ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հիվանդության ապոլոգիա

Հիվանդության ապոլոգիա
17.07.2023 | 21:26

Երբեմն միտքը գալիս է, բայց չգիտես՝ ոնց ձևակերպես: Առնվազն՝ ոնց ձևակերպես, որ քեզ գժի տեղ չդնեն: Օրինակ՝ միտքը եկավ. հայերի հիմնական ողբերգությունն այն է, որ իրենք չափազանց առողջ ժողովուրդ են: Առողջ՝ ֆիզիկապես: Այսինքն՝ չափազանց մոտ են բնությանը, չափազանց «միամիտ» են, չափազանց հեռու քաղաքակրթական ու մշակութային նրբություններից, ստորջրյա խութերից, կասկածներից: Ավելի կոպիտ ասած՝ էնքան զոռբա, քյառթու ու պրիմիտիվ են, որ իրենց թվում է, թե հիվանդություն ընդհանրապես գոյություն չունի: Հիվանդությունը գալիս է որպես անկոչ հյուր, միանգամից դուռն է թակում՝ քաղցկեղի կամ ուրիշ մի նման զիբիլի տեսքով, բայց մինչև վերջին պահը ու նույնիսկ ախտորոշումից հետո հայը չի ընդունում ու չի հասկանում հիվանդության մետաֆիզիկական իմաստը: Էդ լկտի միամտությունը գալիս է նրանից, որ հայը հիմնականում չի էլ ձգտում վեր բարձրանալ բնական կարգից, էնտեղ իրեն լավ է զգում: Ըստ էության, ես ամեն օր տեսնում եմ, թե՛ փողոցում, թե՛ էկրանի վրա, լիքը առողջ մարդկանց. մարդկանց, որոնք մանկապարտեզից, մսուր-մանկապարտեզից ու ծննդատնից հետո երբեք չեն փոխվել՝ նույն առողջ մարմինն ունեն, նույն ախորժակով ստամոքսը, նույն ճեփ-ճերմակ աշխարհընկալումը, որում աշխարհին միայն մեկ ֆունկցիա է նախատեսված՝ բավարարելու իրենց ախորժակը: Ու կարևոր չի, որ մանուկ հասակում այդ ախորժակը մայրական կաթ էր պահանջում, հետո՝ քաղցրավենիք, հետո՝ խոզի չալաղաջ, իսկ հետո արդեն՝ քաղաքական քննարկումներ, կարիերա, ինքնահաստատում: Էդ բոլորը նույն կաթն է: Կաթից ու ախորժակից կտրվում է միայն նա, ով լրջորեն հիվանդացել է և ապրում ու գիտակցում է իր հիվանդությունը որպես ճակատագիր: Ո՛չ թե ուզում է հետ վերադառնալ դեպի կաթը, այլ՝ բարձրանալ: Փոխարենը, ես տեսնում եմ սուպեռ-առողջ երիտասարդություն, սպորտ-սրահներում մկաններ աճեցնող, ձեռի հետ քաղաքականութամբ զբաղվող, ախորժակը տեղը՝ էնպես, որ գաղափար էլ չունի, որ ինչ-որ տեղ թաքնված է հիվանդությունը: Իսկ եթե, բան է, հիվանդանան էլ, մերօրյա «բժիշկները» նորից հետ կգցեն առողջ ու նորմալ ընթացքի մեջ: Որպեսզի նորից օրգանիզմը ԿԱԹ պահանջի: Առողջը երբեք չի հասկանա հիվանդին, իսկ հիվանդի համար ամենազզվելի բանը կաթնակեր առողջների խորհուրդներն են՝ համեմված ինքնագոհ կեցվածքով: Տե՛ս՝ ես առողջ եմ, առողջ կենսակերպ ունեմ, իսկ դու քեզ ի՜նչ օրն ես գցել: Կամ՝ պիտի հաց ուտես, սնունդ ստանաս, որ ապաքինվես, էդպես բան չուտելով ո՞նց կլինի… Դե իր ախորժակը տեղն է, ինքը թքած ունի, որ հիվանդն էդ պահին հազիվ է սրտխառնոցը զսպում. իր համար հիվանդությունն անծանոթ փորձառություն է, որի հաշվին ուզում է ինքնահաստատվել: Էնքան զզվելի է, անձամբ ինձ համար, երբ չծխող մարդիկ գոռոզաբար քննադատում են ծխողներին, կամ չխմողները, իրենց օլիմպիական բարձունքից, քննադատում են խմողներին: Եթե չես կարողանում թողնել, ուրեմն կամքի ուժ չունես (բազմիցս լսել եմ մարդկանցից, որոնք իմ կամքի ու համառության մեկ տոկոսն էլ չունեն):

Որպեսզի մարդն իրոք հասունանա ու կայանա, պետք է գոնե մեկ անգամ լրջորեն հիվանդանա: Հիվանդության, ախորժակի կորստի ու սեփական տկարության մեջ են բացվում մարդկային գոյության անդունդները: Այդտեղից է սկսվում մշակույթը: Դոստոևսկու ողջ գրականությունը հիվանդություն է և հիվանդ մարդկանց մասին է: «Նոթեր ընդհատակից» վիպակի հերոսը հենց էդպես էլ ասում է. «Ես հիվանդ մարդ եմ: Կարծեմ թե լյարդս է հիվանդ… Բայց ես չեմ գնա բժիշկների մոտ, գրո՛ղը տանի՝ ցավում է, ուրեմն թող ավելի ուժե՛ղ ցավի»: Էստեղից հետևություն եմ անում՝ առողջ ժողովուրդը, մայրական կաթից մինչ ի գերեզման կախված ժողովուրդը երբեք էլ արժեքավոր ու մեծ մշակույթ չի ստեղծի՝ միշտ կմնա բնության գրկում: Առավել ևս՝ այդ առողջությամբ հոխորտացող ժողովուրդը: Մշակույթ բառն էլ վերածվել է սնամեջ մի բանի. քայլում ես Երևանի կենտրոնով՝ ոնց որ փսեվդո-Փարիզ լինի: Մեզ պետք է կյանքը հարստացնել, բայց ոչ թե դրսից, այլ՝ ներսից: Մենակ թե «առողջները» դա չեն հասկանա: Նմանապես՝ առողջ հիվանդները դա չեն հասկանա:

Գրիգոր Սարգսյան

Դիտվել է՝ 1698

Մեկնաբանություններ