ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նիկո՛լ, դու «դեմք ես»

Նիկո՛լ, դու «դեմք ես»
29.06.2023 | 22:02

Ինչպես կասեր մեր հարևան Սիրուշ տատին՝

«Վա՜յ, յուրդդ չբլի Նիգոլ, դու էս ի՞նչ օղբաթ ես, էս ի՞նչ զուլում ես դու մեր գլխին»:

Այն, որ վարչապետն իր ունիկալությամբ ամենօրյա ռեժիմով գերազանցում է ինքն իրեն՝ փաստ է:

Ինչեր ասես, որ չես լսի նրանից, ինչ անկանոն ժեստեր ու միմիկաներ ասես, որ չես նկատի նրա վարքագծում:

Մանավանդ, երբ խոսում է տանուլ տված պատերազմից:

Ինչ էքստրավագանտ ու աննորմալ մտքեր ասես, որ չի բարձրաձայնի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստերում:

Դեպքերի ու իրադարձությունների օր ու ամիս, անուն ու ազգանուններ շփոթելով, կմկմալով, հարցերի պատասխանները սարեր ու ձորեր գցելով, թեմայից շեղելով՝ նիստերն անցկացնում, գնում է:

Այսօր էլ բացառություն չէր.

ցինիզմով լեցուն մանիպուլյացիաների, պոպուլիզմի, լիրիկական զեղումների, հերթական «կռուտիտների» ու խեղաթյուրումների դոզան ապահովեց, լսարանին բոլ-բոլ բավարարեց:

Հաճելի մթնոլորտում, ամեն ինչ սինխրոն, գծած-գրած ընթացակարգով գնում է:

«Սվոյսկիներով» նստած, լուրջ դեմքեր ընդունած՝ քծնանքով ու շողոքորթությամբ շաղախված ասում, խոսում, արդարացնում, վարչապետից փրկիչ-հերոսի կերպար են ստեղծում, սրբադասում, իրենք էլ դրանից էքստազի մեջ են ընկնում, իրենց կազմակերպած թատրոնից էսթետիկ հաճույք ստանում:

ՈՒ այս խեղկատակությունը «հարցաքննություն» է կոչվում:

Մեկը չկա հարցնի, թե ի՛նչ է նշանակում իշխող ուժից ձևավորել քննիչ հանձնաժողով և քննել իշխող ուժի ղեկավարին։

Պարզ չէ՞ որ առնվազն անաչառ ու անկողմնակալ քննություն չի լինելու։

Մի խոսքով՝ հանձնաժողովում վերին կարգի արդարադատություն է թևածում. «արդարների» արդարամտությամբ էլ՝ անաչառ «քննություն» ընթանում:

Զավեշտալին այն է, որ այս թատերական ներկայացման վերջում ենթադրվում է, որ Փաշինյանը կարող է մեղավոր ճանաչվել, օրենքի առաջ կանգնել ու պատիժ կրել:

Պատժողն էլ Անդրանիկ Քոչարյանն է լինելու:

Իրականում՝ մեղքերը վրայից մաքրելու, հետագայում՝ դատ ու դատաստանից խուսափելու իբր մեթոդ են գտել:

Եվ հետո տպավորություն է, կարծես այսկերպ մաքրվում է, որ գնա:

Լղոզել իրականությունը, չբացահայտել պարտության մեղավորներին ու իրական պատճառները, մաքրել հանցանքի հետքերն ու թաքցնել հանցակազմին՝ ահա քննիչ հանձնաժողովի միսիան և նրա աշխատանքի գլխավոր նպատակը։

Այնպես որ, վերջիններիս նպատակը բնավ ճշմարտությունը վեր հանելը չէ:

Համենայն դեպս, ժամանակը ցույց կտա, թե այս կինոյի վերջն ինչ կուլմինացիա կունենա:

Իսկ մինչ այդ, դեռ ականատեսը կլինենք վարչապետի անկապ ու անհեթեթ պատասխաններին, ինչու չէ նաև շարքային «բոցերին» ու «խոխմություններին»:

Մի մարդ, ի պաշտոնե վարչապետ, որն այն հարցին, թե պատերազմի ժամանակ կինդ ի՞նչ գործ ուներ ՊԲ բունկեռում պատասխանում է.

«Կնոջս այնտեղ լինելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ մեր ներկայությունն այնտեղ ապահովեինք:

Կինս ընդամենը 10-15 րոպե քաղաքավարական այց է կատարել հրամկազմին, որպեսզի այդ այցը դրական ներգործություն ունենար ծանր մթնոլորտում այնտեղ գտնվող գեներալների վրա»:

էլ ի՞նչ ասես:

Ի՞նչ գնատական տաս թե՛ նման արարքին, թե՛ նման աննորմալ պատասխանին:

Ինչու՞ շահարկման առարկա ես սարքում քո իսկ տիկնոջը:

Այսինքն՝ բունկեր գնում են «սիմվոլի՞կ», «քաղաքավարական այցո՞վ»:

Բա հետը «բամբաներկա» տարե՞լ էր, հրամկազմի հետ բարոյահոգեբանական, քաջալերող աշխատանք տարե՞լ է:

Կամ հենց կի՞նդ պետք է 10-15 րոպեով գնար բունկեր հրամկազմին ոգևորեր:

Մեկն ասի՝ ինչպե՞ս էր ոգևորելու...

