Ժողովուրդն ասում է՝ «բան ես ասել, բերանիցդ խոսք է դուրս եկել, խոսքիդ տեր կանգնի՛ր, խոստացել ես՝ խոստումդ կատարի՛ր»:
Հիմա ուզում եմ հասկանալ, թե վարչապետ Փաշինյանն Ալիևին ի՞նչ է ասել, առավել ևս խոստացել կամ թե Ալիևը Փաշինյանին ի՞նչ է ասել, ի՞նչ ուլտիմատումի առաջ է կանգնեցրել, որ հարաբերական այս անդորրը կարող է ցանկացած պահի խաթարվել:
Որովհետև սա անդորր է փոթորկից առաջ:
Տպավորություն է, որ ՀՀ գործող իշխանությունների վրա վերջնարդյունքով ժամկետ է դրված:
Ալիևն Արցախը «մարսած» համարելով՝ հիմա էլ հաշիվներ է մաքրում Հայաստանի հետ, փորձում կորզել ավելին:
Վերջինս բազմիցս է ասել, որ մինչ տարեվերջ աներկբա պետք է ստորագրվի «խաղաղության պայմանագիրը»:
Արտգործնախարար Բայրամովն էլ փակագծեր չբացելով ասում է.
«բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները»:
Քանի որ վերջինից չենք կարող ստանալ կոնկրետ պատասխաններ, թե այդ ի՞նչ պայմաններ են առաջ քաշել՝ մնում է այդ պայման-պահանջների մասին պարզաբանումներ ակնկալել ՀՀ գործող իշխանություններից, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանից ու արտգործնախարար Միրզոյանից:
Սակայն վերջիններս լուռ են, այդ համատեքստում թեման կարծես փակ է, ենթադրում եմ՝ խնդրո առարկայի քննարկումը հասարակության հետ որպես այդպիսին չի նախատեսվում:
Բայց ես և ինձ պես շատերը ենթադրում են, թե այդ ինչ պայմանների մասին կարող է լինել խոսքը:
Բազմիցս եմ բարձրաձայնել, որ Ալիևի հաջորդ նպատակն «անկլավներն» ու «Զանգեզուրի միջանցքը» ստանալու հետ համատեղ՝ «մեծ հայրենադարձություն» խորանու տակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն է և Հայաստանի մի շարք բնակավայրերում 100-ից 150.000 «փախստական» ադրբեջանցիներով վերաբնակեցնելն է:
Բազմիցս եմ նաև ասել, որ գրեթե անհնար է, որ «խաղաղության պայմանագիր» ասվածի մեջ չլինի նման պահանջի կետ:
Մանավանդ որ Ադրբեջանի օրակարգի առաջնահերթ խնդիրներից է Հայաստան փախստականների վերադարձի հարցը։
Այս պահանջն Ադրբեջանը հիմնավորելու է միջազգային կոնվենցիաներով, ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ փորձելով այն մտցնել «խաղաղության պայմանագրի» մեջ:
Ասել եմ նաև դրա վտանգավոր, անգամ կործանարար հետևանքները, եթե ՀՀ իշխանությունները բավարարեն այդ քմահաճույք-պահանջը:
Եթե «Զանգեզուրի միջանցք» պահանջելու առումով որոշակի հռետորաբանություն է փոխվել (Ալիևի օգնական Հաջիևը հայտարարում է՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը Ադրբեջանի համար կորցրել է գրավչությունը, Օվերչուկը հայտարարում է՝ «Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ», անգամ Էրդողանն է սկսել կիրառել ոչ թե «միջանցք» այլ «ճանապարհ» բառը) Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարում է, թե.
