքահայության իրավունքների պաշտպանությանը։ Լինում են իրավիճակներ, երբ մեր հայրենակիցների բնակության երկրում ստեղծվում է ծանր կացություն։ Օրինակ կարող է լինել Իրաքը, մեկ-երկու տարի առաջ՝ Լիբանանը։ Ինչպիսի՞ն պիտի լինի Հայաստանի քաղաքականությունը հայկական համայնքների իրավունքների պաշտպանության առումով։
-Նախ մենք պիտի հստակեցնենք, թե դրսում գտնվող մեր հայկական համայնքների կարգավիճակն ինչպիսին է բնակության երկրում։ ԱՄՆ-ում նման խնդիր չկա, որովհետև հայերն այնտեղ միաժամանակ ամերիկացիներ են, ինչպես ցանկացած այլ ազգի ներկայացուցիչներ։ Իրանում հայկական համայնքը կրոնական փոքրամասնություն է համարվում, որովհետև այնտեղ ազգային փոքրամասնություններ չկան ըստ պետական դիրքորոշման։ Լիբանանում հայկական համայնքը դիտվում է իբրև սահմանադրական համայնք, այսինքն՝ երկրի հիմնադիր համայնքներից մեկը։ Եվրոպայում, Մերձավոր Արևելքի երկրներում, Ռուսաստանում և այլուր հայերը համարվում են ազգային փոքրամասնություն։ Այս կարգավիճակներից ելնելով էլ մենք պետք է կառուցենք տվյալ երկրի հետ մեր քաղաքականությունը։ Մեր համայնքները 90 տոկոսով ազգային փոքրամասնություններ են դրսում։ Հետևապես, նախ, պետք է ուսումնասիրել, թե այն երկրում, ուր համայնքը խնդիրներ ունի, վավերացվա՞ծ են ՄԱԿ-ի, Եվրախորհրդի և Եվրամիության ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող կոնվենցիաները, նրանց պատմամշակութային ժառանգությունը պահպանելու մասին միջազգային համաձայնագրերը։ Եթե ոչ, ուրեմն տվյալ երկրում մեր լոբբինգային քաղաքականությունը պետք է ուղղված լինի այդ փաստաթղթերի վավերացումն ապահովելուն, որով մենք կստանանք մեր հայրենակիցներին պաշտպանելու իրավական լծակ։ Հայ համայնքների շահերը կարող են իրենց արտահայտությունը գտնել նաև երկկողմ միջպետական համաձայնագրերում։ Այսինքն, երբ որևէ երկրում կա հայկական համայնք, և Հայաստանը տվյալ պետության հետ համագործակցություն նախաձեռնելով, երկկողմ միջպետական փաստաթղթերում համապատասխան դրույթի ամրագրումով ապահովում է տվյալ երկրում բնակվող իր հայրենակիցների շահերի պաշտպանությունը։
-Առաջին ձեռնարկված քայլերն ի՞նչ արդյունք են տվել տարբեր ուղղություններով։
-Բավականին դրական։ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ստորագրվել է համաձայնագիր, որ այսուհետև հայագիտության բնագավառում պետք է պարտադիր պատրաստվեն գաղթօջախների մասնագետներ մագիստրատուրաներում և ասպիրանտուրաներում։ Միաժամանակ ԳԱԱ արվեստի ինստիտուտում կստեղծվի սփյուռքահայ արվեստի բաժին։ Գրողների միության հետ ստորագրել ենք համաձայնագիր՝ հայաստանյան և սփյուռքահայ գրողների ստեղծագործությունների տպագրությունը նախարարության գրական ֆոնդից ֆինանսավորելու մասին։ Սփյուռքի հայ երեխաների համար կտպագրվեն հեքիաթների գրքեր ինչպես արևելահայ, այնպես էլ արևմտահայ ուղղագրությամբ։ ԵՊՀ գիտական խորհուրդն արդեն իսկ որոշում է կայացրել սփյուռքի պատմության ամբիոն հիմնելու մասին, գաղթօջախների պատմությունն այսուհետ կդասավանդվի բուհական համակարգի բոլոր հումանիտար ֆակուլտետներում։
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ ստորագրված համաձայնագրով մեր գործընկերները միջոցներ կհատկացնեն, որպեսզի սփյուռքահայ երիտասարդները գան Հայաստան և մինչև վեց ամիս աշխատեն սփյուռքի նախարարությունում։ Կարծում եմ, դա հնարավորություն կտա կայացնելու կառույցը, կատարելագործելու այն, որովհետև մեր աշխատանքներում, բնականաբար, պիտի հաշվի առնենք մեր հայրենակիցների ցանկություններն ու մոտեցումները։ Ես արդեն դիմել եմ հանրապետության նախագահին, և նա խոստացել է առանձին մրցանակ սահմանել սփյուռքահայ ուսանողների համար։ Ի դեպ, սփյուռքահայ ուսանողները Հայաստանում բժշկական ծառայություններից առայսօր օգտվում են իբրև այլ երկրների քաղաքացիներ և վճարում գրեթե կրկնակի ավելի։ Երեկ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այս մոտեցումը կվերանայվի, և նրանց նկատմամբ կգործի նույն սկզբունքը, ինչ հայաստանցի ուսանողների, որովհետև նրանք հայ մարդիկ են և ապրում են իրենց հայրենիքում։ Հասկանալի է, որ սա միայն սկիզբն է, անելիքները շատ են, պրոբլեմները ևս։ Բայց ես համոզված եմ, որ արտերկրի մեր հայրենակիցների հետ համատեղ մենք ի վիճակի ենք հաղթահարելու ցանկացած դժվարություն, գլխավորը` ցանկություն լինի։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4575

Մեկնաբանություններ