Քո կինը բունկերում ի՞նչ գործ ուներ, պարո՛ն վարչապետ:

Այդ ո՞ր մի օրենքի ընձեռած հնարավորությամբ է թույլ տրվել նրա մուտքն այնտեղ:

Քաղաքավարության օրենքո՞վ:

Ի՞նչ միսիա էր նրան վերապահված կատարելու:

Ամոթ է:

Դրա համար էլ, ով ինչպես ուզում մեկնաբանում ու գնահատականներ է տալիս այդ քայլին ու քո ասած պատճառ-պատասխանը՝ զավեշտի, ծաղր ու ծանակի վերածում:

Ինչևէ...

Եթե երկրի ղեկավարն իր էությամբ մնացել է դեղին մամուլի լրագրող, ուրեմն ամեն հարց, այդ թվում երկրի առջև ծառացած կարևորագույն հարցերն այդ մակարդակում է լուծվում, երկիրն այդպես է կառավարվում:

Իսկ ողբերգությունն այն է, որ այս մարդն իր վարչապետության հինգ տարիների ընթացքում չի հասկացել Արցախյան հակամարտության հիմնախնդրի ո՛չ էությունը, ո՛չ բովանդակությունը, ո՛չ էլ բանակցային գործընթացի նյուանսները:

Կամ գուցե լավ էլ հասկացել է, բայց դե ինքն իր ընկալումներով իր կետից է սկսել:

Ողբերգությունն այն է, որ խոստովանում է, թե ինքը միամիտ է, որ «իշխանությունը ջեբն են գցել», իսկ նա դա չի հասկացել, որ ուժային կառույցները նրան բանի տեղ չեն դրել, որ պատերազմն այլ սցենարով, ավելի բարենպաստ ելք ու վերջաբան կարող եր ունենալ, բայց նա դրան չի գնացել:

Հիմա ո՞վ է նրան մեղադրելու, այդ ամենի համար:

Ո՞վ է պատասխանատվության ենթարկելու, որ պատերազմի սկսման մասին նախապես իմացել է, բայց զորահավաքը դիտավորյալ ուշացվել է:

ՈՒ սա այն պարագայում, երբ թշնամու 150-ից 200 հազարանոց զորահավաքը եղել է հունիս-հուլիսին, իսկ այդ հսկայական ուժերի կուտակումները ողջ սահմանի երկայնքով՝ 2020-ի

օգոստոս-սեպտեմբերին, որի մասին ՊՆ-ն չէր կարող չիմանալ ու չզեկուցել։

Երբ բոլորն ամենաուշը օգոստոսից սկսած իմացել են թշնամու պատրաստությունների ու լայնամասշտաբ հարձակման մասին, քանի որ հետախուզությունը նախապես տեղեկացրել էր, բայց ոչինչ չի ձեռնարկել:

Ինչու՞ է Հայաստանում և Արցախում զորահավաք հայտարարվել միայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ թշնամու հարձակման օրը, երբ թշնամու հսկայական կուտակումները տեսանելի էին արդեն 2020-ի օգոստոսի սկզբից։

Ինչու՞ պատերազմի ընթացքում Հայաստանի պահեստազորի մեծ մասը հավաքվեց ու պահվեց զորանոցներում՝ փաստացի մնալով անմարտունակ և մատնվելով անգործության։

Ինչու՞ նախապատերազմական շրջանում չեն կատարվել ամրաշինական աշխատանքներ Արցախի 2 ամենախոցելի ուղղություններում՝ հյուսիս-արևելքում և հատկապես հարավ-արևելքում, որով էլ թշնամին ճեղքում իրականացրեց։

Կարելի է անսպառ թվարկել:

էլ չեմ ասում, թե բանակին ամեն կերպ սպասարկելուդ պատրաստակամության մասին ինչպես են քեզ հակադարձում թե՛ բարձրաստիճան զինվորականները, թե՛ ծոցիդ ընկեր նախկին ԳՇ պետ, գեներալ Օնիկ Գասպարյանը:

Փաստ է՝ քննիչ հանձնաժողովը փաստացի չի տալիս ամենակարևոր հարցերը:

Դրա փոխարեն տալիս է այնպիսի ուղղորդիչ հարցեր, ըստ որոնց պարտության իրական պատճառները բացառապես «նախկիններն» են ու նախկինում կատարված բանակցությունները:

ՈՒ սա «ուտվում է», մանավանդ, որ այս կինոյին չեն մասնակցում մյուս կինոյի աղջիկներն ու տղաները, ովքեր իրենց իբր ընդդիմություն են կոչում:

Իսկ ամենամեծ ողբերգությունն այն է, որ այս մարդը կպած՝ պարտվողականություն, հուսահատություն, անելանելիություն ու հարմարվողականություն է սերմանում մարդկանց մեջ։

Անգամ Մակրոնն է ասում՝ «Ես Ալիևի վրա ավելի ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։

Հարցը Փաշինյանն է։

Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։

Հարցը Փաշինյանն է:

Գիտե՛մ, գիտե՛նք պարո՛ն նախագահ, իրավացի եք:

ՈՒղղակի ձեռքներս ճար չկա:

Ինչևէ, զինվենք համբերությամբ:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3577

Մեկնաբանություններ