22.02.2013|
21:31
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հետընտրական զարգացումները Հայաստանում համարում է տրամաբանական և օրինաչափ: «Ինչպե՞ս եք գնահատում հետընտրական իրավիճակը» հարցին նա պատասխանեց.
-Նախագահական ընտրությունները սովորաբար Հայաստանում հասարակությունը ակտիվացնող, նոր դեմքեր ու նոր գաղափարներ բերող քաղաքական շրջան է, որն ունենում է արդեն ավանդական դարձած զարգացումներ: Ինձ անվերջորեն հիացնում է հայ ընտրողը, որ հակառակ բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտների, գնում է դեպի իր նպատակը` իշխանափոխություն: Թվում էր, ընտրողն արդեն պիտի թևաթափ լինի, որ ընտրություններով Հայաստանում իշխանություն չի փոխվում, ոչինչ չի փոխվում, և այլն, և այլն, բայց, փառք Աստծո, այդպես չէ: Նույնիսկ եթե քաղաքական դաշտն է հուսահատվում, հասարակությունը նրան տանում է իր հետ: Սա աննախադեպ կացություն է, որ վկայում է հասարակական տրամադրությունների անդառնալի փոփոխություն: