ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ադրբեջան կոչված պետություն չի մնա, այն կտրոհվի ու կբաժանվի էթնիկական բազմաթիվ մասերի»

«Ադրբեջան  կոչված պետություն չի մնա, այն կտրոհվի ու կբաժանվի էթնիկական բազմաթիվ մասերի»
23.05.2014 | 00:50

Արցախյան պատերազմում մենք հաղթեցինք անհավասար պայքարում, երբ թշնամու զորքը գերազանցում էր թե՛ թվաքանակով, թե՛ տեխնիկայով: Շատ հերոսներ ունեցանք: Բա էլ ի՞նչ կռիվ, որ հերոսներ ու դավաճաններ չտա: Եվ մեր ամենաառաջին հերոսներից ԿՈՄԱՆԴՈՍԸ, փառք Աստծո, ողջ է։
Վաղուց տեղյակ էի Կոմանդոսի քաջագործություններին, սակայն անձամբ ծանոթանալու առիթը չէր ներկայանում: Եվ ահա երջանիկ մի պատահականություն, Արզնի առողջարանում: Ազնվաբարո, համեստագույն կեցվածքով մի անձնավորություն: Սուրճի սեղանի շուրջ մեր հարցազրույցը, ըստ իս, հաջող ստացվեց:
Հայտնի է, որ այս անվանումն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1899-1902 թթ. անգլո-բուրական պատերազմում որպես ընտիր ու պրոֆեսիոնալ ռազմական միավորի կամ զորավարի գնահատական:
Ինչպե՞ս առաջացավ «Կոմանդոս» պատվանունը։
Դժվարանում եմ պատասխանել, սակայն, ղարաբաղյան հերոսամարտի ժամանակ, երբ կեսբերան ասվում էր, թե Կոմանդոսը կարգադրել է փոքր խմբով կամ էլ մի քանի հոգով թափանցել թշնամու թիկունք՝ նրա նկատմամբ ուժերի կեղծ գերակշռություն ստեղծելու պատրվակով, անմիջապես, առանց հապաղումի իրագործվում էր՝ տալով լավագույն արդյունք: Եվ հենց այսպես ծնունդ առավ ու պատերազմի ողջ ընթացքում ապրեց Կոմանդոսը:
Այնուհետև Կոմանդոսը, նույն ինքը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը, ներկայացրեց իր կենսագրությունը.

-Ծնվել եմ 1939 թ. մայիսի 22-ին՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Կյանքս բավական հաջող է ընթացել՝ ի տարբերություն հայրիկիս, պապիս ու մեծ պապիս: Պապս ու հայրս Կարսից էին և վերապրել են եղեռնը, իսկ մեծ պապս Վանի ծնունդ էր, ու մինչև 1915 թ. նրանց գերդաստանի բոլոր անդամներին, բառիս բուն իմաստով, հրկիզել էին եկեղեցու մեջ, իսկ նրա որդին՝ քրոջ հետ, որբ էր մնացել: Եղեռնից շուրջ 30 տարի առաջ՝ 1885 թ. իր ավագ քրոջ՝ Մարգարիտայի հետ փրկվում է և գնում հոգևորական հոր ճանապարհով ու իր որդու՝ հորս հետ հաստատվում Արաքսի ափի Խարկով գյուղում՝ ուղիղ Անիի մայր տաճարի դիմաց, ստանալով փոքրիկ եկեղեցու հովվի պարտականությունը: Սակայն այդ ամենին հետևում է խորհրդային իշխանության բերած նոր դժբախտությունը, երբ սկսվում են հոգևորականության հետապնդումները: 1937 թ. ծրագրվել էր պապիս ձերբակալել, սակայն գյուղի բարի մարդիկ, որոնք բազմիցս օգտվել էին նրա բազմաթիվ բարեգործություններից, փորձեցին փրկել լավագույն համբավ վայելող այդ մարդուն, տեղեկացնելով, որ պիտի ձերբակալվի ու աքսորվի, ինչպես բազմաթիվ հոգևորականներ: Այդտեղից ոչ հեռու Անիպեմզա հանքավայրից տուֆ քար տանող բեռնատար գնացք խցկվելով, ողջ ընտանիքով հրաշքով հասել են Ռուսաստան, այնուհետև՝ Վրաստան ու հաստատվել Թբիլիսիում, որտեղ էլ ես ծնվեցի: ՈՒսումս ստացել եմ Թբիլիսիի «Իսանի» կինոթատրոնի մոտակայքում գտնվող թիվ 9, հետո 10-րդ ռուսական դպրոցներում՝ 1947-1958 թթ.:
Լավ եմ հիշում հատկապես երկու ուսուցչուհիներիս՝ Խուցիշվիլուն և Թումանովային: Վերջինս հայ էր և դասավանդում էր ռուսաց լեզու և գրականություն: Ռուս դասական գրող Լև Տոլստոյի Աննա Կարենինային նա մեզ ներկայացնում էր որպես սրբություն սրբոց: Բոլորս չէ, որ համամիտ էինք նրան, նաև ես: Ես համարձակվեցի ասել, որ Կարենինը կարգին մարդ էր, մինչդեռ տիկինը՝ Աննա Կարենինան, անբարո անձնավորություն: ՈՒսուցչուհիս ինձ գնահատեց 2, որ վիրավորական էր, և բացահայտորեն սկսեց ինձ հետապնդել, այնինչ Խուցիշվիլի վրացի դասղեկս մշտապես պաշտպանում էր ինձ, ավելի ճիշտ՝ պայքարում, որ լավ գնահատականներով ու արժանիորեն ավարտեի դպրոցը, քանի որ ի վիճակի էի ստանալու ոսկե կամ արծաթե մեդալ: Երկու ուսուցիչներիս պայքարն ավարտվեց ի վնաս ինձ:
Մեկ դեպք ևս: Մաթեմատիկայից հանրապետական դպրոցական օլիմպիադայում հաղթելուց հետո, առաջիկա մոսկովյան համամիութենականին մասնակցելու համար ինձ առաջարկվեց փոխել ազգանունս: Քիչ էր մնացել համաձայնեի: Այդ գործընթացը ղեկավարում էր իմ ընկերոջ հայրը, նշանավոր մաթեմատիկոս, ակադեմիկոս Նիկոլայ Մուսխելիշվիլին, որն այդ ժամանակ բացարձակ հեղինակություն էր: Նա կտրականապես դեմ էր և ասաց, որ ինքը զտարյուն հայ է, ու երիտասարդական տարիներին հարկադրել են (ծնողներին և Հովհաննես հորը) փոխել ազգանունը, և ինքը, իր խոսքով՝ մեծ մեղք է գործել մեր ազգի նկատմամբ: Ես հրաժարվեցի և չմասնակցեցի դպրոցական հեղինակավոր այդ մրցույթին, թեև վստահ էի՝ ինչ-որ արդյունքի կհասնեի: Այսպիսով, վրացական միջավայրում ես արդեն կրկնակի անբարեհույս անձնավորություն էի: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվեցի բանակ, այնուհետև ընդունվեցի Սանկտ Պետերբուրգի կապի ռազմական ակադեմիա և ավարտելով, խորհրդային բանակի կազմում ծառայեցի Գերմանիայում, Չեխիայում, ապա՝ Բելառուսում:
Խորհրդային բանակի սպայական վերնախավի մեծ մասը երազում էր ծառայությունն անցկացնել Հայաստանում, հատկապես սահմանամերձ Գյումրիում, որտեղ անհամեմատ բարձր էր աշխատավարձը, հաճելի էին բանաստեղծական բնությունը և անկեղծ ու հյուրասեր միջավայրը, կապահովվեր նաև արտոնյալ թոշակ: Այդ ամենն ինձ էլ էր գայթակղել: Ավելացնեմ նաև կարոտս առ հայրենիք, և այդ ամենն ինձ բերեց Գյումրի: Հայաստանում, այնուհետև՝ Երևանում դասախոսական աշխատանքի անցա գյուղատնտեսական ինստիտուտում որպես ռազմական ամբիոնի դասընթացակարգի (ցիկլի) պետ:
Երբ 1988 թ. սկսվեց շարժումը, ես հակառակ կողմնորոշում ունեի, քանի որ մենք՝ դասախոսներս, ջանում էինք ուսանողներին հեռու պահել զանգվածային ցույցերից՝ հանուն նորմալ ուսումնառության: Ինչպես նշեցի, ես ղարաբաղյան շարժման մասնակից չեմ եղել, ի տարբերություն տիկնոջս՝ Հասմիկ Միխայլովնայի, ով մշտապես Ազատության հրապարակում էր և ընդգծում էր, որ պայքարում է հանուն անկախության: Ամեն օր տուն էր դառնում և ըստ ամենայնի մեկնաբանում Լևոնի ասածները: Ծնողների տունը (Պուշկինի 4-ում) նրա ընկերուհիների հավաքավայրն էր, և միասին ուտելիք էին պատրաստում, տանում-կերակրում նրանց, իսկ ես ծոմ էի պահում Դավթաշենում: Նրանից հետ չէր մնում նույնպես գյումրեցի, շիրազագետ զոքանչս՝ Նելյա Փահլևանյանը:
Ճիշտն ասած, Շիրազի պոեզիան լավ ընկալում էի առանց նրա՝ դեռևս պետերբուրգյան ուսումնառության տարիներին, հաճույքով ընթերցված նրա ռուսերեն թարգմանություններով: Առիթ ունեցա անձամբ առնչվելու մեր մեծ բանաստեղծի հետ, սակայն, ցավոք, հաճելի հուշեր չեն մնացել: Տեսնելով, որ ռուսախոս եմ, փորձում էր խոսել ոչ պատշաճ տոնով, սակայն, նկատելով հակահարվածի պատրաստ սպայական կեցվածքս, ձեռնպահ էր մնում: Ես էլ չէի խորանում, մանավանդ հպարտ էի, որ առնչվել եմ այդ մեծ հայի հետ:
Վերջին իրադրության պայմաններում ես նոր միայն հասկացա, թե ինչ են Հայաստանն ու նրա խնդիրները, նաև, թե ինչ է Եվրոպան, որտեղ եղել եմ բազմիցս՝ տևական ժամանակով: Այդ պայմաններում անկախությունն ինձ համար դարձավ բաղձալի ու երանելի մի բան, որին ձգտել էինք դարեդար:
Եվ այսպես, հանկարծ, ոչռազմական բժշկական օգնություն ցուցաբերելու մի առիթ ներկայացավ: Ստեփանակերտը 1989 թ. դժվարին կացության մեջ էր հայտնվել, և պետք էր այնտեղ ուղարկել բժշկական օգնություն, հիմնականում դեղամիջոցներ: Միքայելյանի անվան ինստիտուտի բուժանձնակազմը պատրաստվում էր Ղարաբաղում քաղաքացիական բնակչության բուժում և վիրահատություն կազմակերպելու: Նրանք եկան մեր բուհ, խնդրելով ուղեկցել ինքնաթիռը: Մեր ամբիոնի ռուս դասախոսները, որոնք մեծամասնություն էին կազմում, հրաժարվեցին աջակցելուց, քանի որ նրանց բնավ չէր հետաքրքրում ու անհանգստացնում մեզ հուզող իրավիճակը: Ես համաձայնեցի՝ նկատի ունենալով գնդապետի կարգավիճակս, ռուսերենի իմացությունս, սովետական բանակի և Ղարաբաղի ռազմական իրավիճակի իմ քաջատեղյակությունն ու բանիմացությունը: Հիվանդանոցից վերցրած մեծաքանակ դեղամիջոցներով թռանք Ստեփանակերտ:
Դժվար է մանրամասն ու հանգամանորեն նկարագրել, թե օմոնականներն ինչպես էին վարվում հայ կանանց ու երեխաների հետ: Ստեփանակերտի հիվանդանոցում փոքրիկ տղայի ոտքը դաշտային աշխատանքների ժամանակ վիրավորվել էր, և վերքը երկար ժամանակ չէր բուժվել, ավելի ճիշտ՝ թույլ չէին տվել բուժել, և գանգրենայի վտանգն ակնհայտ էր: Ինձ՝ խորհրդային բանակի գնդապետիս, ոչ մի կերպ թույլ չտվեցին այցելել նրան, գոնե մի տուփ քաղցրավենիք տալ: Կտրականապես արգելվեց նրան վիրահատել, անգամ ցուցաբերել ամենասովորական բուժօգնություն: Ավելին, մենք ծրագրեցինք նրան մեզ հետ բերել Երևան, սակայն վերջին պահին նրան դուրս բերեցին օդանավից: Մինչ օրս անհասկանալի է խորհրդային զինվորականների տրամաբանությունը: Բայց չէ՞ որ նա օմոնականների ու ադրբեջանցիների դեմ կռվող ու երկիրը պաշտպանող մարտիկ չէր:
Զինվոր կոչված մարդիկ այդտեղ մարդկային ամեն ինչ կորցրել էին: Եթե ծեր մարդկանցից մեկը համարձակվեր որևէ բան ասել կանանց վերաբերյալ, ապա հրացանի կոթով նրա վզակոթին էին հասցնում ու տապալում գետնին: Իսկ եթե հանկարծ մեկ ուրիշը փորձեր նրան բարձրացնել գետնից, արժանանում էր նույն բախտին: Համոզված եմ, որ ֆաշիստներն անգամ այդպես չէին վարվի: Ես առաջին անգամ տեսա հայ տղամարդկանց արցունքները, որ սոսկալի էր, քանի որ հայ մարդը չէր կարողանում օգնության հասնել իր կնոջը, երեխաներին ու ընդհանրապես որևէ հայի: Երբ վերադարձա, ես արդեն ուրիշ մարդ էի:
Հարկավ, որպես պաշտոնական զեկուցագիր, տեսածս ամենայն մանրամասնությամբ ներկայացրի վերադասին: Անտարբեր չէի կարող մնալ և դիմեցի «Սասունցի Դավիթ» ջոկատի ղեկավարությանը, խնդրելով՝ ընդգրկել ինձ որպես խորհրդականի: Այդ պարագայում իմ առաքելությունը լինելու էր հայրենասեր կամավոր զինվորներին սովորեցնել ու վարժեցնել ռազմական ամենատարրական գործին, քանի որ նրանց մեծ մասը հրացան չէր տեսել, էլ չեմ ասում՝ ձեռքն առել: Եվ այսպես, բանակի ծննդյան օրվանից իսկ նրա հետ եմ եղել և այդ պատճառով տիրապետում էի այդ ոլորտի թե լավին, թե վատին: Գիտեի նաև, որ թշնամուն միայն հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ բնավ չես հաղթի, այլ անհրաժեշտ է ռազմական գործին տիրապետել պատշաճորեն, մանավանդ՝ օմոնական զորաբանակի և մինչև ատամները զինված ադրբեջանցի կոչված խառնաժողովի դեմ: Իսկ երբ գործին տիրապետում ես ըստ ամենայնի՝ մասնագիտորեն, միայն այդ դեպքում է, որ բարոյական ոգին հրաշքներ է գործում:
«Սասունցի Դավիթ» կամավոր զորաբանակայիններն արդեն բավականին հմտացել էին, երբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն:
Այդ նույն ժամանակաշրջանում ադրբեջանցիները ևս բավականին հմտացել ու մասնագիտացել էին, սակայն՝ թալանի մեջ, որ հաճախ օմոնականների աջակցությամբ, հատկապես Կրասնոսելսկի շրջանում, անցնելով սահմանը, քշում-տանում էին ոչխարի հոտեր, նախիրներ, երբեմն էլ մարդկանց: Ինձ մոտ առգրավված բազմաթիվ փաստաթղթեր են պահպանվել, որոնք վկայում են, թե ինչպես էին մեր թշնամիները դաստիարակում ու մեր դեմ ուղղում օմոնականներին ու խորհրդային բանակի խաժամուժ զինվորներին ու վարձկաններին:
Այս պայմաններում Պաշտպանության պետական կոմիտեն 1991 թ. հուլիսին երկու հոգու, այդ թվում՝ իմ խնդրանքով, նաև ինձ, գործուղեց Լեռնային Ղարաբաղ: Ռազմական գործողության հետ կապված որևէ պարտավորություն չունեի: Իմ պարտականությունը, ավելի ճիշտ՝ նպատակն էր կազմակերպել տարբեր ջոկատների միասնական գործողությունները՝ հավաքել մեկ հրամանատարության ներքո, քանի որ նրանց անջատ-անջատ գործողությունները նվազագույն հաջողություն էին ապահովում, քանի որ ՀՀՇ-ական ու դաշնակցական ջոկատները գործում էին առանձին-առանձին: Ցավոք, միայն օրհասական պահերին ենք միավորվում, մինչդեռ հարկ է մշտապես հիշել Չարենցի իմաստուն խոսքը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Հուրախություն բոլորիս՝ ղարաբաղյան այդ ծանր ու օրհասական օրերին հաջողվեց միավորվել, և վստահորեն ընդգծում եմ, որ մեր դարակազմիկ հաղթանակն արդյունք էր այդ միավորման: Շատ ափսոս, որ հաղթանակից ու Շուշիի գրավումից հետո սկսվեց բաժանումը:
Մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին, ազատագրումից որոշ ժամանակ անց հանրապետության ղեկավարները որոշեցին՝ ժամանակն է, որ վերադառնամ Երևան:
-Մի կողմ թողնելով բնածին համեստությունը, խնդրում եմ ներկայացնել ղարաբաղյան Ձեր գործունեության կարևոր առանձին դրվագներ:
-Ես առանձնապես ոչինչ չեմ արել: Պարզապես խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն 1991-1992 թթ. փոխանցել եմ գործընկերներիս:
Շուշին ազատագրելու համար միայն գիտելիքներն ու հմտությունները բավարար չէին: Այստեղ մեծ դեր ունեցավ մարդկային գործոնը: Բոլորը հասկանում էին, որ տվյալ պահին ինքնազոհությունն ու հերոսությունն օդի պես անհրաժեշտ էին, հակառակ դեպքում և՛ Ստեփանակերտը, և՛ Շուշին, անշուշտ, կանցնեին մեր ձեռքը, սակայն հիմնահատակ՝ որպես մոխրակույտ ավերակներ, թեև Մութալիբովը շատ լավ գիտեր, թե այդտեղ ինչ արժեքներ կային: Բայց մենք հաղթեցինք: Չմոռանանք, որ երբ մեր ձեռքին զենք է եղել, թշնամին մշտապես պարտվել է, սակայն հաղթել է դիվանագիտորեն: Օրինակները բազմաթիվ են: Մենք անչափ թանկ ենք վճարել հաղթական խաղաղության համար: Իլհամ Ալիևը տարբեր առիթներով հիստերիկ ու երևակայական, սակայն բոցաշունչ ոգով պատերազմի կոչ է անում մեր դեմ, ջանալով վախեցնել մեզ և հուսադրել յուրայիններին, որ իրենց միայն ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում է մեր ողջ պետբյուջեն: Կարծում եմ՝ հարկ է հակադարձել, որ մենք հաղթել ենք գրեթե առանց զենքի: Եթե նոր պատերազմ ծագի, պետք է աջուձախ տարածել, որ Ադրբեջան կոչված պետություն չի մնա, այն կտրոհվի ու կբաժանվի էթնիկական բազմաթիվ մասերի՝ իբերա-կովկասյան լեզվաընտանիքի՝ ղուբայա-լեզգիական, ապա հնդեվրոպական, ավելի ճիշտ՝ իրանական, թաթերի՝ թաթա-հրեական, թաթա-մուսուլմանական, թալիշական, ուդիական, քրդական և այլ մասերի: Եվ այդ դեպքում ադրբեջանցիք կկազմեն երկրի բնակչության մեկ քառորդը կամ ավելի պակաս:
-Կուզեի վերադառնալ մի հարցի. տարբեր առիթներով Դուք ընդգծել եք, որ պատերազմում էինք հիմնականում թշնամուց առգրավված զենք-զինամթերքով: Բայց Խորհրդային Միությունը Հարավային Կովկասից՝ Անդրկովկասից, հեռացավ՝ բոլոր հանրապետություններին թողնելով որոշակի քանակությամբ զենք-զինամթերք:
-Բանն այն է, որ մինչև ատամները զինված ադրբեջանցիների դեմ մենք գրեթե ոչինչ չունեինք: Այդ նույն ժամանակ Աբովյան քաղաքի մոտակա Բալահովիտի (նախկին՝ Մհուբ) խորհրդային հրաձգարանի (պոլիգոն) հսկայական պահեստամասերից մեզ ոչինչ չհասավ: Չմոռանանք, որ պատերազմի ամենաթեժ պահին՝ 1992 թ. ապրիլի 6-ին, հանկարծ պահեստը պայթեց ու հրթիռները թռան-կորան բաց տարածք, ահաբեկելով հատկապես երևանցիներին: Բազմիցս ասել ենք, որ գրեթե առանց զենքի էլ հաղթեցինք, տալով բազմաթիվ զոհեր: Այստեղ սակայն հարկ է իմանալ, որ, ըստ բրիտանական «Սեյֆր ուորլդ» կազմակերպության պաշտոնական հաղորդագրության՝ հիմնված Բաքվի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» և Երևանի «Համագործակցություն և զարգացում» կազմակերպության տվյալների վրա, մանրամասն թվարկվում է Ադրբեջանի ստացած բոլոր տեսակի ծանր զենքերի, տանկերի, զրահամեքենաների, հրազենային կայանքների, ինքնաթիռների և ուղղաթիռների թիվը, որոնց դեմ մենք գրեթե ոչինչ չունեինք: Իսկ ավելի ստույգ, Ադրբեջանն ուներ 11 հազար վագոն զենք-զինամթերք, իսկ Հայաստանը՝ ընդամենը 500 վագոն:
Երբ հարցնում էին, թե ովքեր են Շուշիի իրական հերոսները, ես մշտապես ասել եմ՝ ժողովուրդը, քանի որ հնարավոր չէր հերոսացած բոլոր մարդկանց անունները տալ, քանզի պատերազմական գործողությունների ժամանակ պահ է լինում, երբ դադարում է հրամանատար-ղեկավարի ներգործությունը, և զինվորին ղեկավարում է անհատական անձնուրացության գործոնը: Ոչ մի հրամանատար չէր հրամայել ու կարգադրել, որ մեր զինվորները, եղունգներով կառչելով պարսպապատերին, ամեն վայրկյան կյանքը վտանգելով, բարձրանային պատն ի վեր ու մուտք գործեին քաղաք: Դա հրաշք էր:
Կուզեի պարզություն մտցնել մեկ այլ հարցում: Շատերն են ասում, թե մենք ի վիճակի էինք գրավելու Գյանջան (Կիրովաբադը՝ մեր Գանձակը), և որ քաղաքում մարդ չէր մնացել. զինվորներն ու բնակչությունն ամբողջովին լքել էին այն, և որ իբր գրավելուն արգելք էր դրել Լևոնը: Այդպես չէ: Այդ ամենը ես մոտիկից գիտեմ, և մենք բնավ այդպիսի հնարավորություն չունեինք: Պատճառը նախ և առաջ զենքի ու զինամթերքի պակասն էր: Չմոռանանք, որ մենք հաճախ մարտի դաշտում միայն հրացաններով էինք կռվում թշնամուց առգրավված, նրա իսկ զենք-զինամթերքով: Բացի այդ, կենդանի ուժի մեծ պակաս ունեինք: Չպետք է մոռանալ, որ ձնաբքի, սառնամանիքի պայմաններում լեռներում մենք զոհեր ենք տվել ոչ միայն թշնամու գնդակներից: Վատ հանդերձավորված մեր բանակն ի վիճակի չէր պաշտպանվելու բնության արհավիրքներից: ՈՒրեմն թող պարզ լինի, որ Գյանջան ու Նախիջևանը գրավելու մենք ուժ չունեինք: Մի քիչ այլ է խնդիրը Նախիջևանի հարցում. կարելի էր ինչ-որ բան անել հօգուտ մեզ՝ ռուս գեներալ, այն ժամանակ ինչ-որ չափով օբյեկտիվ ու հայասեր գեներալ Ռոխլինի հետ: Բայց երբ նա իր ողջ զորամասով տեղափոխվեց Նախիջևան, դարձավ ընդգծված հայատյաց: Նրան գնդակահարեց տիկինը, ասում են` հավատափոխության և ամուսնական դավաճանության համար: Նրա ողջ դիվիզիան երկար ժամանակ մնաց տեղում, գործելով մեր դեմ:
Եղել են առանձին դեպքեր, միջադեպեր, երբ թշնամին ու բնակչությունը հապճեպ հեռացել են: Այդպես եղավ Քելբաջարում, և, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, առաջամարտիկների չկռվող մի մասը նետվում է թալանի: Չմոռանանք, որ Քելբաջարը Ադրբեջանի հարավ-արևմտյան առևտրական կենտրոնն էր, և բնակչությունն աչքի էր ընկնում բարեկեցությամբ, անշուշտ, ի հաշիվ մեկուսացյալ Ղարաբաղի բնական, արհեստագործական, նյութական, ինչպես նաև այլ բարիքների և Հայաստանում իրենց ապրանքները հարմար գներով վաճառելու: Այդտեղի ողջ բնակչությունը, վստահ լինելով, որ իրենց վայրագությունների դիմաց արժանի հատուցում է սպասվում, թողնելով ամեն ինչ, սարսափահար հեռացել էր:
Այս է ողջ պատմությունը:
-Գիտենք, որ Ձեր թոռնիկը ծառայում է մեր բանակում, և ակնհայտ է, որ Տեր-Թադևոսյաններն այսուհետև ժառանգաբար կգնան Ձեր ակոսած արահետով:
Փառք Ձեզ ու Ձեր թողած հաղթանակի, ավելի ճիշտ, հաղթանակողի ավանդույթներին:
Ձեզ մաղթում ենք քաջառողջություն, արևշատություն և երկար կյանք:


Հարցազրույցը՝
Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ

Հ. Գ.- «Իրատես de facto»-ն սիրով միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով հերոս զորականին առողջություն, հաջողություններ, նպատակների իրագործում:

Դիտվել է՝ 12717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