«Մենք ընդունում ենք, որ Զանգեզուրը Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե հայկական կողմն ինչպես է ապահովելու ճանապարհի երթևեկության անվտանգությունը։
Մեզ պետք են հուսալի երաշխիքներ յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար, ով գնացք է նստում Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ տեղաշարժվելու համար», իսկ Հայկական կողմն ընդառաջ գնալով՝ ԱԱԾ-ում ստորաբաժանում է ստեղծում, որի նպատակը կոմունիկացիաների անվտանգության ապահովումն է լինելու, ապա՝ անկլավների ու ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հարցում ՀՀ իշխանությունները դեռևս պաշտոնական որևէ հայտարարությունով հանդես չեն եկել:
Կոնկրետ այս հարցերի կապակցությամբ մինչ օրս որևէ պատկան մարմնից պաշտոնական, ոչ պաշտոնական դիրքորոշում կամ հայտարարություն չի հնչել:
Անկլավների մասով՝ տարբեր ժամանակաշրջանների քարտեզների քննարկումներ են գնում, թե, ի վերջո, կոնկրետ որ թվականի քարտեզով են առաջնորդվելու, հետևաբար՝ կատարելու դելիմիտացիա ու դեմարկացիա:
Բայց այս հարցում այդուհանդերձ կա որոշակի հստակեցում.
Վարչապետն ասել է, որ եթե անկլավները, ի վերջո, համարվեն ադրբեջանական, ապա պատրաստ է դրանք հանձնել Ադրբեջանին:
Ընդ որում՝ անկլավների կարևորության, ստրատեգիական առանցքային նշանակության հանգամանքները նրան բնավ չեն հետաքրքրում:
Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները փորձում են ժողովրդին նախապատրաստել 8 «անկլավների» հանձնմանը։
Իսկ եթե խաղաղ ճանապարհով տալու որոշումը առաջացնի համաժողովրդական ըմբոստություն կամ ընդվզում, ապա չի բացառվում ռազմական գործողությունների միջոցով հանձնման սցենարը։
Սյունիքով և ոչ միայն Սյունիքով, ՀՀ բոլոր մարզերով ադրբեջանցիների համար ճանապարհների տրամադրման և անվտանգության երաշխավորման պատրաստակամություն ևս դրսևորվել է:
Հետևաբար՝ օրակարգում ամենախրթին հարցը մնում է ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հարցը:
Այն, որ այս մասին վարչապետը միանշանակ պետք է բացահայտ խոսի ժողովրդի հետ, հայտնի իր մոտեցումներն ու դիրքորոշումը՝ միանշանակ է և քննարկման ենթակա չէ:
Այս հարցում ևս մեկ անգամ ինքնագլուխ գործելու և այդ պատասխանատու որոշումը միանձնյա կայացնելու պարագայում՝ նրա դատավճիռը տրված է, վերջինիս ճակատագիրը պարզ է:
Չնայած՝ փորձը ցույց է տալիս, որ նա բառիս բուն իմաստով մարսում է ամեն ինչ:
Ինչ էլ անի, ինչ էլ չանի:
Հատկապես հիմա հասարակության հետ ուղիղ խոսելու առիթ և պատրվակ տվել է ադրբեջանական թե՛ պաշտոնական, և թե՛ լրատվական դաշտում արծարծվող այն ինֆորմացիան, որ հայկական կողմին դիվանագիտական խողովակներով ուղարկվել է այդ հարցն ապահովելու պահանջը, և որ հիմա սպասում են դրա պատասխանին:
Տպավորություն է ձևավորվում, որ առանց դրական պատասխանի «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի, որովհետև դա աներկբա ու անխուսափելի պայման է:
Իսկ դրական պատասխան չլինելու պարագայում՝ իրավիճակն այլ վտանգներով հղի ընթացք ու բովանդակություն կարող է ստանալ:
Առայժմ պտտվում են խոսակցություններ, որ գործող իշխանություննները համաձայնություն են տվել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցին։
Եթե կա նման բան՝ հաստատեք, եթե ոչ` հերքե՛ք:
Կարծում եմ՝ մեր հայրենակիցներին բացատրելու կարիք չկա, թե ինչ է նշանակում 100-150 հազար ադրբեջանցու մուտքը Հայաստան:
Իհարկե, չեմ բացառում, որ կգտնվեն մարդիկ, որոնք կողջունեն նման որոշումը ու պատրաստ կլինեն համագոյակցել ադրբեջանցիների հետ:
Իսկ շատերն անգամ գուցե և չընդվզեն նման որոշման դեմ:
Դե իսկ ապատիան կգերակշռի:
Իսկ եթե որպես փոխադարձ պահանջ դիտարկում եք՝ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի, Արցախի, Նախիջևանի ու Շահումյանի հայ փախստականների հարցը դնել Բաքվի դեմ, ապա կարող եմ հիասթափեցնել:
Այս պահին ճիշտ չեմ համարում չակերտներ բացել, թե ինչու:
Ընդամենը կասեմ, որ կոպտագույն սխալ կլինի Ալիևի նախաձեռնած խաղի մեջ ներքաշվելը և ադրբեջանցի փախստականներին հայ փախստականներով հակադրելը:
Ակնհայտ է, որ նման պարագայում Ալիևը սիրով հայտարարելու է, որ հենց այս պահին պատրաստ է ընդունել բոլոր հայերին։
Իսկ թե քանի՞ հայ է պատրաստ ընդունելու վերջինիս առաջարկը և գնալ Բաքու կամ Սումգայիթ ապրելու՝ դժվար չէ կռահել:
Կարծում եմ՝ ոչ մի հայ:
Իսկ ադրբեջանցիներ՝ պետական քաղաքականությամբ տասնյակ հազարներով բերվելու են Հայաստան:
Եվ սա այն պարագայում, երբ Ալիևի հետ ո՛չ «անկլավներ» կոչվածի և ո՛չ էլ առավել ևս «ադրբեջանցի փախստականների» մասով քննարկելու բան չկա:
Անկլավների մասով որևիցե իրավական փաստթաթուղթ-հաղթաթուղթ Բաքուն չունի, որով կարողանա հիմնավորելով Հայաստանից պահանջել տարածքներ:
Իսկ «փախստականների» մասով՝ ընդամենը իրավական առումով պետք է ներկայացնել, որ «ադրբեջանցի փախստականներ» պարզապես չկան, քանի որ նրանք Հայաստանից հեռացել են՝ ստանալով անհրաժեշտ փոխհատուցում։ Փոխհատուցման փաստերը փաստաթղթավորված են և առկա են։
Այնպես որ՝ ամեն կերպ պետք է բացառել որևէ փաստաթղթում նման կետի առկայությունը։
ՈՒրիշ բան, եթե բանակցելիս ընդամենը դեմոնստրատիվ ասվի, որ «խաղաղության պայմանագիր» կնքելուց հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ՝ այդ հարցը ինքնին կգտնի իր լուծումը:
Հարաբերությունները կարգավորվելուց հետո, եթե ադրբեջանցին ցանկանա, կարող է գալ Հայաստան, իսկ հայը գնալ Ադրբեջան։
Հետևաբար, կարիք չկա, որ այդ մասով առանձին կետ ընդգրկվի փաստաթղթում։
Այս դիվանագիտական քայլը հնարավորություն կտա չստանձնել որևէ իրավական պարտավորություն և հետագայում հիմք չի տա Ադրբեջանին Հայաստանին մեղադրել ստանձնած պարտավորությունների չկատարման մեջ։
Մնում է հասկանալ, թե որն է ՀՀ իշխանությունների մոտեցումն այս հարցին:
Այնպես որ, վարչապետը պետք է բացատրություն տա, թե կոնկրետ ինչ է բանակցում հատկապես ադրբեջանցիների վերադարձի թեմայով։
Հուսամ՝ շուտով կիմանանք:
Հուսամ՝ այն ժամանակ չենք իմանա, երբ արդեն իսկ ուշ լինի:
Մի բանն ակնհայտ է ու միանշանակ.
խաղաղապաշտությունն ավելի աղետալի է, քան բուն պատերազմը:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